Հետտրավմատիկ աճ
Հետտրավմատիկ աճ (անգլ.՝ Post-traumatic growth), հոգեբանական դրական փոփոխություն, որը տեղի է ունենում կյանքի բարդ հանգամանքների դեմ պայքարի արդյունքում[1][2]։ Այն հանգեցնում է ոչ միայն տեղի ունեցածի հաղթահարմանը, այլև ադապտացիայի սկզբնական մակարդակի գերազանցմանն ու բնավորության որակական փոփոխության[3]։ Հետտրավմատիկ աճը հանգեցնում է անձի հարմարվողականության ռեսուրսների փոփոխությանը և էական փոփոխություններ է բերում անձի՝ աշխարհի ընկալման և դրա մեջ իր դերի գիտակցման մեջ[1]։ Հետտրավմատիկ աճի արդյունքում տեղի են ունենում «կյանքը փոխող» հոգեբանական կարևոր փոփոխություններ, որոնք կապված են աշխարհի և ինքնության ընկալման հետ[1]։
Անհատները, ովքեր հետտրավմատիկ աճ են ապրում, ականատես են լինում փոփոխությունների հետևյալ հինգ ուղղություններում. կյանքի գնահատում, այլոց հետ հարաբերություններ, անձնական ուժեղացում, նոր հնարավորություններ, հոգեկան, էքզիստենցիալ և փիլիսոփայական փոփոխություն[2]։
Այս փոփոխությունները հնարավորություն են տալիս անհատին իմաստավորել իր տրավմատիկ փորձը՝ ինքն իրեն ավելի լավ ճանաչելով, թույլ են տալիս գնահատել իր կյանքի բոլոր ասպեկտները, ավելի ուժեղ հարաբերությունները թույլ են տալիս մեծացնել ապրումակցումը, անձնական ուժը վեր է ածվում ճկունության, իսկ հոգեկան փորձառությունն օգնում է նոր հավատ ձեռք բերել։ Այս ուղղությունները թույլ են տալիս անհատին աճել և կենարար նոր աղբյուրներ գտնել[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տառապանքի և ստրեսի արդյունքում դրական փոփոխությունների հնարավորության մասին գաղափարը հազարավոր տարիների պատմություն ունի[1]։ Օրինակ, հին հրեաների, հույների, վաղ քրիստոնյաների, ինչպես նաև հինդուիզմի, բուդդայականության, իսլամի[5] և բահայիի ուսմունքների ձեռագրերում առկա են տարրեր տառապանքի տրանսֆորմատիվ ուժի մասին։ Մարդկային տառապանքի իմաստը հասկանալու և բացահայտելու փորձը կենտրոնական տեղ ունի փիլիսոփայության մեջ և հայտնվել է շատ վիպասանների, դրամատուրգների ու բանաստեղծների գործերում[5]։
Դեռևս նախորդ դարի սկզբում Կառլ Յասպերսը խոսել է մարդու կյանքում սահմանային վիճակների հասկացության մասին, որոնք անպայման հանգեցնում են փոփոխությունների, այլապես գոյությունն անհնար է դառնում։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում գրականության մեջ հայտնվել է մահամերձ ապրումների (neardeath experiences) նկարագրությունը, որը ծնվում է կյանքի ու մահված սահմանին, որի պարադոքսալ հետևանքը լինում է անձի մոտ ակնհայտ դրական փոփոխությունը։
1960-ական թվականների սկզբին հոգեբանական հասկացություններում ավելացել է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, իսկ 1990-ական թվականների կեսերին ի հայտ է եկել հետտրավմատիկ աճ նոր տերմինը, որն առաջարկվել է Ռ. Թեդեսկիի և Լ. Կէլհոունի կողմից և որն անմիջականորեն կապված է վերը նշված խանգարման հետ[6]։ Ըստ Թեդեսկու, տրավմա ապրած անհատների 89%-ը, որոնք մասնակցել են հարցմանը, նշել են իրենց կյանքի որևէ մի ասպեկտում դրական փոփոխության մասին (օրինակ այն, որ նրանք վերարժևորել են կյանքը)[7]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետտրավմատիկ աճը տրավմա պատճառող իրադարձությանը հաջորդող դրական հոգեբանական փոփոխություն է։ Ուժեղ ստրեսի ազդեցությամբ մարդը կարող է արձագանքել ինչպես հոգեբանական դիսթրեսի աճով, այնպես էլ՝ հետտրավմատիկ աճով։ Կյանքի բարդ իրադարձությունները նպաստում են դրական փոփոխություններին, որոնք արտահայտվում են նոր հնարավորությունների ընկալմամբ, այլ մարդկանց հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ, կենսական ուժերի ավելացմամբ, հոգեբանական վերափոխմամբ, ավելի լավ ապագայի գիտակցված ընտրությամբ։
