Հաֆսա սուլթան
| Հաֆսա սուլթան թուրքերեն՝ Hafsa Sultan և
օսման.՝ عایشه حفصه سلطان
| |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1479[1] |
| Ծննդավայր | անհայտ |
| Մահացել է | մարտի 29, 1534 |
| Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Գերեզման | Ստամբուլ |
| Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
| Մայրենի լեզու | օսմաներեն[2] |
| Կրոն | կաթոլիկություն և իսլամ[2] |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
| Ամուսին | Սելիմ I |
| Զբաղեցրած պաշտոններ | Վալիդե սուլթան |
| Երեխաներ | Սուլեյման I, Հատիջե Սուլթան, Սուլթան շահ, Բեյհան Սուլթան և Fatma Sultan? |
Հաֆսա սուլթան (մոտ 1479[1], անհայտ - մարտի 29, 1534, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան սուլթան Սելիմ I-ի հարճը, սուլթան Սուլեյման I-ի և մի քանի այլ երեխաների մայրը։ Որդու կառավարման ժամանակ կրել է վալիդե սուլթան տիտղոսը։
Անուն, ծագում և տիտղոսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում և հետազոտություններում սուլթան Սուլեյման I-ի մորը հիշատակում են Հաֆսա[3][4][5][6][7], Հաֆիզե[3], Այշե Հաֆսա[8][3][9] և Այշե[3][7] անուններով։ Որոշ աղբյուրներ Սուլեյման I-ի մայր են համարել Ղրիմի խան Մենգլի I Գերայի դստերը, որը կրում է Այշե անունը[10][11], սակայ չէր կարող լինել սուլթանի մայրը, քանի որ Սելիմ I-ի հետ ամուսնացել է միայն 1511 թվականին[10][12], մինչդեռ Սուլեյմանը ծնվել է 1494 թվականին[13]։ Հավանաբար, այն սխալ կարծիքի պատճառով, որ Այշեն Սուլեյման I-ի մայրն էր, առաջացել է անունների շփոթություն[10]։
Սուլեյման I-ի մոր՝ Ղրիմից լինելու վերաբերյալ վավերագրական ապացույցներ չկան, որոշ աղբյուրներ Սուլեյման I-ի մայր անվանում են Դուլկադիրօղլուների կառավարիչների դինաստիայի ներկայացուցչին, սակայն դրա վերաբերյալ նույնպես ապացույցներ չկան[3][7]: Ամենայն հավանականությամբ, Հաֆսա սուլթանը եվրոպացի էր[3], թուրք կամ չերքեզուհի[4]: Հաֆսայի հորը Ալդերսոնը և Սաքաօղլուն անվանում են ինչ-որ Աբդյուլմուին[14][3], սակայն այդ անունը (կամ Աբդյուլհայ, Աբդուրահման և Աբդուլլահից այլ ածանցյալ անուններ) հարեմի գրքերում գրվել է որպես հոր անուն բոլոր հարճերի համար[7][15] իսլամ ընդունելիս[3]:
Մինչև վալիդե սուլթան տիտղոսի ներմուծումը սուլթանների մայրերը կրել են խաթուն տիտղոսը[9], և թեև բազմաթիվ աղբյուրներ Սուլեյմանի մորը անվանում են Հաֆսա սուլթան, ամենայն հավանականությամբ, կյանքի օրոք նրան անվանել են Հաֆսա խաթուն։ Նեջդեթ Սաքաօղլուն գրել է, որ Հաֆսան վերջին սուլթանի մայրն է, որը կրել է խաթուն տիտղոսը[3], իսկ Քերոլայն Ֆինկելը նշել է, որ առաջին կինը, որը պաշտոնապես կրել է վալիդե սուլթան տիտղոսը, Նուրբանու սուլթանն էր՝ սուլթան Մուրադ III-ի մայրը[16]։
