Jump to content

Հասարակական հետազոտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասարակական հետազոտություն
Economic concept, հետազոտության թեմա, study type Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիահետազոտություն Խմբագրել Wikidata
Կազմված էqualitative research, quantitative research Խմբագրել Wikidata

Հասարակական հետազոտություն, հետազոտություն, որն իրականացնում են սոցիոլոգները՝ հետևելով համակարգված պլանին։ Հասարակական հետազոտության մեթոդաբանությունները կարելի է դասակարգել որպես քանակական և որակական[1]։

  • Քանակական մոտեցումները ուսումնասիրում են սոցիալական երևույթները քանակայնորեն չափելի ապացույցների միջոցով և հաճախ հենվում են վիճակագրական վերլուծությունների վրա՝ բազմաթիվ դեպքերի կամ փորձերի համադրությունները օգտագործելով՝ վավեր ու վստահելի ընդհանուր եզրակացություններ ստեղծելու համար։
  • Որակական մոտեցումները շեշտադրում են սոցիալական երևույթների ըմբռնումը անմիջական դիտարկման, մասնակիցների հետ հաղորդակցության կամ տեքստերի վերլուծության ճանապարհով և հաճախ կարևորում են կոնտեքստային, սուբյեկտիվ ճշգրտությունը ընդհանրականության փոխարեն։

Շատ մեթոդներ պարունակում են երկուսի տարրերն էլ։ Օրինակ՝ որակական տվյալների վերլուծությունը հաճախ ենթադրում է բավականին կառուցվածքային մոտեցում՝ հում տվյալները կոդավորելու, դրանք համակարգված տեղեկատվության վերածելու և միջկոդային վստահելիությունը քանակապես գնահատելու համար[2]։ «Քանակական» ու «որակական» մոտեցումների հարաբերությունը հաճախ ավելի բարդ է, քան կդիտարկեր պարզ տարանջատումը։

Սոցիոլոգները կիրառում են տարբեր մեթոդներ՝ սոցիալական երևույթների շատ լայն շրջանակ վերլուծելու համար՝ սկսած մարդահամարների տվյալների (միլիոնավոր անհատների) վիճակագրական վերլուծությունից մինչև մեկ անհատի սոցիալական փորձառությունների խորքային ուսումնասիրություն, սկսած ժամանակակից փողոցներում կատարվող իրադարձությունների դիտարկումից մինչև պատմական փաստաթղթերի ուսումնասիրություն։ Դասական սոցիոլոգիայի և վիճակագրության հիմունքները ծառայել են որպես հետազոտության հիմք այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են քաղաքագիտությունը և մեդիան։ Դրանք հաճախ կիրառվում են նաև ծրագրերի գնահատման և շուկայի հետազոտություննների կատարման ժամանակ։

Սոցիոլոգները հաճախ բաժանված են տարբեր հետազոտական տեխնիկաների կողմնակիցների «ճամբարների», և այս վեճերը առնչվում են հասարակական տեսության պատմական հիմքերին (պոզիտիվիզմ և անտիպոզիտիվիզմ, կառուցվածք և գործակալություն)։ Չնայած բազմակողմանի տարբերություններին, թե որակական, և թե քանակական մոտեցումները ներառում են համակարգված փոխազդեցություն տեսության և տվյալների միջև[3]։ Մեթոդի ընտրությունը սովորաբար կախված է նրանից, թե ինչ է հետազոտողը ցանկանում իքնա­հետազոտել։ Օրինակ, եթե նպատակն է ստանալ վիճակագրական ընդհանրացում ամբողջ բնակչության համար, հետազոտողը կարող է անցկացնել հարցում ներկայացուցչական նմուշի վրա։ Նույնիսկ հակառակ դեպքում՝ լիարժեք համատեքստային ըմբռնում ստանալու համար մեկ անհատի սոցիալական գործունեության մասին հետազոտողը կարող է ընտրել էթնոգրաֆիկ մասնակցային դիտարկում կամ բաց, որակական հարցազրույցներ։ Հաճախ ուսումնասիրությունները համադրում են քանակականը և որակականը՝ որպես բազմամեթոդային դիզայնի մասը։

