Հելեն Ջեյքոբս
Հելեն Ջեյքոբս անգլ.՝ Helen Jacobs | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 6, 1908[1][2] |
Ծննդավայր | Globe, Արիզոնա, ԱՄՆ[1] |
Մահացել է | հունիսի 2, 1997[3][2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Head-Royce School? |
Մասնագիտություն | թենիսիստ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Հելեն Հալ Ջեյքոբս (անգլ.՝ Helen Hull Jacobs;օգոստոսի 6, 1908[1][2], Globe, Արիզոնա, ԱՄՆ[1] - հունիսի 2, 1997[3][2], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի թենիսիստուհի և գրող, 1936 թվականին աշխարհի առաջին ռակետ։ Երկար ժամանակ մնալով երկրորդական դերերում ամերիկյան և համաշխարհային թենիսում Հելեն Ուիլսի գերիշխանության դարաշրջանում, 1930-ական թվականների առաջին կեսին Ջեյքոբսը, այնուամենայնիվ, չորս անգամ անընդմեջ դարձել է ԱՄՆ չեմպիոն միայնակ կարգում, իսկ 1936 թվականին հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարում։ Նա նաև չորս անգամ դարձել է ԱՄՆ չեմպիոն կանանց և խառը զուգախաղում և տասը անգամ ԱՄՆ հավաքականի կազմում նվաճել է Ուայթմեն գավաթը։ 1962 թվականից Հելեն Ջեյքոբսի անունը ներառվել է Թենիսի միջազգային փառքի սրահի ցուցակներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելեն Հալ Ջեյքոբսը ծնվել է 1908 թվականին Գլոբում (Արիզոնա)՝ գործարար Ռոլանդ Ջեյքոբսի և Յուլա Հալ Ջեյքոբսի ընտանիքում, ով խոշոր պղնձարդյունաբերողի ժառանգորդն էր և միակ ժառանգը Վիրջինիայից պատգամավոր Կարտեր Բրաքսթոնի, ով ստորագրել է ԱՄՆ Անկախության հռչակագիրը։ Ընտանիքն ապրել է Արիզոնայում մինչև 1914 թվականը, երբ տեղի պղնձի արդյունահանումը դարձել էր վնասաբեր, այնուհետև տեղափոխվել են Սան Ֆրանցիսկո։ Այնտեղ Ռոլանդ Ջեյքոբսը աշխատանք է գտել, որպես թերթի գովազդային բաժնի ադմինիստրատոր[6];
Բերքլիում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (ուր նա տեղափոխվել էր թենիսով զբաղվելու համար), Հելենը 1926 թվականին ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարանի տեղական մասնաճյուղ, որտեղ սովորել է մինչև 1929 թվականը: Այդ տարի նա ընդհատել է ուսումը՝ թենիսի մրցումներին կենտրոնանալու համար: Քիչ ավելի ուշ նա սկսել է իր երկրորդ կարիերան՝ գրողի, որի մասին երազել էր մանկուց, 1932 թվականին հրատարակել է «Ժամանակակից թենիս» գիրքը, իսկ չորս տարի անց՝ «Բարելավիր քո թենիսի խաղը» (անգլ.՝ Improve Your Tennis) ուսումնական ձեռնարկը և «Խաղից այն կողմ» (անգլ.՝ Beyond the Game) ինքնակենսագրական գիրքը: Ջեյքոբսի հեղինակությամբ ևս մեկ թենիսային ձեռնարկ լույս է տեսել 1941 թվականին[6]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հելեն Ջեյքոբսը ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական վարչությունում՝ Վաշինգտոնում։ 1942 թվականին նա ներառվել է ռազմածովային ուժերի կանանց ստորաբաժանման կազմում, որը հայտնի էր որպես WAVES («Women Accepted for Volunteer Emergency Service» — «Կամավոր արտակարգ ծառայության համար ընդունված կանայք»)։ Պատերազմից հետո նա մնացել է պահեստազորային զինծառայողների շարքերում և 1950 թվականին վերսկսել է ակտիվ ծառայությունը Կորեական պատերազմի ժամանակ։ Երեք տարվա պատերազմից հետո նա կրկին վերադարձել է պահեստազոր՝ զինված ուժերից հեռանալով միայն 1968 թվականին՝ կոմանդերի կոչումով[6] (մինչ այդ նավատորմում միայն հինգ կին է հասել այդ կոչմանը[7])։
