Հանրային շահ
Հանրային շահ, հասարակական գիտությունների և տնտեսագիտության մեջ «ընդհանուր առմամբ՝ հանրության և հասարակության բարեկեցությունը»[1]։ Այն վաղ փիլիսոփայական արմատներ ունի և համարվում է ժողովրդավարական կառավարման տեսության հիմնաքարը։ Սակայն առաջին անգամ ակնհայտորեն ինտեգրվել է կառավարման գործիքակազմում միայն 20-րդ դարի սկզբում։ Հանրային շահը արագորեն ընդունվել և հանրայնացվել է մարդու իրավունքների պաշտպանությամն զբաղվող իրավաբանների կողմից 1960-ական թվականներին և հետագայում դարձել նաև լրագրությամ, տեխնոլոգիայի և այլ ոլորտների անբաժան մասը։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսագետ Լոկ Սանգ Հոն իր «Հանրային քաղաքականություն և հանրային շահ» աշխատության մեջ գրում է, որ հանրային շահը պետք է գնահատել անաչառորեն, և ուստի հանրային շահը սահմանում է որպես «ներկայացուցչական անհատի en ante բարեկեցություն»[2]։ Ex ante ասելով՝ պետք է հասկանալ, որ փոփոխությունը գնահատվում է ոչ թե փաստից հետո, այլ դրանից առաջ՝ չիմանալով, թե անհատն իրականում արդյոք կշահի, թե կտուժի դրանից։ Այս մոտեցումը բխում է, այսպես կոչված, արհամարհանքի շղարշի մոտեցումից, որն առաջին անգամ առաջարկել է Ջոն Հարսանյին, բայց հանրահռչակել է Ջոն Ռոլսը 1971 թվականին իր «Արդարության տեսությունը» գրքում[3]։ Պատմականորեն, սակայն, մոտեցումը կարելի է գտնել Ջոն Սթյուարթ Միլլի կողմից, ով Ջորջ Գրոթին ուղղված իր նամակում բացատրում է, որ «մարդկային երջանկությանը, նույնիսկ սեփականին, ավելի հաջող կարելի է հասնել, եթե գործենք ընդհանուր կանոններով, այլ ոչ յուրաքանչյուր գործողության հետևանքներն առանձին-առանձին չափելով․ և դա դեռ ավելին է ընդհանուր երջանկության դեպքում, քանի որ ցանկացած այլ ծրագիր ոչ միայն բոլորին կթողնի անորոշ սպասելիքների առաջ, այլ նաև կստեղծի հավերժական վիճաբանություն...»[4]։
Այս մոտեցումը գրավիչ է, քանի որ միայն անաչառության դեպքում կարող է լինել կոնսենսուսի հնարավորություն: Սա, իհարկե, դեռևս պայմանական է. այսինքն՝ պայմանով, որ բոլորն անեն նույն մտավարժանքը, ինչն առաջարկում էր Ռոլսը: Դրանից բացի, եթե յուրաքանչյուր ոք դիտարկում է իր անձնական շահերը իր տեսանկյունից, ապա սոցիալական բարեկեցությունը պետք է սահմանվի ex post ձևով․ այսինքն՝ հասարակության որակը և վիճակը հնարավոր կլինի գնահատել, միայն երբ երևան անհատների կատարած ընտրությունների հետևանքները։ Սա սոցիալական բարեկեցության գործառույթների մոտեցումն է։ Անկախ նրանից, թե ինչ մոտեցում է կիրառվում, անհնար է հասնել կոնսենսուսի, թե ինչպես է դրսևորվում սոցիալական կատարյալ բարեկեցությունը։
Անգլիայի և Ուելսի լիազորված հաշվապահների ինստիտուտը պնդում է, որ մանրակրկիտ սահմանումը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Փոխարենը, ասում են նրանք, յուրաքանչյուր հանգամանք անհրաժեշտ է գնահատել որոշակի չափանիշներով, օրինակ՝ հանրության համար կարևորությունը, հանրության ցանկությունները, առկա սահմանափակումները։ Հանրային շահերից բխող ցանկացած որոշման գնահատման բանալին որոշումների կայացման գործընթացի թափանցիկությունն է, ներառյալ մրցակցող շահերի հավասարակշռումը:
Հանգամանքները բոլոր հարթություններում ուշադիր դիտարկելու, ինչպես նաև քաղաքականության մշակման չափանիշների և ընթացակարգերի թափանցիկության անհրաժեշտությունը շատ կարևոր են։ Հարկ է նշել, որ գործնականում հակառակորդ քաղաքականությունը նշանակում է, որ «մրցակցող շահերի հավասարակշռմանը» գումարվում են քաղաքական գործիչները, ովքեր փորձում են հետամուտ լինել իրենց համար լավագույն քաղաքական շահերին։ Արդյունքը կլինի տարբեր մրցակցող շահերի միջև քաղաքական ազդեցության պայքար։ Իսկ այն հարցը, թե արդյոք սա նպաստում է հանրային շահին, մնում է վիճահարույց։
Հանրային շահերին առնչվող գործունեություն ակադեմիական այլ ոլորտներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք ակադեմիական ոլորտներ իրենց գործունեություններով կապված են և աջակցում են հանրային շահին։
Ճարտարագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային շահերի ճարտարագիտությունը կենտրոնացած է մարդկային և էկոլոգիապես կայուն կառույցների և համակարգերի զարգացման շուրջ: Հանրային շահերի նախագծումը կենտրոնանում է համատեղ ջանքերի վրա՝ ներառելու հանրային բարիքը արտադրանքների, կառույցների և համակարգերի նախագծման մեջ: Օրինակ՝ ԱՄՆ-ի Պրոֆեսիոնալ ճարտարագետների ազգային ընկերության ինժեներների Էթիկայի կանոնագրքում ասվում է, որ «Ինժեներները միշտ պետք է աշխատեն ծառայելու հանրային շահերին»[5]։
Կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրոնային կառավարումը (նաև հայտնի է որպես թվային կառավարում կամ բաց կառավարում) թվային տեխնոլոգիաների օգտագործումն է՝ մարդկանց և համայնքներին կարևոր պետական ծառայություններ մատուցելու համար[6]։ Օրինակ՝ Հայաստանն այժմ կիրառում է հանրային շահին միտված էլեկտրոնային կառավարման տարաբնույթ գործիքներ։ Դրանցից են․
- Էլեկտրոնային գրանցման համակարգ. Այս հարթակը հնարավորություն է տալիս առցանց գրանցել իրավաբանական անձանց (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)՝ գործընթացը պարզեցնելով և տևողությունը հասցնելով մոտ քսան րոպեի: Օգտագործողները կարող են նաև հետևել ներկայացված հայտերին և օգտվել առկա ընկերությունների մասին տեղեկություններից[7]։
- Էլեկտրոնային հարկային համակարգ. նախագծված լինելով հարկային հայտարարագրերը պարզեցնելու համար՝ այս գործիքը ֆիզիկական անձանց և ձեռնարկություններին հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկային ձևերը՝ ստուգված էլեկտրոնային ստորագրությամբ: Սա նվազեցնում է հարկային գրասենյակներ անձամբ այցելությունների անհրաժեշտությունը՝ բարձրացնելով արդյունավետությունն ու հարմարավետությունը[8]։
- Էլեկտրոնային նախագիծ հարթակ. Արդարադատության նախարարության կողմից մշակված այս կայքը հրապարակում է իրավական նախագծեր հանրային քննարկման համար՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել օրինաստեղծ գործընթացին: Օգտագործողները կարող են առաջարկներ ներկայացնել, հետևել նախագծերի ընթացքին և վերանայել իրենց առաջարկների վերաբերյալ կարծիքները[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային պատմությունը մի ոլորտ է, որտեղ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հետազոտողները ձգտում են պատմական տեղեկատվություն տրամադրել մարդկանց և համայնքներին: Տեխնոլոգիան հանրային պատմաբաններին բազմաթիվ հնարավորություններ է տալիս՝ իրականացնելու և կիսելու իրենց հետազոտությունները: Օրինակ՝ Նյու Ինգլանդի պատմության ամսագիրը, որը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում գտնվող առցանց հրատարակություն է, ունի մի ամբողջ բաժին, որը նախատեսված է հրապարակելու համայնքի այն անդամների աշխատանքը, ովքեր տեսախցիկների միջոցով գրանցում են իրենց բակերի պատմությունը[10]։
Լրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային շահերի լրագրությունը կենտրոնանում է մարդկանց և համայնքների համար հետաքրքրություն ներկայացնող ուսումնասիրման և հանրայնացման վրա[11]։ Ըստ Բարեգործական լրագրություն ծրագրի[12] սահմանման՝ դա այն «լրագրությունն է, որը ծառայում է հանրության շահերին»[13]։
Հանրային շահերի լրագրությունը՝ որպես հայեցակարգ, դեռևս գոյություն չունի բոլոր հասարակություններում, սակայն դրա կիրառումը գնալով հաճախակիանում է, թեպետ տարբեր հասարակություններում եզրույթը տարբեր սահմանումներ ունի, և դրա գործածմանը տարբերվող նշանակություն է տրվում[14]։
Իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային շահի իրավունքը հիմնված է այն հավատամքի վրա, որ իրավաբանի մասնագիտություն ունեցողները պետք է լինեն հասարակության բոլոր անդամների փաստաբանը, հատկապես նրանց, ովքեր չունեն ֆինանսական ռեսուրսներ իրավական և արդարադատության համակարգում իրենց պաշտպանելու համար: Անվճար իրավաբանական օգնությունը նրանց համար, ովքեր ֆինանսապես իրենց չեն կարող թույլ տալ շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացուցիչ ունենալ դատական ու պետական մարմիններում, հանրային շահերի իրավունքի տարածված դրսևորում է։
Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական գիտությունը միտված է զանազան ոլորտներում գիտության զարգացման աջակցմանը և տարածմանը հատկապես ամենօրյա կյանքում՝ գիտության որոշակի ճյուղերով ոչ մասնագիտորեն հետաքրքրված անձանց համար։ Օրինակ՝ NASA-ի կողմից ֆինանսավորվող քաղաքացիական գիտության նախագծերից մեկը՝ Eclipse Soundscapes-ը, միտված է գիտությամբ չզբաղվողներին ներգրավելու մարդկանց և շրջակա միջավայրի վրա խավարումների ունեցած ազդեցության ուսումնասիրություններին[15]։ Քաղաքացիական գիտության մեկ այլ օրինակ է հանրային շահի համար տեխնոլոգիաների օգտագործմամբ իրավործվող Great Backyard Bird Count (բառացիորեն՝ «մեծ բակի թռչունների հաշվարկ») նախաձեռնությունը։ Այն հիմնվել է 1998 թվականին ԱՄՆ-ում և խրախուսում է կամավորներին դիտարկել իրենց համայնքների թռչուններին և իրենց ուսումնասիրության արդյունքները գրանցել eBird տվյալների շտեմարանում։ 2022 թվականին 192 երկրներից ավելի քան 385,000 մարդ է մասնակցել նախաձեռնության քառօրյա ծրագրին, իսկ տվյալներն օգտագործվում են հետազոտողների կողմից՝ հետևելու թռչուններին և բարելավելու տեսակների պահպանման ջանքերը[16]։