Կյանքը հարեմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաֆսա սուլթանի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Հավաստի է, որ մահացել է 56 տարեկանում[7], որից ելնելով՝ ապագա վալիդե սուլթանի ծննդյան մոտավոր ամսաթիվը պետք է համարել 1478[3] կամ 1479 թվականը[7]։ Ժամանակակիցները Հաֆսային նկարագրում են որպես շատ գեղեցիկ կին[3][17]։ Նրա պատանեկությունն անցել է Տրապիզոնում, որտեղ Սելիմ I-ը, այն ժամանակ դեռևս շեհզադե, եղել է սանջակբեյ՝ նահանգի կառավարիչ, որը պատրաստվել է երկիրը կառավարելուն։ 1494 թվականի նոյեմբերի 6-ին Տրապիզոնում ծնվել է Հաֆսայի ենթադրաբար միակ որդին՝ ապագա սուլթան Սուլեյման I-ը[7][3]։
1508-1509 թվականներին Հաֆսան ուղեկցել է որդուն, երբ նա հաջորդաբար զբաղեցրել է Շեբինկարահիսարի և Բոլուի սանջակբեյի պաշտոնները[3]։ 1509 թվականին Սուլեյմանին պապը՝ սուլթան Բայազիդ II-ը ուղարկել է Ղրիմ՝ Կեֆեի բեյլերբեյի պաշտոնի համար, և Հաֆսան նույնպես մեկնել է նրա հետ[7][15]։ 1512 թվականի սկզբին Բայազիդ II-ը հրաժարվել է գահից հօգուտ Սելիմ I-ի, Հաֆսան, այդ ժամանակ սուլթանի հարճերից մեկը, կարճ ժամանակով ժամանել է Ստամբուլ[3], որից հետո որդու հետ ուղարկվել է Մանիսա, որտեղ Սուլեյմանը դարձել է սանջակբեյ[7][15]։ Երբ Սելիմ I-ը մահացել է 1520 թվականին, և Սուլեյման I-ը դարձել է սուլթան, Հաֆսան հայտնվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքում։ Ստամբուլում Հաֆսան բնակություն է հաստատել Հին պալատում, որը գտնվում է Բեյազիդ թաղամասում[3], որտեղ գլխավորել է որդու հարեմը՝ որպես վալիդե սուլթան (կրել է նաև մեհդ-ի ուլյա[7] տիտղոսը՝ «մեծ սուլթանի օրրան»)[18][7]։
Էվլիյա Չելեբին իր «Սեյահաթնամե» («Ճանապարհորդությունների գիրք») գրքում առանց պատճառ նշելու հայտնել է, որ 1520 թվականին սուլթան Սուլեյման I-ը մորը ուղարկել է Տրապիզոն։ Եթե Էվլիյա Չելեբիի գրառումներում սխալ չկա, և գրել է հենց Սուլեյման I-ի մասին, այլ ոչ թե Սելիմ I-ի, ապա Հաֆսան Տրապիզոն է ուղարկվել պետական առաքելությամբ։ նրան հանձնարարվել է կազմակերպել նոր վարչական միավոր՝ Տրապիզոնի վիլայեթը։ Էվլիյան հայտնել է նաև, որ այստեղից Հաֆսան մի քանի նամակ է ուղարկել որդուն[10]։ Միևնույն ժամանակ, թուրքական և արտասահմանյան աղբյուրները հայտնել են, որ Հաֆսան, թեև մեծ ազդեցություն է ունեցել իր որդու՝ սուլթանի վրա, բայց չի չարաշահել այն և պալատում կատարել է միայն վարչական գործառույթ՝ մինչև իր կյանքի վերջը փորձելով խանգարել Խյուրեմ սուլթանին միանձնյա ազդեցություն ձեռք բերել Սուլեյման I-ի վրա[19], և ճնշել մրցակցությունը Խյուրեմի և սուլթանի ավագ որդու՝ Շեհզադե Մուստաֆայի մայր Մահիդևրան սուլթանի միջև[20]։
Սուլթանական պալատի արխիվներում[21] պահպանվել են Հաֆսայի կողմից սուլթաններ Սելիմ I-ին և Սուլեյման I-ին ուղարկված մի քանի նամակներ[22]: Նամակներից մեկը, որը ստորագրված է «Վալիդե և Սուլթան Սուլեյման Շահ» («Սուլեյման Շահի մայրը»), ուղղված էր Սելիմին, երբ նա դեռևս Շեհզադե էր։ Նամակում Հաֆսան հույս է հայտնել, որ Սելիմը կկարողանա զբաղեցնել գահը, և նրա սպասումները զուր չեն լինի։ Բացի այդ, այս նամակը ցույց է տալիս, որ Սելիմի՝ Տրապիզոնում գտնվելու ժամանակ Հաֆսան նրա հետ չէր, այլ որդու հետ՝ Սանջակում։ 1522 թվականին Հաֆսան նամակ է գրել որդուն, ինչպես նաև կցել է եգիպտական փոխարքա Հայիր բեյի այրու նամակը՝ խնդրելով