Հաշվապահական հաշիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կազմակերպությունները, գործողության մեջ դնելով իրենց տրամադրության տակ գտնվող ակտիվները, ծավալում են տնտեսական գործունեություն։ Տնտեսական գործունեության ընթացքում նրանք կատարում են բազմաթիվ և բազմապիսի գործառնություններ։ Այդ գործառնությունները կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների կազմում առաջացնում են փոփոխություններ։ Անիմաստ կլիներ հաշվեկշռի ակտիվում և պասիվում տեղի ունեցած յուրաքանչյուր փոփոխությունից հետո նոր հաշվեկշիռ կազմելը. Դա բավականին կծանրաբեռներ հաշվապահական հաշվառման աշխատանքները և հնարավորություն չէր տա արտացոլելու հաշվեկշռի ակտիվի և պասիվի շարունակական փոփոխությունները, քանի որ հաշվեկշիռը արտացոլում է ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների կայուն դրությունը, այլ ոչ թե դրանց շարժը։ Այս խնդիրը լուծվում է հաշվապահական հաշվառման հաշիվների օգնությամբ։ Հաշվապահական հաշիվը 2 կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի ձախ մասը կոչվում է դեբետ, իսկ աջը՝ կրեդիտ։ Հաշվապահական հաշիվները դասակարգվում են 2 խմբի՝

  1. Ակտիվային
  2. Պասիվային հաշիվներ։

Ակտիվային են կոչվում այն հաշիվները, որոնք գտնվում են հաշվեկշռի ակտիվ կողմում։ Այդպիսի հաշիվներն են՝ հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները, կառույցները, ապրանքները, դեբիտորական պարտքերը և այլն։ Ակտիվային հաշիվներում սկզբնական մնացորդը, ավելացումները և վերջնական մնացորդը գրանցվում են դեբետում, իսկ նվազեցումները կրեդիտում։ Ակտիվային հաշիվները պետք է ունենան միայն դեբետային մնացորդ։ Պասիվային են կոչվում այն հաշիվները, որոնք գտնվում են հաշվեկշռի պասիվ կողմում։ Դրանք են՝ կանոնադրական կապիտալը, էմիսիոն եկամուտը, շահույթը, վարկերը, կրեդիտորական պարտքերը գնումների գծով և այլն։