Հեքիաթ տղայի մասին, որ գնում է վախենալ սովորելու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ տղայի մասին, որ գնում է վախենալ սովորելու
գերմ.՝ Von einem, der auszog das Fürchten zu lernen
Ուրվականի պես հագնված քահանան փորձում է վախեցնել երիտասարդին (նկարազարդող՝ Հենրի Ջասթիս Ֆորդ, 1889)
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
ԵրկիրԳերմանիա
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1812
 The tale of a youth who set out to learn what fear was
Առաջին գիշերը կախարդված դղյակում (նկարազարդումը՝ Հ. Ջ. Ֆորդի, 1889)
Երկրորդ գիշերը կախարդված դղյակում (նկարազարդող՝ Հերման Ֆոգել)
Վերջին գիշերը կախարդված դղյակում (նկարազարդող՝ Հ. Ջ. Ֆորդ, 1889)

«Հեքիաթ տղայի մասին, որ գնում է վախենալ սովորելու» (գերմ.՝ Märchen von einem, der auszog das Fürchten zu lernen), Գրիմ եղբայրների հեքիաթը, որն իրենից ներկայացնում է սարսափ կատակերգություն։ Այն պատմում է մի երիտասարդի մասին, որը ցանկանում էր վախ զգալ։ Հեքիաթների սյուժեների դասակարգման Աարնե-Թոմփսոնի համակարգում կրում է 326 համարը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հայր ապրում էր երկու որդիների հետ, որոնցից փոքրն անվախ էր և շատ էր ցանկանում իմանալ, թե ինչ է վախը, բայց չէր ուզում արհեստ սովորել։ Լսելով հոր բողոքը՝ քահանան որոշում է տղային վախենալ սովորեցնել. տղային կեսգիշերին տանում է զանգակատուն, իսկ ինքն ուրվականի նման հագնվում, բայց տղան, ընդհանրապես չվախենալով, կարծեցյալ ուրվականին աստիճաններից ցած է գլորում։ Այդ դեպքից հետո հայրը, նրան տալով հիսուն թալեր, պատվիրում է իր աչքից հեռու գնալ։ Ճանապարհին տղան գիշերում է կախաղան հանված դիակների մոտ, իսկ հետո իջևանատիրոջից իմանում է գանձերով լի կախարդված դղյակի մասին. ով այնտեղ երեք գիշեր անցկացնի, թագավորը խոստացել է նրան իր աղջկան կնության տալ։ Մտածելով, որ վերջապես կիմանա, թե ինչ է վախը՝ տղան համաձայնվում է գիշերել դղյակում՝ հանգամանորեն պատրաստվելով բոլոր անակնկալներին։ Առաջին գիշերը նրա հանգիստը խանգարում են վիթխարի սև կատուները, շները և ցատկոտող մահճակալը։ Երկրորդ գիշերը գալիս են սարսափելի մարդիկ, որոնք գանգերով կեգլի էին խաղում։ Երրորդ գիշերը վեց վիթխարահասակ մարդ դագաղով մի դիակ են բերում։ Համարձակ երիտասարդը կարողանում է նրանց բոլորին համապատասխան հակահարված տալ և որպես պարգև դառնում է թագավորի փեսան։ Երբ երիտասարդ կնոջը ձանձրացնում են ամուսնու բողոքներն այն մասին, որ վախենալ այդպես էլ չսովորեց, նա սպասուհու խորհրդով գիշերը քնած ամուսնու վրա դույլով սառը ջուր և խավարաձկներ է լցնում։ Թագավորը վեր է թռչում տեղից և սարսափահար գոռում. «Վա՜յ, կնի՛կ ջան, էս ո՜նց վախեցա, էս ո՜նց վախեցա։ Ա՜յ, հիմա իմացա՝ ինչ բան է վախը»[1]։

