Հետպատերազմյան առաջին տասնամյակի (1945-1946) հայ գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ենթաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակելով 1920–1930-ական թվականների գեղարվեստական խոսքի հիմնական սկզբունքները, կապված երկրի հասարակական և քաղաքական կյանքի զարգացման օրինաչափությունների հետ, հետպատերազմյան շրջանի գրականությունը ի հայտ բերեց ստեղծագործական զարգացման նկատելի առանձնահատկություններ։

Ըստ այդմ՝ այդ ժամանակահատվածը բաժանվում է երկու ենթաշրջանի՝

  • 1945–1954 թվականներին
  • 1954 թվականից հետո ընկած գրապատմ․ փուլը։

Հայաստանի Պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին, հրապարակվեցին կուսակցության մի քանի որոշումներ («Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի մասին», «Դրամատիկական թատրոնների խաղացանկերի և դրանց բարելավման միջոցառումների մասին», «Մեծ կյանք» կինոնկարի մասին»), որոնք որոշակի ուղղվածություն տվեցին գրականության ուսումնական արվեստի զարգացմանը։ Որոշումների մեջ պահանջ էր դրվում ամրապնդել գրականության կապը բուն կյանքի ու իրականության հետ, ուժեղացնել գեղարվեստական, խոսքի քաղաքացիների բովանդակությունը, ուշադրության կենտրոնում պահել արդիականությունը, չտարվել պատմության անցյալի գունազարդումով։ Այս պահանջների թելադրանքով ընթացավ նույն թվականի սեպտեմբերին հրավիրված ՀԴՄ II համագումարը։

Երիտասարդ գրողների նոր սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Իսահակյան
Համո Սահյան
Սիլվա Կապուտիկյան

Հետպատերազմյան տարիների հայ գրականությունը բնութագրվում է ստեղծագործական ուժերի նոր համալրումով։ Դրական ասպարեզ իջավ երիտասարդ գրողների մի նոր սերունդ (նրա որոշ ներկայացուցիչներ իրենց մուտքն ազդարարել էին դեռևս 40-ական թվականների առաջին տարիներին, իսկ ոմանք էլ նախաքայլերն արել էին ավելի վաղ), որն իրենից նկատելի ուժ ներկայացրեց այս և հատկապես հետագա տարիներին (Պարույր Սևակ (1924–1971 թվականներին), Համո Սահյան (ծնված 1914 թվականին), Սիլվա Կապուտիկյան (ծնված 1919 թվականին), Գևորգ էմին (ծնված 1919 թվականին), Վահագն Դավթյան (ծնված 1922 թվականին), Մարո Մարգարյան (ծնված 1915 թվականին), Հովհաննես Հովհաննիսյան (ծնված 1919 թվականին), Սվետլանա Հարությունյան (ծնված 1921 թվականին), Վիգեն Խեչումյան (19161975 թվականներին), Սերո Խանզադյան (ծնված 1915 թվականին), Ալեքսանդր Սահինյան (ծնված 1917 թվականին), Խաժակ Գյուլնազարյան (ծնված 1918 թվականին), Գրիգոր Տեր–Գրիգորյան (1916–1981 թվականներին), Ալբերտ Ատեփանյան (ծնված 1917 թվականին) և ուրիշներ)։ Նոր սերնդի կազմավորմանը նպաստեց այդ և հետագա տարիների զանգվածային հայրենադարձությունը։ Հայրենիք վերադարձան և իրենց ստեղծագործական բուռն կյանքն ապրեցին Հ․ Ղուկասյանը (ծնված 1919 թվականին), Ա․ Ալաջաջյանը (ծնված 1924 թվականին), Ա․ Ավագյանը (1919–1983 թվականներին), Դ․ Քեշիշյանը (1921- 1980 թվականներին), Դ․ Սևանը (ծնված 1926 թվականին), Ա․ Ալիքյանը (ծնված 1928 թվականին), Կ․ Սուրենյանը (ծնված 1925 թվականին)։