օգնել նրան լքել Եգիպտոսը։ Հաֆսան նաև պատրաստ էր իր վրա վերցնել Եգիպտոսից Հայիր բեյի այրու տեղափոխման ծախսերը և նրան իր հովանավորության տակ վերցնել Ստամբուլում։ Մեկ այլ նամակում Հաֆսան խնդրում է որդուն հոգ տանել իր զարմուհիների՝ Այշեի և Ֆաթմեի մասին, որոնք Շեհզադե Ալեմշահի դուստրերն էին, որոնք մոր մահից հետո որբ են մնացել։ Պատմաբանները, ովքեր ուսումնասիրել են Հաֆսայի նամակները, եզրակացրել են, որ նա կարեկից և բարյացակամ է եղել[21]։
Վալիդե Հաֆսան իր պաշտոնում մնացել է տասներեք տարի, հինգ ամիս և քսանյոթ օր[7]: Մահացել է Ստամբուլում 1534 թվականի մարտի 19-ին[14][7]։ Պատմաբան Մեհմեդ Սյուրեյա բեյը Հաֆսայի մահվան տարին նշում է 1539 թվականը[8], սակայն, հավանաբար, այդ տարեթիվը սխալ է։ Սուլթան Սուլեյման I-ի մայրը թաղվել է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող սուլթան Սելիմ Յավուզի մզկիթի այգում[7], ավելի ուշ՝ Սուլեյման I-ի հրամանով նրա մոր գերեզմանի վրա դամբարան է կառուցվել[21], որտեղ 1536 թվականից հետո թաղվել է Հաֆսայի դուստրերից մեկը՝ Հատիջե սուլթանը[15]։ Նաև, համաձայն «Հադիկաթյուլ ջևամի» գրառումների, Հաֆսայի դամբարանում թաղվել են Սուլեյման I-ի երեք փոքրիկ որդիները՝ Մուրադը, Մահմուդը և Աբդուլլահը, և հարեմի կանանցից մեկը[10]։
Սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաստիորեն հայտնի չէ սուլթան Սելիմ I-ի և Հաֆսայի երեխաների քանակն ու անունները։ Բացի Սուլեյման I-ից, Հաֆսան համարվում է Խաթիջե սուլթանի (մահ. 1536-ից հետո), Ֆաթմա սուլթանի (մահ. 1553-ից հետո) և Բեյհան սուլթանի (մահ. մինչև 1559) մայրը[3][23]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես սուլթանների շատ մայրեր, Հաֆսան նույնպես զբաղվել է բարեգործությամբ։ Հաֆսա-սուլթանի վակուֆները գործել են Մանիսայում, Բուրսայում և Մենթեշեում[15]: Նաև կառուցել է հյուրատուն Ստամբուլից Էդիրնե տանող ճանապարհին, որի մոտ հետագայում հիմնվել է Հավսա քաղաքը, մզկիթ Պերկանում, մզկիթ և համամ Մարմարիսում, մեդրեսե և իմարեթ Տրապիզոնում[21]:
Նրա ամենամեծ ներդրումը մնացել է Մանիսայում[22], այստեղ նրա կողմից 1522[15] կամ 1523 թվականին կառուցվել է համալիր, որը բաղկացած է եռագմբեթ մզկիթից, մեդրեսեից, մեքթեբից, դերվիշների մենաստանից և իմարեթից, իսկ Հաֆսայի մահից հետո Սուլեյման I-ի հրամանով կառուցվել են համամ (1538) և հիվանդանոց (1539)[22][15][21]: Համալիրը կարևոր սոցիալական և տնտեսական դեր է ունեցել քաղաքի կյանքում[24] և իրենից ներկայացնում է օսմանյան ճարտարապետության դասական օրինակ։ Համաձայն վակուֆի գրառումների, համալիրը կառուցվել է Թիմուրթաշօղլու Ալի-բեյի կողմից Մանիսայի այգիների տարածքում այնպես, որ քաղաքը կարողանա ընդարձակվել դեպի արվարձաններ։ Մզկիթից արևմուտք կառուցվել է 20 տուն, որոնց սեփականատերերն ազատվել են ցանկացած մենաշնորհային հարկերից։ Ժամանակի ընթացքում ձևավորվել է շրջան, որը որոշել է քաղաքի զարգացման ուղղությունը։ 1523 թվականի հունիս-հուլիս ամիսներին Հաֆսա սուլթանը հիմնել է վակուֆ, նշանակել նրա կառավարիչներին և եկամտի