Հացենի մանջուրական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացենի մանջուրական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Հացենի
Տեսակ Հացենի մանջուրական
Լատիներեն անվանում
Fraxinus mandschurica
Rupr.
Հատուկ պահպանություն

Հացենի մանջուրական (լատին․՝ Fraxinus mandschurica), բոգածաղկավորների ընտանիքի, ձիթազգիներ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ծառ է` 25-30 (երբեմն` 35) մ բարձրությամբ և մինչև 1 մ բնի տրամագծով։ Կեղևը բաց դարչնագույն է կամ բաց մոխրավուն, ճաքճքված։ Ընձյուղները և երիտասարդ ճյուղերը կլորավուն քառանկյուն են, մուգ դեղնավուն կամ դարչնավուն, սպիտակ ոսպնյակներով։ Բողբոջները սև են, սևագորշավուն կամ մուգ դարչնագույն, մերկ։

Տերևները կազմված են 7-11 տերևիկներից, որոնք տարբեր ձևի են, երկարավուն ձվաձևից մինչև նշտարաձև, 5-12 սմ երկարությամբ, 3-5 սմ լայնությամբ, շատ կարճ կոթունով կամ համարյա նստադիր, մանր սղոցաեզր, սեպաձև հիմքով, գագաթում աստիճանաբար նեղացող, վերևի կողմից` կանաչ, ներքևի կողմից` բաց կանաչավուն կամ կապտականաչավուն, գլխավոր ջղի ուղղությամբ մազմզուկապատ։ Ընդհանուր կոթունը մուգ կարմիր է, յուրաքանչյուր զույգ տերևիկի հիմքում կա շիկավուն մազերի օղակ կամ փունջ։

Տերևները բացվում են ծաղկումից հետո` մայիսին։ Մեծ մասամբ պոլիգամ բույս է, առէջային ծաղիկները կազմված են 2 առէջներից, հավաքված կարճ փնջերում։ Վարսանդային ծաղիկները հավաքված են հուրանանման ծաղկաբույլերում։ Դրանք կազմված են եղանանման, երկբաժան սպի ունեցող վարսանդներից։ Երկսեռ ծաղիկները կազմված են 2 առէջներից և վարսանդից։ Սևապտուղները նեղ հակառակ ձվաձև են կամ երկարավուն էլիպսաձև, 3-3,5 սմ երկարությամբ և մինչև 0,8 սմ լայնությամբ, սրավուն, կլորավուն, կամ կտրված գագաթով, երբեմն` փոսիկով։ Պտուղները հասունանում են սեպտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հեռավոր Արևելքում (Պրիմորսկի երկրամաս, Սախալին, Բլագովեշչենսկ, Սովետսկայա գավան), Չինաստան, Ճապոնիա (Հոնսյու, Հոկայդո)։ Լուսասեր է, ձմեռնադիմացկուն, սակայն երիտասարդ տարիքում, բարձր լեռնային շրջաններում (Սևան, Ապարան) տերևները խիստ տուժում են ուշ գարնանային ցրտահարություններից։ Արագ է աճում։ Ապրում է 300-350 տարի, մացառներ տալու ունակությունը պահպանում է մինչև 120-250 տարեկանը։ Արմատային համակարգը հզոր է, լավ զարգացած, որի շնորհիվ հողմադիմացկուն է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտը ամուր է, ճկուն։ Օգտագործվում է գյուղատնտեսական մեքենաշինության, կահույքի, ֆաներայի և կաշվի արտադրություններում։

Կեղևը և սերմերը օգտագործվում են որպես խինինի սուռոգատ, սերմերը` նյարդային հիվանդությունների դեպքում և որպես ուժեղ միզամուղ միջոց։ Կեղևը օգտագործում են կաշվի դաբաղման, ինչպես նաև սև և կապույտ գույներով ներկելու համար։

Հայաստանում քիչ է տարածված, սակայն ամենուրեք հաջողությամբ է աճում, առատորեն ծաղկում և պտղաբերում է, համեմատաբար բարենպաստ պայմաններում բազմանում է ինքնացանքով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 236։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի մանջուրական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի մանջուրական» հոդվածին։