Հելեն Բիգելոու Մերիման
Հելեն Բիգելոու Մերիման | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1844[1] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | 1933[2][3][4][…] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, գրող և նկարչուհի |
Հայր | Erastus Brigham Bigelow? |
Ամուսին | Daniel Merriman? |
Զավակներ | R. B. Merriman? |

Հելեն Բիգելոու Մերիման (անգլ.՝ Helen Bigelow Merriman, հուլիսի 14, 1844[1], Բոստոն, ԱՄՆ[1] - 1933[2][3][4][…]), նկարչուհի և արվեստի հավաքորդ, որը եղել է Վուսթերի արվեստի թանգարանի հիմնադիրներից մեկը, թանգարանին նվիրել է եվրոպացի և ամերիկացի նկարիչների մի շարք կտավներ։ Գրել է մի շարք գրքեր արվեստի և կրոնականության մասին։
Ընտանիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանածագործական հաստոցների գյուտարար և Բիգելոու գորգերի ընկերության հիմնադիր Էրաստուս Բիգելոուի միակ զավակն էր[5]։ Հասակ է առել Նյու Հեմփշիր նահանգի Հյուսիսային Քոնվեյ քաղաքում գտնվող մեծ կալվածքում[6]։ Հետագա կյանքում այդ կալվածքում գտնվող Ստոունհուրսթ առանձնատունն օգտագործել է որպես ամառանոց, որը ներկայում հյուրանոց է[6]։ Նաև օգնել է հիմնել Հյուսիսային Քոնվեյում գտնվող «Հիշատակի հիվանդանոցը», տրամադրել հողն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին այդ հաստատությունը հիմնելու համար։
1874 թվականին ամուսնացել է պատվելի Դանիել Մերիմանի հետ, ունեցել որդի՝ Ռոջեր Բիգելոու Մերիմանը, որը պատմաբան է դարձել[5]։
Վուսթերի թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականին Մերիմանն ամուսնու հետ բնակություն է հաստատել Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում, որտեղ վերջինս ծառայում էր որպես սպասավոր Կենտրոնական միաբանական եկեղեցում[7]։ Ակտիվություն է ցուցաբերել նորաստեղծ Վուսթերյան արվեստի ընկերությունում, դասախոսություններ կարդացել ու եվրոպական և ամերիկյան արվեստի իր անձնական հավաքածուից տրամադրել ցուցահանդեսների համար[7]։ Ներգրավված է եղել նաև Վուսթերյան արվեստի ուսանողների ակումբում, որտեղ ցուցադրվել են իր հեղինակած աշխատանքներից մի քանիսը[7]։
Մերիմանն ու ամուսինը եղել են Վուսթերի արվեստի թանգարանի հիմնադիրների շարքում, մեծ նվիրատվություն են արել ու աշխատել որպես հոգաբարձուներ և խորհրդի անդամներ[7]։ Նաև աշխատել է թանգարանի կրթական առաքելության հետ կապված մի քանի հանձնաժողովներում և օգնել բոստոնցի իմպրեսիոնիստ նկարիչ Ֆիլիպ Լեսլի Հեյլին բերել թանգարան[7]։ Ղեկավարել է թանգարանի հավաքածուն ստեղծելու վաղ շրջանի աշխատանքները, փոխառությամբ տվել կամ նվիրել է մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ Պիեռ Սուբլեյրասի, Պաուլյուս Մորելսյեի, Էդմունդ Տարբելի ու Արթուր Դևիսի վրձնին պատկանող[7]։ Մերիմանը կին նկարիչների առաջամարտիկ էր, և նրա շնորհիվ էր, որ թանգարանը ձեռք է բերել կամ ցուցադրել Սառա Վայման Վիթմենի և Սեսիլյա Բոյի գործերը[7]։
1922-1923 թվականներին թողել է թանգարանում զբաղեցրած պաշտոնները[7]։ Մեկ տասնամյակ անց, նրա մահվան պահին Վուսթերի արվեստի թանգարանը վերածվել էր հարգված տարածաշրջանային թանգարանի՝ ոչ առանց Մերիմանի ջանքերի[7]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերիմանը նաև մի քանի գիրք է գրել արվեստի ու կրոնականության մասին, որոնց թվում՝ What Shall Make Us Whole?: Or, Thoughts in the Direction of Man's Spiritual and Physical Integrity (1888), The Perfect Lord (1891), Concerning Portraits and Portraiture (1891) և Religio Pictoris (1899)։ Religio Pictoris գիրքն ուսումնասիրում է արվեստի և կրոնի փոխհարաբերությունները, փորձում ցույց տալ կյանքի նյութական և հոգևոր կողմերի հիմնարար միասնությունը[8]։ Concerning Portraits and Portraiture գրքում քննարկված թեմաների շարքում է նկարիչ Էբոթ Թայերի աշխատանքային գործընթացը, որը մեկ տարի առաջ պատկերել էր Մերիմանի դիմանկարը։
Կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերիմանի հեղինակած իր ընկերուհու՝ Սառա Վ․ Վիթմենի դիմանկարն այժմ գտնվում է Ռեդկլիֆի առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտի Շլեզինգերի գրադարանում։
Այլ բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին Մերիմանը հող ու գումար է նվիրաբերել Նյու Հեմփշիր նահանգի Հյուսիսային Քոնվեյ քաղաքում գտնվող Հիշատակի հիվանդանոցը հիմնելու համար[9]։ Եղել է նաև Հյուսիսային Քոնվեյի հանրային գրադարանի նախագահը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artists of the World (գերմ.) — B, Boston: Verlag Walter de Gruyter, 2022. — ISSN 2750-6088
- ↑ 2,0 2,1 2,2 Athenaeum
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
- ↑ 5,0 5,1 "Merriman Family Papers". Massachusetts Historical Society
- ↑ 6,0 6,1 "Stonehurst Manor History". Stonehurst Manor website
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Welu, James. "Helen Bigelow Merriman and the Worcester Art Museum". Holy Cross College website
- ↑ "Helen Bigelow Merriman". [1]The Atlantic Monthly, vol. 84, p. 37
- ↑ Young-Knox, Sara. "Memorial Hospital Turns 100" Արխիվացված 2017-03-19 Wayback Machine. Memorial Hospital website, June 12, 2011