Հացենի սպիտակ
Հացենի սպիտակ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Fraxinus ornus | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
Հացենի սպիտակ (լատին․՝ Fraxinus ornus), ձիթազգիների ընտանիքի, հացենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառեր են' 10-15, երբեմն' 20 մ բարձրությամբ, 20—30 (երբեմն` 60) սմ բնի տրամագծով։ Բունը կարճ է, սաղարթը` ցածրադիր, կլորավուն կամ վրանաձև։ Ընձյուղները կանաչամոխրավուն են։ Բողբոջները սև են, գորշամազապատ։ Տերևները կազմված են 7-9 (հազվադեպ` 5-11) տերևիկներից, որոնք ունեն 5-8 (հազվադեպ` 3-10) սմ երկարություն և 2-4 սմ լայնություն, ձվաձև են, էլիպսաձև, նշտարաձև կամ հակառակ ձվաձև, կարճ, սրածայր, անհավասար մանր-սղոցաեզր, լայն սեպաձև կամ կլորավուն, հաճախ անհավասար հիմքով, վերևի կողմից` կապտականաչ, ներքևի կողմից` ավելի բաց գույնի։ Տերևակոթունները կարճ են, կիսակլոր, անկյունավոր, փողրակավոր, գորշաթաղիքանման աղվամազապատ։ Ընդհանուր կոթունի երկարությունը կազմում է 4-13 սմ։ Ծաղկաբույլերը ծայրային են, խիտ, հուրանաձև 7-12 սմ երկարությամբ, բազմածաղիկ։ Ծաղիկները բուրումնավետ են, ավելի հաճախ` երկսեռ։ Բաժակը կանաչ է, քառամաս։ Պսակաթերթիկները 4-ն են, սպիտակ, նեղ նշտարաձև, բաժակից մի քանի անգամ երկար։ Վարսանդն ունի երկար սռնակ և երկբաժան սպի։ Սևապտուղները նշտարաձև են կամ երկարավուն հակառակ-ձվաձև, 2-0 սմ երկարությամբ և 0,5 սմ լայնությամբ։ Ծաղկում է տերևները բացվելուց հետո կամ միաժամանակ՝ ապրիլի վերջին, մայիսի սկզբին, պտուղները հասունանում են հուլիս օգոստոս ամիսներին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է արևելյան Հարավային Կովկասում, հարավային և միջին Եվրոպայում, Միջերկրական ծովի շրջանում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում։
Լուսասեր է, սակայն աճում է նաև կիսաստվերում, ընդ որում այս դեպքում վատ է ծաղկում։ Ջերմասեր է և երաշտադիմացկուն։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։
Հայաստանի պայմաններում հաջողությամբ է աճում միայն ցածրադիր, տաք շրջաններում, ծ. մ. մինչև 1000—1200 մ բարձրության վրա։ Նույնիսկ Երևանում արտակարգ ցուրտ և երկարատև ձմեռների դեպքում միամյա, երբեմն' նաև երկամյա շիվերը ցրտահարվում են։ 1400 մ բարձրության վրա աճում է թփանման։ Ավելի մեծ բարձրություններում լրիվ ցրտահարվում է։ Արարատյան դաշտում առատորեն ծաղկում և պտղաբերում է։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես դեկորատիվ տեսակ բարձր է գնահատվում գեղեցիկ սաղարթի, հրաշալի ծաղկաբույլերի, հաճելի բուրմունքի և տերևների աշնանային գեղեցիկ դեղնանարնջագույն գունավորման շնորհիվ։ [1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 233։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի սպիտակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի սպիտակ» հոդվածին։ |
|