Հիդրոձայնագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիդրոձայնագիտություն ( < հիդրո.., և ձայնագիտություն), ձայնագիտության բաժին, որը ստորջրյա լոկացիայի և կապի նպատակներով՜ ուսումնասիրում է ձայնային ալիքների տարածումը իրական ջրային միջավայրում (օվկիանոսներում, ծովերում, լճերում)։ Ջրում ձայնն ավելի ուշ է մարում, քան, ասենք, օդում, այդ պատճառով ստորջրյա ձայնի տարածման հեռահարությունը մեծ է։ Ընդ որում լաբորատոր փորձերում վերջինս ավելի մեծ է ստացվում, քան բնական պայմաններում։ Պատճառն այն է, որ բնական պայմաններում դրսևորվում են ձայնի բեկունակությունը, ցրումն ու կլանումը։ Բեկունակությունը պայմանավորված է ջրի հատկությունների անհամասեռությամբ։ Ձայնի տարածման արագությունը ջրում կախված է նաև տարվա եղանակից, օրվա ժամից և այլն։ Հորիզոնի նկատմամբ որոշ անկյուն կազմող ձայնային ճառագայթները թեքվում են, ընդ որում թեքման ուղղությունը կախված է միջավայրում ձայնի արագությունների բաշխումից։ Ամռանը, երբ ջրի վերին շերտերն ավելի տաք են, քան ստորին շերտերը, ճառագայթները թեքվում են դեպի ներքև և հիմնականում անդրադառնում հատակից՝ կորցնելով էներգիայի զգալի մասը։ Զմռանը, ընդհակառակը, վերին շերտերը սառչում են, և ճառագայթները թեքվում են դեպի վերև՝ բազմակի անդրադարձման ենթարկվելով ջրի մակերևույթից, էներգիայի կորուստն այս դեպքում զգալիորեն ավելի քիչ է։ Այդ պատճառով ձմռանը ձայնի տարածման հեռահարությունն ավելի մեծ է, քան ամռանը։ Բեկունակության հետևանքով գոյանում են, այսպես կոչված, մեռյալ գոտիներ, այսինքն՝ աղբյուրից ոչ հեռու գտնվող տիրույթներ, որտեղ լսելիությունը բացակայում է։ Բեկունակության առկայությունը կարող է հանգեցնել նաև ստորջրյա ձայնի տարածման հեռահարության մեծացմանը (գերհեռահարությոն)։ Առաջանում է ստորջրյա յուրատեսակ ձայնային անցուղի, որը հնարավորություն է տալիս նույնիսկ միջին ինտենսիվության ձայնը գրանցել հարյուր և հազարավոր Կմ հեռավորությունից։ Այդ անցուղու առանցքից շեղված ճառագայթները բեկունակության հետևանքով ձգտում են նորից ընկնել անցուղու մեջ։ Բարձր հաճախականության ձայնի (ուլտրաձայն) տարածման վրա ազդում են բնական ջրամբարներում առկա մանր անհամասեռությունները՝ միկրոօրգանիզմները, գազի պղպջակները և այլն, որոնք կլանում կամ ցրում են ձայնային ալիքները և կրճատում նրանց տարածման հեռահարությունը։ Այս հանգամանքով է պայմանավորված ստորջրյա ռևերբերացիայի երևույթը, որը խանգարիչ դեր է կատարում հիդրոձայնագիտության գործնական կիրառումների, մասնավորապես հիդ֊րոլոկացիայի համար։ Ստորջրյա ձայնի տարածման հեռահարությունը սահմանափակվում է նաև ծովի սեփական աղմուկներով (ալեբախություն, ձկների և ծովային կենդանիների արձակած ձայներ և այլն)։ Հիդրոձայնագիտությունը գործնական լայն կիրառություններ ունի, քանի որ ձայնը ստորջրյա կապի միակ հնարավոր միջոցն է։ Իբրև ճառագայթիչներ և ընդունիչներ օգտագործում են էլեկտրադինամիկական, պիեզոէլեկտրական և մագնիսաստրիկցիոն ճառագայթիչները, հիդրոֆոնը։ Հիդրոձայնագիտության կարևոր կիրառություններից են էխոլոտը, հիդրո֊լլոկատորը, որոնք ծառայում են ծովագնացության, ձկնարդյունաբերական հետախուզության, ռազմական նպատակների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 397 CC-BY-SA-icon-80x15.png