Հարականջային թքագեղձ
| Ենթակատեգորիա | խոշոր թքագեղձ, անհատական անատոմիական կառուցվածք | |
|---|---|---|
| Lymphatic drainage | հարականջային լիմֆատիկ հանգույցներ | |
| Զարկերակային արյան մատակարարում | դիմային զարկերակ | |
| Նյարդայնացած | Լեզվաըմպանային նյարդ, Եռորյակ նյարդ | |
Հարականջային թքագեղձ, մարդու բերանի երկու կողմերում՝ ականջների առջևում տեղակայված գեղձ, որը բազմաթիվ կենդանիների հիմնական թքագեղձն է: Դրանք ամենամեծ թքագեղձերն են։ Յուրաքանչյուր հարականջային թքագեղձ փաթաթված է ստորին ծնոտի ճյուղին և հարականջային ծորանով բերանի խոռոչ է արտազատում շճային թուք՝ հեշտացնելով ծամելն ու կլլումը, մասնակցելով նաև օսլայի մարսողությանը։ Գոյություն ունեն նաև թքագեղձերի երկու այլ տեսակներ՝ ենթածնոտային և ենթալեզվային թքագեղձերը[1]։ Երբեմն հիմնական հարականջային գեղձերի մոտ հայտնաբերվում են հավելյալ հարականջային թքագեղձեր[2]։
Օձերի թունավոր գեղձերը հարականջային թքագեղձերի ձևափոխությունն են[3]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պարոտիդ» (անգլ.՝ parotid) բառը բառացիորեն նշանակում է «ականջի մոտ»։ Ծագել է հունարեն «παρωτίς» (հիմքը՝ παρωτιδ-) բառից, որը նշանակում է ականջի հետևում տեղակայված գեղձ:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարականջային թքագեղձերը հիմնականում շճային թքագեղձերի զույգ են, որոնք տեղակայված են յուրաքանչյուր լսողական անցուղուց ներքև և առջև՝ իրենց արտազատուկը հարականջային ծորանի միջոցով դատարկելով բերանի նախադռան մեջ։ Յուրաքանչյուր գեղձ տեղակայված է ստորին ծնոտի ճյուղի հետևում և քունքոսկրի պտկաձև ելունի առջևում։ Գեղձը կարելի է շոշափել երկու կողմից՝ զգալով յուրաքանչյուր ականջի առջևում՝ այտի երկայնքով և ստորին ծնոտի անկյունից ներքև[4]։
Հարականջային ծորանը երկար արտազատիչ ծորան է, որը դուրս է գալիս յուրաքանչյուր գեղձի առջևի մասից՝ ծամիչ մկանի մակերեսային կողմից։ Ծորանը ծակում է թշամկանը, այնուհետև բացվում բերանի մեջ՝ այտի ներքին մակերեսին, սովորաբար վերին ծնոտի երկրորդ աղորիքի դիմաց։ Հարականջային պտկիկը հյուսվածքի փոքր բարձրություն է, որը հարականջային ծորանի բացվածքն է այտի ներքին մակերեսին[4]։
Գեղձն ունի չորս մակերես՝ մակերեսային կամ կողմնային, վերին, առաջամիջային և հետամիջային։ Գեղձն ունի երեք եզր՝ առաջային, միջային և հետին։ Հարականջային թքագեղձն ունի երկու ծայր՝ վերին ծայր՝ փոքր մակերեսի տեսքով, և ստորին ծայր՝ գեղձի գագաթը: Գեղձի միջով անցնում են մի շարք տարբեր կառուցվածքներ։
Դրսից դեպի ներս դրանք են՝
- Դիմային նյարդ
- Հետծնոտային երակ
- Արտաքին քունքային զարկերակ
- Մակերեսային քունքային զարկերակ
- Մեծ ականջային նյարդի ճյուղեր
- Վերինծնոտային զարկերակ
Երբեմն, որպես անատոմիական տարբերակ, հանդիպում են հավելյալ հարականջային թքագեղձեր: Դրանք տեղակայված են հիմնական թքագեղձերի մոտ և բաղկացած են օջախային թքագեղձային հյուսվածքից[2]:
Հարականջային թքագեղձի պատիճը
Հարականջային թքագեղձի պատիճը ձևավորում է պարանոցի սեփական փակեղի մակերեսային թերթիկը: Այն նյարդավորում է մեծ ականջային նյարդը: Փակեղը փեղեքվում է՝ պարփակելով գեղձը։ Այս փեղեքումը տեղի է ունենում ստորին ծնոտի անկյան և պտկաձև ելունի միջև: Մակերեսային թիթեղը (ծամիչ-հարականջային փակեղ) հաստ է և ամրացված է այտոսկրային աղեղին: Խորանիստ թիթեղը բարակ է և ամրացված է մախաթաձև ելունին, թմբկաթաղանթին և ստորին ծնոտի ճյուղին: Խորանիստ թիթեղի այն մասը, որը ձգվում է մախաթաձև ելունի և ստորին ծնոտի միջև, հաստանում է՝ ձևավորելով մախաթաստործնոտային կապանը: Մախաթաստործնոտային կապանը բաժանում է հարականջային թքագեղձը ենթածնոտային թքագեղձի մակերեսային բլթից:
Փոխհարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակերեսային կամ կողմնային փոխհարաբերություններ․ գեղձը տեղակայված է մաշկից, մակերեսային փակեղից, պարանոցի սեփական փակեղի մակերեսային թիթեղից և մեծ ականջային նյարդից (C2 և C3 առաջային ճյուղեր) միջայնորեն
- Առաջամիջային փոխհարաբերություններ․ գեղձը տեղակայված է ստորին ծնոտի ճյուղի, ծամիչ և միջային թևակերպային մկանների նկատմամբ հետկողմնային դիրքում։ Գեղձի մի մասը կարող է տարածվել ծնոտի ճյուղի և միջային թևակերպ մկանի միջև՝ որպես թևակերպային ելուն։ Դիմային նյարդի ճյուղերը և հարականջային ծորանը դուրս են գալիս հենց այս մակերեսից
