Հելենա Վուրնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Վուրնիկ
սլովեն.՝ Helena Vurnik
Ծնվել էսեպտեմբերի 26, 1882(1882-09-26)
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էապրիլի 4, 1962(1962-04-04) (79 տարեկան)
Մահվան վայրՌադովլիցա, Սլովենիա
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Ցիսլեյտանիա
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինIvan Vurnik?

Հելենա Վուրնիկ (սլովեն.՝ Helena Vurnik, սեպտեմբերի 26, 1882(1882-09-26), Վիեննա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 4, 1962(1962-04-04), Ռադովլիցա, Սլովենիա), Ավստրո-Հունգարական կայսրությունում ծնված նկարչուհի և դիզայներ, որ առավել հայտնի է Կոոպերատիվ բիզնես բանկի ճակատային և դրա ինտերիերի դեկորատիվ նկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Վուրնիկի հայրը՝ Մորից Կոտլերը, եղել է փոստային բաժանմունքի իրավաբան, մայրը՝ Բրոնիսլավան (ծննդյամբ Տրուգ), ծագումով լեհուհի էր։ Հելենան դպրոցից հետո չորս տարի դաշնամուր նվագել է սովորել, ինչպես նաև ջրաներկով նկարել։ Հենց այդ ժամանակ էլ արթնացել է նրա սերն արվեստի հանդեպ և չնայած ծնողները համաձայն չեն եղել, նա դիմում է ներկայացրել փորձարարական ինստիտուտ, որտեղ սովորել է յուղաներկ և յուրացրել գրաֆիկական տեխնիկան (լիտոգրաֆիա, հելիոգրաֆիա և օֆորտ)։ Այնուհետև Հելենան կրթությունը շարունակել է Կանանց գեղարվեստի դպրոցում։ Ավարտելուց հետո ստացել է վեցամսյա Ազգային կրթաթոշակ, որը նրան հնարավորություն է տվել մեկնել Իտալիա։ Այնուհետև Հելենան հինգ ամիս անցկացրել է Մոդենայի շրջանում և վերադառնալուց հետո Իտալիայում աշխատանքների վաճառքից ստացված միջոցներով ստուդիա է հիմնել՝ դառնալով վիեննական «Էկստրաբլատտ» թերթի նկարազարդող։ Սովորել է Վիեննայի կիրառական արվեստի համալսարանում։ Պրոֆեսոր Լյուդվիգ Միխալեկի հանձնարարությամբ նրա աշխատանքները ցուցադրվել են Նկարիչների տան պատկերասրահներում և ցուցասրահներում։

1913 թվականի նոյեմբերին Հելենան ամուսնացել է ճարտարապետ Իվան Վուրնիկի հետ։ 1915 թվականին նրանք տեղափոխվել են Ռադովլիցա, իսկ վեց ամիս անց Վուրնիկը զորակոչվել է բանակ, որտեղ մնացել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Պատերազմի ավարտից հետո ընտանիքը տեղափոխվել է Լյուբլյանա, որտեղ Վուրնիկն աշխատանքի է անցել նորաստեղծ համալսարանում։ Հելենան սովորել է անգլերեն, վարել է համեստ սոցիալական կյանք և ֆինանսապես կախված է եղել ամուսնուց։ 1923 թվականին ծնվել է նրանց որդին՝ Իվան Նիկոն։ Հելենայի ամուսինը հիմնականում պատվերներ է ստացել՝ կապված կրոնական կառույցների հետ։ Իվանը հաճախ ժամանակ չի ունեցել աշխատանքը կատարելության հասցնելու համար, այդ պատճառով էլ շատ նախագծեր նրան դուր չեն եկել տեխնիկական կամ գեղագիտական տեսանկյունից։