Սովորաբար բնակչությունը այնքան մեծ է, որ մարդահամարը անհարդար կլինի։ Այդ պատճառով ուսումնասիրման համար ձեռք է բերվում բնակչության կառավարելի ենթաբազմությունը։ Պոզիտիվիստական հետազոտության մեջ նմուշից ստացված վիճակագրական տվյալները վերլուծվում են՝ ամբողջ բնակչության վերաբերյալ եզրակացություններ անելու նպատակով։ Տվյալների հավաքման այս գործընթացը կոչվում է նմուշառում։ Նմուշառման մեթոդները կարող են լինել պատահական (օր.՝ պատահական նմուշառում, համակարգված նմուշառում, շերտային նմուշառում, կլաստերային նմուշառում) կամ ոչ պատահական/ոչ հավանականության նմուշառում (օր.՝ հարմարության նմուշառում, նպատակային նմուշառում, շղթայասկան նմուշառում)[3]։ Նմուշառման հիմնական նպատակը բնակչության վերաբերյալ տվյալներ ստանալն է. նմուշառումը արագ է և էժան ի տարբերություն ամբողջական մարդահամարի իրականացմանն ու անցկացմանը։

Մեթոդոլոգիական ենթադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական հետազոտությունները հիմնված են տրամաբանության և էմպիրիկ (փորձի վրա հիմնված) դիտարկումների վրա։ Չարլզ Ռեյգինը իր «Սոցիալական հետազոտությունների կառուցում »( անգլ.՝ Constructing Social Research ) աշխատության մեջ գրում է, որ՝ «հասարակական հետազոտությունը ընդգրկում է գաղափարների և ապացույցների փոխազդեցությունը. գաղափարները օգնում են հետազոտողներին հասկանալ ապացույցները, իսկ հետազոտողները օգտագործում են ապացույցները՝ գաղափարները ընդլայնելու, փոփոխելու և փորձարկելու համար»։ Հետևաբար հասարակական հետազոտությունը փորձարկելու է ստեղծել կամ վավերացնել տեսություններ տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով. նրա նպատակներն են՝ հետազոտությունը, նկարագրությունը, բացատրությունը և կանխատեսումը։ Այն չի պետք է շփոթել փիլիսոփայության կամ հավատքի հետ։ Հասարակական հետազոտությունը ձգտում է հայտնաբերել հասարակական կյանքի կանոնավորության նմուշներ և սովորաբար գործածական է սոցիալական խմբերի վրա (անձերի կուտակումներ), ոչ թե բացառապես անհատների վրա (չնայած հոգեբանությունը մի ոլորտ է, որտեղ հաճախ հետազոտվում են անհատները)։ Հետազոտությունը կարող է բաժանվել մաքուր և կիրառական տեսակի. մաքուր հետազոտությունը կարող է չունենալ անմիջական կիրառություն, իսկ կիրառականը նպատակ ունի ազդել իրական աշխարհի վրա։

Հասարակական գիտություններում չկա բնական գիտությունների նման «օրենքների» համակարգ։ Հասարակական գիտության մեջ օրենքը ընդամենը ընդհանուրացումն է՝ որոշ փաստերի դասի վերաբերյալ։ Փաստը դիտարկված երևույթ է, և դիտարկումը նշանակում է, որ այն տեսել, լսել կամ այլ կերպ փորձվել է հետազոտողի կողմից։ Տեսությունը համակարգված բացատրություն է տվյալ դիտարկումների համար։ Հասկացությունները հանդիսանում են տեսության հիմնական կառուցվածքային բաղադրիչները և ներկայացնում են երևույթների դասեր։ Աքսիոմաները հիմնական պնդումներ են, որոնք ընդունվում են որպես ճիշտ։ Դատողությունները հասկացությունների միջև հարաբերությունների մասին քաղված եզրակացություններն են։ Հիպոթեզները էմպիրիկ իրականության վերաբերյա որոշակի սպասելիքներ են, որոնք ծագում են այս ենթադրություններից։ Հասարակական հետազոտությունը ենթադրում է այս հիպոթեզերի ստուգում՝ պարզելու համար՝ արդյոք դրանք գոհացնում են տվյալներին։

Հասարակական հետազոտությունը ներառում է տեսության կառուցում, օպերացիոնալիզմ (փոփոխականների չափում) և հոգեբանական դիտարկում (տվյալների հավաքագրում՝ հիպոթեզների փորձարկման համար)։ Սոցիալական տեսությունները հաճախ արտահայտվում են փոփոխականների լեզվով. փոփոխականները տրամաբանական հատկանիշների հավաքածուներ են, որոնց կրողներն են մարդիկ. օրինակ՝ սեռը կարող է լինել փոփոխական՝ տարբեր հատկանիշներով՝ տղամարդ, կին և ոչ բինար։

Փոփոխականները սովորաբար բաժանվում են ազատ (ազդող) փոփոխականներ և կախյալ (քննվող) փոփոխականներ։ Ազատ փոփոխականներն ազդում են կախյալի վրա, իսկ կախյալը այն է, ինչ գիտնականները փորձում են բացատրել: Օրինակ՝ տարբեր դեղաչափերի ազդեցությունը հիվանդության ախտանիշների ծանրության վրա. ախտանիշների ծանրությունը կլինի կախյալ փոփոխականը, իսկ դեղաչափը՝ ազատ փոփոխականը։ Հետազոտողները համեմատում են կախյալ փոփոխականի տարբեր արժեքները (օրինակ, ախտանիշների ծանրությունը) և փորձում են եզրակացնել պատճառահետևանքային կապերը։

Լավ հետազոտության ուղեցույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ խոսվում է «լավ հետազոտության» մասին, նկատի ունեն թե́՞ ինչպես է հետազոտությունը կառուցված ու իրականացված, ոչ թե այն՝ ինչ արդյունք է ցույց տալիս։ Գլեն Ֆայրբաուն իր «Սոցիալական հետազոտության և կանոններ» գրքում ամփոփում է լավ հետազոտության սկզբունքները։ Առաջին կանոնը՝ «Հետազոտության մեջ պետք է առկա լինի անակնկալ հնարավորությունը», զգուշացնում է հետազոտողներին չմնալ նախապաշարմունքի ճիրաններում՝ որպեսզի չկուրանան սեփական գաղափարներում և չմերժեն հակառակ ապացույցները կամ չզրոացնեն դրանց արժեքը։

Ավելին, լավ հետազոտությունը պետք է «փնտրի այն տարբերությունները, որոնք նշանակություն ունեն» (Կանոն 2) և «ներդնի իրականության ստուգումներ» (Կանոն 3)։ Կանոն 4-ը խորհուրդ է տալիս կրկնօրինակել արդյունքները՝ «տեսնելու համար՝ արդյոք նույն վերլուծությունները տալիս են նմանատիպ արդյունքներ տարբեր նմուշների վրա»։ Հաջորդ երկու կանոնները ուշադրություն են դարձնում՝ «համեմատել նմանն ըստ նմանության» (Կանոն 5) և «ուսումնասիրել փոփոխությունը» (Կանոն 6)։ Այդ կանոնները հատկապես կարևոր են, երբ գնահատում են մեկ փոփոխականի ազդեցությունը մյուսի վրա (օրինակ՝ ինչքան է բուհական կրթությունը ազդում աշխատավարձի վրա)։ Վերջին կանոնը՝ «Թող մեթոդը ծառայի, ոչ թե տիրի» հիշեցնում է, որ մեթոդները միջոց են՝ հետազոտական հարցի լուծման համար, ոչ թե վերջնակետ։

