Հերաթի մանրանկարչության դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերաթ քաղաքը

Հերաթի մանրանկարչության դպրոց, միջինարևելյան մանրանկարչության դպրոց (հիմնականում ձեռագիր գրքերի նկարազարդումներ), որը գործել է XV դարում՝ Թեմուրյանների պետության մայրաքաղաք Հերաթում։

Գործունեության առաջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության առաջին շրջանը առնչվում է 1410-ական թթ. ձեռագրերի պալատական արվեստանոցի (քիթաբխանե) հիմնադրման, վերջինը՝ 1507-ին Շեյբանի-խանի կողմից Հերաթի գրավման հետ։ Մանրանկարչության ծաղկմանը նպաստել է ֆեոդալական Հերաթի քաղաքային կյանքի ու մշակույթի զարգացումը։ Հերաթի մանրանկարչության դպրոցի մանրանկարներում գործողությունը ծավալվում է գարնանային ծաղկուն այգիների, գետակների ու լճակների, զարդապատ ճարտարապետական կառույցների ֆոնի վրա։ Հերաթի մանրանկարչության դպրոցի ստեղծագործություններին բնորոշ է առանց լուսաստվերի թանձր ու հագեցած գեղանկարչական մակերեսը։ Լոկալ հնչեղ գույները սովորաբար ներդաշնակված են։ Դպրոցի առաջին շրջանը, որ ժառանգաբար կապվում է XIV—XV դարերի Շիրազի, ինչպես և, հավանաբար, Բաղդադի ու Թավրիզի մանրանկարչության դպրոցների հետ, բնորոշվում է անմիջականորեն շարադրանքին ուղեկցող նկարազարդումներով։ Մի քանի պլաններով կերպավորված բնանկարը համեմատաբար պարզ է, գործող անձանց թիվը մեծ չէ, մարմինները խոշոր են ու որոշ չափով ստատիկ, հորինվածքները հակված են համաչափության (Սաադիի «Գուլիստան»-ը, 1427, Չեստեր Բիտտիի գրադարան, Դուբլին, Նիզամու «Խամսե»-ն, 1431, էրմիտաժ, Լենինգրադ

Ուշհերաթյան դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյբանի-խանի դիմանկարը, 1507, Բեհզադ Քեմալեդդին

Բացառություն է Թեհրանի Գոլեստան պալատի գրադարանի «Շահնամե»-ի օրինակը (1430), որն առանձնանում է չափերով և շեղվում այլ ձեռագրերին հատուկ կամերայնությունից։ Այդ ձեռագրի մանրանկարների մարդաշատությունը, ճարտարապետական բարդ ֆոները, կրճատումներն ու շարժումների ռեալիստական բնույթը գեղարվեստական նվաճում էին XV դարի վերջի Հերաթի մանրանկարչության դպրոցի համար և սերտորեն առնչվում էին Քեմալեդդին Բեհզադի նորարարական ստեղծագործությանը։ Բեհզադը ընդարձակել է մանրանկարի տեսակների ու ժանրերի շրջանակը, ստեղծել նաև ձեռագրերի հետ չառնչվող հաստոցային էջեր ու դիմանկարներ։ Իր ուսուցիչ Միրաք Նաղաշի և աշակերտ Քասիմ Ալիի հետ Բեհզադը պատկերազարդել է Նիզամու «Խամսե»-ն (1494—1495, Բրիտանական թանգարան, Լոնդոն), որը ուշհերաթյան դպրոցի չափանմուշ է համարվում։ XV դարի վերջին քառորդի մանրանկարիչները դիմել են սուր դրամատիկ իրավիճակների, բազմապլանային բարդ, տարածական կոմպոզիցիաները հաճախ դուրս են գալիս լուսանցքները («Բահրամ Հուրը խոցում է վիշապին» նկարազարդումը Նիզամու «Խամսե»-ից, 1493, Բրիտանական թանգարան) կամ անսպասելիորեն կտրվում շրջանակով։ Հերաթի մանրանկարչության դպրոցի նորարարական բնույթը մանրանկարիչների սուր դիտողականության, մանրամասների ճշմարտացիության և հիմնականում մարդու նկատմամբ հետաքրքրության, նրա հուզական վիճակը արտահայտիչ շարժումների ու կեցվածքների, շրջակա բնանկարի միջոցով հաղորդելու ձգտման մեջ է։ Հերաթի մանրանկարչության դպրոցի ազդեցությունը նկատելի է Թավրիզի, Միջին Ասիայի և մոնղոլյան մանրանկարչության դպրոցների նկարիչների գործերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 375