Հերցլիյա հրեական գիմնազիա
Հերցլիյա հրեական գիմնազիա | |
---|---|
Տեսակ | գիմնազիա |
Հիմնադրված է | 1905 |
Հիմնադրիր | Yehuda Leib Matmon-Cohen? |
Անվանված է | Թեոդոր Հերցլ |
Աշակերտներ | 1700 |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Թել Ավիվ |
Հասցե | Rechov Jabotinsky 106 |
«Հերցլիյա» հրեական գիմնազիա (եբրայերեն՝ הגימנסיה העברית הרצליה), միջնկարգ հանրակրթական հաստատություն Թել Ավիվում (Իսրայել)։ 1905 թվականին հիմնադրված «Հերցլիյա» գիմնազիան դարձավ աշխարհում առաջին միջնակարգ դպրոցը, որտեղ դասավանդումը իրականացվում էր եբրայերեն, իսկ 1909 թվականին կառուցված գիմնազիայի պատմական շենքը դարձավ նոր հիմնադրված Թել Ավիվի առաջին հասարակական շինությունը։ Գիմնազիայի գործունեության ընթացքում նրա շրջանավարտներից շատերը դարձել են իսրայելական հասարակության և մշակույթի ականավոր գործիչներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին Օդեսայից Պաղեստին ներգաղթած Իեհուդա Լեյբը և Ֆանյա Մեթման-Կոէն Յաֆֆայում բացեցին մասնավոր դպրոց։ Դպրոցի բացման հայտարարության մեջ ասվում էր, որ ուսուցումն այնտեղ տևելու է ինը տարի, «Ինչպես Եվրոպայի և Ամերիկայի ավագ դպրոցներում», և իր մեջ ներառելու է Հին Կտակարան և Թալմուդի, եբրայերենի (հայտարարության մեջ կոչվում են «հնագույն լեզուներ») և եբրայական գրականության, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և լատիներեն լեզուների, ֆիզիկայի, քիմիայի, կենդանաբանության և բուսաբանության, երկրաբանության, հանքաբանության, պատմության և նկարչության ուսուցումը։ Բոլոր առարկաները պետք է դասավանդվեին եբրայերենով։
Դպրոցը բացվում է երկսենյականոց շինությունում, այն վայրից ոչ հեռու, որտեղ ներկայումս գտնվում է Յաֆֆայի «ժամացույցներով հրապարակը»։ Առաջին տարում գրանցվում են ընդամենը 17 աշակերտներ, քանի որ շատ ծնողներ վախենում էին իրենց երեխաներին կրթության տալ մի դպրոցում, որտեղ ուսուցումը տարվում էր վերածնված, բայց դեռևս չկայունացած լեզվով[1]։ Այնուամենայնիվ դպրոցի համբավը շատ արագ տարածվեց և աշակերտների թիվը սկսեց աճել։ Արդյունքում այն տեղափոխվեց ավելի ընդարձակ շենք, իսկ մեկ տարի անց աշխարհագրության ուսուցիչ դոկտոր Հաիմ Բոգերի նախաձեռնությամբ դպրոցի կարգավիճակը փոխվեց, և այն դարձավ հանրային կրթական հաստատություն իր հոգաբարձուների խորհրդով։
Եբրայերենով ուսուցումը գիմնազիայում ներդրված միակ նորարարությունը չէր։ Այն դարձավ միջնակարգ կրթության առաջին հաստատություններից մեկը, որտեղ տղաները և աղջիկները համատեղ էին սովորում։ Պատմության մեջ առաջին անգամ Հին Կտակարանը դասավանդվեց ոչ թե որպես սրբազան ուսմունք այլ, որպես գրականության և պատմության առարկա, գիմնազիայի հիմնադիրների աշխարհիկ հայացքներին համապատասխան։ Էքսկուրսիաները և դաշտային հետազոտական աշխատանքները ընդգրկվել էին ուսումնական ծրագրերում։ Գիմնազիայի ավանդույթներից մեկը դարձավ Հանուկայի ամենամյա տոնակատարությունների ժամանակ մակաբայեցիների շիրիմներին այցելությունները։ Գիմնազիայի նորարարական համբավը գրավել է աշխարհով սփռված հրեաների ուշադրությունը և հարուստ հրեա ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկում են Պաղեստին այնտեղ սովորելու նպատակով[1]։
1907 թվականին VIII Համաշխարհային սիոնիստական կոնգրեսում բրիտանացի պատգամավոր, Բրադֆորդ քաղաքի դատավոր Ջեյկոբ Մոզերն առաջարկեց Յաֆֆայի եբրայական գիմնազիայի առանձին շենքի կառուցման նպատակով հավաքել 80 հազար ֆրանկ։ Միակ պայմանը այն էր, որ դպրոցը կոչվեր աշխարհիկ սիոնիզմի հոր Թեոդոր Հերցլի անունով։ Երբ գումարը հավաքվել էր, 1909 թվականի հուլիսի 28-ին սկսվեց նոր դպրոցի շենքի շինարարությունը, նոր հիմնադրված Ահուզատ-Բայթ հրեական թաղամասում, որը շուտով դարձավ Թել Ավիվ քաղաք։ Նոր դպրոցի, որը ներկայումս կոչվում է «Հերցլիյա» Հրեական գիմնազիա, շինարարության նախագծի հեղինակը Յոսիֆ Բարսկին է։ Նախագծի հիմքում դրվել է 19-րդ դարի վերջում Ֆրանսիայում կառուցված Առաջին երուսաղեմյան տաճարի գեղարվեստական վերակառուցված տարբերակը։ Նախագիծը, որի մշակմանը մասնակցել են օդեսացի ճարտարապետ Ֆրիդլանդը, Յոզեֆ Ավինը Լվովից և «Բեցալելի» ակադեմիայի տնօրեն Բորիս Շացը, տպագրվել է գերմանա- հրեական Ost und West ամսագրում և Բարսկուն ճանաչելի է դարձրել Պաղեստինի սահմաններից դուրս։ Շենքի շինարարությունը իրականացվել է 1909 և 1910 թվականներին կապալառու Իոսեֆ-Էլիահ Շլուշի կողմից[2]։ Նոր շենքը կառուցվել է Հերցլ փողոցի վերջնամասում, նոր շրջանի կենտրոնական փողոցի, որն ավարտվում էր գիմնազիայի դարպասների դիմաց։ Դա առաջին հասարակական շինությունն էր նոր թաղամասում, որը դարձել էր նրա մշակութային և հասարակական կենտրոնը[3]։
1950-ական թվականներին Թել Ավիվի հատակագծումը զգալիորեն փոխվեց և «Հերցլիյա» գիմնազիան, որտեղ այդ պահին սովորում էին շուրջ 1400 երեխաներ, նախատեսված էր մի քանի հարյուր երեխայի համար, ողջ Ահուզա Բաիթ թաղամասի հետ մի կողմ էր մնացել նոր կենտրոնից։ Թաղամասը հնանալուց սկսեց խարխլվել, շենքերը սկսում էին քանդվել, չնայած իրենց պատմական արժեքին (այսպես, քանդվեց այն տունը, որտեղ բնակվել էր եբրայական գրականության դասական Հայիմ Նախման Բյալիկը)։ 1962 թվականին «Հերցլիյա» գիմնազիայի շենքը նույնպես քանդվեց, իսկ նրա տեղում հետագայում կառուցվեց «Միգդալ Շալոմ Մեիր» առաջին իսրայելական երկնաքերը։ «Հերցլիյա» գիմնազիայի նոր շենքը կառուցվեց Ժաբոտինսկու փողոցում, Յարկոն գետի մոտ, նույն կապալառուի կողմից, ով կառուցել էր «Միգդալ Շալոմ Մեիր» երկնաքերը (Մոշե-Բինյամին և Մորդեհայ Մեիրամի եղբայրների կողմից, ովքեր գիմնազիայի շրջանավարտներ էին)։ Ներկայումս պատմական շենքի ճակատային մասի ուրվագիծը ծառայում է որպես Հուշարձանների պահպանության իսրայելական ընկերության խորհրդանիշ[1], այդ նույն ուրվագիծն ամրացված է գիմնազիայի նոր շենքի դարպասներին։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիմնազիան իր գործունեության ընթացքում տվել է իսրայելական հասարակության և մշակույթի բազմաթիվ առաջատար գործիչներ։ «Հերցլիյա»-ի շրջանավարտներից են այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են` Իսրայելի երկրորդ վարչապետ Մոշե Շարեթը, Ռիշոն լե Ցիոնի առաջին քաղաքապետ Էլյակում Օստաշինսկին[4], Իսրայելի գիտության նախարար, գիտնական ֆիզիկոս Յուվալ Նեեմանը[5] և Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդաին (որը 1990-ական թվականներին վեց տարի եղել է գիմնազիայի տնօրենը[6][7]): «Հերցլիյա» գիմնազիայում կրթություն ստացած գրականության և արվեստի գործիչներից են Իսրայելի մրցանակի դափնեկիր գրողներ Ավրաամ Շլոնսկին[8] և Նաթան Ալտերմանը[9], բանաստեղծ Ահարոն Մեգեդը, նկարիչ Նահում Գուտմանը[10], քանդակագործ Իցխակ Դանցիգերը[11]։ Գիմնազիայի շրջանավարտներից գիտնականներ են դարձել Յուվալ Նեեմանը և Ժակոբ Սադեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 יוסי גולדברג. «בדרך לגימנסיה». המועצה לשימור אתרים. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Sergey R. Kravtsov. Reconstruction of the Temple by Charles Chipiez and Its Applications in Architecture // Ars Judaica: The Bar-Ilan Journal of Jewish Art. — 2008. — Vol. 4. — P. 25-42.
- ↑ Joachim Schlör. Tel Aviv: from dream to city. — London: Reaktion Books, 1999. — P. 15. — ISBN 1-86189-033-8
- ↑ Моше Шарет в Еврейской виртуальной библиотеке
- ↑ Доктор Эльякум Усташинский в Энциклопедии основателей и строителей ишува (եբրայերեն)
- ↑ Нееман Ювал՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Рон Хульдаи на сайте CityMayors (անգլ.)
- ↑ Шлёнский Аврахам՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Альтерман Натан՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Nachum, Israeli, born Bessarabia, 1898-1980&list=G Нахум Гутман
- ↑ Itzhak, Israeli, born Germany, 1916-1977&list=D Ицхак Данцигер
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-01-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերցլիյա հրեական գիմնազիա» հոդվածին։ |
|