Հարցուպատասխանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարցուպատասխանի, հարցում, հարցմունք և պատասխանիք, քրիստոնեական մատենագրության ամենատարածված տեսակներից, որտեղ հարց ու պատասխանի եղանակով արծարծվել են աստվածաբանական, դավանաբանական, բնագիտական հաճախ վիճելի, հրատապ խնդիրներ։ Ելնելով ուսումնագիտական նկատառումներից՝ հայ մատենագիրները եկեղեցու նշանավոր հայրերի երկերից քաղել և կազմել են հարցուպատասխանիներ. առավել ներկայանալի օրինակներից են Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու Հարցմունքը, Գրիգոր Նազիանզացու «Առ որս» ճառաշարի հիման վրա կազմված հարցուպատասխանի և այլն։ Հայ ինքնուրույն մատենագրության մեջ հայտնի են հետևյալ երկերը. Գրիգոր Լուսավորչի Հարցումը, «Եղիշէ վարդապետի Հարցմունք եւ պատասխանիք ի գիրս Ծննդոց», «Հարցումն Արձանայ թագաւորի և պատասխանիք Եզնկա վարդապետի Կողբացւոյ», «Հարցումն Աշոտոյ Սմբատայ թագաւորի եւ պատասխանիք Եզնկայի հայոց վարդապետի», «Դաւթի Հարքացւոյ եւ փիլիսոփայի որ յիմաստասիրված եւ յիմաստասիրելի հարցուածս», «Հարցումն Աշոտոյ իշխանին վասն մատաղի պատասխանի Սահակի հայոց վարդապետի», «Կոմիտասի հայոց կաթողիկոսի եւ Պիռոսի պատրիարգի՝ Հարցաքննութիւն եւ վիճաբանութիւն», «Տիրանայ հայոց վարդապետի պատասխանի հարցմանց թագաւորացն Աղուանից Ատրներսեհի եւ Փիպէի», «Հարցմունք զանազանք՝ արարեալ Վանական վարդապետի և պատասխանի բարառնաբար», «Հարցումն սուրբ վարդապետին Դաւթի մականուն Ալաւկա որդի», «Հարցումն պատրիարգին եւ պատասխանի սրբոյն Ներսիսի»։ Փոքր թիվ չեն կազմում նաև անանուն հարցուպատասխանիները. «Հարցմունք եւ պատասխանիք հայոց վարդապետաց ընդդէմ երկաբնակաց», «Հարցմունք եւ պատասխանիք ի Գրոց Սրբոց» և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: