Հերովդեսի դարպաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերովդեսի դարպաս
եբրայերեն՝ שער הפרחים
Քարտեզ
Քարտեզ

Հերովդեսի դարպաս, որը հայտնի է նաև որպես ծաղկի դարպաս (եբրայերեն՝ שער הפרחים‎, արաբ․՝ باب الساهرة‎‎,) Երուսաղեմի Հին քաղաքի մուսուլմանական թաղամասի դարպասն է։ Գտնվում է Հին քաղաքի հյուսիսային պատում, Դամասկոսի դարպասից մի փոքր արևելք, Արևելյան Երուսաղեմի Բաբ էլ-Զաարա արաբական թաղամասի դիմաց։ Դեմքով դեպի հյուսիս։ Գտնվում են ծովի մակարդակից 755 մետր բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դարպասը, որը բացվում է Հին քաղաքի հյուսիսային պատի երկայնքով գտնվող աշտարակներից մեկում, Երուսաղեմի նորագույն դարպասներից մեկն է։ 1539 թվականին, երբ Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման Հիասքանչը կառուցեց քաղաքի պարիսպները, աշտարակի արևելյան կողմի պատում մի նեղ դարպաս էր մնացել։ Նրա մուտքը ուղիղ անկյան տակ էր՝ արևելքից։ Դարպասները հազվադեպ էին բացվում, իսկ 19-րդ դարի սկզբին դրանք ժամանակավորապես փակվեցին քարերով։ 1875 թվականին Բաբ էլ-Խութ թաղամասի բնակիչների խնդրանքով, որպեսզի հարմար անցում ստեղծեն դեպի նոր թաղամասեր, որոնք զարգանում էին Հին քաղաքից հյուսիս, օսմանցիները նոր դարպասներ բացեցին հյուսիսային, ճակատային պատում, իսկ սկզբնական կողային դարպասը փակվեց։

Անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասի արաբական անունը Բաբ ալ-Զաարա է։ Ալ-Զաարան բլրի և գերեզմանոցի անունն է, որտեղ թաղված են Մեքքա ուխտագնացություն կատարած մարդիկ[1]։ Հին ավանդույթը մեկնաբանում է «աս-սախիրա» տերմինը որպես որոշակի հովտի կամ հարթավայրի հատուկ անուն, որի հետ, սկսած առնվազն 11-րդ դարից, նույնացվում է մոտակա Կիդրոնի հովիտը[2]։ «Սախիրա» անվանումը, երբ այն աղավաղվել և վերածվել է «Զաարա»-ի, երբեմն ներկայացված է որպես «Զախարա», իսկ 19-րդ դարի վերջի, 20 դարի սկզբի քարտեզներում որպես «Զահիրա», շատ նման է արաբերեն բառի, որը նշանակում է ծաղիկ կամ ծաղկում։

Դարպասի եբրայերեն անվանումն Շաար Հա-Պրահիմ է, «Ծաղիկների դարպաս»[3]։ Այնուամենայնիվ, եբրայերեն անվան մեկ այլ հայտնի ստուգաբանություն այն կապում է դարպասի աշտարակը զարդարող քարե վարդի հետ։

Հերովդեսի դարպասը քրիստոնեական անուն է, որն ընդունվել է Եվրոպայում։ Ղուկասի ավետարանի 23:7-ում Պոնտացի Պիղատոսը Հիսուսին ուղարկում է Հերովդեսի Անտիպասի մոտ, իսկ քրիստոնեական ավանդույթը սխալմամբ նույնացնում է մոտակա հունական ուղղափառ Սուրբ Նիկոդեմոս եկեղեցու տեղը Հերովդես Անտիպասի պալատի հետ։ Խաչակիրների օրոք այստեղ կառուցվել է եկեղեցի, ժամանակակից կառույցը կառուցվել է ավերված խաչակիր եկեղեցու տեղը։ Նրա արաբերեն անվանումը՝ Դեյր ալ-Ադաս («Ոսպի վանք»), գալիս է մեկ այլ ավանդույթից, որ ժամանակին այնտեղ եղել է ապուրի խոհանոց, որտեղ աղքատներին ոսպով ապուր էին կերակրում[1][4]։ Մեկ այլ ավանդության համաձայն այն կառուցված է այն բանտի վերևում, որտեղ Հերովդես Ագրիպասը՝ Հերովդես Անտիպասի եղբոր որդին, պահում էր Սուրբ Պետրոսին[4]։

Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի և մի քանի հաջորդ հնագիտական պեղումների ընթացքում (վերջինը՝ 2004-ին), Իսրայելի հնությունների վարչության հնագետները պեղումներ կատարեցին Ծաղկի դարպասի արևելյան կողմում։ Պեղումները կենտրոնացած էին պատին կից երեք առանձին տարածքների վրա։ Հայտնաբերվել են ինը մշակութային շերտեր՝ սկսած երկաթի դարից (Առաջին տաճարի ժամանակաշրջան) թվագրված շերտից մինչև թուրքական (օսմանյան) տիրապետության վերջին շերտը։ Ամենակարևոր գտածոները ներառում են Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանի շենքերը, բյուզանդական-հռոմեական պարսպի անձեռնմխելի հատվածը։ Պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ 1099 թվականին խաչակիրների բանակը՝ Գոթֆրիդ Բուլյոնցուի հրամանատարությամբ, քաղաք է մտել մի բացվածքով, որը գտնվում է ներկայիս Հերովդեսի դարպասից մի փոքր դեպի արևելք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eliyahu Wager Illustrated guide to Jerusalem. — Jerusalem: The Jerusalem Publishing House, 1988. — С. 82—83.
  2. Meron Benvenisti City of Stone: The Hidden History of Jerusalem. — University of California Press, 1998. — С. 260. — ISBN 9780520207684
  3. Stephan Hanna Stephan , Boulos Afif and Eugene Hoade, This is Palestine: A Concise Guide to the Important Sites in Palestine, Transjordan and Syria (2nd ed.) (Jerusalem: The Modern Press, 1947), 105
  4. 4,0 4,1 «St. Nicodemus Church (Deir Al'ads) – Greek Orthodox». 2012 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.