աղբյուրները։ 1531 թվականին հիմնադրամի աշխատակիցների թվում հաշվում է 117 մարդ։ Մզկիթում կար երկու իմամ, քարոզիչ, չորս մուեձին և այլ ծառայողներ։ Իմարեթում, որտեղ աշխատում է 20 մարդ, սնունդը մատուցվել է կանոնավոր կերպով։ Համաձայն վակուֆային գրքերի տվյալների՝ իմարեթական խոհանոցի մսի տարեկան սպառումը կազմել է 16 627 կիլոգրամ, իսկ ցորենի սպառումը՝ 91 500 կիլոգրամ։ Դերվիշների մենաստանում մշտապես բնակվել է ինը մարդ։ Մեդրեսեում դասավանդել է մինչև տասը մարդ, որոնք օրական ստանում էին 2 ակչե աշխատավարձ։ 1575 թվականի վակուֆային գրքերում հաղորդվել է համալիրի արևմտյան մասում գտնվող շինությունների աշխատանքի համար պատասխանատուների նշանակման մասին։ Դրանց թվում էին գլխավոր բժիշկը, երկրորդ բժիշկը, հիվանդանոցի ղեկավարը, ակնաբույժը, վիրաբույժը և ղեկավարի օգնականը։ 1559 թվականին իրականացվել են համալիրի որոշ շենքերի վերանորոգում և վերակառուցում։ 1960-ական թվականներին բնական պատճառների ազդեցության տակ ավերվել է համալիրի մեծ մասը։ 1969 թվականին Հիմնադրամների գլխավոր վարչությունը վերականգնել է ավերված շինությունների մի մասը՝ բացի իմարեթից և դերվիշների մենաստանից, որոնք ենթակա չէին վերականգնման[24]:
Մանիսայի փառատոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաֆսա սուլթանի անունի հետ է կապված «Մանիսա մեսիր մաջունու» ամենամյա փառատոնը։ Ըստ լեգենդի, երբ Հաֆսան գտնվում էր Մանիսայում, նա հիվանդացել էր։ Հիվանդի մահճակալի մոտ կանչվել է սուլթանական արքունիքի գլխավոր բժիշկ Մուսա բին Մուսլիհիդդին բին Կըլըչը (մահացել է 1552 թվականին), որը 41 տեսակի խոտաբույսերից բուժիչ մածուկ է պատրաստել, որն էլ բուժել է Հաֆսային։ Սուլեյման I-ի մայրը ցանկացել է, որ մածուկը բաժանվի բոլոր ցանկացողներին։ Ավելի ուշ մածուկի բաժանումը վերածվել է փառատոնի, որն անցկացվում է Նովրուզի տոնին[10]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինական «Ռոքսոլանա» հեռուստասերիալում (1997) Սուլեյմանի մոր՝ Այշե Հաֆսա-սուլթանի դերը կատարել է Տատյանա Նազարովան[25]։
- Թուրքական պատմական դրամատիկական «Հյուրեմ Սուլթան» հեռուստասերիալում (2003) սուլթանի մայրը անունով չի հիշատակվում, այլ միայն տիտղոսով։ Դերը կատարել է Դենիզ Թյուրքալին[26]։
- Թուրքական պատմական դրամատիկական «Հոյակապ դար» հեռուստասերիալում (2011-2012) սուլթան Սուլեյման I-ի մայրը կրում է Այշե Հաֆսա սուլթան անունը և միավորում է Հաֆսայի և Ղրիմի խան Մենգլի I Գիրեյի դուստր Այշե-խաթունի կենսագրությունները։ Դերը կատարել է Նեբահաթ Չեհրեն[27]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաֆսա-խաթունը մի շարք թուրքական և արտասահմանյան գրական ստեղծագործությունների երկրորդական կերպար է, որոնք նկարագրում են նրա հարսների՝ Հյուրեմի, Մահիդևրանի և Գյուլֆեմի կյանքը։ Այդ ստեղծագործությունների մեծ մասում Հաֆսայի դերը որևէ պատմական հիմք չունի[28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Türkiye Diyanet Vakfı Türkiye Diyanet Vakfı İslâm Ansiklopedisi (тур.) — Ankara: Türkiye Diyanet Vakfı.
