Հան (ազգություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հան (ավանդ. չին. 漢族), չինացիներ, ազգ: Չինաստանի հիմնական բնակչությունը։ Առավել խոշոր խմբերով բնակվում են նաև Թաիլանդում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Վիետնամում, Բիրմայում, Ֆիլիպիններում, Կամբոջայում: Թվաքանակով աշխարհում գրավում են առաջին տեղը։

Լեզուն չինարենն է, որը պատկանում է չին-տիբեթական ընտանիքին, ընդգրկում է միմյանցից խիստ տարբերվող մի քանի բարբառ։ Գիրը հիերոգլիֆային է։ Մարդաբանորեն միատարր չեն։ Հիմնականում պատկանում են մոնղոլոիդ ռասայի խաղաղօվկիանոսյան ճյուղին, հյուսիսային Չինաստանի մեջ գերակշռում են արևելաասիական, իսկ հարավային Չինաստանի մեջ՝ հարավասիական խմբերի տարատեսակներ։ Կրոնական պատկերացումներում համադրված են տարբեր կրոնների և հավատալիքների զանազան տարրեր։ Առավել նշանակալից է եղել նախնիների պաշտամունքը։ Սկզբում տարածված են եղել դաոսականությունն ու կոնֆուցիոսականությունը, այնուհետև՝ բուդդայականությունը, մասամբ՝ քրիստոնեությունը, առավել քիչ՝ մահմեդականությունը (իսլամ

Նրանց նախնիների թվին են պատկանում Հուանհե և Յանցզի գետերի ավազանների երկրագործ ցեղերը, որոնք ստեղծել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների նեոլիթյան մշակույթ։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյարկում այժմյան Հենան, Շենսի, Շանսի նահանգների տարածքում առաջացել է Ին պետական կազմավորումը, որի բնակիչների լեզվի հիման վրա զարգացել է հին չինարենը։ Մ.թ.ա. 11-րդ դարում արևմտյան հարևան չժոու ցեղը նվաճել է Ին պետությունը։ Մ.թ.ա. 11-3-րդ դարերում ին և չժոու ժողովուրդների միախառնված հետնորդների շրջակայքում ապրել են չինական աղբյուրներում հավաքական անվանումներով հայտնի զանազան ցեղեր (հարավում՝ ման, արևմուտքում՝ ժուն, հյուսիսում՝ դի, արևելքում՝ ի)։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսից չինական աղբյուրներում հիշատակված Յանցզիից հարավում բնակվող յուէ բազմաթիվ ցեղերը։ Դրանք հիմնականում եղել են տայ ժողովուրդների նախնիները։

Հան դինաստիայի (Յանցզիի Հան վտակի անունից) ժամանակաշրջանում (մ.թ.ա. 3-րդ - մ.թ. 3-րդ դարեր) կազմավորվել է հին չինական ժողովուրդը, իսկ դինաստիայի անունը դարձել է չինացիների ինքնանվանումը (հան)։ Ըստ չինացի պատմագիր Սիմա Ցյանի «Շի-ցզի» աշխատության, հաների նախնին եղել է լեգենդար Հուան-դին (Դեղին կայսր)։ Հան պետության ընդարձակումն ուղեկցվել է հաների նշանակալից վերաբնակեցումներով և որպես կանոն, Արևելյան Ասիայի այլ ժողովուրդների ձուլմամբ։ Տան դինաստիայի ժամանակաշրջանում (6-9-րդ դարեր) տրոհված Չինաստանի վերամիավորումը նպաստել է չինացիների էթնիկական համախմբմանը։ Սակայն այդ ժամանակաշրջանում էլ նրանց բնակության ոլորտը ամենևին չէր ընդգրկում այժմյան Չինաստանի ամբողջ տարածքը։ Հյուսիսում միմյանց հաջորդել են թյուրքական և մոնղոլական անկախ քոչվոր միավորումները, իսկ հարավ-արևմուտքում գոյատևել են գլխավորապես ի, տան, մոն-քմերական ժողովուրդների նախնիներով բնակեցված պետություններ։

Սուն դինաստիայի ժամանակաշրջանում (10-13-րդ դարեր) Չինաստանը բաժանվել է հյուսիսային և հարավային մասերի։ Հյուսիսում սկզբում տիրապետել են մոնղոլալեզու կիդանները (որոնց անունով էլ՝ ռուսերեն «Կիտայ» անվանումը), այնուհետև՝ տունգուսա-մանջուրական լեզվով խոսող չժուրչժենները: 13-րդ դարի կեսին այժմյան չինացիների տարածքը նվաճել են մոնղոլները։ Մանջուրական Ցին դինաստիայի ժամանակաշրջանում (1664-1911 թթ) հիմնականում ձևավորվեցին Չինաստանի այժմյան քաղաքական սահմանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png