Հերակլեսի սխրագործություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հերակլեսի տասներկու սխրագործություններ կամ պարզապես Հերակլեսի սխրանքներ (հունարեն՝ Άθλοι του Ηρακλή), հին հունական առասպելական հերոս, Զևս աստծո և մահկանացու Ալկմենեի որդու՝ Հերակլեսի հաջորդական տասներկու սխրանքները, որոնք վերջինս կատարել է միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելու ժամանակ։

Առասպելական հերոսն այդ սխրագործությունները գործել է իր նախնինների հայրենիքում՝ Տիրինթոսում, տղամարդկային գեղեցկության և արեգակնային լույսի աստծո՝ ոսկեվարս Ապոլլոնի հրամանով։ Պիթայի բերանով Լետոյի որդին պատգամախոսեց, որ նա անմահության և աստվածային փառքի կհասնի այն ժամանակ, երբ Էվրիսթևսի հրամանով տասներկու սխրանքներ կատարի։ Մինչ այդ՝ Օրքոմենոսի Էրգինոս արքային սպանելուց հետո, Հերակլեսն ապրում էր յոթնադուռն Թեբեում։ Այնտեղ աստվածները նրան երեք չքնաղ որդի են ընծայում, սակայն Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, առաջվա պես ատելությամբ էր լցված շանթարձակ ամուսնու որդու նկատմամբ։ Դրա պատճառով էլ նա մի սոսկալի հիվանդություն տվեց Հերակլեսին և մոլեգնության պոռթկման պահին նա սպանեց իր և եղբոր՝ Իփիկլեսի բոլոր զավակներին և նրանց անշնչացած դիերը կրակը նետեց։ Սթափանալուց հետո առասպելական հերոսը գիտակցեց իր գործածի լրջությունը և վշտահար մտածեց Թեբեն լքելու մասին։ Հետագայում իր գործած մեղքերի թողությունը ստանալուց հետո Հերակլեսն ուղևորվում է դեպի սրբազան Դելփիք՝ Ապոլոն աստծո մոտ։ Այնտեղ էլ նա Ապոլոնից խորհուրդ վերցրեց և ճանապարհ բռնեց դեպի Էվրիսթևսի ապարանք։ Բնակություն հաստատելով Տիրինթոսում պարթևահասակ Հերակլեսը դարձավ թուլակազմ և երկչոտ արքայի ծառան։ Էվրիսթևսը վախենում էր Հերակլեսից և թույլ չէր տալիս, որպեսզի նա Միկենե մտնի։ Իր բոլոր հրամանները զորական արքան Հերակլեսին ուղղում էր բանբեր Կոպրեոսի միջոցով։

Արքայի հրամանով Հերակլեսը Նիմեայի լեռներում գուրզով սպանում է Նեմեյան առյուծին, հաջորդիվ՝ ստիպված է լինում կաշվազերծ անել օձակերպ մարմին և վիշապի ինը գլուխ ունեցող լեռնեյան հիդրային, դրանից հետո՝ Ստիմփալոս քաղաքն ու ամբողջ շրջակայքն ավերած պղնձաճանկ և երկաթակտուց վայրենի թռչուններին։ Չորրորդ սխրագործության ժամանակ Հերակլեսը Հիպերբորեյների երկրում ստիպված եղավ մարտնչել արտասովոր գեղեցկությամբ օժտված Կերինեյան եղջերուի դեմ, որին երկիր էր ուղարկել Արտեմիսը՝ մարդկանց պատժելու համար։ Պղնձոտն եղջերուի որսից հետո, որ մի ամբողջ տարի տևեց, Հերակլեսը երկար հանգիստ չունեցավ և հրաման ստացավ սպանել Էրիմանթոսյան վարազին։ Այդ սխրագործության ժամանակ հույն առասպելական հերոսը ոջ միայն հաղթանակում է Պսոփիս քաղաքն ամայացնող ահեղ վարազի նկատմամբ, այլ նաև ճակատամարտում է աշխարհաշարժ կենտավրոսների դեմ։ Վեցերորդ սխրանքի ժամանակ Հերակլեսը գործի դրեց իր ճարտար միտքը և մեկ օրվա ընթացքում մաքրեց Ավգիոս արքայի ախողները հավերժական թվացող գոմաղբից, ապա՝ լքելով Հունաստանը հանգրվանեց Կրետեում՝ ուր և կարողացավ սանձել կրետեական ցուլին։