1942 թվականի ապրիլին իտալացի զավթիչները գնդակահարել են Իվանի որդի Նիկոյին, ում հետ Հելենան սերտորեն կապված է եղել։ Նա աստիճանաբար դադարել է ստեղծագործել։ Ամուսիններն ավելի ու ավելի քիչ պատվերներ են ստացել, իսկ Վուրնիկը հեռացվել է ճարտարապետական ֆակուլտետից։ 1956 թվականին նրանք վերադարձել են Ռադովլիցա, որտեղ 1962 թվականին Հելենան մահացել է երկարատև հիվանդությունից հետո։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես նկարչուհի Հելենա Վուրնիկը սերվել է Վիեննական սեցեսսիոնիզմից, որոնք նշանավորել են նրա ողջ աշխատանքը։ Լյուբլյանա տեղափոխվելուց հետո նա իր ստեղծագործության մեջ ներառել է մի շարք սլովենական բանահյուսական տարրեր՝ օգտագործելով սլովենական ազգային գույները (սպիտակ, կապույտ և կարմիր)։ Նրա ստեղծագործության վրա ազդել են նաև պրեռաֆայելիտները (ոճավորված բուսական մոտիվներ) և Պիեռ Պյուվի դը Շավանը (աստվածների և սրբերի կերպարներ)։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Հելենա Վուրնիկը ստեղծել է բազմաթիվ արվեստի գործեր, որոնք նշանավորել են սլովենական արվեստը, չնայած այն հանգամանքին, որ նա սկսել է ավելի հազվադեպ մասնակցել Վիեննայում կազմակերպվող ցուցահանդեսներին, ինչպես նախկինում։ Թեև նա սլովենուհի չէր և որպես հասուն նկարչուհի է տեղափոխվել Լյուբլյանա, նրա ամենակարևոր ստեղծագործությունները բնութագրվում են ուժեղ ազգային սիմվոլիզմով և մասնակցությամբ ազգային-ազատագրական շարժմանը կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո։

Աշխարհիկ արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Վուրնիկն իր ստեղծագործական կարիերան սկսել է որպես վիեննական «Էկստրաբլատտ» թերթի նկարազարդող։ Սլովենիայում նա նկարել է վերնագրեր և դրվագազարդեր «Տուն և խաղաղություն», «Մլադիկո» և «Մոխորյան ընկերության օրացույց» հրատարակությունների համար։ Մասնավորապես, հետաքրքիր են նրա նկարազարդումները «Տուն և խաղաղություն»-ում, որոնք ցուցադրում են նրա քաղաքական երգիծանքի տաղանդը։ Նկարազարդել է Յոզեֆ Լեսարի «Տիրոջ առաքյալները» գիրքը։

Իտալական և վիեննական ժամանակներից հայտնի են նրա «Ջութակահարը և երգչուհին», «Անապատային ճանապարհների վրա», «Փարիզցի կինը», «Հանգիստ տաճարում», «Տունը Բուխարայում» և «Իվան Ցանկարի հիշատակին» փորագրությունները։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից պահպանվել են «Հրեան», «Ճանապարհային աշխատողը», «Շուկայական օրը Միրանդոլայում» և «Երիտասարդ կնոջ դիմանկարը» գործերը։ Հետագայում նա շարունակել է նկարել կտավի վրա, բայց շատ ավելի քիչ։ Ավելի ուշ շրջանից պահպանվել են «Փայլում էր գիշերը» (գնչուական երգի մոտիվներով), «Վուրնիկի տան բակը Ռադովլիցեում» և այլն։

Հելենա Վուրնիկի ամենահայտնի գործը Լյուբլյանայի Միկլոշիչ փողոցում գտնվող Կոոպերատիվ առևտրային բանկի շենքի որմնանկարներն են, որն այժմ հայտնի է որպես Վուրնիկի տուն։ Ստեղծելով այդ աշխատանքը՝ նա հետևել է ամուսնու՝ նոր սլովենական ազգային ճարտարապետական ոճի գաղափարին, ուստի նկարները բնութագրվում են բանահյուսական տարրերով (սլովենական ազգային գույներ, ոճավորված ասեղնագործության նախշեր և կանացի կերպարներ ազգային զգեստներով)։