- Հետամիջային փոխհարաբերություններ․ գեղձը տեղակայված է քունքոսկրի պտկաձև ելունի (որին ամրացած են կրծոսկրաանրակապտկաձև և երկփորանի մկանները), քունքոսկրի մախաթաձև ելունի (իր երեք մկաններով՝ մախաթակորճային, մախաթաըմպանային և մախաթալեզվային) և քնային բունոցի (իր պարունակած նյարդաանոթային փնջով՝ ներքին քնային զարկերակ, ներքին լծային երակ և 9-րդ, 10-րդ, 11-րդ ու 12-րդ գանգուղեղային նյարդեր) նկատմամբ առաջկողմնային դիրքում
- Միջային փոխհարաբերություններ․ հարականջային թքագեղձը միջային եզրում, որտեղ միանում են առաջամիջային և հետամիջային մակերեսները, հպվում է ըմպանի վերին սեղմիչ մկանին։ Հետևաբար, հարականջային թքագեղձի բորբոքման (պարոտիտ) ժամանակ անհրաժեշտություն է առաջանում զննել կոկորդի նեղուցը
Դիմային նյարդը (VII գանգուղեղային նյարդ) հարականջային թքագեղձի ներսում բաժանվում է ճյուղերի՝ ձևավորելով հարականջային հյուսակը։ Այս հյուսակի նյարդերն այնուհետև անցնում են գեղձի միջով՝ առանց բուն գեղձը նյարդավորելու։
Անոթավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարկերակային մատակարարում
Արտաքին քնային զարկերակը և դրա ծայրամասային ճյուղերը գեղձի ներսում՝ մակերեսային քունքային և վերինծնոտային զարկերակները, ինչպես նաև հետին ականջային զարկերակը, անոթավորում են հարականջային թքագեղձը։
Երակային արտահոսք
Երակային արտահոսքը կատարվում է դեպի հետծնոտային երակներ։
Ավշային արտահոսք
Գեղձի ավիշը հիմնականում արտահոսում է դեպի նախաականջային կամ հարականջային ավշային հանգույցներ, որոնք էլ ի վերջո դատարկվում են պարանոցային խորանիստ ավշային շղթայի մեջ։
Նյարդային մատակարարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարականջային թքագեղձը ստանում է և՛ զգացող, և՛ վեգետատիվ նյարդավորում։
Սիմպաթիկ
Գեղձը մատակարարող նախահանգուցային սիմպաթիկ թելերի բջջային մարմինները սովորաբար տեղակայված են կրծքային վերին ողնուղեղային սեգմենտների (T1-T3) կողմնային եղջյուրներում։ Վերին պարանոցային հանգույցից եկող հետհանգուցային սիմպաթիկ թելերը հասնում են գեղձին՝ անցնելով արտաքին քնային զարկերակի և միջին ուղեղապատյանային զարկերակի երկայնքով։ Դրանք գործում են անոթասեղմում առաջացանելով[5]։
Պարասիմպաթիկ
Հարականջային թքագեղձի նախահանգուցային պարասիմպաթիկ թելերը սկիզբ են առնում ուղեղաբնի ստորին թքազատության կորիզից և դուրս գալիս գանգից լեզվաըմպանային նյարդի (IX գանգուղեղային նյարդ) կազմում։ Այնուհետև դրանք թմբկային նյարդով անցնում են դեպի թմբկային հյուսակ, իսկ թմբկային հյուսակից՝ փոքր վիմային նյարդով դեպի ականջային հանգույց, որտեղ տեղի է ունենում սինապսը։ Հանգույցից դուրս եկող հետհանգուցային թելերը միանում են ականջաքունքային նյարդին և դրա միջոցով հասնում հարականջային թքագեղձին[6][7]։
Զգացող
Հարականջային թքագեղձի և դրա պատիճի ընդհանուր զգացողական նյարդավորումն ապահովվում է ականջաքունքային նյարդի միջոցով[7]:
Հյուսվածաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղձն ունի խիտ շարակցական հյուսվածքից կազմված սեփական պատիճ, սակայն օժտված է նաև կեղծ պատիճով, որը ձևավորվում է պարանոցի սեփական փակեղի մակերեսային թիթեղից։ Ստորին ծնոտի անկյան և պտկաձև ելունի միջև եղած երևակայական գծի վրա փակեղը փեղեքվում է՝ առաջացնելով մակերեսային և խորանիստ թիթեղներ, որոնք պարփակում են գեղձը։ Ծիծաղի մկանը (risorius) փոքր մկան է, որը ներկառուցված է պատիճի նյութի մեջ։
Գեղձն ունի կարճ գծավոր ծորաններ և երկար ներդիր (ինտերկալյացված) ծորաններ[8]: Ներդիր ծորանները նույնպես բազմաթիվ են, պատված են խորանարդաձև էպիթելային բջիջներով և ունեն ավելի լայն լուսանցք, քան ացինուսները (բշտիկները): Այս ծորաններից մի քանիսը միանում են՝ ձևավորելով գծավոր ծորաններ։ Վերջիններս նույնպես բազմաթիվ են և կազմված են միաշերտ գլանաձև էպիթելից, որն ունի գծավորություն, ինչը կազմվում է բջջի հիմնային (բազալ) թաղանթի ներփքումներով և միտոքոնդրիումներով: Բազմաթիվ գծավոր ծորաններ միանում և բացվում են ավելի մեծ միջբլթակային արտատար ծորանների մեջ, որոնք էլ ի վերջո միանում են՝ ձևավորելով հարականջային ծորանը (Ստենոնյան ծորան)[6]:
