Հաշվարկային հաշիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաշվարկային հաշիվ, տնտեսական հաշվարկային ձեռնարկության դրամական հաշիվ բանկի համապատասխան շրջանային բաժանմունքում, միաժամանակ՝ հաշվապահական հաշիվ, որի օգնությամբ հաշվառվում են ձեռնարկության հիմնական տնտեսական գործունեության դրամական եկամուտներն ու ծախսերը։ Ըստ շրջանառության վարկավորվող ձեռնարկությունների հիմնական գործունեությունից ստացվող դրամական եկամուտների մուտքագրումն ու ծախսերի մեծ մասը կատարվում են հատուկ վարկային հաշվից։ Հաշվարկային հաշիվի միջոցների կարգադրիչը ձեռնարկությունն է։ Այն կարող է ունենալ միայն մեկ հիմնական հաշվարկային հաշիվ, իսկ որոշ դեպքերում՝ նաև հատուկ հաշվարկային հաշիվ (շրջանառու միջոցների վերաբաշխման, կապիտալ նորոգման և այլն) ու հաշվարկային ենթահաշիվ (տնտհաշվարկով չաշխատող ձեռնարկությունների դրամական ռեսուրսների կենտրոնացման համար)։ Հաշվարկային հաշվում կենտրոնացվում են ազատ դրամական միջոցները և արտադրանքից, կատարված աշխատանքներից ու ծառայություններից ստացված գումարները, կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերը և այլ մուտքագրումներ։ Հաշվարկային հաշվից կատարվում են կազմակերպության համարյա բոլոր վճարումները վճարում նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռք բերման, մատակարարաներից ստացված նյութերի դիմաց, բյուջեի, սոցիալական ապահովագրության հանդեպ պարտքի մարումը, դրամի ստացումը դրամարկղ աշխատավարձ, նյութական օգնություն, պարգևատրումներ վճարելու համար և այլն։ Հաշվարկային հաշվից կանխիկ գումարի բաց թողումը և բոլոր փոխանցումները բանկի կողմից կատարվում են միայն հաշվարկային հաշվի տիրոջ, կազմակերպության հրամանի հիման վրա կամ նրա համաձայնությամբ (ակցեպտով)։ Հաշվարկային հաշիվ ունեցող կազմակերպությունները իրենց տարածքից դուրս տեղաբաշխված մասնաճյուղերի, բաժանմունքների և այլ ստորաբաժանումների համար կարող են բանկում բացել ընթացիկ հաշիվներ։ Այդ հաշիվները նախատեսված են մասնաճյուղերի կողմից հետևյալ գործառնությունների կատարման համար, կանխիկ գումարների տրամադրում հաշվարկային հաշվից աշխատավարձի և գործուղման ծախսերի վճարման համար, միջոցների մուտքագրում կազմակերպության աշխատողների ավանդների և աշխատավարձից պահումների, ինչպես նաև արտադրական խնդիրների իրականացման համար փոխանցումներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 239