Հակակոռուպցիոն պայքար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակակոռուպցիոն ջանքերը և հանրային շահը խորապես փոխկապակցված են, քանի որ կոռուպցիան խաթարում է վստահությունը կառավարության նկատմամբ, վատնում է հանրային ռեսուրսները և խոչընդոտում սոցիալական առաջընթացին: Հանրային շահը վերաբերում է ողջ հասարակության բարեկեցությանը և առաջնահերթություններին, որոնց կոռուպցիան ուղղակիորեն հակադրվում է՝ առաջնահերթություն տալով մասնավոր շահին կոլեկտիվ շահից: Կոռուպցիայի դեմ պայքարելով՝ կառավարությունները երաշխավորում են, որ ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն, օրենքները արդարորեն կիրառվեն, և ծառայությունները հասանելի լինեն բոլորի համար՝ նպաստելով ավելի մեծ արդարության և վստահության հանրային հաստատությունների նկատմամբ:
Որպես օրինակ կարելի է բերել Հայաստանի դատական համակարգի ընթացիկ բարեփոխումները[17]։ Դատական կոռուպցիան պատմականորեն Հայաստանում արդարադատության հիմնական խոչընդոտներից է եղել, և դատական բարեփոխումների նպատակն է ապահովել, որ դատարանները գործեն անկախ և զերծ անտեղի ազդեցությունից: Թափանցիկ դատական նշանակումները և գործերի կառավարման թվային համակարգերը միջոցառումների օրինակներ են, որոնք նպատակ ունեն պաշտպանել օրենքի գերակայությունը և դատական գործընթացներում առաջնահերթություն տալ հանրային շահերին:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Dictionary.com | Meanings & Definitions of English Words». Dictionary.com (անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Public Policy and the Public Interest։ 1st Edition (Hardback)». Routledge & CRC Press (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-11-24-ին. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ Rawls, John (1971-12-31). A Theory of Justice. Harvard University Press. ISBN 978-0-674-04260-5.
- ↑ Mineka, Francis E; Lindley, Dwight N., eds. (1972). «The Collected Works of John Stuart Mill, Volume XIV - The Later Letters of John Stuart Mill 1849-1873 Part I, Toronto». University of Toronto Press, London: Routledge and Kegan Paul. XV (2): 762. doi:10.1215/00382876-73-2-270. ISSN 0038-2876.
- ↑ «Code of Ethics | National Society of Professional Engineers». www.nspe.org (անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «"Open Government: Concept, Definitions and Implementation"». OCED iLibrary (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Electronic Register, Government of Armenia». www.e-register.am. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «ՀՆԷՀ 3.70.0». file-online.taxservice.am. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք». www.e-draft.am. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Home | The New England Journal of History | Academic History Journal | Massachusetts, USA». NEJH (անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ Carson, Andrea (2017-06-14). «Explainer: what is public interest journalism?». The Conversation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Public Interest Journalism Initiatives». official webpage.
- ↑ «What is Public Interest Journalism?». Charitable Journalism Project (անգլերեն). 2020-01-29. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Public Interest News». Public Interest News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Eclipse Soundscapes - NASA Science». science.nasa.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «At 25, Backyard Bird Count shows power of citizen science». AP News (անգլերեն). 2023-02-15. Վերցված է 2024-12-25-ին.
- ↑ «Դատական և իրավական բարեփոխումներ - Նախարարության ռազմավարությունները - Նախարարություն». www.moj.am (անգլերեն). Վերցված է 2024-12-25-ին.