Հերցեգովինա (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից Հերցեգովինան Բոսնիա և Հերցեգովինայի կազմում

Հերցեգովինա (խորվ.՝ Hercegovina, սերբ.՝ Херцеговина), պատմական մարզ Բոսնիա և Հերցեգովինայի հարավում:

Մինչև 1860-1913 թվականները «Հին Հերցեգովինայի» կազմի մեջ մտել են նաև Չեռնոգորիայի և Սերբիայի արևմտյան մասերը: Ժամանակակից Հերցեգովինայի բնակչությունը` հերցեգովինները, խիստ խառնվել են էթնիկական այլ խմբերի` խորվաթների, բոսնիացիների և սերբերի հետ: Վարչականորեն տարածքի 49 %-ը մտնում է Սերբիայի Հանրապետության կազմի մեջ: Հիմնական քաղաքներն են Մոստարը Հերցեգովինայի արևմուտքում և Տրեբինեն արևելքում:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հերցեգովինա» անվանումը ծագում է հունգարերեն «հերցոգ» (herceg) բառից[1]: Պատմականորեն այն կապված է բոսնիացի իշխան Ստեֆան Վուկչիչի անվան հետ, ով 1448 թվականին ընդունել է սուրբ Սավայի հերցոգի տիտղոս[2][3]: Թուրքական տիրապետության ժամանակ անվանումը տարածվել է Բոսնիա և Հերցեգովինա վիլայեթի կազմի մեջ մտնող Հերցեգովինայի սանջակի վրա (թուրք.՝ Hersek Sancağı)[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարում Հերցեգովինան բաժանված էր բազմաթիվ անկախ իշխանությունների: Հյուսիսային Հերցեգովինան պատկանում էր Սերբիային, որտեղ իշխում էր Նեմանիչի դինաստիան: Հարավային Հերցեգովինան մինչև 1102 թվականին Հունգարիայի հետ դաշինք կազմելը մտնում էր Խորվաթիայի թագավորության մեջ: Հետագայում այս տարածքները մտան Բոսնիական պետության մեջ, որ իր ծաղկման գագաթնակետին է հասել 14-րդ դարի երկրորդ կեսին` Տվրտկո I-ի օրոք: 1370 թվականին նա Բոսնիայի տարածքներն ընդարձակեց` հասցնելով մինչև նեկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքներին, դաշինք կնքեց Հունգարիայի և Դուբրովնիկի հանրապետության հետ: 1377 թվականից նա եղել է նաև Սերբիայի թագավորը, իսկ 1390 թվականից` Իլիրիան ու Ադրիատիկ ծովի կղզիները գրավելուց հետո, նաև Խորվաթիայի ու Դալմացիայի թագավորը: Այդ ժամանակ Բոսնիան գերտերություն էր Բալկաններում` իր հզորությամբ զիջելով միայն Հունգարիային և Օսմանյան կայսրությանը:

Տվրտկո I-ի մահից հետո Բոսնիայի ազդեցությունը թուլացավ: Տերությունը բաժանվեց անկախ իշխանությունների միջև: 1448 թվականի հունվարի 20-ին Սանդալ Խրանիչը և և նրա զարմիկ Ստեֆան Վուկչիչը նամակ են ուղարկում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ III-ին, որի մեջ Վուկչիչն իրեն հերցոգ է հռչակում: Հետագայում այստեղից էլ առաջացել է «Հերցեգովինա» անունը:

Հերցեգովինայի սանջակը Օսմանյան կայսրության կազմում

1482 թվականին հերցոգ Ստեֆանի հետնորդների օրոք տարածքը բռնազավթվում է Օսմանյան կայսրության կողմից: Հերցեգովինան օսմանյան Բոսնիա վիլայեթի կազմում ստանում է սանջակի կարգավիճակ:

1833-1851 թվականներին Հերցեգովինան առանձին վիլայեթ էր, սակայն հետագայում Բոսնիա և Հերցեգովինա վիլայեթները միացվել են: 1853 թվականից արդեն «Բոսնիա և Հերցեգովինա» անունը ընդհանուր էր միացած վիլայեթների համար: 19-րդ դարի կեսերին Հերցեգովինան տարածքային հավակնության առիթ է հանդիսանում անկախ Չեռնոգորիայի համար: Բոսնիա-Հերցեգովինայի սլավոնական բնակչությունը հաճախ ընդվզում էր թուրքական կառավարման դեմ: Դրանցից խոշորագույնը 1875-76 թվականների ապստամբությունն էր: Մինչև 1878 թվականը Չեռնոգորիային հաջողվում է զավթել Հերցեգովինայի մի մասը, ներառյալ Նիկշիչը:

1878 թվականին Բոսնիա և Հերցեգովինան բռնազավթվում է Ավստրիայի կողմից: 1908 թվականին շրջանը ձևականորեն անեքսիայի է ենթարկվում: Առաջին համաշխարհային պատերազմի առիթ է հանդիսանում էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում: Սպանության պատճառը սերբերի դժգոհությունն էր Ավստրիայի վարած քաղաքականությունից: Առաջին աշխարհամարտից և Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո Բոսնիա և Հերցեգովինան մտել է Հարավսլավիայի թագավորության կազմի մեջ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1941-1945 թվականներին, Հերցեգովինան եղել է Խորվաթիայի անկախ հանրապետության կազմում, ընդ որում նրա տարածքի մեծ մասը վերահսկվել է պարտիզանական խմբավորումների կողմից: Պատերազմի ավարտից հետո Բոսնիա և Հերցեգովինան դառնում է միասնական հանրապետություն սոցիալիստական Հարավսլավիայի կազմում:

1992 թվականին` Հարավսլավիայի կազմալուծումից հետո, Բոսնիա և Հերցոգովինան հռչակում է իր անկախությունը: Բոսնիական շատ սերբեր, խորվաթներ չընդունեցին այս որոշումը` իրենց ենթակայության տակ գտնվող տարածքում հռչակելով Սերբական Հանրապետություն և Գերցեգ-Բոսնա խորվաթական հանրապետություն: Դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը, որն ընթանում էր կոնֆլիկտի մասնակից կողմերի էթնիկ զտումով, ավարտվեց 1995 թվականին Դեյթոնի համաձայնագրով, որի արդյունքում Բոսնիա և Հերցեգովինան դարձավ պետական երկու իրավահավասար կազմավորումներից մեկը` Սերբիայի Հանրապետություն ու Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոստարի կամուրջը Ներտվե գետի վրա

Հերցեգովինան ներկայումս Բոսնիա և Հերցգովինա պետության մաս է կազմում: Նրա մակերեսը 11.4 հազար կմ² է, այսինքն պետության տարածքի մոտ 20 %-ը: Մնացած 80 %-ը զբաղեցնում է հյուսիսում ընկած Բոսնիան: Բոսնիայի և Հերցեգովինայի միջև պետական սահմանը նշված չէ, բայց պայմանականորեն այն անցնում է Իվան Պլանինեով: Աշխարհագրական առումով բաժանվում է Վերին և Ստորին Հերցեգովինաների:

Բոսնիա և Հերցեգովինա մարզերը սերտորեն կապված են դեռևս միջնադարից: Հաճախ Բոսնիա անվանումն օգտագործվում է Բոսնիան և Հերցեգովինան մատնանշելու համար, իսկ Բոսնիա և Հերցեգովինա անվանումը սկսել է գործածվել միայն օսմանյան իշխանության վերջին շրջանում:

Հերցեգովինա անունը նշանակում է «հերցոգի երկիր»: Այն այդպես է կոչվել ի պատիվ Ստեֆան Վուկչիչի, ով հերցոգի տիտղոս է ունեցել և միավորել ներկայիս Հերցեգովինայի տարածքները: Հերցեգովինան սահմանակցում է հյուսիսում Բոսնիային, արևելքում` Չեռնոգորիային, արևմուտքում` Խորվաթիային, հարավում` Դուբրովնիկին: Նեում ավանի մոտ այն 8 կմ սահման ունի Ադրիատիկ ծովի հետ:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերցեգովինայի էթնիկ կազմը

Բնակչության վիճակագրությունը խիստ փոփոխվել է Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող քաղաքացիական պատերազմի արդյունքում: Վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել է դեռևս մինչև պատերազմը` 1991 թվականին, Հերցեգովինայի բնակչությունը կազմում էր 437.095 մարդ: Հերցեգովինայում խորվաթները հիմնականում բնակվում են Խորվաթիայի սահմանին` ներառյալ Մոստարը և Տոմիսլավգրադը: Մուսուլմանական բնակչությունը ավանդաբար ապրում է Ներետվա գետի հովտում: Հերցեգովինայի արևելյան մասը` Տրեբինե կենտրոնով, բնակեցված է սերբերով և մտնում է Սերբական Հանրապետության մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Страны мира: полный универсальный информационный справочник. — М.: ОЛМА Медиа Групп, 2005. — С. 32.
  2. Пуришев, Б. И. Хрестоматия по зарубежной литературе. — 1962. — С. 542.
  3. История Югославии, 1963, էջ 135
  4. Писарев, Ю. А. Освободительная борьба народов Боснии и Герцеговины и Россия: документы. 1865—1875. — Наука, 1988. — С. 193.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]