Հավելյալ արդյունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հավելյալ արդյունք, նյութական արտադրության ոլորտում անհրաժեշտ արդյունքից դուրս անմիջական արտադրողների ստեղծած արդյունքը։ Ստեղծվում է հավելյալ աշխատաժամանակի ընթացքում, հավելյալ աշխատանքով։ Շահագործողական ֆորմացիաներում այն անհատույց յուրացնում են իշխող դասակարգերը։ Հավելյալ արդյունքի արտադրությունը նախնադարյան հասարակարգում կրել է պատահական բնույթ և կանոնավոր է դարձել արտադրողական ուժերի զարգացման որոշակի շրջանում։ Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում հավելյալ արդյունքի ստեղծումն ու յուրացումը հիմնվել են արտատնտ. հարկադրանքի վրա։ Կապիտալիզմի օրոք այն հավելյալ արժեքի նյութական կրողն է և արտացոլում է բուրժուազիայի և պրոլետարիատի դասակարգային շահերի հակամարտ հակասությունը։ Սոցիալիզմի պայմաններում որակապես փոխվում է հավելյալ արդյունքի սոցիալ-տնտեսական բովանդակությունը, վերածվում է սոցիալիստական կուտակման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, պետական ապարատի և ոչ արտադրական ոլորտի պահպանման աղբյուրի, ծառայում ամբողջ հասարակության պահանջմունքների բավարարմանը։ Հավելյալ արդյունքի հաշվին մասամբ ձևավորվում են սպառման հասարակական ֆոնդերը։ Բաշխման ընթացքում հավելյալ արդյունքի մի մասը մնում է պետական և կոոպերատիվ-կոլտնտեսային ձեռնարկությունների տրամադրության տակ՝ որպես շահույթ կամ զուտ եկամուտ, մյուս մասը տարբեր ձևերով անցնում է հասարակությանը՝ որպես սոցիալիստական հասարակության կենտրոնացված զուտ եկամուտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 267 CC-BY-SA-icon-80x15.png