Թեև հարականջային թքագեղձն ամենամեծն է, այն ապահովում է թքի լորձի ընդհանուր ծավալի միայն 25%-ը: Հարականջային գեղձում գերակշռում են շճային բջիջները, ինչի շնորհիվ գեղձն արտազատում է հիմնականում շճային սեկրետ[8]։
Հարականջային թքագեղձը արտազատում է նաև թքի ալֆա-ամիլազ, որն իրականացնում է օսլայի քայքայման առաջին փուլը ծամելու ընթացքում: Հարականջային թքագեղձը այս ֆերմենտը արտազատող հիմնական արտազատական գեղձն է: Ամիլազը քայքայում է ամիլոզը և ամիլոպեկտինը՝ հիդրոլիզելով ալֆա-1,4 կապերը: Բացի այդ, ենթադրվում է, որ ալֆա-ամիլազը կանխում է բակտերիաների ամրացումը բերանի խոռոչի մակերեսներին և նպաստում է բերանից բակտերիաների հեռացմանը[9]:
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարականջային թքագեղձերը ձևավորվում են նախածննդյան զարգացման վեցերորդ շաբաթվա սկզբին և հանդիսանում են ձևավորվող առաջին խոշոր թքագեղձերը։ Այս գեղձերի էպիթելային բողբոջները տեղակայված են այտի ներքին մակերեսին՝ առաջնային բերանի շրթնային կպուկների մոտ։ Դրանք առաջանում են ստոմոդեումի (բերանային գրպանիկ) անկյունների մոտ տեղակայված էկտոդերմալ շերտից՝ 1-ին և 2-րդ ըմպանային աղեղների շրջանում (բուն ստոմոդեումը ձևավորվում է բերանաըմպանային թաղանթի պատռումից հետո մոտավորապես 26-րդ օրը[10]): Էպիթելային բողբոջները հետին ուղղությամբ և աճում են դեպի լսողական թիթեղիկներ և ճյուղավորվում են՝ ձևավորելով պինդ քառաշերտային ձգաններ՝ կլորացած վերջնույթներով, որոնք տեղակայված են զարգացող դիմային նյարդի մոտ։ Ավելի ուշ՝ նախածննդյան զարգացման մոտ 10-րդ շաբաթում, այս ձգանները միավորվում են և ձևավորում ծորաններ, որոնցից ամենամեծը դառնում է հարականջային թքագեղձի ծորանը։ Ձգանների կլորացած վերջնույթները ձևավորում են գեղձի բշտիկները։ Հարականջային գեղձի թքարտադրությունը ծորանի միջոցով սկսվում է հղիության մոտ 18-րդ շաբաթում: Գեղձի հենքային շարակցական հյուսվածքը զարգանում է շրջակա մեզենքիմից[8]։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարականջաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ կամ երկու հարականջային թքագեղձերի բորբոքումը հայտնի է որպես հարականջաբորբ: Հարականջաբորբի ամենատարածված պատճառը խոզուկն է: Խոզուկի դեմ համատարած պատվաստումները զգալիորեն նվազեցրել են խոզուկային պարոտիտի տարածվածությունը: Խոզուկի ժամանակ առաջացող ցավը պայմանավորված է իր ֆիբրոզ պատիճի ներսում գեղձի այտուցմամբ[11]:
Բացի վիրուսային վարակից, այլ վարակներ ևս, օրինակ՝ բակտերիային, կարող են առաջացնել հարականջաբորբ (սուր թարախային հարականջաբորբ կամ քրոնիկական ականջաբորբ)։ Այս վարակները կարող են հանգեցնել ծորանի խցանման՝ թքաքարային հիվանդության կամ արտաքին սեղմման պատճառով։ Հարականջային թքագեղձի այտուցները կարող են պայմանավորված լինել նաև բարորակ լիմֆոէպիթելային ախտահարումներով, որոնք առաջանում են Միկուլիչի հիվանդության և Շյոգրենի համախտանիշի հետևանքով։ Հարականջային թքագեղձի մեծացումը կարող է վկայել նաև սննդային վարքագծի խանգարման՝ նյարդային բուլիմիայի մասին՝ ստեղծելով ծամող մկանային գերլարվածություն։ Խոզուկի բորբոքման կամ ծորանների խցանման դեպքում արյան հունի մեջ կարող են հայտնաբերվել հարականջային թքագեղձի կողմից արտազատվող թքի ալֆա-ամիլազի բարձրացված մակարդակներ։
Խոզուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոզուկը համարվում է հարականջային թքագեղձի այտուցի հիմնական պատճառը. դեպքերի 85%-ը հանդիպում է մինչև 15 տարեկան երեխաների մոտ: Հիվանդությունը խիստ վարակիչ է և տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ թքի, քթի և մեզի արտազատուկների միջոցով: Ախտանիշները ներառում են տվյալ հատվածի այտուց, ծամիչ մկանի կծկանք, ինչպես նաև ականջի ցավ: Ախտահարումը սովորաբար սկսվում է դեմքի մի կողմից և ի վերջո դառնում է երկկողմանի: Պարամիքսովիրուսի փոխանցումը տեղի է ունենում վարակված անձի թքի հետ շփման միջոցով: Սկզբնական ախտանիշները հիմնականում գլխացավն ու տենդն են: Խոզուկը մահացու չէ, սակայն հետագա բարդությունները կարող են ներառել ձվարանների կամ ամորձիների այտուց: Խոզուկի ախտորոշումը հաստատվում է վիրուսային շճաբանության միջոցով, իսկ հիվանդության վարումը ներառում է հեղուկների ընդունում և հիվանդի բերանի խոռոչի լավ հիգիենա: Այնուամենայնիվ, 4-6 տարեկանում տրվող խոզուկի պատվաստանյութի մշակումից ի վեր, այս վիրուսային վարակի տարածվածությունը կտրուկ նվազել է: Այս պատվաստանյութը նվազեցրել է հիվանդացությունը 99%-ով[12]:
