Հելեն Ալինգհեմ
Հելեն Ալինգհեմ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1926[4][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Haslemere, Waverley, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Արվեստի արքայական քոլեջ և Բիրմինգհեմի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի և նկարազարդող |
Ամուսին | Ուիլյամ Ալինգհեմ |
Ծնողներ | մայր՝ Mary Chance Herford? |
Կայք | helenallingham.com |
![]() |
Հելեն Ալինգհեմ (անգլ.՝ Helen Allingham, սեպտեմբերի 26, 1848[1][2][3][…], Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 28, 1926[4][2][3][…], Haslemere, Waverley, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Վիկտորյական դարաշրջանի անգլիացի նկարչուհի, նկարազարդող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելեն Ալինգհեմը ծնվել է գյուղացի բժիշկ Ալեքսանդր Հենրի Պատերսոնի ընտանիքում։ Ընտանիքի յոթ երեխաներից ավագն էր։ 13 տարեկանում որբ է մնացել։ Նկարելու տաղանդ վաղ տարիքից է ունեցել, ինչին աջակցել են նրա տատիկը՝ Սառա Սմիթ Հերֆորդը և մորաքույր Լաուրան, որոնք իրենց ժամանակի հայտնի նկարիչներ էին[5]։
Նկարչություն սկզբում երեք տարի սովորել է Բիրմինգհեմի գեղարվեստի դպրոցում, ապա 1867 թվականից մասնակցել է «Կանանց արվեստի դպրոցի» դասընթացին, որը Լոնդոնի «Արվեստի թագավորական դպրոցի» մասնաճյուղն է։ Երիտասարդ Հելենի վրա մեծ ազդեցություն են թողել դպրոցի ուսուցիչներ Ռիչարդ Բուրշեթը, Ֆրեդերիկ Ուոքերը, սըր Ֆրեդերիկ Լեյթոնը և սըր Ջոն Էվերեթ Միլլեն, որոնք վիկտորյական ակադեմիզմի ներկայացուցիչներ են և մոտ են պրեռաֆայելիտներին։ Թագավորական ակադեմիայի դպրոցում կրթությունն անվճար էր, սակայն Հելենին անհրաժեշտ էր միջոցներ՝ բնակարանի և ամենօրյա ծախսերը հոգալու համար։ Այդ պատճառով, ուսման ընթացքում Հելենը սկսել է աշխատել որպես նկարազարդող տարբեր հրատարակչություններում և որոշ ժամանակ անց որոշել հրաժարվել հետագա ուսումից՝ հօգուտ պրոֆեսիոնալ նկարչի կարիերայի։ Զբաղվել է երեխաների և մեծահասակների համար գրքերի ձևավորմամբ, մասնավորապես՝ Թոմաս Հարդիի «Խենթ ամբոխից հեռու» գրքի նկարազարդմամբ։ Հելենը նաև նկարազարդումներ է արել պարբերականների, այդ թվում՝ թերթերի համար։ Գեղարվեստի դպրոցի երեկոյան դասերի ժամանակ նա հանդիպել է նկարչուհի և գրող Քեյթ Գրինուեյին և երկար տարիներ եղել նրա մտերիմ ընկերուհին։
1874 թվականին Հելենն ամուսնացել է բանաստեղծ և Fraser’s Magazine ամսագրի խմբագիր Ուիլյամ Ալինգհեմի (1828-1889) հետ, ով գրեթե երկու անգամ մեծ էր նրանից։ Ամուսնությունից հետո նա թողել է նկարազարդումը և վերադարձել նկարչությանը[6]։
1881 թվականին ընտանիքը Լոնդոնի Չելսի թաղամասից տեղափոխվել է Սուրեյ կոմսությանի Ուիթլի գյուղ։ Այստեղ եղած ժամանակ նա սկսել է նկարել գեղեցիկ գյուղական լանդշաֆտները, շրջապատող բնությունը, հատկապես Սուրեյի և Սասեքսի գեղատեսիլ գյուղական տներն ու կալվածքները, և շուտով դարձել հայտնի նկարչուհի։ Նա նկարել է գյուղական բնապատկերներ Անգլիայի այլ մասերում՝ Միդլսեքսում, Քենթում, Ուայթ կղզում, ինչպես նաև Իռլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում (Վենետիկում)։ Նրա ջրաներկ աշխատանքներից երկուսը` «Կթվորուհին» և «Սպասիր ինձ», 1874 թվականին ցուցադրվել են Լոնդոնի Թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսին։
1888 թվականին ամուսնու առողջական վիճակը վատթարանալուց հետո, վերադարնում են Լոնդոն՝ բազմաթիվ ընկերներին մոտ լինելու և իրենց երեք երեխաների կրթությունը հոգալու համար։ Նրանք բնակություն են հաստատում Լոնդոնի Հեմփստեդ թաղամասում։ 1889 թվականի նոյեմբերին Ուիլյամ Ալինգհեմի մահից հետո Հելենը և նրա երեխաները մնում են գրեթե առանց ապրուստի միջոցների։ Նա ստիպված է լինում մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ամեն տարի իր ջրաներկ աշխատանքները ցուցադրի Լոնդոնի ցուցահանդեսներում։ 1905 թվականին նա իր եղբոր՝ Արթուր Պատերսոնի հետ աշխատել է «Թենիսոնի տները» գրքի վրա, որը պարունակում էր նրա 20 ջրաներկ աշխատանքներ։ Նա խմբագրել է իր հանգուցյալ ամուսնու բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ։
Նկարչի գեղարվեստական ժառանգությունը ներառում է նաև մի քանի դիմանկարներ, այդ թվում՝ գրող Թոմաս Քարլայլի դիմանկարը։
Հելեն Ալինգհեմը 1890 թվականին դարձավ առաջին կինը, ով դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական ջրանկարիչների ընկերության լիիրավ անդամ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Helen Allingham — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Helen Allingham (նիդերլ.)
- ↑ «Chris Beetles Gallery»։ chrisbeetles.com (անգլերեն)։ Վերցված է 2023-03-13
- ↑ «Helen Allingham»։ www.artgallery.nsw.gov.au։ Վերցված է 2023-03-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հելեն Ալինգհեմի ընկերություն(անգլ.)
- Magnificent Cottage Paintings by Victorian Artist Helen Allingham (ֆոտոշարք)(նիդեր.)
|
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Սեպտեմբերի 28 մահեր
- 1926 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի նկարչուհիներ
- 19-րդ դարի անգլիացի նկարիչներ
- Վիկտորյական դարաշրջանի կանայք
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- Բնանկարիչներ
- Բրիտանացի պատկերազարդողներ
- Նկարիչներ այբբենական կարգով
- Վիկտորյական դարաշրջանի անձինք