Ամրապնդվեցին Հայաստանում և սփյուռքի գաղթօջախներում ապրող ու ստեղծագործող գրողների կապերը։ ՀԴՄ II համագումարում, ելնելով «Մեկ ժողովուրդ, մեկ գրականություն» սկզբունքից, Ավետիք Իսահակյանն իր բացման խոսքում հետևյալն ասաց․ «Մեր համագումարի ամենաարժեքավոր արդյունքն այն կլինի, որ ավելի սերտանան և մտերմանան փոխադարձ հարաբերությունները մայր հայրենիքի և սփյուռքի գրականությունների միջև»։ Փոխայցելությունների և սփյուռքահայ գրողների երկերը Հայաստանում տպագրելու շնորհիվ այդ կապերն աստիճանաբար դարձան գործնական, որոշակի և ավելի նպաստեցին ժողովրդի լրիվ ուժերի հոգևոր մերձեցմանը։

Գրական երիտասարդ ուժերի հետ մեկտեղ իրենց ստեղծագործական ուղին էին շարունակում Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Մ․ Արագին, Լեռ Կամսարը, Նաիրի Զարյանը, Գեղամ Սարյանը, Վաղթանգ Անանյանը, Հրաչյա Քոչարը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Հմայակ Սիրասը, Սողոմոն Տարոնցին և ուրիշներ։

20-ական թվականների գրական սերնդի եռանդուն ներկայացուցիչներ և գրականության նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև հարկադիր բացակայությունից հետո նրանց միացան 20-ական թվականների գրական սերնդի եռանդուն ներկայացուցիչներ Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Վաղարշակ Նորենցը, Վահրամ Ալազանը։ Հետպատերազմյան տարիների հայ գրականության, գլխավոր նպատակ ունենալով արդիականության գեղարվեստական, պատկերումը, ի հայտ բերեց նյութի ընդգրկման նկատելի բազմազանություն։

Առաջնահերթ դարձավ երկրի վերակառուցման, գյուղի ու քաղաքի շինարարության պատկերումը կյանքի բոլոր բնագավառներում։ Միաժամանակ ստեղծվեցին պատերազմական տարիները, զինվորի վերադարձը, հետպատերազմյան կյանքը, հայ ժողովրղի հեռու և մոտիկ ժամանակների առանձին դրվագներ պատկերող երկեր։

Գրականության նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերո Խանզադյան
Հրաչյա Քոչար

Գրականության նյութ դարձավ նաև արտասահմանի իրականությունը, ինչպես նաև սփյուռքահայ կյանքը։ Արձակում իր տեղը հաստատեց պատերազմական տարիների ճակատի և թիկունքի առօրյան պատկերող նկարագրական–պատմողական վեպը (Ք․ Թափալցյան, «Պատերազմ», հատոր 1–4, 1946–1965, Հ․ Սիրաս, «Արարատ», 1950, Սերո Խանզադյան, «Մեր գնդի մարդիկ», 1950, Հրաչյա Քոչար, «Մեծ տան զավակները», 1952, Մկրտիչ Արմեն, «Ցասվա», 1953, Մ․ Շաթիրյան, «Զինվորներ», 1955 և այլն)։ Այս ժանրի երկերը գրականություն էին բերում կյանքի անմիջական փաստը, դեպքերն ու իրադարձությունները դրանցում զարգանում էին ավելի լայնքով ու զանգվածային ընդգրկումով, քան հոգեբանական խորացումներով։ Այս տարրներին ստեղծվեցին նաև պատմա–ազգարական, կենսագրական, սոցիալ–բարոյական, գյուղի ու քաղաքի կյանքը և ընթացիկ իրականությունը բնութագրող վիպական գործեր (Հ․ Սիրաս, «Հայր և որդի», 1946, Ա․ Սահինյան, «Խաչուղիներ», 1946, «Ծարավ», 1955»․ Դաշտենց, «Խոդեդան», 1950, Աղավնի, «Շիրակ», 1954, Վ․ Խեչումյան, «Մեզ մոտ հարավում», 1955, Սերո Խանզադյան, «Հողը», 1954–1955, Գ․ Ադունց, «Թեհրան», 1952, Ս․ Ալաջաջյան, «Անապատում», 1953, Ա․ Ավագյան, «Շիկացած հող», 1955 և այլն)։

