Հավաքագրում (զինված ուժեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հավաքագրում[1] (գերմ.՝ werben)[2], բանակի համալրման համակարգ զինվորներին որոշակի ժամկետով վարձելու միջոցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում զինվորները հավաքագրվում էին միայն պատերազմի ժամանակ։ Մշտական բանակի համալրման համար հավաքագրումը սկսել է կիրառվել 15-րդ դարում Ֆրանսիայում։ Այստեղ գնդերի և վաշտերի համալրումն իրականացնում էին հրամանատարները։ Նրանք ունեին հատուկ գործակալներ, որոնք յուրաքանչյուր զինվորի համար ստանում էին պարգևավճարներ։ Դրանց չափը երբեմն պայմանավորված էր զորակոչիկի «հասակով և գեղեցկությամբ»։

Զինվորների հավաքագրումը Պրուսիայում Ֆրիդրիխ II-ի ժամանակ

Հավաքագրումն իրականացնելու համար հատուկ մշակված կանոններ չկային, ինչի արդյունքում այն շուտով վերածվել է շոշափելի չարաշահումներով զբաղմունքի։ Մասնավոր հավաքագրողները (racoleurs) դիմում էին խաբեության, բռնության և նմանատիպ այլ միջոցների, որպեսզի ստիպեն իրենց կողմից հավաքագրվող անձին կանխավճար ստանալ, որից հետո այդ անձը դառնում էր նրա սեփականությունը և երբեմն կապված ձեռքերով ու ոտքերով տեղափաոխվում էր դաշտ։ Ստեղծվել էր նույնիսկ հավաքագրող բռնարարի տեսակ, որը լուծում էր վեճերը, կանչում մենամարտի և առաջարկում ընտրել մահ կամ զինվորական ծառայություն։ Փարիզում կային հատուկ կառույցներ (fours՝ փոս), որոնցում պահվում էին նոր հավաքագրված զինվորները մինչև գունդ տեղափոխվելը։ Կառավարությունը այնքան անտարբերությամբ էր վերաբերում հավաքագրվող զինվորների բարոյականությանը, որ զինվորական ծառայության էին ընդունում հանցագործներին և թափառաշրջիկներին՝ ձևավորելով հատուկ ստորաբաժանումներ (Bataillons de salades)։

Մշտական պատերազմները կապիտաններին և գնդապետներին թույլ չէին տալիս ինչպես հարկն է զբաղվել հավաքագրմամբ, ուստի 1701 թվականին հիմնվեցին կառավարական հավաքագրող դեպոներ, իսկ հետո՝ Յոթնամյա պատերազմի ժամանակ, համալրման այս մեթոդը դարձավ սովորական, և ձևավորվեցին կառավարական հավաքագրողների պաշտոններ (officiers et sous-ofticiers récruteurs)։ Լյուդովիկոս XV-ի օրոք հավաքագրումը դուրս է եկել հանրապետության սահմաններից, և պայմանագիր է կնքվել Շվեյցիարիայի հետ՝ այնտեղ տարեկան որոշակի թվով զինվորներ հավաքագրելու իրավունքի մասին։ Նույն դարաշրջանում է սկսվել նաև ֆրանսիական ծառայության մեջ գերմանացիների հավաքագրումը։ 1756 թվականին Ֆրանսիայի և Ավստրիայի միջև կնքված համաձայնագրով սահմանվել է նույնիսկ զինվորի շուկայական գինը՝ 96 գուլդեն՝ ներառյալ նաև հետևակի ամբողջական հանդերձանքը։ 1789 թվականին զինվորի արժեքը 100 լիվր էր, որից 10 լիվրը հավաքագրողինն էր։

Ֆրանսիայի նման Գերմանիայում ևս հավաքագրումը վերածվել էր չարաշահումներով զբաղմունքի։ 1713 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ I-ն արգելել է հարկադրաբար հավաքագրումը՝ պահպանելով այն միայն վատաբարո (schlimme Subjekten) մարդկանց համար, և սկսել է օտարերկրացիների հավաքագրում, որի համար տարբեր քաղաքներում ստեղծել է հավաքագրման բաժանմունքներ։ Դրանք պարտավոր էին ռուսական բանակում ծառայության ներգրավել հնարավորինս շատ օտարերկրացիների։ Չարաշահումները մնում էին նույնը, քանի որ ցանկացած ճանապարհորդի կարելի էր կասկածել հանցագործության մեջ ու նրան բռնի կերպով տանել զինվորական ծառայության։ Այսպես, 1741 թվականին բռնի ուժով հավաքագրվել է նաև Միխայիլ Լոմոնոսովը, որը գրավել էր հավաքագրվողներին իր հասակով և կազմվածքով և փրկվել է միայն փախուստի արդյունքով։ 1733 թվականին Պրուսիայում հավաքագրումը պահպանվել է միայն իբրև բանակի համալրման նոր կարգի մի մաս։

