Հարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարար (գյուղ, Արցախ)ից)
Գյուղ
Հարար
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Աղավնատուն
Բնակչություն80 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հարար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հարար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Հարար, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Խծաբերդի արևմտյան կողմում[2], Շուշի քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք[3]։ Մտնում է Աղավնատուն համայնքի մեջ[4][5]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[6]։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարարն» արաբերեն բառ է, որը նշանակում է գիհի։ Միջնադարում գյուղի մոտակայքում գիհու անտառ է եղել, որի ծառերը արաբական տիրապետության ժամանակներում կտրել են և փայտը տեղափոխել արաբական երկրներ։ ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի «Զատիկը ջրավազանի հատակին» պատմա-փաստագրական վեպը Հարարի՝ 20-րդ դարասկզբի և հետագա ժամանակների մասին է։ Վեպում արմատներով հարարցի հեղինակը նշում է, որ գիհու ծառերը կտրել են Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ[7]։ Թեև այսօր էլ Հարարում կա այդ ծառը, սակայն այն անհետացման եզրին է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարարի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները, համեմատած շրջակա բնակավայրերի հետ, բավականին բարենպաստ են եղել։ Այն կարևոր նշանակություն է ունեցել Սյունիք-Արցախ պատմական տարածքների առնչությունների համար։ Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանն ասել է․ «Դիզակի Հարար հայկական գյուղը, որը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա, նշանակալի դեր է խաղացել Ղարաբաղ-Զանգեզուրի 1918-1921 թվականների ազատագրական պայքարի ընթացքում՝ գաղտնի հաղորդակցության համար գլխավոր կամուրջ հանդիսանալով հայկական այդ երկու գավառների միջև»[5]։

Հարար գյուղը հաճախ է ենթարկվել հարձակումների։ Մինչ օրս էլ այս մասին պատմում են Տեղ և Կոռնիձոր գյուղերում, հիմնականում պատմվում է 20-րդ դարի առաջին կեսի դեպքերի վերաբերյալ։ Տեղացիները և ծագումով հարարցիները իրենց մեծերի պատմություններից հիշում են, թե ինչպես են ժամանակին բնամթերքով և ապաստան տալով օգնել հարարցիներին։ Ա-Դոն գրել է․ «135 տուն ժողովուրդը կողոպտվեց մինչև վերջին թելը․․․ Ապա նա գերի ընկաւ շրջապատող թուրքերի ձեռքը։ Խե՛ղճ հայեր, օրեր շարունակ նրանք ապրում էին մահւան սարսափի, բարոյական եւ հոգեկան տանջանքների տակ, նրանք կտրւած դրսի աշխարհից, չը գիտէին ինչ էր կատարւում դուրսը, չը գիտէին, որպիսի վախճան սպասում է իրենց։ Եւ երբ այդ բոլորից յետոյ զօրքը գնաց ազատելու, նրանք չէին հավատում իրենց աչքերին։ Ինչպէս դահճի սրից փախածը, նրանք հեռացան այդ ծանօթ վայրերից, այլեւս չը վերադառնալու պայմանով, գնացին մի այլ տեղ ապաստան փնտռելու։ Հարարն ունեցավ բաւական մարդկային զոհեր․․․»։ Այս առիթով «Մշակ» թերթը գրել է․ «Երկար ժամանակ Օձաբերդ, Հարար, Թեսխարաբ գիւղերը հարստահարվում էին ալիանլու ցեղի յայտնի աւազակների յարձակումներից ու կողոպուտներից. այդ ցեղը բացի աւազակութիւնից, ոչ մի արհեստ չունի, եւ ապրում է հայ ժողովրդի ․․․ վաստակած աշխատանքով»։

Հարարի մասին հետագայում այսպիսի տեղեկություններ կան․ «1918 թվականին Հարարը ենթարկվեց թուրքերի հարձակմանը, ավերվեց, իսկ բնակչության մեծ մասը սպանդի ենթարկվեց կամ հեռացավ այլ վայրեր։ Գյուղում մնացին սակավաթիվ հայեր։ 1920 թվականին Դրոն և Նժդեհը ազատագրեցին Հարարը, և Կոռնիձոր-Հարար-Խծաբերդ գծով Ղարաբաղը միացավ Հայկական Հանրապետությանը։ Խորհրդային իշխանության տարիներին ինչպես Ղարաբաղի շատ գյուղեր, Հարարը նույնպես թուրքացվեց»։

1919 թվականի հունվարի 15-ին Ղարաբաղի և Զանգեզուրի նահանգապետ նշանակված Սուլթանովի հրամանով Հարար, Պետրոսաշեն և Սպիտակաշեն գյուղերը հայաթափվել են։ Սուլթանովը, օգտվելով անգլիացիների հովանավորությունից, կարողացել է վերջնականապես սեպ խրել Սյունիքի և Արցախի միջև։ Հարարը «վերջին թելն» էր[5]։