Կրոնական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվերների ճնշող մեծամասնությունը կրել են կրոնական բնույթ, ինչպես օրինակ՝ 1915 թվականին Տրիեստում եպիսկոպոս Անդրեյ Կառլինի մասնավոր մատուռի նկարազարդման պատվերը։ Կառլինի համար նկարել է երեք կոմպոզիցիաներ՝ «Մարիամի ավետումը», «Սուրբ Անդրեաս» և «Զատկի առավոտը», որոնցից առաջինն ավարտել է։ Մինչ այդ նա մեծ ֆորմատներով աշխատանք չի կատարել, ուստի նրա համար պատվերը մեծ խնդիր է դարձել։ Ամուսիններին խորհուրդներ է տվել հոգևորական Ֆրանց Կիմովեցը, ով նրանց նաև կրոնական պատվերներ է տվել։ 1919 թվականին ամուսիններն ընդունել են Տոպոլի Մեդվոդիի եկեղեցու վերանորոգման պատվերը, որի համար Հելենան նկարել է Սուրբ Եկատերինային դատավորների առաջ։ Նրա կրոնական բնույթի ամենահայտնի գործերից են՝ «Հիսուսի սիրտը», «Մայիսյան Մադոննան» (Լյուբլյանայի Սուրբ Կրիշտոֆի եկեղեցու գլխավոր զոհասեղանը, որը ներկայումս չի ցուցադրվում), «Փոքրիկ Թերեզիցան», «Սուրբ Մագդալենան», «Ավե Մարիան», «Սուրբ Աննայի, Մադոննայի սրբապատկերները խաչի տակ» և «Սուրբ Թադեոսի սրբապատկերը» (Լյուբլյանայի Սուրբ Պետրոսի եկեղեցի), «Մայիսյան Մադոննան» (Սուրբ Նիկողայոսի տաճար), «Մարիամի Ավետումը» (Լյուբլյանայի Սուրբ Վիդի եկեղեցի) և չորս փոքր նկարներ (Սոդրաժիցի եկեղեցու գլխավոր զոհասեղան)։ Հելենան հաճախ իրեն, ամուսնուն և որդուն պատկերել է որպես սրբեր։

Բացի գեղանկարից, նա օգտագործել է նաև խճանկարային տեխնիկան, որտեղ բազմիցս պատկերել է չորս ավետարանիչների խմբին, օրինակ՝ չորս փոքր պատկերներ Ռադովլիցի ծխական եկեղեցու ռետաբուլայի վրա, Միրնում գտնվող թևավոր զոհասեղանի վրա (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այրվել է) և Լյուբլյանայի Սուրբ Պետրոս եկեղեցու ճակատին, որտեղ Քրիստոսի կերպարը պատկերված է դելֆինների մեջ, որոնք հարության խորհրդանիշներն են։ Կրանիի ծխական եկեղեցու համար նա ստեղծել է Մարիամի խճանկարը ծովաստղի վրա, իսկ Օպատիայում գտնվող Բենեդիկտինյան բազիլիկի ճակատի համար՝ Մադոննայի խճանկարը ծովաստղի վրա։

Հելենա Վուրնիկը նաև պատրաստել է բազմաթիվ նախադրություններ, ձևանախշեր և էսքիզներ մեքենայական ասեղնագործության համար պատարագի հագուստի վրա, որոնք պատրաստվել են Մարիբորի դպրոցների բուժքույրերի կողմից։ Եպիսկոպոս Անտոն Եգլիչի համար 1923 թվականին ազգային գույներով զարդ է մշակվել և ասեղնագործվել ոսկե թելերով։ 1938 թվականին այն ներկայացվել է Բեռլինի միջազգային ցուցահանդեսում, որտեղ ստացել է դիպլոմ և մեդալ։ Նա նաև ձևավորել է դրոշներ, եկեղեցական պաստառներ, զարդանախշեր եկեղեցական զանգերի և պատարագի անոթների համար Լյուբլյանայի Տրնովի ծխական համայնքի համար, ինչպես նաև արծնապատ զարդարանքներ խորանների և վանքերի համար։

ԶԼՄ-ներում և գրքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Լեսկովեցը Հելենա Վուրնիկի և նրա ամուսնու մասին գրել է «Իսկալկա» վավերագրական ֆիլմի սցենարը, որը նկարահանել է Ալմա Լապաջնը։ Այն ցուցադրվել է Սլովենիայի ռադիոհեռուստատեսություն եթերում[1][2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nadja Zgonik: Helena Vurnik. Alenka Šelih (ur.): Pozabljena polovica: portreti žensk 19. in 20. stoletja na Slovenskem. Ljubljana: Tuma, SAZU, 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Article about the book, MMC RTV Slovenia, September 26
  2. Article about the book Արխիվացված 2018-07-25 Wayback Machine published in Bukla Magazine 138-139, December 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]