Հեկուբը նրա ի՞նչն է, կամ նա Հեկուբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հեկուբը նրա ի՞նչն է, կամ նա Հեկուբի...» (անգլ.՝ «What's Hecuba to him, or he to Hecuba…»), թևավոր խոսք Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունից։ Հեկուբը Տրոյայի Պրիամոս թագավորի այրին էր։ Երբ կործանվում է Տրոյան, Հեկուբը գերի է ընկնում դանայացիների մոտ։ Նա տեսնում է իր զավակների տանջամահ լինելը և խելագարվում։ Սա նկարագրված է «Համլետի» երկրորդ գործողությունում։ Երբ հայտնվում է թափառաշրջիկ խումբը, և արքայազն Համլետի խնդրանքով դերասաններից մեկը մենախոսություն է կարդում, որի մեջ Տրոյայի հերոս Էնեասը պատմում է, թե ինչպես գրավեցին Տրոյան, երբ պատմությունը հասնում է այն տեղը, ուր նկարագրում է Տրոյայի թագուհի Հեկուբի տանջանքները, որի աչքերի առաջ գազազած դանայացիները սպանում են ամուսնուն՝ Պրիամոսին, ու պղծում մարմինը, դերասանը գունատվում է ու սկսում արտասվել։ Այդ պահին Համլետը կրկին վերադառնում է հայտնի «համլետյան հարցին» մարդու գործելու կամ չգործելու դրդապատճառների մասին և արտասանում է իր նշանավոր խոսքը. «Հեկուբը նրա ի՞նչն է, կամ նա Հեկուբի, որ նրա համար արտասուք են թափում»[1]։

Արտահայտությունն օգտագործվում է երկու իմաստով՝ երբ որևէ մեկը խառնվում է իրեն չվերաբերող գործին, կամ էլ, երբ մեկը անտարբեր է այն հարցի նկատմամբ, որը կարևոր նշանակություն ունի հասարակության համար[2]։

Անբնական չէ՞, որ այս դերասանը,
Միայն մի վեպով, մի բուռն կրքի սոսկ երազումով
Կարենա հոգին այնպես ենթարկել իր հղացումին,
Որ լոկ իր մտքի գործելու շնորհիվ դեմքը գունատվի,
Արցունք գա աչքին, երեսն այլայլվի, ձայնը կերկերվի,
Իր ամբողջ կազմը համապատասխան իր հղացումին.
Եվ այս բոլորը ոչնչի՞ համար. Հեկուբի՞ համար.
Հեկուբը նրա ի՞նչն է, կամ նա Հեկուբի,
Որ նրա համար արտասուք թափե։ Ապա ի՞նչ կաներ,
Եթե նրա կրքի այնպիսի պատճառ, դրդիչ ունենար,
Ինչպես ե՛ս ունիմ. բեմը կողողեր իր արտասուքով,
Հասարակության ունկը կպատռեր սոսկալից խոսքով,
Հանցավորներին կխենթացներ,
Եվ անմեղներին կզարհուրեցներ,
Անտեղյակներին կշշմեցներ, այո, և նույնիսկ
Աչք ու ականջի ունակությունը կխառնաշփոթեր։
Իսկ ե՞ս, թանձրամիտ և ցեխահոգի թշվառականս,
Հալվում, մաշվում եմ, և մտամոլոր խեղճ Ջոնի նման՝
Անփույթ իմ դատիս՝ ոչ մի բան ասել չեմ կարողանում.
Ո՜հ, ոչ իսկ ի սեր մի թագավորի, որի գույքի դեմ,
Որի կյանքի դեմ այնպես դիվային ոճիր է գործվել։
Վախկոտ եմ, ի՞նչ է...[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավետիսյան, Կամսար (1973). Իմաստուն խոսքերի աշխարհում. Երևան: «Հայաստան». էջեր 35–36.
  2. Энциклопедический словарь крылатых слов и выражений / составитель В. В. Серов — М.: «Локид-Пресс», 2005.
  3. Ուիլյամ Շեքսպիր. «Համլետ», 2-րդ գործողություն, 2-րդ տեսարան, թարգմանությունը՝ Հովհաննես Մասեհյանի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]