1925 թվականին գյուղը դուրս է մնացել նաև Ղարաբաղի Հադրութի շրջանից։ Այն ընդգրկվել է Ադրբեջանի ԽՍՀ Լաչինի շրջանի մեջ․ «Երկու հազարամյակ «Հարար» անունը կրած հայկական նշանավոր գյուղը 30-ական թվականներին վերանվանվեց Ջաֆարաբադ՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի նախկին քարտուղար Միր-Ջաֆար Բաղիրովի պատվին, իսկ 1953 թ. նրա մերկացումից, պաշտոնազրկումից և գնդակահարությունից հետո վերանվանվեց Աշաղը Փարաջան» - նշել է Առաքել Կոստանյանցը իր «Պատմութիւն Գտչայ վանուց» աշխատության մեջ[8]։

Խորհրդային շրջանում Ադրբեջանին բռնակցված Հարարի մասին տեղեկությունները շատ քիչ են։ Այստեղ ապրող թյուրքերը, որքան հնարավոր է եղել, փորձել են ջնջել հայկական հետքերը։ Արցախյան ազատամարտից հետո Հարարը մի շարք այլ բնակավայրերի հետ անցել է Արցախի Հանրապետության տարածք[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարարի մասին պահպանված կցկտուր տեղեկություններից երևում է, որ ժամանակին գյուղը տարբերվել է Արցախի և Սյունիքի մյուս հայկական գյուղերից։ Հարարն ունեցել է հին, ընդարձակ գերեզմանոց՝ շքեղ տապանաքարերով, քարաշեն աղբյուրներ, բազմահարկ բնակելի տներ, ունեցել է չորս առանձին թաղամաս, որոնք, ըստ էության, առանձին գյուղեր են եղել։ Ինչպես նշում է Հրաչիկ Սիմոնյանը․ «Հարարը բաժանուած է չորս մասի, որոնք առանձին-առանձին գիւղ են կազմում եւ պաշտօնական տեղերում կրում են միեւնոյն Հարար անունը, իսկ իրենց մէջ յայտնի են որոշ անուններով, այն է՝ Թէզ-խարաբ, Արփագեադուկ, Գօնաղգեօրմազ եւ Սեչմանլու․․․»[5]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարարի պատմաաշխարհագարական դիրքի մասին այսօր տարբեր կարծիքներ կան։ Ըստ դրանցից մեկի՝ գյուղը գտնվել է պատմական Արցախ նահանգի Բերձոր (ավելի ուշ՝ Բերդաձոր կամ Հակարի (Հագարու)) գավառի մեջ, իսկ ուշ միջնադարում Հարավային Արցախի Դիզակի մելիքության մաս է կազմել[5]։ Ըստ մեկ այլ տեղեկության՝ Հարարը ընգրկված է եղել Սյունիք նահանգի Աղճահեք կամ Համաբնդ գավառների մեջ, սակայն այդ դեպքում գյուղի անունը պետք է նշված լիներ Ստեփան Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ ներառված Տաթևի վանքին հարկատու գյուղերի հին ցանկում։

1856 թվականին Հարարն ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նոր վարչական բաժանման՝ Հարարը ներառվել է Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղական համայնքի մեջ՝ Խաչգետիկ և Աղավնատուն գյուղերի հետ միասին։ Համայնքում ընդհանուր եղել է 28 տնտեսություն՝ 114 բնակչով, որից 8-ը՝ 35 բնակչով՝ Աղավնատուն գյուղում, 11-ը՝ 46 բնակչով՝ Խաչգետիկ գյուղում, 9-ը՝ 33 բնակչով՝ Հարար գյուղում[7]։ Գյուղը վերաբնակեցվել է 1994 թվականին։ Ներկայիս բնակիչները Հայաստանի տարբեր բնակավայրերից են՝ Հրազդանից, Երևանից և այլն։

1897 թվականի մարդահամարով գյուղն ունեցել է 523 բնակիչ, բոլորը՝ հայեր։ 1914 թվականին բնակչության թվաքանակը փոխվել է՝ 412 բնակիչ, իսկ 4 տարի հետո՝ 1918 թվականին, գրեթե եռապատկվել է՝ 1078 մարդ։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ 1918-1920 թվականների հայ-թաթարական բախումներից հետո՝ 1921 թվականի մարդահամարով, գյուղում մնացել է 55 հայ բնակիչ։ «19-րդ դարի վերջին Հարարն ուներ մի քանի հազար բնակիչ»,- ասել է Հրաչիկ Սիմոնյանը[5]։

Ըստ հարարցիների բանավոր տեղեկության՝ եղել են ժամանակներ, երբ բնակավայրը քաղաքի է նմանվել և ունեցել 2000-ից ավելի հայ բնակիչ։