Սերժանտ-հավաքագրող, Թոմաս Ռոուլենդսոնի ծաղրանկարը

1781 թվականին Ավստրիայում արգելվել է սեփական հպատակների հավաքագրումը, և սահմանափակվել է հավաքագրվող օտարերկրացիների թիվը։ Հավաքագրումը ավելի երկար ժամանակ պահպանվել է միայն Տիրոլում (մինչև 1820 թվականը) և Հունգարիայում (մինչև 1848 թվական)։

Մեծ Բրիտանիայում հավաքագրման միջոցով բանակի համալրումը երբեք չի դադարել և աստիճանաբար վերածվել է ժամանակակից պայմանագրային ծառայության։ Ժամանակ առ ժամանակ զորքերը պարտավոր էին երաժշտությամբ և խորհրդանշաններով շրջել քաղաքներում և գյուղերում կամավորներ ներգրավելու համար (recruiting marches)։ Կայարաններում և հասարակակական վայրերում փակցվում էին զինվորական ծառայությունը գովերգող պաստառներ, փոստային գրասենյակներում բաժանում էին զինվորական կյանքի մասին հրապուրիչ նկարազարդումներ և զինվորի իրավունքներն ու պարտականությունները բացատրող գրքույկներ[3][4]։

Անգլիայում միջնադարից մինչև 19-րդ դարասկիզբը հավաքագրողները իրավունք ունեին նավաստիներին բռնի ուժով առևտրային նավերից ներգրավել ռազմածովային ուժերում։ Սովորաբար նրանք գործունեություն էին ծավալում նավահանգստային քաղաքներում, որտեղ հեշտ էր գտնել բավարար փորձով նորակոչիկների, թեև լիազորություններ ունեին ամբողջ երկրում։ Հավաքագրողները հատկապես ակտիվ էին Մեծ Բրիտանիայի կողմից 1688-1815 թվականներին մղվող պատերազմի ժամանակ։ Նրանք երբեմն հանդիպում էին զանգվածային դիմադրության և չէին համարձակվում աշխատել Կոռնուոլի, Դևոնշիրի և Դորսետշիրի նավահանգիստներում։ Հավաքագրումից ազատվում էին ազնվականները և ձկնորսները։ Ծովային սպաները չէին խրախուսում այս համակարգը, բայց կարծում էին, որ այն այլընտրանք չունի։

ԱՄՆ-ի բողոքը իր նավերի գրավման և նավաստիների բռնի հավաքագրման դեմ 1812 թվականի Անգլո-ամերիկյան պատերազմի պատճառներից մեկն էր։ Այս համակարգը պահպանվել է մինչև 1830-ական թվականները, երբ պարգևների բարձրացումն ապահովել է բավարար քանակությամբ կամավորներ։ 1853 թվականին մշտական ծառայության մասին փաստաթուղթը կարգավորել է նավաստիների մասնագիտական կարգավիճակը՝ հավաքագրողներին դարձնելով ավելորդ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության հրավիրող պաստառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ТСД2/Вербовать — Викитека»։ ru.wikisource.org (ռուսերեն)։ Վերցված է 2021-05-14 
  2. «БСЭ1/Вербовка — Викитека»։ ru.wikisource.org (ռուսերեն)։ Վերցված է 2021-05-14 
  3. «MoD denies 'war glamour' claim»։ BBC News։ January 7, 2008։ Վերցված է May 12, 2010 
  4. «Teachers reject 'Army propaganda'»։ BBC News։ March 25, 2008։ Վերցված է May 12, 2010 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вербовка // Военная энциклопедия: [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб.; [М.]: Тип. т-ва И. Д. Сытина, 1911-1915.
  • «Вербовка»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Вербовка // Большая советская энциклопедия: в 66 т. (65 т. и 1 доп.) / гл. ред. О. Ю. Шмидт. — М.: Советская энциклопедия, 1926-1947.