Դեռևս համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին լույս է տեսել Ջեյքոբսի առաջին վեպը՝ «Քայլիր քամուն հակառակ» (անգլ.՝ Storm Against the Wind): Երկրորդ վեպը՝ «Դափնիներ Ջուդիի համար» (անգլ.՝ Laurel for Judy), լույս է տեսել 1945 թվականին: Հետագայում նա շարունակել է գրել թե՛ դեռահաս աղջիկներին ուղղված գեղարվեստական արձակ (նրա աշխատանքների մի մասը լույս է տեսել «Հ. Բրաքստոն-Հոլ» կեղծանվան ներքո), թե՛ հուշագրություններ, թենիսի ինքնուսույցներ և կենսագրական գրականություն, ինչպես նաև հոդվածներ ԱՄՆ-ի և արտերկրի բազմաթիվ ամսագրերում: Երկար ժամանակ Ջեյքոբսը աշխատել է որպես ավագ խմբագիր Նյու Յորքի մանկավարժական հետազոտությունների խորհրդում[6], նաև զբաղվել է սպորտային հագուստի արտադրությամբ[7]։
Հելեն Հալ-Ջեյքոբսն իր կյանքի վերջին տարիները անցկացրել է Լոնգ Այլենդի ֆերմայում (Նյու Յորք նահանգ): Ջեյքոբսը երբեք չի ամուսնացել[6]և ապրել է իր ընկերուհի Վիրջինիա Գերնիի հետ: Նա մահացել է սրտային անբավարարությունից 1997 թվականի հունիսին՝ 88 տարեկան հասակում[7]։
Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռահաս տարիքում Հելենը սկսել է թենիս խաղալ որպես սպարինգ-գործընկեր իր հոր համար, ում բժիշկը խորհուրդ էր տվել զբաղվել թենիսով։ Շուտով նա արդեն հաղթել էր հորը կորտում և սկսել հաջողությամբ մասնակցել երիտասարդական մրցումներին։ 1923 թվականին նա ընկերական խաղ է անցկացրել իր անվանակից Հելեն Ուիլզի հետ, ով համարվում էր ազգային լոն-թենիսի վերելք ապրող աստղ (նույն այդ տարում Ուիլզը առաջին անգամ հաղթել է ԱՄՆ-ի ազգային առաջնությունում՝ հաղթելով հայտնի Մոլլա Մալորիին)։ Կրտսեր Հելենի խաղն այնքան էր տպավորել Ուիլզի մարզիչ Ուիլյամ Ֆուլերին, որ նա սկսել էր մարզել նաև նրան։ Հանուն դստեր լուրջ թենիս սովորելու, Ջեյքոբսները նրա համար տուն են վարձել Բերկլիում, որտեղ նա սկսել է հաճախել տեղի թենիսի ակումբ։ Հաջորդ երկու տարիներին Հելեն Ջեյքոբսը երկու անգամ անընդմեջ հաղթել է աղջիկների ազգային առաջնությունում[6]։ Արդեն այդ ժամանակ նա ամեն ինչում հետևել էր Ուիլզին, ով նույնպես դրանից առաջ երկակի չեմպիոն էր եղել աղջիկների շրջանում և ապրում էր նույն տանը Բերկլիում[8]։
1928 թվականից Հելեն Ջեյքոբսի անունը սկսել է մշտապես հայտնվել Daily Telegraph թերթի կողմից կազմված աշխարհի լավագույն թենիսիստուհիների տարեկան տասնյակում։ Նա այդ տասնյակում մնացել է 12 տարի անընդմեջ՝ մինչև 1939 թվականը (վերջին տարին, երբ այս վարկանիշը կազմվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ), և գրեթե նույնքան ժամանակ ներկայացրել է ԱՄՆ-ն ամենամյա Ուայթմեն գավաթում՝ այդ ընթացքում դառնալով դրա տասնակի հաղթող։ Այդ ժամանակահատվածում նա 16 անգամ խաղացել է Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում միայնակ կարգում, սակայն առաջին տարիներին նրա ճանապարհին անխուսափելիորեն կանգնել էր ավագ Հելենը Ուիլզը։ «Երկու Հելենների մենամարտ», ինչպես լրագրողներն էին անվանում նրանց անհավասար մրցակցությունը, տևել է 11 