Գեղարվեստական, նյութի յուրացման նույն պատկերն էր իշխում նաև պոեզիայում։ Ուշագրավ են Հ․ Շիրազի «Լիրիկա» (1946), «Գիրք խաղաղության և սիրո» (1950), Սիլվա Կապուտիկյանի «Զանգվի ափին» (1947), «Այս իմ երկիրն է» (1949), «Իմ հարազատները» (1951), Գ․ էմինի «Նորք» (1946), «Նոր ճանապարհ» (1949), Պարույր Սևակի «Անմահները հրամայում են» (1948), Համո Սահյանի «Որոտանի եզերքին» (1946) ժողովածուները, Գ․ Սարյանի «Վերադարձ» շարքը։

Պոեզիայի գլխավոր խնդիրն է դառնում վավերական հավաստիություն ունեցող նյութի յուրացումը (որոշակի դեպք, փաստ, եղելություն, իրադարձություն, պատմություն), որը չափածո խոսքին հաղորդում է վիպական–ակնարկային բովանդակություն։ Հետպատերազմյան տարիներին հրապարակ հանվեցին նաև դրամատիկ, նոր երկեր, որոնցում փորձ էր արվում տեսանելիորեն վերարտադրելու ժամանակակից մարդու կերպարը (Ն․ Զարյան, «Աղբյուրի մոտ», 1950, «Փորձադաշտ», 1953, Գ․ Բորյան, «Բարձունքներում», 1949, Մ․ Քոչարյան, «Հին հիվանդություն», 1953, Գ․ Տեր–Գրիգորյան, «Այս ասաղերը մերն են», 1949)։ Այս շրջանի թատերգությունները, բեմ հանելով որոշակի կենսական վիճակներ ու հարաբերություններ, այնուամենայնիվ, զուրկ էին հոգեբանական խորացումից, իսկ երբեմն էլ դուրս չէին գալիս պարզունակ սխեմաների շրջանակներից։

Մանկապատանեկան գրականության ուշագրավ երկերով հարստացրեց Վ․ Անանյանը («Սևանի ափին», 1951 և այլն)։ Տպագրվեցին նաև Մ․ Արազու «Մանկական պատմվածքներ» (1952), Ա․ Շայբոնի (1905–1982) «Սպիտակ ստվերների աշխարհում» (1951), «Տիեզերական օվկիանոսի կապիտանները» (1955) գրքերը։

Մանկապատանեկան գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկապատանեկան գրականությունը նոր գործերով հարստացրին Գ․ Բորյանը, Խ․ Հրաչյանը, Խ․ Գյուլնազարյանը։ Այս ամենով հանդերձ հետպատերազմյան տարիների հայ գրկ․ չհասավ գեղարվեստական բարձր արդյունքի։ Պատճառը ոչ թե տաղանդի պակասն էր, այլ այն սխալ տեսա–գեղագիտական նախադրյալը, որ պարտադրվում էր այդ տարիների գրականությանը։

Գեղարվեստական, խոսքը ընկավ սխեմատիզմի վանդակների մեջ, որտեղ գերագույն օրենքի ուժ էին ձեռք բերել անկոնֆլիկտայնության տեսությունը, կյանքի գունազարդումը, տոնական–շքերթային մոտեցումը իրական բարդ ու դժվարին առօրյային։ Այդ ամենը խորապես խանգարում էր գրականության գլխավոր հերոսի՝ ժամանակակից մարդու կյանքի ու հոգևոր աշխարհի ճշմարտացի պատկերմանը։ Մարդը դրվում էր դեպքերի շարժման մեջ, բայց որպես լիարժեք անհատականություն, ըստ էության, բացակայում էր։ Նրա փոխարեն գրականությունում տնօրինում էր «գաղափարական ձայնափողը»։ Այս թերացումներից անմասն չմնացին թե ավագ և թե երիտասարդ սերնդի գրողները։ Սակայն այս տարիներին կուտակած կենսական պալարներն ու զսպված ներքին ուժը երևան եկան հետագա տարիների նրանց ստեղծագործություններում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 510