Ֆիբրոզային ռեակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուբերկուլոզը և սիֆիլիսը կարող են առաջացնել գրանուլոմաների ձևավորում հարականջային թքագեղձերում։
Թքաքարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թքաքարերը հիմնականում հանդիպում են ծորանների գլխավոր միախառնման վայրում և հարականջային գլխավոր ծորանի ներսում: Հիվանդը սովորաբար գանգատվում է թքարտադրության ժամանակ առաջացող սաստիկ ցավից և հակված է խուսափել այնպիսի սննդամթերքից, որն առաջացնում է այս ախտանիշը: Բացի այդ, ուտելու փորձի ժամանակ հարականջային թքագեղձը կարող է մեծանալ: Ցավը կարող է վերարտադրվել կլինիկայում՝ բերանի մեջ կիտրոնի հյութ ցողելու միջոցով: Վիրահատական միջամտությունը կախված է քարի տեղակայումից. եթե այն տեղակայված է ծորանի առաջային հատվածում, ապա այտի լորձաթաղանթի պարզ կտրվածքը՝ սֆինկտերոտոմիա, կարող է թույլ տալ հեռացնել այն, սակայն, եթե այն տեղակայված է ավելի հետին հատվածում՝ գլխավոր ծորանի ներսում, կարող է անհրաժեշտ լինել գեղձի ամբողջական հեռացում:
Վնասվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարականջային թքագեղձը կարող է նաև ծակվել, իսկ դիմային նյարդը՝ ժամանակավորապես վնասվել, երբ ստորին ատամնաբնային տեղային անզգայացման ներարկումը սխալ է կատարվում՝ առաջացնելով դեմքի անցողիկ կաթված[4]։
Քաղցկեղ և ուռուցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարականջային թքագեղձի ուռուցքների մոտ 80%-ը բարորակ են[13]։ Դրանցից ամենատարածվածները ներառում են պլեոմորֆ ադենոման (ուռուցքների 70%-ը, որոնց 60%-ը հանդիպում է կանանց մոտ[13]) և Ուորթինի ուռուցքը (այսինքն՝ ադենոլիմֆոման, որն ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց մոտ)։ Դրանց կարևորությունը պայմանավորված է իրենց անատոմիական դիրքով և ժամանակի ընթացքում աճելու միտումով։ Ուռուցքային աճը կարող է նաև փոխել գեղձի կոնսիստենցիան (խտությունը) և առաջացնել դիմային ցավ ախտահարված կողմում[4]։
Հարականջային թքագեղձի ուռուցքների մոտ 20%-ը չարորակ են, որոնցից ամենատարածվածներն են մուկոէպիդերմոիդ կարցինոման և ադենոիդ կիստոզ կարցինոման։ Հարականջային թքագեղձի այլ չարորակ ուռուցքներից են ացինար բջջային կարցինոման, պլեոմորֆ ադենոմայից զարգացող կարցինոման, ադենոկարցինոման (որն առաջանում է գեղձի ծորանների էպիթելից), տափակբջջային կարցինոման (առաջանում է գեղձի պարենքիմայից) և չտարբերակված կարցինոման։ Նկարագրվել են նաև այլ օրգաններից մետաստազներ, օրինակ՝ կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքից, որը դրսևորվել է որպես հարականջային գեղձի այտուց[14]։ Չափազանց կարևոր է սահմանել ուռուցքի և դիմային նյարդի (VII գանգուղեղային նյարդ) ճյուղերի կապը, քանի որ մասնահատումը կարող է վնասել նյարդերը՝ հանգեցնելով դիմախաղի մկանների կաթվածի։

Բարորակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարականջային թքագեղձի ուռուցքային ախտահարումները կարող են լինել կա՛մ բարորակ, կա՛մ չարորակ: Հարականջային գեղձի ներսում ուռուցքների գրեթե 80%-ը բարորակ են[15]: Բարորակ ախտահարումները հակված են լինել անցավ, անախտանիշ և դանդաղ աճող: Երեխաների մոտ թքագեղձերի ամենատարածված նորագոյացություններն են հեմանգիոմաները, լիմֆատիկ մալֆորմացիաները և պլեոմորֆ ադենոմաները: Բարորակ ախտահարումների ախտորոշումը պահանջում է բարակ ասեղային կենսազննում: Տարբեր բարորակ ախտահարումների դեպքում, առավել հաճախ՝ պլեոմորֆ ադենոմայի, ժամանակի ընթացքում գոյություն ունի չարորակացման ռիսկ[12]: Արդյունքում, այս ախտահարումները սովորաբար մասնահատվում են:
Հարականջային գեղձի բարորակ ախտահարումների տարածվածությունը զգալիորեն ավելի բարձր է, քան չարորակներինը:
Չարորակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարորակ թքագեղձային ախտահարումները հազվադեպ են: Այնուամենայնիվ, երբ ուռուցքը տարածվում է ենթածնոտային, ենթալեզվային և փոքր թքագեղձերի վրա, դրանք հակված են լինել չարորակ: Չարորակ ախտահարումը բարորակից տարբերակելը կարող է դժվար լինել, քանի որ երկուսն էլ դրսևորվում են որպես անցավ գոյացություններ: Ախտորոշման հարցում բիոպսիան ունի վճռորոշ նշանակություն: Կան ընդհանուր նշաններ, որոնք կարող են մատնանշել չարորակ ախտահարման առկայությունը: Դրանք ներառում են դիմային նյարդի թուլությունը, գոյացության չափսերի արագ աճը, ինչպես նաև մաշկի լորձաթաղանթի խոցոտումը[12]:
Մուկոէպիդերմոիդ կարցինոման թքագեղձերի տարածված չարորակ ուռուցք է և ունի 4-13% ցածր տարածվածություն: Ադենոիդ կիստոզ կարցինոման նույնպես թքագեղձի տարածված չարորակ ախտահարում է և ունի 4-8% տարածվածություն: Այս կարցինոման հակված է ներաճել նյարդերի մեջ և կարող է կրկնվել բուժումից հետո[12]:
Հարականջային պոլիկիստոզ հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թքագեղձի զարգացման պոլիկիստոզ հիվանդությունը համարվում է չափազանց հազվադեպ և դիտարկվում է որպես կրկնվող հարականջաբորբից անկախ երևույթ։ Ենթադրվում է, որ պատճառը ակտիվինի, ֆոլիստատինի և TGF-β-ի միջև փոխազդեցությունների արատն է, ինչը հանգեցնում է գեղձային հյուսվածքի զարգացման խանգարման[16]։
Վիրահատական միջամտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարականջային թքագեղձի ուռուցքների վիրահատական բուժումը երբեմն դժվար է տվյալ շրջանում անատոմիական առանձնահատկությունների և դիմային նյարդի ճյուղերի քաոտիկ դասավորվածության պատճառով, ինչպես նաև հետվիրահատական ռեցիդիվի մեծ հավանականության հետևանքով: Այսպիսով, հարականջային գեղձի ուռուցքի վաղ փուլերում հայտնաբերումը չափազանց կարևոր է հետվիրահատական կանխատեսման տեսանկյունից: Վիրահատական տեխնիկան աշխատատար է՝ կապված կրկնությունների և այլ հարակից մասնագիտությունների կողմից նախկինում կատարված ոչ լիարժեք բուժման հետ[13]: Հարականջաբորբային վիրաբուժության մեջ վիրահատական մեթոդները վերջին տարիներին զարգացել են դիմային նյարդի նեյրոմոնիթորինգի կիրառման շնորհիվ՝ դառնալով ավելի անվտանգ և քիչ ինվազիվ[17]:
Հարականջային գեղձի վիրահատական հեռացումից (պարոտիդէկտոմիա) հետո ականջաքունքային նյարդը կարող է վնասվել, իսկ վերականգնման ժամանակ այն միաձուլվում է քրտնագեղձերի հետ: Սա կարող է առաջացնել այտի քրտնարտադրություն դեմքի այն կողմում, որտեղ տեղակայված է ախտահարված գեղձը: Այս վիճակը հայտնի է որպես Ֆրեյի համախտանիշ[18]:
Վարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակտերիային վարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր բակտերիային հարականջաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար առաջանում է հետընթաց բակտերիային վարակի հետևանքով, որը հիվանդության, սեպսիսի, վնասվածքի, վիրահատության, դեղամիջոցներով պայմանավորված թքահոսքի նվազման, շաքարային դիաբետի, թերսնուցման և ջրազրկման արդյունք է: Դասականորեն նկատվում են ուտելու ընթացքում հարականջային շրջանի ցավոտ այտուցվածության ախտանիշներ: Վարումը հիմնված է հակաբակտերիային միջոցների, վերահիդրատացիայի (հեղուկների վերականգնման) վրա՝ զուգակցված մեղմ մերսման հետ՝ թքահոսքը խթանելու նպատակով[19]:
Քրոնիկ բակտերիային հարականջաբորբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաքնված վարակ՝ չնայած հիվանդության կլինիկական լավացմանը, ինչը հանգեցնում է ֆունկցիայի խանգարման: Հյուսվածաբանորեն կարող են դիտվել գեղձային ծորանների լայնացում, թարախակույտի ձևավորում և ապաճում: Հարականջային գեղձի արտազատուկը մածուցիկ է: Հիվանդության ընթացքն ուղեկցվում է ցավով և այտուցով, որոնք մեկ ուժգնանում են, մեկ՝ մեղմանում: Պետք է իրականացվի ռենտգենաբանական հետազոտություն՝ թքաքարային հիվանդությունը բացառելու համար: Վարումը ներառում է պալիատիվ խնամք, իսկ պարոտիդէկտոմիան դիտարկվում է որպես վերջին միջոց[19]:
Վիրուսային վարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոզուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ոչ թարախային հիվանդություն, որը հաճախ հանդես է գալիս համաճարակների տեսքով: Կանխարգելվում է MMR պատվաստանյութով: Հարուցիչը պարամիքսովիրուսն է, որը փոխանցվում է վարակված թքի և մեզի միջոցով: Նկատվում է 24–28 ժամ տևողությամբ նախանշանային շրջան, որին հաջորդում է հարականջային գեղձի արագ և ցավոտ այտուցը: Բուժումը սիմպտոմատիկ է (անկողնային ռեժիմ, հեղուկների ընդունում), քանի որ ինքնաբերաբար լավացումը տեղի է ունենում 5–10 օրվա ընթացքում[19]:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիտվում է գեղձի դիֆուզ մեծացում, որը կարող է ի հայտ գալ վարակի բոլոր փուլերում: Ախտորոշմանը օգնում են պատկերող հետազոտությամբ հայտնաբերված լիմֆոէպիթելային կիստաները[20]: Ախտաբանական գործընթացը տեղի է ունենում թքագեղձում շրջանառվող CD8 լիմֆոցիտների պատճառով: Բժշկական վարումը ներառում է հակառետրովիրուսային դեղամիջոցների կիրառում, բերանի խոռոչի գերազանց հիգիենա և թքամուղներ[19]:
Աուտոիմունային հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգային կարմիր գայլախտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ՝ կյանքի չորրորդ և հինգերորդ տասնամյակներում և կարող է ախտահարել ցանկացած թքագեղձ: Դրսևորվում է գեղձի դանդաղ մեծացմամբ. ախտորոշումը կատարվում է հիմնական համակարգային հիվանդության հայտնաբերմամբ և թքի քիմիական մակարդակների չափմամբ: Նատրիումի և քլորիդի իոնների մակարդակը կլինի բնականոնից երկու կամ երեք անգամ բարձր: Բուժումն ուղղված է հիմնական համակարգային հիվանդությանը[19]:
Սարկոիդոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարկոիդոզը քրոնիկական համակարգային հիվանդություն է, որը բնութագրվում է անհայտ ծագման ոչ լոռանման գրանուլոմաների առաջացմամբ: Այն կարող է ախտահարել մարմնի ցանկացած օրգան՝ ճնշելով բջջային իմունիտետը և խթանելով հումորալ իմունիտետը: Թքագեղձերի ախտահարումը հիմնականում ներառում է երկու հարականջային գեղձերը՝ առաջացնելով մեծացում և այտուց: Թքագեղձի կենսազննում և հյուսվածաախտաբանական հետազոտություն է անհրաժեշտ՝ տարբերակելու համար, թե արդյոք պատճառը Շյոգրենի համախտանիշն է, թե սարկոիդոզը[19]:
Շյոգրենի համախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շյոգրենի համախտանիշով հիվանդների մինչև 30%-ի մոտ նկատվում է թքագեղձերի մեծացում, ընդ որում՝ ամենահաճախը մեծանում է հարականջային գեղձը, իսկ հիվանդների 25–60%-ի մոտ դիտվում է հարականջային գեղձերի երկկողմանի մեծացում: Այնուամենայնիվ, Շյոգրենի համախտանիշով հիվանդների մոտ հարականջային գեղձերն ունեն ավելի երկարատև արտազատական կարողություն և հետևաբար, դրանք վերջին գեղձերն են, որոնց մոտ հիվանդության ընթացքում դրսևորվում է թքարտադրության նվազում: Հյուսվածաախտաբանությունը ցույց է տալիս լիմֆոցիտար ինֆիլտրատների կուտակումներ և էպիմիոէպիթելային կղզյակներ[19]:
Տուբերկուլոզային միկոբակտերիային վարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուբերկուլյոզային միկոբակտերիային հիվանդության՝ գլխի և պարանոցի շրջանում ամենատարածված դրսևորումը պարանոցային լիմֆատիկ հանգույցների վարակումն է: Ենթադրվում է, որ վարակը սկիզբ է առնում քիմքի նշիկներում կամ լնդերում՝ վերել ուղով տարածվելով դեպի հարականջային գեղձ: Գոյություն ունեն երկու կլինիկական ձևեր՝ սուր և քրոնիկական ախտահարումներ: Սուր ախտահարումներն ուղեկցվում են գեղձի դիֆուզ այտուցով, ինչը հեշտությամբ կարելի է շփոթել սուր սիալոադենիտի կամ թարախակույտի հետ: Քրոնիկական ախտահարումներն ընթանում են դանդաղ աճող գոյացությունների տեսքով՝ նմանակելով ուռուցքներին[19]:
Թքագեղձի հետազոտումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարականջային գեղձի այտուցով հիվանդը կարող է գանգատվել այտուցվածությունից, ցավից, քսերոստոմիայից, վատ համից, իսկ երբեմն էլ՝ գերթքարտադրություն[21]։
Նորագոյացությունների (թե՛ բարորակ, թե՛ չարորակ) ամենատարածված նախնական ախտանիշը անախտանիշ այտուցն է։ Ցավն ավելի հաճախ հանդիպում է հարականջային գեղձի քաղցկեղով հիվանդների մոտ (10–29%-ը զգում է ցավ), քան բարորակ նորագոյացություններ ունեցողների մոտ (ընդամենը 2,5–4%)[21], սակայն ցավն ինքնին չարորակության ախտորոշիչ նշան չէ։
Մեծ թքագեղձերի դրվագային այտուցը, որն ուղեկցվում է ցավով և կապված է թքարտադրության խթանների (օրինակ՝ ուտելու) հետ, հուշում է ծորանի խցանման մասին։
