Jump to content

Հենրիկ Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Վաչագանի Քոչարյան
փետրվարի 2, 1997(1997-02-02) - ապրիլի 11, 2023(2023-04-11) (26 տարեկան)
ԾննդավայրՎայք, Վայոց Ձորի մարզ, Հայաստան
Մահվան վայրՏեղ, Սյունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2015 - 2023
ԿոչումՀՀ ԶՈՒ լեյտենանտ Լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՊարգևներԱրիության մեդալ

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (փետրվարի 2, 1997(1997-02-02), Վայք, Վայոց Ձորի մարզ, Հայաստան - ապրիլի 11, 2023(2023-04-11), Տեղ, Սյունիքի մարզ, Հայաստան), Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ, հետախույզ, հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Քոչարյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 2-ին Վայք քաղաքում։ Եղել է քրոջ և եղբոր ավագը։ 2003-2012 թթ․ սովորել է Վայքի N2 միջնակարգ դպրոցում, 2012-2015 թթ․ Վայքի հումանիտար քոլեջում։ 2008 թվականից սկսել է հաճախել Կարատեի՝ Վայքի սպորտ դպրոցում, ստացել է սև գոտի և գրանցել բազում այլ հաջողություններ։ 2015 թ․ ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։

Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Հենրիկ Քոչարյանն անցել է պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում։ Արմավիրի ուսումնական զորամասում վեցամսյա ծառայության ավարտից հետո Հենրիկը ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետությունում, Ասկերանի շրջան, գյուղ Իվանյան (Խոջալու)՝ տանկիստ մասնագիտությամբ։ Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, կատարել է վերադաս հրամանատարության կողմից առաջարդված խնդիրները՝ հակառակորդին հետ շպրտելու նպատակով։

Պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո 2018 թվականին Հենրիկ Քոչարյանը անցել է պայմանագրային զինվորական ծառայության՝ ՊՆ հատուկ նշանակության ջոկատում։

Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Քոչարյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմում։ Հատուկ նշանակության ստորաբաժանումը Հենրիկի անմիջական մասնակցությամբ հաջողությամբ կատարել է մի շարք մարտական գործողություններ Ջրականում, Կովսականում, Շուշիում և Բերձորում։ Պատերազմի ընթացքում Հենրիկը երկու անգամ վիրավորում է ստացել սակայն դարձյալ վերադարձել է շարքեր։ Մարտական ընկերները փաստում են նրա հերոսական ոգու մասին և պատմում են որ մարտական գործողություններից մեկի ժամանակ Հենրիկը վիրավոր ընկերոջը չի լքել մարտադաշտում և ուսին դրած դուրս է բերել կրակներից։

Զինվորական կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո Հենրիկը որոշում է ամրապնդել զինվորական գիտելիքները։

2021 թվականի նոյեմբերին գործուղվում է Հունաստան՝ մասնակցելու Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի ռազմական փորձի փոխանակմանն ուղղված մեկշաբաթյա միջոցառմանը։ 

2022 թվականին Հենրիկն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ուսանելու։ Նույն թվականի օգոստոսին ՀՀ Պաշտպանության Նախարարությունը Հենրիկ Քոչարյանին շնորհում է լեյտենանտի կոչում։ Կոչումը ստանալուց հետո Հենրիկը դարձյալ գործուղվում է Հունաստան եռամսյա դասընթացների։ Վերադառնալուն պես անցնում է ծառայության։

Հերոսական մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել էր Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը, իսկ արդեն 2023 թվականի մարտի 30-ին ադրբեջանի զինուժը փակեց Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի հատվածում։ 2023 թվականի ապրիլի 11-ին նոր սադրանք հրահրելու նպատակով ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները մեքենայով մոտենում են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին։ Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ սկսվում է փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև, որի արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստանում ՀՀ զինված ուժերի չորս զինծառայող, որոնց թվում էր Հենրիկ Քոչարյանը։

Հերոսացած մյուս զինծառայողներն են՝ Արթուր Սահակյանը (ծնվ․ 1999 թ․), Նարեկ Սարգսյանը (ծնվ․ 1994 թ․) և Մկրտիչ Հարությունյանը (ծնվ․ 1989 թ․)։

Հենրիկ Քոչարյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել ապրիլի 13-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում։ Հերոսի հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 14-ին Վայոց Ձորի Զառիթափ համայնքի եղբայրական գերեզմանատանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար 2023 թվականի ապրիլի 13-ին Հենրիկ Քոչարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]