Սոցիալական տեսություններում բացատրությունները կարող են լինել իդիոգրաֆիկ կամ նոմոթետիկ։ Իդիոգրաֆիկ բացատրությունը ձգտում է հաշվել բոլոր՝ տվյալ դեպքի առանձնահատուկ պատճառները, մինչդեռ նոմոթետիկ բացատրությունը փորձում է գտնել մի քանի ընդհանուր գործոններ, որոնք ազդում են տարբեր դեպքերի մեծ դասի վրա։ Օրինակ՝ աշխատանք ընտրելու հարցում իդիոգրաֆիկ բացատրությունը կնշի բոլոր հնարավոր պատճառները, թե ինչու տվյալ անհատը ընտրեց այդ աշխատանքը, իսկ նոմոթետիկը կփորձի գտնել ընդհանուր գործոններ, որոնք որոշում են աշխատանքի ընտրության հիմնական հոսքերը։

Գիտական հետազոտությունը, և մասնավորապես հասարակագիտական հետազոտությունը, հաճախ երկար, դանդաղ և բարդ գործընթաց է, որը ժամանակավրեպ կարող է տալ սխալ արդյունքներ մեթոդաբանական թույլ կողմերի կամ կեղծարարության պատճառով, ուստի մեկ ուսումնասիրության վրա լիովին ապավինելը խորհուրդ չի տրվում[4]։

Սոցիալական հետազոտությունների էթիկան համընկնում է բժշկական հետազոտությունների էթիկային։ Միացյալ Նահանգներում դրանք Բելմոնտի զեկույցում ձևակերպվել են հետևյալ կերպ.

Հարգանք անձանց նկատմամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգանքի սկզբունքը նշանակում է, որ՝

  • (ա) անհատները պետք է հարգվեն որպես ինքնավար գործող անձինք, ունակ՝ իրենց սեփական որոշումները կայացնելու,
  • (բ) այն անձինք, որոնց ինքնավարությունը նվազված է, պետք է ստանան հատուկ պաշտպանություն[5]։

Այս սկզբունքի կարևոր մաս է հանդիսանում տեղեկացված համաձայնությունը։

Օգտակարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակարության սկզբունքը սահմանում է՝

  • (ա) հետազոտման մասնակիցները պետք է պաշտպանված լինեն վնասից,
  • (բ) հետազոտությունը պետք է կարողանա բերել իրական, նյութական օգուտ հասարակության համար։

Ահա թե ինչու գիտական արժեք չունեցող հետազոտությունները հաճախ համարվում են անէթիկական[5]։

Արդարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարության սկզբունքը ասում է, որ հետազոտության օգուտները պետք է արդարորեն բաշխվեն։ Արդարության սահմանումը կարող է կախված լինել դեպքից՝ և՛ ըստ հավասար բաժնետոմսի, և՛ ըստ անհատական անհրաժեշտության, և՛ ըստ անհատական ջանքերի, և՛ ըստ հասարակական ներդրման կամ արժանավորության[5]։

Մեթոդների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա հետազոտական մի շարք մեթոդների ոչ ամբողջական ցուցակը:

Քանակական մեթոդներ Որակական մեթոդներ Խառը մեթոդներ
  • Արխիվային հետազոտություն
  • Վերլուծական ինդուկցիա
  • Դեպքի ուսումնասիրություն
  • Բովանդակության վերլուծություն
  • Ազգագրություն
  • Ֆոկուս խումբ
  • Պատմական մեթոդաբանություն
  • Կյանքի պատմություն
  • Մորֆոլոգիական վերլուծություն
  • Առավել նշանակալի փոփոխության տեխնիկա
  • Մասնակցի դիտարկում
  • Կիսակառուցվածքային հարցազրույց
  • Կառուցվածքային հարցազրույց
  • Տեքստային վերլուծություն
  • Անկառուցված հարցազրույց
  • Դելֆիի մեթոդ
  • Սանդուղքային հարցազրույցի մեթոդ
  • Q մեթոդաբանություն
  • Ռեպերտորային ցանց
  • Եռանկյունացում