Անհրաժեշտ է նաև գնահատել դիմային նյարդի վիճակը։ Դիմային նյարդն անցնում է հարականջային գեղձի միջով, ուստի գեղձի ցանկացած փոփոխություն կարող է ազդել նյարդի վրա։ Նախկինում չբուժված հիվանդի մոտ դիմային նյարդի կաթվածը սովորաբար վկայում է ուռուցքի չարորակ բնույթի մասին[21]։
Ֆիզիկական հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թքագեղձերի մակերեսային տեղակայումը թույլ է տալիս իրականացնել շոշափում (պալպացիա) և տեսողական զննում: Զննումը պետք է լինի համակարգված՝ ինչպես ներբերանային, այնպես էլ արտաբերանային, որպեսզի ոչ մի հատված բաց չթողնվի:
Արտաբերանային հետազոտության համար հիվանդի գլուխը պետք է թեքել առաջ՝ հարականջային և ենթածնոտային գեղձերն առավելագույնս բացահայտելու համար: Նորմալ հարականջային գեղձը հազիվ է շոշափվում, իսկ նորմալ ենթալեզվային գեղձը ընդհանրապես չի շոշափվում[21]:
Ներբերանային հետազոտությունը պետք է ներառի անհամաչափությունների, գունափոխությունների, պուլսացիայի և ծորանների բացվածքների խցանումների դիտարկումը: Հարականջային գեղձի խորանիստ բլթի այտուցը կարող է տեսանելի լինել բերանի խոռոչում և կարող է նույնիսկ տեղաշարժել քիմքի նշիկը: Պետք է հետազոտվեն նաև փոքր թքագեղձերը: Շրթունքների, այտերի և քիմքի հետին հատվածի լորձաթաղանթը պետք է չորացնել օդի հոսքով կամ անձեռոցիկով և սեղմել՝ թքի հոսքը գնահատելու համար[21]:
Թքագեղձերի հետազոտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թքարտադրության խթանում
- Սա կարելի է իրականացնել հարականջային գեղձի շոշափման միջոցով՝ դրանով իսկ խթանելով այն։ Այնուհետև գնահատվում է, թե արդյոք հարականջային պտկիկից (ծորանի բացվածքից) թուք հոսում է, թե ոչ։
Սիալոգրաֆիա
- Սիալոգրամաները թույլ են տալիս հայտնաբերել թքագեղձի կառուցվածքային փոփոխությունները և թույլ են տալիս չափագրել թքագեղձը այտուցված վիճակում
- Այն ենթադրում է ռենտգենոկոնտրաստային հեղուկի ներարկում մեծ թքագեղձի՝ Ստենտոնյան ծորանի մեջ, որը, իր հերթին, ուրվագծում է մեծ և փոքր ծորանները և արձանագրում է գեղձային հյուսվածքի ընդհանուր պատկերը
- Թքաղեձի ժամանակակից հետազոտման մեթոդներից են՝ համակարգչային շերտագրություն և ՄՌՏ հետազոտություն, սակայն թքաղեձի օջախային բորբոքման կամ Շյոգրենի համախտանիշի ախտորոշման դեպքում կատարվում է սիալոգրաֆիա: Թքաքարային հիվանդության դեպքում քարը ամենից հաճախ տեղակայվում է ծորանում կամ դրա մուտքի մոտ, որը երկար ժամանակ կարող է մնալ անախտանիշ: Սիալոգրաֆիայի դեպքում կոնտրաստային նյութը տաքացվում է մինչև 40°, որը անհրաժեշտ ծորանների սպազմը կանխելու համար[22]:
Սիալոքիմիա
- Հիվանդագին վիճակներում թքի բաղադրությունը փոխվում է, ուստի կարող է իրականացվել թքի անալիզ՝ ֆերմենտների, էլեկտրոլիտների, հորմոնների, դեղամիջոցների և իմունիզացիայի կարգավիճակի ստուգման համար։
Ռադիոիզոտոպային սցինտիոգրաֆիա
- Գամմա-տեսախցիկի միջոցով տալիս է իզոտոպի կլանման և արտազատման օբյեկտիվ չափումը և մոտ 20 րոպե անց տրվում է թքարտադրության խթանիչ՝ գեղձով թքի հոսքը ակտիվացնելու համար[22]։ Այս մեթոդն օգտագործվում է բերանի չորության մշտական ախտանիշներ ունեցող հիվանդների հետազոտման, ինչպես նաև վարակի, բորբոքման կամ խցանման հետևանքով առաջացած այտուցների գնահատման համար։
Հետագա հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատկերող հետազոտման մեթոդներ
- Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ), համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օգնում են ճշգրիտ տեղակայել ախտահարումը և որոշել դրա տարածվածությունը:
- Սիալոէնդոսկոպիա
- Սա նվազ ինվազիվ մեթոդ է, որի ժամանակ թքագեղձի ծորանի մեջ ներդրվում է փոքրիկ տեսախցիկ՝ խցանումները (օրինակ՝ թքաքարերը կամ ստրիկտուրաները) հայտնաբերելու և գնահատելու համար:
- Կենսազննում
- Այն կարող է իրականացվել բարակ ասեղային կենսազննման միջոցով: Սա հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն թքագեղձի ուռուցքի հյուսվածաբանական կառուցվածքի մասին նախքան բուն բուժումը սկսելը[21]:
Հավելյալ նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարականջային թքագեղձ (մկանի սխալ անուն)
- Եռորյակ նյարդի (V գանգուղեղային նյարդ) ստորին ծնոտային ճյուղ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Submandibular Gland: Location, Function and Complications».
