Հիացինտի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Հիացինտի եկեղեցի (Ասպետական  տուն), Վիբորգի ամենահին քարե բնակելի շենքերից մեկը, որը գտնվում է Վոդնայա ուղեկալի փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառականական տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

1803 թվականի հատակագիծ

Ուղղանկյունաձև շենքի կառուցման ժամանակը համարվում է 16-րդ դարի վերջը, 17-րդ դարի սկիզբը։ Շենքի սկզբնական տեսքն իրենից ներկայացնում էր յուրահատուկ տարածաշրջանային տարբերակ, որը բնորոշ էր հանզայական քաղաքների բնակելի շենքերին, որոնք ձևավորվել էին դեռ ուշ միջնադարում։ Շենքի սեփականատիրոջ մասին առաջին տեղեկությունները վերաբերվում են 1650-ական թվականներին՝ աստվածաբանության մագիստրոս և Վիբորգի գիմնազիայի դասախոս Արվիդ Ֆորստադիուսին։ 1679 թվականին Ֆորստադիուսը դարձել է Վիբորգի տաճարի լյութերական ծխի վանահայր և այդ կարգավիճակում մնացել մինչև իր մահը՝ 1683 թվականը։ Ֆորստադիուսից հետո շենքի վարձակալ է դարձել քաղաքային խորհրդի անդամ վաճառական Յակոբ Բոյսմանը։ Այնուհետև, 1705 թվականից, նորից սեփականատեր է դարձել հոգևորական անձնավորություն, լյութերական ավագ քահանա Էռնստ Գեստրինիուսը[1]։

Յանիշի տունը | Ասպետական տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում տունը գտնվել է վաճառական Պետեր Գեորգ Յանիշի մասնավոր տիրապետության ներքո, ով համարվել է Վիբորգի 18 -րդ դարի երկրորդ ամենաունևոր վաճառականներից մեկը։ 1760-ական թվականներին հին շենքին ավելացվել է հնգանկյուն արևելյան քարե կցաշենք, որի արդյունքում շենքը ձեռք է բերել Г-աձև տեսք։ Քաղաքի պարետ Պ. Յանիշի հետ հակամարտությունից հետո նա բանտարկվել է գույքի բռնագրավմամբ։ Ըստ ամենայնի, իշխանությունների նման վճռական գործողությունների պատճառը ապօրինի զավթված նախկին նահանգապետական տան տարածքում շինարարության իրականացումն է եղել։ Դատարկված շենքը հանձնվել է ազնվականության ժողովին, որը կազմավորվել է կայսրուհի Եկատերինա II-ի շնորհաբաշխական հրովարտակի, ինչպես նաև համառուսաստանյան գավառական, քաղաքային և դատական հաստատությունների որոշումների համաձայն, որոնք կայացվել են «Գավառների կառավարման հաստատությունների» և քաղաքային կանոնադրության հիման վրա։ Շվեդական ավանդույթներով՝ Վիբորգի ազնվական ժողովը, որը 1794 թվականից տեղակայված է եղել Յանիշի նախկին տանը, հայտնի է դարձել որպես Ասպետների տուն։ Նիստերի համար օգտագործվել է տան միայն մի մասը, քանի որ նահանգային ազնվական հասարակությունը հավաքվել է միայն «ազնվականներին վստահված ընտրությունների համար և երեք տարին մեկ ձմռանն ունկնդրելու գլխավոր նահանգապետի կամ նահանգապետի առաջարկները»։ Երբեմն շենքում անցկացվել են պարահանդեսներ և դիմակահանդեսներ։ Տան մի մասը (առաջին հարկը) և բակի արտաքին շինությունները, հավանաբար, մնացել են Յանիշի սեփականությունը։ Ազնվականների ժողովը շենքում տեղակայվել է մինչև 1799 թվականի հոկտեմբեր։ Պավել I-ի օրոք Վիբորգի կուսակալությունը լուծարվել է, իսկ հին հաստատությունները մասամբ վերականգնվել են Ֆինլանդիայի նահանգում։ Պաշտոնական միջոցառումների անցկացման կենտրոն է եղել 1797 թվականին կառուցված քաղաքային հասարակության շենքը, որին հետագայում ավելացվել է հանդիպման տունը։ Նվազել է առանձին հասարակական նշանակության շենքերի կարիքը, միևնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել քաղաքում կազմակերպել ծխական համայնք՝ կաթոլիկ հավատքի զինվորականների կարիքների համար։