Տրավման հակասում է կյանքի և սեփական անձի վերաբերյալ մարդու ունեցած պատկերացումներին, այն ավերում է անձի ունեցած պատկերացումն աշխարհի վերաբերյալ։ Սա էլ իր հերթին բերում է կյանքի վերարժևորման, փորձի փոփոխության։ Աճը չի դառնում տրավմայի ուղիղ արդյունք։ Ավելի շուտ, տրավմայից հետո անհատի տարած պայքարը նոր իրականության դեմ հենց որոշիչ նշանակություն է ունենում հետտրավմատիկ աճի աստիճանի համար։ Այս իրավիճակի ելքն ամբողջապես կախված է մարդուց, այն բանից, թե որքանով նա կկարողանա դիմակայել իրադարձություններին և թե ինչպես նա դա կանի։
Տարբեր հեղինակներ նշում են, որ չկան ընդգծված «կամ-կամ»-եր, բացասական կամ դրական, դիսթրես կամ աճ։ Առավելապես լինում է խառը ռեակցիա։ Բացասական իրադարձություններին միանշանակ դրական գնահատականը կարող է հոգեբանական պաշտպանության արդյունք լինել։ Մյուս կողմից, միանշանակ բացասական գնահատականը բերում է հետտրավմատիկ հայտնի հետևանքների, որոնք մարդուն փակուղու մեջ են գցում, որից դուրս գալն առանց հոգեթերապևտի շատ բարդ է լինում։
Իրվին Յալոմը նաև ասում է, որ ծայրահեղ իրավիճակներում փրկվելը կախված է նրանից, թե արդյոք մարդը կկարողանա իր տառապանքներում իմաստ գտնել։ Հետտրավմատիկ աճի վերաբերյալ հետագա ուսումնասիրություններում նշվում է, որ այն առաջանում է այնպիսի իրավիճակների պատճառով, որոնք վտանգում կամ ոչնչացնում են մարդու առօրեական աշխարհը, մարտահրավեր նետելով ամենաբարձ արժեքներին, հավատին, նպատակներին, սեփական կարծիքին և դիսթրեսին դիմակայելու ունակությանը[8]։
Հետտրավմատիկ աճը տեղի չի ունենում առանց հոգեբանական ցնցումների։ Էմպիրիկ հետազոտությունները վկայում են. հետտրավմատիկ աճը համընդհանուր ֆենոմեն չի, այն անպայման չի հաջորդում տրավմային (Handbook of posttraumatic growth, 2006)։ Տրավմատիկ իրադարձություններ անցած մարդն ունենում է բազմաթիվ բացասական հետևանքներ, այլ ոչ թե միայն դրական աճ։
Անց է կացվել հետազոտություն, որին մասնակցել է 2000 մարդ։ Հետազոտության արդյունքում առանձնացվել է երեք խումբ (Peterson et al., 2006)[9]:
- 1 խումբ, մարդիկ, ովքեր երբեք չեն հանդիպել տրավմատիկ իրադարձությունների կամ հիվանդությունների
- 2 խումբ, մարդիկ, ովքեր հիվանդություն կամ տրավմա են ունեցել, որը հաղթահարել են
- 3 խումբ, մարդիկ, ովքեր ունեն դեռևս անհաղթահարելի հիվանդություն կամ տրավմա
Եթե մարդն անցյալում ապրել է տրավմատիկ իրադարձություններ և ներկայումս հաղթահարել է դրանք, նա ցուցաբերում է ավելի մեծ քաջություն, բարություն ու հումոր, ինչպես նաև՝ ընդհանուր առմամբ ավելի բավարարված է կյանքից, քան նրանք, ովքեր կամ առհասարակ տրավմա չեն տարել կամ էլ չեն կարողացել հաղթահարել դրանք[9]։
Այսպիսով, տրավմայի ու դրա հետևանքների վերաիմաստավորումը կարող են մարդուն հնարավորություն տալ զգայական թեթևություն ապրել և հանգեցնել նոր կենսափիլիսոփայության, որը կփոխի մարդու պատկերացումները կյանքի և դրա իմաստի վերաբերյալ (Janoff-Bulman, 1992)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Tedeshi, R.G., & Calhoun, L.G. (2004). Posttraumatic Growth: Conceptual Foundation and Empirical Evidence. Philadelphia, PA: Lawrence Erlbaum Associates.