- 1 2 https://islamansiklopedisi.org.tr/hafsa-sultan
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Sakaoğlu, 2015, s. 199
- 1 2 Alderson, 1956, էջ 83
- ↑ Bahadıroğlu, 2007, էջ 186
- ↑ Peirce, 1993, էջ 52
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Bayat, 1997, s. 122
- 1 2 Süreyya, 1 Cild, 1996, s. 7
- 1 2 Akyıldız, 2012, s. 494
- 1 2 3 4 5 6 Sakaoğlu, 2015, s. 201
- ↑ Alderson, 1956, table XXVIII
- ↑ Alderson, 1956, table XXIX (note 1)
- ↑ Alderson, 1956, table XXX
- 1 2 Alderson, 1956, table XXIX
- 1 2 3 4 5 6 7 Uluçay, 2011, s. 54
- ↑ Финкель, 2012, էջ 231
- ↑ Bayat, 1997, s. 121
- ↑ Alderson, 1956, էջ 117
- ↑ Bayat, 1997, s. 122—123
- ↑ Somel, 2003, էջ 123
- 1 2 3 4 5 Sakaoğlu, 2015, s. 200
- 1 2 3 Bayat, 1997, s. 123
- ↑ Öztuna, 2006, էջ 233
- 1 2 Yavaş, 1997, s. 123
- ↑ «Татьяна Назарова». КиноПоиск. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Hürrem Sultan»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Великолепный век»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Sakaoğlu, 2015, s. 199—200
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Финкель Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ (издательство)|АСТ; Астрель, 2012. — 829 с. — (Всемирная история). — ISBN 978-5-17-043651-4
- Akyıldız Ali Valide Sultan // Islam Ansiklopedisi. — Is.: İslâm Araştırmaları Merkezi, 2012. — Vol. 42. — S. 494—499.
- Alderson Anthony Dolphin The Structure of the Ottoman Dynasty. — Oxf.: Clarendon Press, 1956.
- Bahadıroğlu Yavuz Resimli Osmanlı tarihi. — An.: Nesil yayınları, 2007. — 541 S. — ISBN 975-269-299-0
- Bayat Ali Haydar Hafsa Sultan // Islam Ansiklopedisi. — Is.: İslâm Araştırmaları Merkezi, 1997. — Vol. 15. — S. 122—123.
- Sakaoğlu Necdet Bu mülkün kadın sultanları. — An.: ALFA/Tarih, 2015. — С. 199—201. — ISBN 978-605-171-079-2
- Somel Selçuk Akşin Historical Dictionary of the Ottoman Empire. — Lamham: Scarecrow Press, 2003. — 399 p. — ISBN 08-108-4332-3
- Süreyya Mehmed Bey Sicill-i Osmani / ed. Nuri Akbayar. — Is.: Tarih Vakfi Yurt Yayınlar, 1996. — Т. 1. — 469 S. — ISBN 975-333-049-5
- Öztuna Yılmaz Yavuz Sultan Selim / ed. Ömer Kul. — Is.: Babıali Kültür Yayıncılığı, 2006. — С. 233. — 260 с. — ISBN 975-009-811-0
- Peirce Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxf.: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 01-950-8677-5
- Uluçay, M. Çağatay Padişahların Kadınları ve Kızları. — Is.: Ötüken, 2011. — S. 53—54. — ISBN 978-975-437-840-5
- Yavaş, Doğan Hafsa Sultan Külliyesi // Islam Ansiklopedisi. — Is.: İslâm Araştırmaları Merkezi, 1997. — Vol. 15. — S. 123—124.