Սուրբ Հիացինտի ծխական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

1799 թվականի մարտի 11-ի հրամանագրով Մալթայի միաբանության եղբայրներին, որոնց հովանավորն էր կայսր Պավել I-ը, հանձնարարվել է ստանձնել Վիբորգ քաղաքի Սուրբ Հիացինտի ծխական համայնք խնամակալությունը[2]։ Սանկտ Պետերբուրգի և Վիբորգի նահանգների ռազմական նահանգապետ Միխայիլ Կուտուզովի միջնորդությամբ 1801 թվականի նոյեմբերի 10-ին «գնվել է մեկ քարե և մեկ փայտե տուն տեղացի վաճառական Յանիշից ... 8000 ռուբլով»[3]։ Յանիշի քարե տունը, որտեղ ավելի վաղ գտնվել է Ասպետի տունը, փոխանցվել է հռոմեական կաթոլիկ ծխական համայնքին, իսկ 1802 թվականից այնտեղ գտնվել է Սուրբ Հիացինտի մատուռը։ Շվեդական Ֆինլանդիայում կաթոլիկ եկեղեցին երկար ժամանակ արգելված է եղել, հետևաբար, 1809 թվականին ռուսական իշխանության հաստատումից և Ֆինլանդիայի մեծ դքսության ձևավորումից հետո Ֆինլանդիայի բոլոր կաթոլիկներն անցել են Վիբորգի ծխական համայնքի իրավասության ներքո։ Երկրորդ հարկի ժողովների ու հանդիսությունների դահլիճները վերածվել են աղոթասրահի, առաջին հարկում տեղակայվել են երգեհոնահարի և եկեղեցու սպասավորների բնակարաններ, իսկ աստիճաններին կից կառուցվել է մի փոքրիկ զանգակատուն։ Հոգևորականի բնակարանը գտնվել է կցակառույցում (մինչև 1860 թվականը Վիբորգում ծառայել են Դոմինիկյան միաբանության քահանաներ Լիտվայից

Մատուռը հռոմեական կաթոլիկ եկեղեցու ծխական համայնքի կարգավիճակ է ստացել 1856 թվականին։ 1915-1930 թվականներն ընկած ժամանակահատվածում շենքն ամբողջությամբ վերակառուցվել է, որի արդյունքում այն ստացել է տիպիկ եկեղեցու տեսք։ Վերակառուցումը ընդգրկել է առաջին հարկի առաստաղների ապամոնտաժումը, հատակի մակարդակի իջեցումը մեկուկես մետրով, արտաքին սանդուղքի փոխարեն գավիթի կառուցումը, ապամոնտաժված պատերի փոխարեն երգչախմբի համար բեմի և հյուսիսային պատի կիսաշրջանաձև ելուստի կառուցումը։ Տանիքի վրա կառուցվել է մի փոքրիկ զանգակատուն, իսկ կողքին ավելացվել է խորան։ Լայն ուղղանկյուն պատուհանները վերածվել են նեղ կամարակապ բացվածքների։ Իսկ բնակելի կցակառույցում կառուցվել է առանձին մուտք և սանդուղք դեպի երկրորդ հարկ։ 1943 թվականին Օ. Ռոբեր դե Կալյուեն նկարել է հյուսիսային պատը և տաճարի կիսաշրջանաձև ելուստը, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կտավը ոչնչացվել է եկեղեցու ներքին հարդարանքի հետ միասին և նրա մասին կարելի է դատել միայն պահպանված լուսանկարներով, որտեղ արտացոլված է ինչպես բյուզանդական գծերը, այնպես էլ մոդեռնի որոշակի ազդեցությունը։ Խորհրդա-ֆիննական պատերազմներում Ֆինլանդիայի պարտությունից հետո (1939-1944) ծխական համայնքը դադարել է գոյություն ունենալ։

Հետպատերազմական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմական ժամանակաշրջանում՝ մինչև 1968 թվականը, շենքում տեղակայված է եղել կահույքի պահեստ։    

Տեսքը ներսից

1970-1975 թվականներին, ճարտարապետ Մ. Ա. Դեմենտևայի նախագծով (ճարտարապետ-վերականգնող Իրեն Խաուստովայի հետ համատեղ)[4] իրականացվել է շենքի ռեստավրացիա՝ նպատակ ունենալով վերականգնել Ասպետների տան (ազնվականական ժողովի) արտաքին տեսքը և վերացնել պաշտամունքային շինության հետագայում կատարված վերակառուցումները։ Ռեստավրացիայի արդյունքում վերականգնվել են 17-18-րդ դարերի ինտերիերի որոշ մանրամասներ՝ կղմինդրապատ տանիքը, բուխարիով մեծ դահլիճը, առաստաղի հեծանները և փորագրված մանրամասներով սանդուղքը։ Հետազոտողների կարծիքով, ավելի ճիշտ կլինի հուշարձանը կոչել ոչ թե շենքի վերջին օգտագործման անվամբ, այլ որպես «16-18-րդ դարերի բնակելի տուն», քանի որ այդտեղ երկար ժամանակ բնակվել են հարուստ վաճառականներ։

