Հանքահորային պարաշյուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանքահորային պարաշյուտ, հանքահորերի վերհան տեղակայանքների բարձրացնող ճոպանը կտրվելու դեպքում ընկնող վերելակները (վագոնիկները) որսացող և սահուն արգելակող (կանգնեցնող) ապահովիչ ավտոմատ սարք։

ԽՍՀՄ-ում կիրառվել են հենարաններից կալման և հարվածամեղմիչներով արգելակման՝ որսման և արգելակման անջատ ֆունկցիաներով տիպային hանքահորային պարաշյուտներ։

Հանքահորային պարաշյուտները հիմնական տարրը որսիչն է։ Վերելակն ընկնելու դեպքում ուղղաձիգ վերհան տեղակայանքներում որսիչները սեպային կցորդիչներով ազդում են հարվածամեղմիչներով անցնող և մեղմիչ ճոպաններին միացող երկու արգելաճոպանների վրա։ Արգելակման սահունությունն ապահովվում է արգելակող ճոպանների առաձգական երկարացմամբ և հարվածամեղմիչներում մեղմիչ ճոպանների տեղաշարժով։ Բազմաճոպան (4 և ավելի) վերհան տեղակայանքներում հանքահորային պարաշյուտներ կիրառելը պարտադիր չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։