տարի[7], Ջեյքոբսին միայն մեկ անգամ հաջողվել է նրան հաղթել․ դա տեղի է ունեցել1933 թվականի ԱՄՆ առաջնության եզրափակչում, երբ 1-1 հաշվի և կրտսեր Հելենի օգտին 3-0-ի դեպքում նրա մրցակիցը դադարեցրեց խաղը՝ մեջքի ցավերի պատճառով։ 1935 թվականին Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում Ջեյքոբսը մոտ էր Ուիլզի նկատմամբ իր կարիերայի երկրորդ հաղթանակին։ Վճռական սեթում 5-3 հաշվի ժամանակ նա ունեցել է մատչ-բոլ, և նրան մնում էր միայն հարվածել ցանցի մոտ անհաջող բարձրացված գնդակը, սակայն քամու հոսանքը փոխել է գնդակի թռիչքի ուղղությունը, և Ջեյքոբսի հարվածը եկավ ցանցին։ Հոգեբանական առավելությունն անցավ Ուիլզին, ով կարողացավ հաղթանակ կորզել արդեն գործնականում պարտված խաղում[9]։
Չնայած Ուիլզի դեմ անհաջող պայքարին` Ջեյքոբսը կարողացել է չորս անգամ անընդմեջ՝ 1932 թվականից մինչև 1935 թվականը, հաղթել ԱՄՆ առաջնությունում՝ այս տարիների մեծ մասում իր անվանակցի բացակայության պայմաններում։ Նա այս մրցաշարում հաղթել է 28 խաղ անընդմեջ, նախքան 1936 թվականի եզրափակիչում երիտասարդ Էլիս Մարբլին պարտվելը։ Միայն հենց Ուիլզը և Քրիս Էվերտն են ունեցել ավելի երկար անպարտ շարքեր ԱՄՆ առաջնությունում՝ համապատասխանաբար 46 և 31 խաղ[8]։ 1936 թվականին Ջեյքոբսը վերջապես հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարի միայնակ կարգում՝ եզրափակիչում հաղթելով գերմանացի Հիլդա Կրավինկելին։ Այս հաղթանակը՝ ԱՄՆ-ի առաջնության եզրափակիչի հետ միասին, նրան բերել է առաջին տեղ աշխարհի վարկանիշային աղյուսակում՝ մրցաշրջանի արդյունքներով[6], Ջեյքոբսը Ուիմբլդոնի վեց եզրափակիչներից միայն մեկում է հաղթել. մնացածը նա պարտվել է Ուիլզին (հինգից չորսը) և տեղացի թենիսիստուհի Դորոթի Ռաունդին։ Ֆրանսիայի առաջնությունում՝ մեկ այլ «Մեծ սաղավարտի» մրցաշարում, Ջեյքոբսը երկու անգամ պարտվել է եզրափակիչում։ Նրա հաշվին կար նաև «Մեծ սաղավարտի» 11 եզրափակիչ կանանց և խառը զույգերի կարգում, որոնցից երեքը հաղթել է կանանց զույգերում և մեկը՝ միքստում, բոլորն էլ ԱՄՆ-ի առաջնությունում, որտեղ նրա մշտական զուգընկերուհին էր Սարա Պալֆրին (ամուսնությունից հետո՝ Ֆաբիան)։ 1934 թվականին Ջեյքոբսը դարձաել է ԱՄՆ-ի բացարձակ չեմպիոն՝ նվաճելով տիտղոսը բոլոր երեք կարգերում։
Հելեն Ջեյքոբսը շարունակել է թենիս խաղալ մինչև ԱՄՆ-ի մուտքը Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ 1940 թվականին պարտվելով իր վերջին միայնակ ազգային առաջնության եզրափակիչը Մարբլին։ Պատերազմից հետո նա կարճ ժամանակով վերսկսել է իր ելույթները և վերջնականապես ավարտել է իր խաղային կարիերան 1947 թվականին[7]։
Խաղային ոճ և վարվելակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլզ-Մուդիի ֆենոմենալ հաջողությունների ֆոնին, ով իր ողջ կարիերայի ընթացքում ընդամենը մի քանի խաղ է պարտվել, Ջեյքոբսը մամուլում ձեռք է բերել անհաջողակի, «հավերժ երկրորդի» համբավ։ Չնայած դրան, նա միշտ պայքարել էր լիակատար նվիրվածությամբ, չհանձնվելով և չընկճվելով, միշտ ժպիտը դեմքին, ինչն էլ նրան դարձրել է հանդիսատեսի սիրելին։ Ուիլզից կրած մշտական պարտությունները չէին խանգարում նրանց մնալ ընկերուհիներ, և երբ 1933 թվականին Ուիլզին մեղադրել էին նրանում, որ նա թույլ չի տվել կրտսեր Հելենին ազնիվ հաղթանակ տանել ԱՄՆ առաջնությունում, Ջեյքոբսը պաշտպանել է նրան[7]։