Սյուժեի ծագում և տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը վերջնական տարբերակով հայտնվել է Գրիմ եղբայրների ժողովածուի երկրորդ հրատարակությունում (1819)։ Մեկ տարի առաջ այն նրանց կողմից տպագվել է Wünschelruthe (№ 4) ամսագրում։ Հեքիաթի հիմքում ընկած է Ֆերդինանդ Զիբերտի կողմից Շվալմի շրջանում գրառված պատմությունը, ինչպես նաև Մեկլենբուրգի և Ցվերնի պատմությունները (նարավոր է, Դորոտեա Ֆիմանի կողմից արված)։ 1812 թվականի հեքիաթների առաջին հրատարակության տարբերակը պարունակում էր դղյակի միայն մեկ էպիզոդ՝ քարտերով խաղն ու կեգլին։

Գրիմ եղբայրները նշել են, որ սկզբնաղբյուրներում դղյակի էպիզոդներն առանձին են և սյուժեն փոփոխվում է։ Հեքիաթի Ցվերնի տարբերակից վերցվել է դիակը, որին երիտասարդը ցանկանում է տաքացնել անկողնում։ Մյուսից փոխառվել է ուրվականի դեմ խաղը, որի ժամանակ օգտագործվել է ինը ոտք-կեգլիներ, իսկ գնդակի փոխարեն՝ գանգ։ Երրորդ՝ Հեսսենի տարբերակում, վարպետը սառը ջուր է լցնում անկողնում գտնվող անվախ տղայի՝ դերձակի վրա։ Չորրորդ տարբերակում Տիրոլի երիտասարդ բնակիչը որոշում է վախենալ սովորել, նա հանդիպում է մորուքավոր ուրվականի, որը ցանկանում է տղային սպանել, բայց հետո անհետանում է, երբ խփում է 12-ը։

Հինգերորդ տարբերակը (Ցվերնի), որ գրվել է, հավանաբար, Դորոտեա Ֆիմանի պատմածից, մանրամասներով ավելի հարուստ է։ Այնտեղ դարբնի որդին գնում է վախ սովորելու։ Կախաղանի դիակը, որի մոտ երիտասարդը քնել էր, նրան խնդրում է դպրոցի ուսուցչին պատմել, թե ով է իսկական գողը, որպեսզի իրեն արժանիորեն թաղեն։ Դիակը տղային է տալիս իր ձեռնափայտը, որը կարողանում էր հարվածել ուրվականներին։ Ձեռնափայտի օգնությամբ դարբնի որդին ազատում է կախարդված դղյակը՝ փակելով սև ուրվականին և սև պուդելի տեսքով քահանային։ Ոսկե հագուստը, որը թագավորը տալիս է որպես երախտագիտության նշան, չափազանց ծանր էր, այդ պատճառով երիտասարդը պահում է իր հին խալաթը։ Իսկ լսելով թնդանոթի սարսափեցնող համազարկը՝ երիտասարդն ուրախանում է, որ արդեն գիտի, թե ինչ է վախը։

Վեցերորդ տարբերակում, որ ծագել է Պադերբորնից (հավանաբար, ֆոն Հաքստհաուզեն ընտանիքից), հայրնի իր անվախ որդի Հանսին ուղարկում է մահացածի ոսկորներ բերելու և միևնույն ժամանակ երկու դուստրերին պատվիրում է խաղալ ուրվականների դեր, բայց Հանսը ոլորում է նրանց պարանոցները։ Այդ պատճառով նա պետք է հեռանար՝ կրելով Հանս Ֆյուրհթեմինգ անունը։ Ուրվականներով ամրոցում գիշերային հերթապահության համար նրա հետ նշանակվում է ուղեկցորդ զինծառայող, որը ցրտի պատճառով գնում է կրակ վառելու և գլուխը կորցնում։ Հանսը թուղթ է խաղում անգլուխի հետ։ Երրորդ գիշերը ուրվականի ոգին ցանկանում է նրան քշել դղյակից։ Երիտասարդը գրազ է առաջարկում. ով առաջինը մատը կմտցնի կողպեքի անցի մեջ։ Երբ ոգին մատը խցկում է, Հանսը նրան ծեծում է։

