Հիբրիդային հաշվողական մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիբրիդային հաշվողական մեքենա (ՀՀՄ), անալոգաթվանշանային հաշվողական մեքենա, հաշվողական մեքենա, որում զուգակցվում են անալոգային ու թվանշանային սարքավորումների մի շարք առանձնահատկություններ։ ՀՀՄ-ների ստեղծումը պայմանավորված է որոշ խնդիրների լուծման ընթացքում առաջացող բարդություններով, որոնք չեն հաղթահարվում անալոգային հաշվողական մեքենաների (ԱՀՄ) [հաշվողական մեքենաներ, որոնք մշակում են անալոգային (անընդհատ) ձևով ներկայացվող ինֆորմացիան] ու թվանշանային հաշվողական մեքենաների (ԹՀՄ) առանձին օգտագործումով։ Դա բերեց ԱՀՄ-ի ու ԹՀՄ-ի միավորմանը մեկ ընդհանուր հաշվողական կոմպլեքսում՝ անալոգա-թվանշանային ու թվանշանա-անալոգային ձևափոխիչների օգնությամբ։ ՀՀՄ-ները լինում են ունիվերսալ ու մասնագիտացված։ Ունիվերսալ ՀՀՄ-ները լուծում են համեմատաբար տարբեր դասերի խնդիրներ, իսկ մասնագիտացվածները՝ միայն մեկ դասի։ ՀՀՄ-ի բաղադրիչների (ԱՀՄ և ԹՀՄ) միջև հաշվարկային ֆունկցիաների բաժանումը որոշվում է տվյալ խնդրի դասի առանձնահատկություններով։ ԹՀՄ-ի ֆունկցիաներն են՝ ինֆորմացիայի մուտքը, ելքը, հիշեցումը, ԱՀՄ-ի կառավարումը և ստացված արդյունքների վերլուծումը։ ՀՀՄ-ով արդյունավետ կերպով լուծվում են լայն դասերի խնդիրներ, ավտոմատ կառավարման համակարգերի (կամ պրոցեսների) մոդելավորում՝ ժամանակի իրական մասշտաբով, վիճակագրական, կենսբ. համակարգերի մոդելավորում, մասնակի ածանցյալներով հավասարումների լուծում, կառավարման համակարգերի օպտիմալացում ևն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 387 CC-BY-SA-icon-80x15.png