Հասարակական հետազոտության հիմքերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգիական պոզիտիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցման պատմական արմատները կարելիէ գտնել հին ժամանակներից՝ Վերջին դատաստանի գիրք(1086 թվական)[6][7]:Ոմանք ժողովրդագրության սկիզբը կապում են 1663 թ.Ջոն Գրաունտի «Մահկանացության օրենքների վերաբերյալ բնական և քաղաքական դիտարկումներ» աշխատության հետ[8]։ Սակայն սոցիալական հետազոտությունները գիտակցաբար զարգացել են 19-րդ դարի սկզբին՝ պոզիտիվիստական գիտության փիլիսոփայության ազդեցությամբ։

Էմիլ Դյուրկհամ

Վիճակագրական սոցիոլոգիական հետազոտությունը և ժամանակի ընթացքում ակադեմիական սոցիոլոգիայի բնագավառը սկսեցին մեծապես ձևավորվել Էմիլ Դյուրկհայմի (1858–1917) աշխատանքներից։ Չնայած Դյուրկհայմը մերժեց Օգյուստ Կոնտի որոշ փիլիսոփայական ենթադրություններ, նա պահպանեց մեթոդական ռացիոնալությունն ու նպաստեց այն գաղափարին, որ հասարակական գիտությունները կարող են կիրառել օբյեկտիվության և պատճառականության մեթոդները՝ նմանապես բնական գիտություններին[9] Դյուրկհայմը հիմնեց Եվրոպական առաջին սոցիոլոգիայի ամբիոնը Բորդոյի համալսարանում 1895 թ.-ին և իր «Սոցիոլոգիական մեթոդի կանոնները» գրքում պնդեց, որ մեր գլխավոր նպատակն է գիտական ռացիոնալիզմը տարածել մարդկային վարքի վրա[10][11]։

Դյուրքհեյմի կարևոր տեքստերից մեկը՝ 1897 թվականին գրված«Ինքնասպանություն» աշխատությունը, որպես ինքնասպանության վիճակագրական ուսումնասիրություն՝ համեմատեց կաթոլիկ և բողոքական համայնքների ինքնասպանությունների մակարդակները և փորձեց ցույց տալ, որ տարբեր հավատքի համայնքները ունեն տարբեր սոցիալական պատճառներ, որոնք ազդում են ինքնասպանության մակարդակների վրա։ Ինքնասպանությունների վիճակագրությունը ուշադիր ուսումնասիրելով՝ նա փորձեց ցույց տալ, որ կաթոլիկ համայնքներում ինքնասպանությունների մակարդակն ավելի ցածր է, քան բողոքականների մոտ, ինչին հեղինակը վերագրում էր սոցիալական պատճառներ։ Նա մշակեց «sui generis»՝ «Սոցիալական փաստերի» գաղափարը՝ սոցիոլոգիայի ուսումնասիրման առարկան սահմանելու համար։[9] Դյուրքհեյմի մոտեցումը նպատակ ուներ հաշվարկել՝ արդյոք մի հասարակություն «առողջ» է, թե «պաթոլոգիկ», և անհրաժեշտության դեպքում առաջնորդել սոցիալական բարեփոխումների ճանապարհով՝ կանխելու «սոցիալական անոմիան»։ Դյուրկհայմի համար սոցիոլոգիան կարելի է բնութագրել որպես «հաստատությունների, դրանց ծագման և գործունեության գիտություն»[12]։

Ժամանակակից մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին մշակվեցին հարցումների մեթոդաբանության նորամուծություններ, որոնք մինչ օրս ազդեցիկ են: 1928 թվականին հոգեբան Լուի Լեոն Թերսթոունը մշակեց մի մեթոդ՝ բազմակի տարրեր ընտրելու և գնահատելու համար, որոնց միջոցով կարելի էր չափել բարդ գաղափարներ, ինչպիսիք են կրոնի նկատմամբ վերաբերմունքը: 1932 թվականին հոգեբան Ռենսիս Լիկերտը մշակեց Լիկերտի սանդղակը, որտեղ մասնակիցները գնահատում են իրենց համաձայնությունը պնդման հետ՝ օգտագործելով հինգ տարբերակ՝ «բացարձակապես համաձայն չեմ»-ից մինչև «լիովին համաձայն եմ»: Լիկերտի նման սանդղակները մնում են հարցումներում ամենատարածված տարրերը:

20-րդ դարի կեսերին ամերիկյան սոցիոլոգիայի համար կար ընդհանուր, բայց ոչ համընդհանուր, միտում՝ բնույթով ավելի գիտական լինելու, ինչը պայմանավորված էր այդ ժամանակաշրջանում գործողության տեսության և այլ համակարգային տեսական մոտեցումների առաջնային նշանակությամբ։ Ռոբերտ Քինգ Մերտոն հրատարակել է իր «Սոցիալական տեսություն և սոցիալական կառուցվածք» աշխատությունը (1949 թվական): 1960-ականների սկզբին սոցիոլոգիական հետազոտությունները ամբողջ աշխարհում ավելի ու ավելի հաճախ էին օգտագործվում որպես գործիք կառավարությունների և բիզնեսների կողմից: Սոցիոլոգները մշակել են քանակական և որակական հետազոտական մեթոդների նոր տեսակներ: Փոլ Լազարսֆելդը հիմնադրել է Կոլումբիայի համալսարանը կիրառական սոցիալական հետազոտությունների բյուրոյում, որտեղ նա հսկայական ազդեցություն է ունեցել սոցիալական հետազոտությունների տեխնիկայի և կազմակերպման վրա: Սոցիոլոգիական մեթոդի մեջ նրա բազմաթիվ ներդրումները նրան բերել են «ժամանակակից էմպիրիկ սոցիոլոգիայի հիմնադիր» կոչումը[13]:  Լազարսֆելդը մեծ առաջընթաց է գրանցել վիճակագրական հարցումների վերլուծության,  վահանակային մեթոդների, թաքնված կառուցվածքի վերլուծության և համատեքստային վերլուծության ոլորտներում:  Նրա գաղափարներից շատերը այնքան ազդեցիկ են եղել, որ այժմ էլ համարվում են ինքնին ակնհայտ[13]:

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shackman, Gene. What is Program Evaluation, A Beginner's Guide. Module 3. Methods. The Global Social Change Research Project. 2009. Available at http://www.ideas-int.org. See Resources.
  2. Elizabeth H. Bradley; Leslie A. Curry; Kelly J. Devers (2007 թ․ օգոստոս). «Qualitative Data Analysis for Health Services Research: Developing Taxonomy, Themes, and Theory». Health Serv Res. 42 (4): 1758–1772. doi:10.1111/j.1475-6773.2006.00684.x. PMC 1955280. PMID 17286625.
  3. 3,0 3,1 Haralambos & Holborn. Sociology: Themes and perspectives (2004) 6th ed, Collins Educational. 978-0-00-715447-0. Chapter 14: Methods
  4. «This was the biggest political science study of last year. It was a complete fraud». Vox. 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Belmont report». The National Commission for the Protection of Human Subjects of Biomedical and Behavioral Research. 1979 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ ապրիլի 5-ին.
  6. A. H. Halsey (2004), A history of sociology in Britain: science, literature, and society, p. 34
  7. Geoffrey Duncan Mitchell (1970), A new dictionary of sociology, p. 201
  8. Willcox, Walter (1938) The Founder of Statistics.
  9. 9,0 9,1 Wacquant, Loic. 1992. "Positivism". In Bottomore, Tom and William Outhwaite, ed., The Blackwell Dictionary of Twentieth-Century Social Thought
  10. Gianfranco Poggi (2000). Durkheim. Oxford: Oxford University Press.
  11. Durkheim, Emile. 1895. Rules of the Sociological Method. Cited in Wacquant (1992).
  12. Durkheim, Émile [1895] The Rules of Sociological Method 8th edition, trans. Sarah A. Solovay and John M. Mueller, ed. George E. G. Catlin (1938, 1964 edition), p. 45
  13. 13,0 13,1 Jeábek, Hynek (2001). «Paul Lazarsfeld — The Founder of Modern Empirical Sociology: A Research Biography». International Journal of Public Opinion Research. 13 (3): 229–244. doi:10.1093/ijpor/13.3.229.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]