- 1 2 Ibrahim, Dalia. «Accessory parotid gland | Radiology Reference Article». Radiopaedia.
- ↑ «Reptile Venom Research». Australian Reptile Park. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
- 1 2 3 4 Fehrenbach MJ, Herring SW (2012). Illustrated anatomy of the head and neck (4th ed.). St. Louis, Mo.: Elsevier/Saunders. էջ 154. ISBN 978-1-4377-2419-6.
- ↑ Sinnatamby, Chummy S. (2011). Last's Anatomy (12th ed.). Elsevier Australia. ISBN 978-0-7295-3752-0.
- 1 2 Nanci A (2013). Ten Cate's Oral Histology: Development, Structure, and Function (8th ed.). St. Louis, Mo.: Elsevier. ISBN 978-0-323-07846-7.
- 1 2 «The Parotid Gland». TeachMeAntatomy.info. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
- 1 2 3 Fehrenbach MJ, Popowics T (2026). Illustrated Dental Embryology, Histology, and Anatomy (6th ed.). Elsevier. էջ 153. ISBN 978-0-443-10424-4.
- ↑ Arhakis A, Karagiannis V, Kalfas S (2013). «Salivary alpha-amylase activity and salivary flow rate in young adults». The Open Dentistry Journal. 7: 7–15. doi:10.2174/1874210601307010007. PMC 3601341. PMID 23524385.
- ↑ Moore P (2003). The Developing Human (7th ed.). Saunders. էջեր 203, 220. ISBN 978-0-8089-2265-0.
- ↑ Jacobs S (2008). «Chapter 7: Head and Neck». Human Anatomy. Elsevier. էջ 193. doi:10.1016/B978-0-443-10373-5.50010-5. ISBN 978-0-443-10373-5.
- 1 2 3 4 Wilson KF, Meier JD, Ward PD (2014 թ․ հունիս). «Salivary gland disorders». American Family Physician. 89 (11): 882–88. PMID 25077394.
- 1 2 3 Bucur A, Dincă O, Niță T, Totan C, Vlădan C (2011 թ․ մարտ). «Parotid tumors: our experience». Rev. Chir. Oro-maxilo-fac. Implantol. 2 (1): 7–9. ISSN 2069-3850. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին.(webpage has a translation button)
- ↑ Sivaram P, Rahul M, Jayan C, Sulfekar MS (2015). «Metastatic Malignant Phyllodes Tumour: An Interesting Presentation as a Parotid Swelling». New Indian Journal of Surgery. 6 (3): 75–77. doi:10.21088/nijs.0976.4747.6315.2. ISSN 0976-4747.
- 1 2 Mehanna H, McQueen A, Robinson M, Paleri V (2012 թ․ հոկտեմբեր). «Salivary gland swellings». BMJ. 345 e6794. doi:10.1136/bmj.e6794. PMID 23092898. S2CID 373247.
- ↑ Iro H, Zenk J (2014-12-01). «Salivary gland diseases in children». GMS Current Topics in Otorhinolaryngology, Head and Neck Surgery. 13: Doc06. doi:10.3205/cto000109. PMC 4273167. PMID 25587366.
- ↑ Psychogios, Georgios; Bohr, Christopher; Constantinidis, Jannis; Canis, Martin; Vander Poorten, Vincent; Plzak, Jan; Knopf, Andreas; Betz, Christian; Guntinas-Lichius, Orlando; Zenk, Johannes (2020-08-04). «Review of surgical techniques and guide for decision making in the treatment of benign parotid tumors». European Archives of Oto-Rhino-Laryngology (անգլերեն). 278 (1): 15–29. doi:10.1007/s00405-020-06250-x. ISSN 0937-4477. PMID 32749609. S2CID 220965351.
- ↑ Office of Rare Diseases Research (2011). «Frey's syndrome». National Institutes of Health. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 Carlson ER, Ord RA (2015). Salivary Gland Pathology: Diagnosis and Management (Second ed.). Hoboken, New Jersey: Wiley/Blackwell. ISBN 978-1-118-93375-6. OCLC 904400135.
- ↑ Sujatha D, Babitha K, Prasad RS, Pai A (2013 թ․ նոյեմբեր). «Parotid lymphoepithelial cysts in human immunodeficiency virus: a review». The Journal of Laryngology and Otology. 127 (11): 1046–49. doi:10.1017/S0022215113002417. PMID 24169222. S2CID 33861207.
- 1 2 3 4 5 6 Anniko M, Bernal-Sprekelsen M, Bonkowsky V, Bradley P, Iurato S, eds. (2010). Otorhinolaryngology, Head and Neck Surgery. Springer. ISBN 978-3-540-42940-1.
- 1 2 Kumar BS, Sathasivasubramanian SP (2012 թ․ հունվար). «The role of salivary gland scintigraphy in detection of salivary gland dysfunction in type 2 diabetic patients». Indian Journal of Nuclear Medicine. 27 (1): 16–19. doi:10.4103/0972-3919.108832. PMC 3628255. PMID 23599592.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատկերումը yoursurgery.com կայքում
- Հարականջային թքագեղձերի վարակներ Medline Plus
- Հարականջային թքագեղձի քաղցկեղ Արխիվացված 2017-01-07 Wayback Machine from American Cancer Society

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարականջային թքագեղձ» հոդվածին։
| ||||||||||