Հերսիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաակոն յարլի մասին սագայի նկարազարդումից

Հերսիր (հին նորվ.՝ hærsiʀ, գերմ.՝ herse), հին նորվեգական ազնվականական տիտղոս, որ փոխանցվել է ժառանգաբար։ Տարածում է ունեցել միայն Նորվեգիայի արևմտյան ափերին։ Քաղաքացիական և ռազմական կարգավիճակն ու գործառույթները բացահայտված չեն։

Հետագայում փոխարինվել է լենդրման (հին նորվ.՝ lendrmaðr), ապա` սյուսլուման (հին նորվ.՝ syslumaðr) տիտղոսներով։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագումնաբանությունը բացահայտված չէ։ Վարկածներից մեկի համաձայն` այն ծագում է հին գերմաներեն harisja բառից և նշանակում է «բանակի գլխավոր զորավար»։ Մեկ այլ տարբերակի համաձայն` բառը ծագում է հին սկանդինավերեն herr բառի սեռական հոլովից, որ նշանակում է զորք, իսկ հերսիրը հոգնակի թվով` այդ զորքի հրամանատար[1]։

Մեկ ուրիշ տարբերակի համաձայն էլ բառը ծագում է հին սկանդինավերեն härad կամ herred բառից, որը ռազմական ստորաբաժանման միավոր է[2]։ Այս իմաստով «հերսիր» անվանումը համընկնում է ավելի ուշ գործածության մեջ մտած մյուս անվանումների` լենդրմանի և սյուսլումանի հետ, որոնք կապված են «հող», «երկիր», «սյուսլա» (հին նորվ.՝ sýsla) հասկացությունների հետ` միացված «մարդ» բառին։

Քենինգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենինգներում (սկալդերի կիրառած փոխաբերության տեսակ է) յարլերին, հերսիրներին և հիրդմաններին անվանում են կոնունգի ընկերներ, զրուցակիցներ, սեղանակիցներ (հին նորվ.՝ konungs rúnar eða málar eða sessar)[3]:

Իսլանդացի սկալդ, պատմագիր Սնորրի Սթուրլուսոնը հերսիրին բնորոշելու համար ավելի ճիշտ է համարում օգտագործել հենց այն նույն քենինգները, ինչ գործածել են կոնունգի համար` ոսկի բաժանող (հին նորվ.՝ gullbrjóta), առատաձեռն (հին նորվ.՝ auðmildinga), տիտղոսակիր (հին նորվ.՝ merkismenn), ժողովրդի առաջնորդ (հին նորվ.՝ fólksstjóra), զորքի ղեկավար (հին նորվ.՝ oddvita liðsins eða orrostu):

Սոցիալական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզաբանված չէ, թե ինչ գործառույթներ է ունեցել հերսիրը։ Անվան ծագման տարբերակներից ելնելով` այն նշանակել է կա'մ զորքի հրամանատար, կա'մ ցեղի իշխան` այդտեղից բխող ռազմական, օրենսդրական գործառույթներով։ Հավանական է, որ հյոդվինգի նման հրսիրն էլ միաժամանակ և' քաղաքական, և' ռազմական ու կրոնական առաջնորդ է իր ներկայացրած բնագավառում։

Այն հանգամանքը, որ հերսիրի տիտղոսը կրել են Նորվեգիայի արևմտյան մասերում, հիմք է տալիս եզրակացնելու, որ նրանք սերտորեն առնչվում են վիկինգների մշակույթին։ Հետագայում` ռեյդերի դարաշրջանի անկման հետ, փոխվել է նաև վերնախավը։ Իշխող նոր խավի հիմքը կազմել է ֆերմերային հարուստ ազնվականությունը, իսկ իշխանությունը կենտրոնացվել է խոշոր հողատերերի շուրջ։ Այդ երևույթը առավել վառ դրսևորվել է երկրի արևելքում, մասնավորապես` Թրյոնդելագում։ Նորվեգիան նվաճելու իր նկրտումներում Օլաֆ II-ը հենվում էր խոշոր հողատերերի աջակցության վրա։ Սկսած XI դարից «հերսիր» եզրը սկսել է միաձուլվել «լենդրման» և «սյուսլուման» եզրերին։ Ահա ինչպես է Սնորրի Սթուրլուսոնը նկարագրել հերսիրների ուշ շրջանը.

Ամեն երկրում կան շատ մարզեր, որոնցում կոնունգները նշանակում են ղեկավարներ` վստահելով նրանց այնքան տարածություն, որքան հարկ են համարում։ Այդ ղեկավարները դանիերեն կոչվում են հերսիրներ կամ լենդրմաններ, սաքսերի երկրում` կոմսեր, Անգլիայում` բարոններ։ Իրենց վստահված տարածքներում նրանք պետք է լինեն արդար դատավորներ և արդար պաշտպաններ։ Եթե կոնունգը հեռվում է, ապա նրանք պատերազմի դեպքում պարտավոր են կրել զորքի խորհրդանշանը` յարլերի ու կոնունգների հետ նույն շարքում դասվելով:
- Սնորի Ստուրլուսոն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եզրի հիմնական սկզբնաղբյուրները հին իսլանդերեն տեքստերն են։ Ահա ինչպես են մեջբերվում Հարալդ I Գեղավարսի խոսքերը.

Ամեն յարլ իր իշխանության տակ ունի չորս կամ ավելի հերսիր, որոնցից ամեն մեկը 20 մարկ պարգևատրում է ստանում։ Ամեն յարլ կոնունգին պետք է ներկայացնի 60 տղամարդ, ամեն հերսիր` 20:
- Հարալդ I Գեղավարս

«Ռիգայի մասին երգում» հերսիրը ակնածանքի արժանի տիտղոս է։ Ինգվար ճանապարհորդի մասին սագայում հյոդվինգի մասին խոսելիս նշվում է, որ վերջինս ձգտում էր կնության առնել կիսալեգենդար Էրիկ Հաղթանակող արքայի դստերը, սակայն արքան ստորացուցիչ էր համարում իր դստերը ցածր տիտղոս ունեցող հյոդվինգի հետ ամուսնացնելը։

Հերսիրը հիշատակվում է նաև իտալական ավերված Ասպ քաղաքի Sö136 քարի վրա թողած գրությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Стеблин-Каменский М. И. Древнеисландский язык УРСС. — 2002. — С. 53, 240.
  2. VRIES, Jan de. 1961. Altnordisches etymologisches Wörterbuch. Leiden.
  3. «Младшая Эдда, Язык поэзии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.