Գրիմ եղբայրները մեջբերել են նաև գրական աղբյուրներ՝ Ի. Վ. Վոլֆ «Հեքիաթներ» (էջ 328, 408), «Հոլանդական հեքիաթներ» (էջ 517-522), Իգնատի Ցինգերլե (էջ 281-290), Հենրիխ Պրոլ «Մանկական և ժողովրդական հեքիաթներ» (№ 33), Մոլբեխի «Graasappen» շվեդական հեքիաթներ (№ 14) և Սվենդի մասին մանկական հեքիաթը (№ 29): Իսլանդական հեքիաթում Հրեյդմարը ցանկանում է իմանալ, թե ինչ է զայրույթը։ Գրիմ եղբայրները հիշատակել են նաև հեքիաթի վերաբերյալ Գյոթեի դիտողությունները։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն այն հերոսի մասին, որի դերում կարող է հայտնվել խոզարածը, ծառայությունից հեռացված զինվորը կամ մոլորյալ արքայազնը, որն ի վերջո ամուսնանում է արքայադստեր հետ և ստանում թագավորությունը (կամ դրա մասը), բավականին տարածված է։

Հեքիաթում խոսք է գնում ժառանգության հին մատրիցային կարգի մասին, որի արդյունքում ժառանգություն ստանում են դուստրերը, ոչ թե որդիները։ Հորական կողմով ազգականության որոշմամբ հասարակությունում հեքիաթի փոխանցման ժամանակ նման սահմանումների հիմնավորման խիստ անհրաժեշտություն է առաջանում, և այդպիսի հիմնավորում դառնում է վախի բացակայության բացառիկ շնորհը, ինչպես նաև արտասովոր վճռականությամբ կինը՝ թագավորի դուստրը։

Հեքիաթի հոգեբանական մեկնաբանությունները տվել են Սյորեն Կիերկեգորը[2], Հեդվիգ ֆոն Բեյթը[3], Վիլհելմ Զալբերը[4], Էգոնա Ֆաբիանը և Աստրիդ Տոմեն[5]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմսալա Գրիմ, 1999 թվականի գերմանական մուլտսերիալ, առաջին սեզոն, էպիզոդ 9։
  • «Հեքիաթ տղայի մասին, որ գնում է վախենալ սովորելու», 2014 թվականի գերմանական էկրանավորում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրիմ եղբայրներ, Հեքիաթներ, 2007, էջ 21։
  2. Ulrich H. Körtner: Weltangst und Weltende. Eine theologische Interpretation der Apokalyptik. S. 356.
  3. von Beit, Hedwig: Gegensatz und Erneuerung im Märchen. Zweiter Band von «Symbolik des Märchens». Zweite, verbesserte Auflage, Bern 1956. S. 519—532. (A. Francke AG, Verlag)
  4. Wilhelm Salber: Märchenanalyse. 2. Auflage. Bouvier Verlag, Bonn 1999, ISBN 3-416-02899-6, S. 85-87.
  5. Egon Fabian, Astrid Thome: Defizitäre Angst, Aggression und Dissoziale Persönlichkeitsstörung. In: Persönlichkeitsstörungen. Theorie und Therapie. Band 1, 2011, ISBN 978-3-7945-2722-9, S. 24-34.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Breitkreuz, Hartmut: Einklemmen unholder Wesen. In: Enzyklopädie des Märchens. Band 3. S. 1261—1271. Berlin, New York, 1981.
  • Heinz Rölleke: Fürchten lernen. In: Enzyklopädie des Märchens. Band 5. Berlin, New York 1987, S. 584—593.
  • Verena Kast: Wege aus Angst und Symbiose. Märchen psychologisch gedeutet. Walter, München 1987, ISBN 3-530-42100-6, S. 14-36.
  • Udo Baer, Gabriele Frick-Baer: Gefühlslandschaft Angst. Bibliothek der Gefühle. Affenkönigverlag, ISBN 3-934933-04-1. Neuauflage 2008 im Beltz-Verlag.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեքիաթ տղայի մասին, որ գնում է վախենալ սովորելու» հոդվածին։