Հասմիկ Պապյան
Հասմիկ Պապյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1961 (59 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգչուհի, սոպրանո |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | ջութակ և վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ |
Հասմիկ Պապյան (սեպտեմբերի 2, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, սոպրանո: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2004)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասմիկ Պապյանը ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նախ որպես ջութակահար, ապա որպես երգիչ (Մ. Հարությունյանի դասարան)։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվեց Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատարներից մեկը։
Շուտով նա դուրս է եկել միջազգային ասպարեզ, և այդ ժամանակից ի վեր ելույթներ ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում, ինչպիսիք են՝ Մետրոպոլիտեն օպերան և Քարնեգի հոլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները։
Հասմիկ Պապյանն ապրում է Վիեննայում, Ավստրիա:
Ամուսինը Կոնրադ Կուեյնն է, Մյունհենի օպերային և Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր։
Ունի մեկ դուստր։
Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա խաղացանկը ներառում է՝ Մոցարտի Դոննա Աննա («Դոն Ջիովաննի»), Ռոսսինիի Մաթիլդա («Վիլհելմ Տելլ»), Հալևիի Ռաքել («Ջհուդուհի»), Բիզեի Միկաելա («Կարմեն»), Պուչինիի Միմի («Բոհեմ»), Մագդա («Ծիծեռնակ»), «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», Բոյտոյի Մարգարիտ / Ելենա («Մեֆիստոֆել»), Չայկովսկու Լիզա («Պիկովայա դամա»), Ռիխարդ Վագների Սենտա («Թռչող հոլանդացի»), նաև Վերդիի տասներկու դերերը՝ «Տրավիատա», Դեզդեմոնա («Օթելլո»), «Աիդա», Լեոնորա («Տրուբադուր» և «Ճակատագրի ուժը»), Ելիզավետա («Դոն Կարլոս»), Ելենա («Սիցիլիական ժամերգություն»), Ամելիա («Սիմոն Բոկանեգրա»), Էլվիրա («Էրնանի»), «Լեդի Մակբեթ», Էբիգեյլ («Նաբուկկո»), Օդաբելլա («Աթիլլա»), ինչպես նաև Ռեքվիեմը:
Պապյանի երկացանկի կենտրոնական մասն է Բելլինիի «Նորման», ի թիվս այլոց այդ դերով նա հանդես է եկել Վիեննայի ազգային օպերայում, Թուրինի թագավորականում, Մոնրեալում, Բալթիմորում, Դեթրոյթում, Դենվերում, Վաշինգտոնում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Մարսելի, Մոնպելյեի օպերաներում, օպերային փառատոներին՝ Օրանժում (Հարավային Ֆրանսիա), Սիցիլիայում, Մանհայմում, Շտուտգարտում, Ռոտերդամում Ամստերդամի Նիդերլանդական օպերան: Ամստերդամի կատարումը 2006 թ-ի հոկտեմբերին թողարկվել է թվային տեսասկավառակ (DVD) տարբերակով։
2009 թ-ի հունվարից, նա իր խաղացանկին ավելացրել է ևս մի հիանալի դերակատարում՝ Եղիսաբեթ Ա թագուհի Դոնիցետտիի «Ռոբերտո Դևերոյում» (դեբյուտը Դալլասի օպերայում).
Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասմիկ Պապյանը ելույթներ է ունեցել եվրոպական երկրների մեծ մասում, Իսրայելում, Լիբանանում (Բաալբեկի միջազգային փառատոն), Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում (Մեքսիկա, Բրազիլիա, Չիլի), ինչպես նաև Կանադայում (Տորոնտո, Մոնրեալ) և Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն, Սան Ֆրանցիսկո, Բալթիմոր, Դեթրոյթ, Ցինցինատիի փառատոն, Դենվեր և այլն), ուր նրան հրավիրում են պարբերաբար։ Նա կատարումներ է ունեցել շատ նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, Ժորժ Պրետրեն, Միշել Պլասսոն, Մարսելո Վիոտտին, Մաուրիցիո Արենան, Մյունգ-Վհուն Չունգը, Գենադի Ռոժդեստվենսկին, Պլասիդո Դոմինգոն, Լեոնարդ Սլատկինը, Ջեյմս Մորիսը և Ջեյմս Կոնլոնը:
Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը՝ Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Չուխաճյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան:
2006 թ-ին թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով՝ այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թ-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։
2005 թ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ կողմից Էջմիածնում պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով՝ որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»:
2012 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանը[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1961 ծնունդներ
- Սեպտեմբերի 2 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Սոպրանոներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ օպերային երգչուհիներ
- Հայ սոպրանոներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- Հայ երաժիշտներ
- Հայ ջութակահարներ
- Հայ առաքելական քրիստոնյաներ