Ջեյքոբսի խաղի ոճը տարբերվել էր իր ավագ ընկերուհու ոճից։ Եթե Ուիլզը՝ ունենալով ուժեղ և հուսալի հարված, նախընտրում էր խաղալ հետին գծից՝ դիմացկունությամբ, ապա Ջեյքոբսը ձգտում էր առավելագույնս կրճատել տարածությունը՝ խաղալով ցանցի մոտ։ Պատճառն այն էր, որ նրա բաց ռակետկայով հարվածը չափազանց թույլ էր՝ նրա թեք կտրած գնդակները մրցակիցների համար որևէ սպառնալիք չէին ներկայացրել, իսկ աջ ձեռքի տակ ուժեղ հարված ընդունելը նրա համար դժվար էր։ Ի տարբերություն դրա, նրա բեքհենդը ավելի հուսալի զենք էր, և նա հիմնականում հաղթել էր դրա շնորհիվ, ինչպես նաև կորտում էներգիկ տեղաշարժման և յուրաքանչյուր գնդակի համար պայքարելու հսկայական համառության շնորհիվ[8]։ Նույն այդ համառությունն էր ստիպում Ջեյքոբսին շարունակել պայքարը նույնիսկ բացարձակապես անհույս իրավիճակներում՝ ինչպիսին էր 1938 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչը ընդդեմ Ուիլզի։ Ջեյքոբսը, ով եզրափակիչ տանող ճանապարհին հաղթել էր երրորդ և երկրորդ համարի մրցակիցներին, վերջին խաղին դուրս եկավ աքիլլեսյան ջլի ուժեղ ձգվածությամբ և կապված ոտքով։ Նա շարունակել էր պայքարել մինչև առաջին սեթում 4-4 հաշիվը, սակայն այնուհետև Ուիլզը հաղթել է ութ գեյմ անընդմեջ՝ ավարտելով հանդիպումը 6-4, 6-0 հաշվով[10]։
Բացի սպորտային նվաճումներից, Ջեյքոբսը նաև մտել է թենիսի նորաձևության պատմության մեջ որպես առաջին թենիսիստուհի, ով Ուիմբլդոնում հանդես է եկել շորտերով[6]։
Մեծ թենիսի մրցաշարերի եզրափակիչները կարիերայի ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունք | Տարի | Մրցաշար | Պատվածք | Մրցակիցը եզրափակիչում | Հաշիվը եզրափակիչում |
---|---|---|---|---|---|
Պարտություն | 1928 | ԱՄՆ Առաջնություն | Խոտ | ![]() |
2-6, 1-6 |
Պարտություն | 1929 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտ | ![]() |
1-6, 2-6 |
Պարտություն | 1930 | Ֆրանսիայի առաջնություն | Հող | ![]() |
2-6, 1-6 |
Պարտություն | 1932 | Ուիմբլդոնի մրցաշար (2) | Խոտ | ![]() |
3-6, 1-6 |
Հաղթանակ | 1932 | ԱՄՆ Առաջնություն | Խոտ | ![]() |
6-2, 6-2 |
Հաղթանակ | 1933 | ԱՄՆ Առաջնություն (2) | Խոտ | ![]() |
8-6, 3-6, 3-0 — հրաժարում |
Պարտություն | 1934 | Ֆրանսիայի առաջնություն (2) | Հող | ![]() |
5-7, 6-4, 1-6 |
Պարտություն | 1934 | Ուիմբլդոնի մրցաշար (3) | Խոտ | ![]() |
2-6, 7-5, 3-6 |
Հաղթանակ | 1934 | ԱՄՆ Առաջնություն (3) | Խոտ | ![]() |
6-1, 6-4 |
Պարտություն | 1935 | Ուիմբլդոնի մրցաշար (4) | Խոտ | ![]() |
3-6, 6-3, 5-7 |
Հաղթանակ | 1935 | ԱՄՆ Առաջնություն (4) | Խոտ | ![]() |
6-2, 6-4 |
Հաղթանակ | 1936 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտ | ![]() |
6-2, 4-6, 7-5 |
Պարտություն | 1936 | ԱՄՆ Առաջնություն (2) | Խոտ | ![]() |
6-4, 3-6, 2-6 |
Պարտություն | 1938 | Ուիմբլդոնի մրցաշար (5) | Խոտ | ![]() |
4-6, 0-6 |
Պարտություն | 1939 | ԱՄՆ Առաջնություն (3) | Խոտ | ![]() |
0-6, 10-8, 4-6 |
Պարտություն | 1940 | ԱՄՆ Առաջնություն (4) | Խոտ | ![]() |
2-6, 3-6 |
Արդյունք | Տարի | Մրցաշար | Պատվածք | Զուգընկերուհի | Մրցակիցը եզրափակչում | Հաշիվը եզրափակիչում |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1931 | ԱՄՆ Առաջնություն | Խոտ | ![]() |
![]() ![]() |
2-6, 4-6 |
Պարտություն | 1932 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտ | ![]() |
![]() ![]() |
4-6, 3-6 |
Հաղթանակ | 1932 | ԱՄՆ Առաջնություն | Խոտ | ![]() |
![]() ![]() |
3-6, 6-3, 7-5 |
Պարտություն | 1934 | Ֆրանսիայի առաջնություն | Հող | ![]() |
![]() ![]() |
2-6, 1-6 |
Հաղթանակ | 1934 | ԱՄՆ Առաջնություն (2) | Խոտ | ![]() |
![]() ![]() |
4-6, 6-3, 6-4 |
Հաղթանակ | 1935 | ԱՄՆ Առաջնություն (3) | Խոտ | ![]() |
![]() ![]() |
6-4, 6-2 |
Պարտություն | 1936 | Ուիմբլդոնի մրցաշար (2) | Խոտ | ![]() |
![]() ![]() |
2-6, 1-6 |
Պարտություն | 1936 | ԱՄՆ Առաջնություն (2) | Խոտ | ![]() |
![]() ![]() |
7-9, 6-2, 4-6 |
Պարտություն | 1939 | Ուիմբլդոնի մրցաշար (3) | Խոտ | ![]() |
![]() ![]() |
1-6, 0-6 |
Արդյունք | Տարի | Մրցաշար | Պատվածք | Զուգընկերուհի | Մրցակիցը եզրափակչում | Հաշիվը եզրափակիչում |
---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1932 | ԱՄՆ Առաջնություն | Խոտ | ![]() |
![]() ![]() |
3-6, 5-7 |
Հաղթանակ | 1934 | ԱՄՆ Առաջնություն | Խոտ | ![]() |
![]() ![]() |
4-6, 13-11, 6-2 |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allison Danzig. Helen Jacobs // Bud Collins' Tennis Encyclopedia / Bud Collins, Zander Hollander (Eds.). — Detroit, MI: Visible Ink Press, 1997. — P. 93—95. — ISBN 1-57859-000-0
- Ann T. Keene. Jacobs, Helen Hull // American National Biography Online. — Oxford University Press, 2001.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Tingay L. 100 years of Wimbledon — London Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 212.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 592. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ https://www.tennisfame.com/hall-of-famers/inductees/helen-hull-jacobs
- ↑ https://www.itahalloffame.org/1996-1/helen-hull-jacobs
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Ann T. Keene. Jacobs, Helen Hull // American National Biography Online. — Oxford University Press, 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Susan B. Adams. (1997-06-04). «Helen Jacobs, Tennis Champion in the 1930's, Dies at 88». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015-05-27-ին. Վերցված է 2015-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 8,0 8,1 8,2 Collins & Hollander, 1997, էջ 94
- ↑ Collins & Hollander, 1997, էջ 93-94
- ↑ Collins & Hollander, 1997, էջ 66
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хелен Халл Джейкобс на сайте Международного зала теннисной славы(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Ջեյքոբս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 2 մահեր
- 1997 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի թենիսիստուհիներ
- Ամերիկացի թենիսիստներ
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Կանանց թենիսի առաջին ռակետներ
- 20-րդ դարի ամերիկացի կանայք