Տարբեր ժամանակներում՝ մինչև 1930-ական թվականների գյուղի վերջնական հայաթափումը, Հարարում եղել է բնակչության ներհոսք և արտահոսք։ Շամախու Քեովլուջ գյուղի նկարագրության մեջ Բարխուդարյանցը գրում է, որ վերջինիս բնակիչները եկել են «Վարանդա գավառի Ավետարանոց, Ծովատեղ, Մսմնա, Ղավախան և Հարար գյուղերից»։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինգյանակապի գետահովտում կա ավելի քան երեսուն հուշարձան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարարցիները հատկապես հիշատակում են իրենց աղբյուրների մասին։ Դրանց թվում են՝ Դերուն աղբյուր, Ակուվայ Նով, Քար աղբյուր, Ցորտ աղբյուր, Ջոխտակ Նով, Մարոտ Ուրթի, Թառամի, Զլզլան, Խաչգետիկ, Թաղբանդ և մի շարք այլ աղբյուրներ[5][9]։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղցուն Ծոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերակ եկեղեցի, որը գտնվում է Հարարից արևելք՝ Սպիտակաշեն գնացող ճանապարհի մոտ։ Եկեղեցու ավերակների մեջ պահպանվել են արձանագրություններ պարունակող քարաբեկորներ։

Սաքյունղ սարի եղցեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ, ավերակ եկեղեցի է։ Գտնվում է Սպիտակաշենի արևմտյան հատվածում ձգված լեռնաբազկի վերջավորության վրա։ Այս հուշարձանի տարածքից երևում է ամբողջ Զինգյանակապի հովիտը՝ մինչև Արաքս գետ, Դիզափայտի Կատարո վանքը, Անմտեղա բարձրադիր ամրոցը և այլն։ Հուշարձանի դիրքից երևում է, որ այն ժամանակին ազդանշանի ընդունման և հեռարձակման դեր է կատարել նշված բերդերի միջև։ Այն նաև իր հսկողության տակ է վերցրել Արաքսի ափից Հագարի և Զինգյակապ գետերի հովիտներով դեպի Արցախի և Սյունիքի խորքերը՝ Աղհաճեք, Ծարա, Բերդաձոր գավառները տանող ճանապարհները[9]։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուվանանց Տափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին գյուղատեղի է, 1980-ական թվականներին այստեղից հայտնաբերվել են բազմաթիվ կենցաղային իրեր և մի հողածածկ բնակարան։

Խումարանց Կումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատեղի է, որը գտնվում է գյուղի արևմտյան մասում։

Ղալատեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր պարսպապատ բնակատեղի է։ Տեսանելի են այնտեղի եկեղեցու, արտադրական բնույթի կառուցվածքների ավերակները, տապանագրերով, տապանաքարերով մահարձաններ, բնակելի շենքերի փոսեր։ Բնակատեղիում կան ընկուզենու այգիներ, որոնք նույնպես պահպանվել են։ Տապանագրերի վկայություններում նշվում է, որ կյանքն այստեղ կանգ է առել 16-րդ դարի երկրորդ կեսին։

Փարաջանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հայկական բնակավայր է, այժմ մտնում է Լաչինի շրջանի մեջ։ Հիշատակվում է Հադրութի շրջանի Շախկախի անապատի վանքի աբեղա Աբրահամի ձեռագրում․ «Ի գեղս, որ կոչի Փարաջանց, ի ոտս Դիզափայտո ի թիվն ՈՒԳ (1574)»[10]։ Գյուղում, ինչպես նաև գյուղամերձ հանդերում, պահպանվել են երկու եկեղեցի, երեք գերեզմանատուն և բազմաթիվ ջարդված խաչքարերի բեկորներ։ Գյուղամիջի թաղածածկ եկեղեցու պատերի մեջ կան 11-րդ դարի զարդաքանդակներով մի խաչքար և տապանաքարեր[5]։

Գերեզմանատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըլմնա Ուրթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին գերեզմանատուն է, զարդարված է նախշերով և արձանագրություններ պարունակող տապանաքարերով։ Գտնվում է Արփագյադուկ գյուղի արևելքում։

Մանեն Խութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին գերեզմանատուն է, բնակարանների հետքերը հազիվ են երևում։

Այստեղ է գտնվում նաև Թյունունց Բախշուն ճեղացը կամ ճղացեն ձորը։ Ջրատարի հետքերը նշմարվում են ջրաղացի կիսավեր շենքի շուրջ։ Նշմարվում են նաև այլ շենքերի հիմանապատերի առանձին հատվածներ և թփերի մեջ կորած սառնորակ աղբյուր։ Այստեղ պահպանվել են ընկուզենու ծառեր և պտղատու այգիներ, որոնք վկայում են նախկինում այստեղ կյանքի առկայության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 384 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 755 — 916 էջ։
  4. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Քումունց Մհեր, Ըռքոյան Զոհրաբ Արցախի Բերձոր գավառի պատմական Հարար գյուղը, Պատմա-բանասիրական հանդես (1), 187-200, 2020, ISSN 0135-0536
  6. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  7. 7,0 7,1 «Զոհրաբ Ըռքոյան / Հարար. անցյալն ու ներկան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Առաքել Կոստանյանցի «Պատմութիւն Գտչայ վանուց» աշխատությունը». Արցախի Էլեկտրոնային Գրադարան. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. 9,0 9,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջեր 124–125. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  10. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Տէր-Աւետիսեան , Սմբատ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.