Հարսնախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարսնախոտ
Starr 061225-2955 Physalis peruviana.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Տրիբա Physaleae
Ցեղ Հարսնախոտ (Physalis)
L., 1753

Բոջոջ, բշտի դեղ (լատ.՝ Physalis alkekengi), մորմազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոնական սողացող կոճղարմատով, ճյուղավոր, 25-60 սմ բարձրությամբ ցողունով, գեղազարդային բազմամյա խոտաբույս է: Ձվաձև կոթունավոր և ամբողջաեզր տերևները դասավորված են հերթադիր, հակադիր կամ փնջաձև: Առանձին, կախվող հնգանդամ ծաղիկներն աճում են վերին տերևների անութներից: Ծաղիկների պսակը սպիտակավուն-կանաչավուն է, իսկ բաժակը՝ զանգակաձև: Պտղակալման ընթացքում, բշտաձև փքված, վառ կարմիր գույնով բաժակի ներսում առաջանում է կախվող պտղակոթով, բազմաթիվ սպիտակ սերմերով, երկբույն, գնդաձև, հյութալի և նարնջագույն հատապտուղը[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, խոնավ ստվերոտ անտառներում[1]: Աճում է Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Լոռու մարզերում և այլուր։ Հայտնի է 100-120 տեսակ, որոնցից սովորական հարսնախոտը տարածված է ՀՀ-ում[2]:

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն պտուղներն օգտագործվում են երիկամների և միզապարկի քարային հիվանդության, միզասեռային օրգանների բորբոքումների բուժման նպատակով, որպես միզամուղ միջոց՝ ջրգողության, հոդատապի, ռևմատիզմի դեպքերում: Բույսի վերգետնյա մասն ու պտղի ծածկոցը (վերափոխված բաժակը) թունավոր են, այդ պատճառով հարսնախոտի պտուղները զգուշությամբ են օգտագործում: Օգտագործում են նաև չորացրած պտուղները, հյութը և պտուղների եփուկը: Պտուղների հյութը որպես արտաքին կիրառման միջոց օգտագործում են որքինի բուժման համար[1]: Բույսը պարունակում է ալկալոիդներ, աղաղանյութեր, վիտամին C, կարոտին, քսանտինային խմբի պիգմենտներ։ Թարմ պտուղն օգտագործվում է հրուշակեղենի արտադրության մեջ։ Համային հատկանիշներով պտուղը նման է ելակին, իսկ կառուցվածքային առումով նման է 1-2 սմ չափի լոլիկի[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689 
  2. 2,0 2,1
    Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png