- ↑ 2,0 2,1 Tedeschi R, Shakespeare-Finch J, Taku K, Calhoun L (2018). Posttraumatic growth: Theory, research and applications. Taylor & Francis. doi:10.4324/9781315527451. ISBN 978-1-315-52745-1. S2CID 149689169.
- ↑ Tedeschi R.G., Calhoun L.G. Posttraumatic growth: Conceptual foundations and empirical evidence. — Psychological Inquiry, 2004. — С. 1-18.
- ↑ Tedeschi, R. G., & Calhoun, L. G. (1996). The Posttraumatic Growth Inventory: measuring the positive legacy of trauma. Journal of traumatic stress, 9(3), 455–471. https://doi.org/10.1007/BF02103658
- ↑ 5,0 5,1 Tedeschi, R.G., & Calhoun, L.G. (1995). Trauma and Transformation: Growing in the Aftermath of Suffering. Thousand Oaks, CA: Sage.
- ↑ Michaela Haas, "Bouncing Forward: Transforming Bad Breaks into Breakthroughs," Atria/Enliven, 2015
- ↑ Michaela Haas. «What is Posttraumatic Growth?».
- ↑ Быховец Ю.В. Феномен посттравматического роста // психологические исследования личности: история, современное состояние, перспективы / М.И. Воловикова, А.Л. Журавлев, Н.Е. Харламенкова. — Москва: Институт психологии РАН, 2016. — С. 214-226.
- ↑ 9,0 9,1 Д. А. Леонтьев Удары судьбы как стимул личностного развития: феномен посттравматического роста // жизнеспособность человека: индивидуальные, профессиональные и социальные аспекты / А.В. Махнач Л.Г. Дикая. — Москва: Институт психологии РАН, 2016. — С. 144-158.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Быховец Ю.В. Феномен посттравматического роста // психологические исследования личности: история, современное состояние, перспективы. — Место: Москва Издательство: Институт психологии РАН, 2016.- C. 214—226.
- Леонтьев Д. А. Удары судьбы как стимул личностного развития: феномен посттравматического роста // жизнеспособность человека: индивидуальные, профессиональные и социальные аспекты. — Место: Москва Издательство: Институт психологии РАН, 2016.- С. 144—158.
- Магомед-Эминов М.Ш. Позитивная психология человека: от психологии субъекта к психологии бытия (в двух томах). — М.: ПАРФ, 2007
- Магомед-Эминов М.Ш. Феномен экстремальности. — М.: Психоаналитическая Ассоциация, 2008.
- Calhoun L.G., Tedeschi R.G. Posttraumatic growth: Conceptual foundations and empirical evidence // Psychological Inquiry. 2004. V. 15. Р. 1–18.
- Calhoun L.G., Tedeschi R.G. The posttraumatic growth inventory: measuring the positive legasy of trauma // Journal of Traumatic Stress. 1996. V. 9. P. 455–471.
- Calhoun L.G., Tedeschi R.G. Handbook of posttraumatic growth: Research and practice. Mahwah, NJ: Erlbaum, 2006.
- Janoff-Bulman R. Happystance. A review of Subjective Well-Being: An Interdisciplinary Perspective // Contemporary Psychology. 1992. V. 37. P. 162–163.
- Peterson C., Park N., Seligman M.E.P. Greater strengths of character and recovery from illness // Journal of Positive Psychology. 2006. V. 21 (1). P. 17–26
| ||||||