Վոդնայա ուղեկալի փողոցի կողմից Սուրբ Հիացինտի եկեղեցին զարդարված է դեկորատիվ երկաթակուռ ցանկապատով, որը նախկինում շրջապատել է քաղաքի Հին մայր տաճարը։ 20-րդ դարի նկարիչները սիրում էին պատկերել այդ դեկորատիվ ցանկապատը[5]։

Տեսքը Վոդնայա ուղեկալի փողոցի կողմից

Վերականգնումից հետո շենքում տեղակայվել է 1969 թվականին հիմնադրված մանկական գեղարվեստի դպրոցը, որն իր տնօրեն Լ. Ի. Բոնդարիկի ջանքերի շնորհիվ 2005 թվականին տեղափոխվել է Պանցերլակս ամրոցում գտնվող Գեղարվեստի թանգարան և Գեղարվեստի դպրոց[6]։

2000-ականներին «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի ժամանակ փառատոնի շտաբը մի քանի անգամ աշխատել է այստեղ։ 2016 թվականից այն գտնվել է Վիբորգի միացյալ թանգարան-արգելոցի (Վիբորգի ամրոց) իրավասության ներքո։ Ներկայումս շենքում, որը կրկին կոչվում է «Ասպետի տուն», տեղակայված է «Սուրբ Հիացինտի եկեղեցի։ Մոռացված պատմություն» էքսպոզիցիան, իսկ հին նկուղում «Ասպետի դահլիճ» և «Խոշտանգումների խուց» ինտերակտիվ ցուցահանդեսները։

1995 թվականին շենքը ստացել է Ռուսաստանի Դաշնության դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[7]։ Հին շենքի երկաթակուռ ցանկապատը նախկինում պատկանել է Հին տաճարին և փոխանցվել է շենքի վերականգնման ընթացքում։ Այն նույնպես գրանցված է մշակութային ժառանգության օբյեկտների գրանցամատյանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дмитриев В. В. Историческая справка. Объект культурного наследия федерального значения «Костел Гиацинта XV—XVII вв.»" Ленинградская область, г. Выборг, ул. Водной Заставы, д. 4. 2015 г. // Архив Выборгского объединенного музея-заповедника Ф.3., Оп.1, Д. 1754.
  • Дементьева М.А. Взгляд в прошлое // Страницы Выборгской истории. Сборник статей. Книга вторая / Сост. С.А. Абдуллина. — СПб.: «Европейский дом», 2004. — С. 478-487 с. — ISBN 5-8015-0167-3
  • Кепп Е. Е. Выборг: Художественные достопримечательности: Краеведческое издание. — Выборг: «Фантакт», 1992. — 250 с.
  • Мартынова А. Г. «…В Выборге школа есть». Там, где рождаются художники / А. Г. Мартынова // Научно-методический журнал «Искусство в школе» / Под ред. А. А. Мелик-Пашаева. — 2015. — № 4. — С. 32-36.
  • Martynova A. «Det finns en skola i Viborg…». Där Viborgs målare föds: Konstskolan för barn / A. Martynova // Wiborgs Nyheter. — 2016. — Nr.1. 07.01.2016. — S.5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дмитриев В. В. Историческая справка // Архив Выборгского объединенного музея-заповедника Ф.3., Оп.1, Д. 1754.
  2. Три века Санкт-Петербурга. Девятнадцатый век. Книга 4: М-О
  3. Ленинградский областной государственный архив в г. Выборге (ЛОГАВ). Ф. 1. Оп. 1. Д. 3497. Л. 70-70 об.
  4. «ВЫБОРГ. РЕСТАВРАЦИЯ ОТ ПЕРВОГО ЛИЦА. КОСТЕЛ СВЯТОГО ГИАЦИНТА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Мартынова, А. Г. Выборг в произведениях русских и финских художников XX – начала XXI вв.: образно-художественный анализ : автореферат дис. ... кандидата искусствоведения : 17.00.09 // [Место защиты: Рос. гос. пед. ун-т им. А.И. Герцена]. – Санкт-Петербург.. — 2017. — С. 22.
  6. Мартынова А. Г. «…В Выборге школа есть». Там, где рождаются художники // Научно-методический журнал «Искусство в школе»/ Под ред. А. А. Мелик-Пашаева. — 2015. — № 4. — С. 32—36.
  7. Указ Президента РФ № 176 от 20.02.1995

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]