Հանրային ծառայություն
Հանրային ծառայություն կամ ընդհանուր (տնտեսական) շահերի ծառայություն, ցանկացած ծառայություն, որը նախատեսված է համայնքի ընդհանուր անդամներին առնչվող հատուկ կարիքները հոգալու համար[1][2], որն իրականացվում է կա՛մ ուղղակիորեն պետական հատվածի գործակալության կողմից՝ մասնավոր ընկերություններին տրամադրվող պետական ֆինանսավորման միջոցով, կա՛մ էլ բարձր մակարդակի պետական կարգավորման ենթակա մասնավոր ձեռնարկությունների կողմից: Որոշ հանրային ծառայություններ մատուցվում են կառավարության բնակիչների անունից կամ քաղաքացիների շահերից ելնելով: Հանրային ծառայությունը ասոցացվում է սոցիալական համաձայնության հետ (և դա սովորաբար արտահայտվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով) առ այն, որ որոշակի ծառայություններ պետք է հասանելի լինեն բոլորին՝ անկախ եկամուտից, ֆիզիկական և մտավոր կարողություններից: Նման ծառայությունների օրինակներ են հրշեջ ծառայությունները, ոստիկանությունը, օդային ուժերը, շտապօգնությունը և հանրային հեռարձակումը:
Նույնիսկ այն դեպքում, երբ հանրային ծառայությունները չեն տրամադրվում պետական մարմինների կողմից կամ չեն ֆինանսավորվում պետության կողմից, դրանք սովորաբար ենթակա են կանոնակարգման՝ պայմանավորված մասնավոր բիզնեսի տնտեսական հանգամանքներից ավելի կարևոր սոցիալական և քաղաքական պատճառներով։ Հանրային քաղաքականությունը[3], երբ արվում է հանրային շահերից ելնելով, հանրային ծառայության տեսակ է։
Ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից զարգացած երկրներում «հանրային ծառայություններ» (կամ «ընդհանուր շահերի ծառայություններ») եզրույթը հաճախ ներառում է[4]․
- Դատարաններ
- Կրթություն
- Էլեկտրականություն
- Արտակարգ իրավիճակների ծառայություններ
- Շրջակա միջավայրի պաշտպանություն
- Առողջապահություն
- Փոստ
- Ռազմական
- Ոստիկանություն
- Հասարակական շենքեր
- Հանրային հեռարձակում
- Հանրային գրադարաններ
- Հանրային զբոսայգիներ
- Հանրային քաղաքականության մշակում
- Կոմունալ ծառայություններ
- Հասարակական տրանսպորտ
- Սոցիալական ծառայություններ
- Պետական դպրոց
- Հեռահաղորդակցություն
- Տրանսպորտային ենթակառուցվածք
- Քաղաքաշինություն
- Թափոնների կառավարում
- Ջրամատակարարման ցանց
Զարգացող երկրներում հանրային ծառայությունները շատ ավելի քիչ զարգացած են: Օրինակ՝ ջրային ծառայությունները կարող են հասանելի լինել միայն հարուստ և միջին խավի համար: Քաղաքական նկատառումներից ելնելով՝ ծառայությունը հաճախ սուբսիդավորվում է, ինչը նվազեցնում է աղքատ համայնքների համար տեսականորեն հասանելի ֆինանսական միջոցները: Այնուամենայնիվ, Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման հինգերորդ նպատակը համաշխարհային նախաձեռնություն է, որի նպատակն է ազդել, որպեսզի հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների տրամադրումը հասանելի լինի բոլորին[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարման մարմինները երկար ժամանակ միանձնյա են տրամադրել հիմնական հանրային ծառայությունները: Կազմակերպված ռազմական պաշտպանության միջոցով քաղաքացիներին անվտանգ պահելու ավանդույթը թվագրվում է առնվազն չորս հազար տարի առաջ[6]։
Տեղական պատվիրակված իշխանության միջոցով կարգուկանոնի պահպանումը սկիզբ է առել դեռևս պատերազմող պետությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5-րդից 3-րդ դարեր) Հին Չինաստանում՝ կենտրոնական իշխանության կողմից նշանակված պրեֆեկտի վերահսկողության տակ գտնվող xiàn (պրեֆեկտուրաներ) ինստիտուտով: Իրավական/արդարադատության համակարգի միջոցով վեճերի լուծման պետական դրույթի մասին պատմական ապացույցները հասնում են առնվազն մինչև Հին Եգիպտոս[7]:
Հին շրջանի պատմության մեջ առաջնային հանրային ծառայությունը հիմնականում դրսևորվում էր աստվածաբանական և ծիսականորեն ճիշտ պետական կրոնի միջոցով աստվածների բարեհաճության ապահովմամբ[8]։
Զարգացած երկրներում կոմունալ ծառայությունների լայն տարածումը՝ որպես հանրային ծառայություններ, սկսվել է տասնիններորդ դարի վերջին` հաճախ ուղեկցվելով գազի և ջրի ծառայությունների մունիցիպալ զարգացմամբ: Ավելի ուշ կառավարությունները սկսեցին տրամադրել այլ ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրականությունը և առողջապահությունը: Զարգացած երկրների մեծ մասում տեղական կամ ազգային կառավարությունները շարունակում են նման ծառայություններ մատուցել․ ամենամեծ բացառությունները ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան են, որտեղ մասնավոր տրամադրումը համամասնորեն ավելի կարևոր է[9]: Այնուամենայնիվ, մասնավորի կողմից մատուցվող հանրային ծառայությունները հաճախ խիստ կարգավորվում են, (օրինակ` ԱՄՆ-ում Հանրային կոմունալ ծառայությունների հանձնաժողովների կողմից):
Օքսֆորդի հանրային ծառայությունների պատմության մեջ եղած օրինակները ներառում են փողոցների վերանորոգում, մաքրում և լուսավորություն, ջրահեռացում և կոյուղու հեռացում, ջուր, գազ և էլեկտրամատակարարում, ոստիկանություն և հրշեջ ծառայություններ, փոստային բաժանմունք, տրանսպորտ, հիվանդանոցային ծառայություններ, նաև հասարակական բաղնիքներ, այգիներ և գերեզմանոցներ[10]:
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային ծառայությունը երբեմն կարող է ունենալ հանրային բարիքին բնորոշ գծեր (լինի ոչ մրցակցային և անբացառելի), բայց հիմնականում դրանք այնպիսի ծառայություններ են, որոնք (ըստ գերիշխող սոցիալական նորմերի) կարող են անբավարար մակարդակով տրամադրվել շուկայի կողմից: Շատ դեպքերում դրանք բնույթով հենց ծառայություններ են, այսինքն՝ չեն ներառում ապրանքների արտադրություն: Դրանք կարող են տրամադրվել տեղական կամ ազգային մենաշնորհների կողմից, հատկապես այն ոլորտներում, որոնք բնական մենաշնորհներ են։
Դրանք կարող են ունենալ արդյունքներ, որոնք դժվար է պայմանավորել անհատական ջանքերով կամ չափել այնպիսի բնութագրերի տեսանկյունից, ինչպիսին է որակը: Դրանք հաճախ պահանջում են բարձր մակարդակի վերապատրաստում և կրթություն և կարող են գրավել այնպիսի մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքով ինչ-որ բան տալ ավելի լայն հանրությանը կամ համայնքին:
Տարածքի բնակիչների կարիքների գնահատման, այնուհետև այդ կարիքները բավարարման համար համապատասխան հանրային ծառայության նախագծման և ապահովման գործընթացը Միացյալ Թագավորությունում հաճախ անվանում են պատվիրակում (commissioning)[11]: Պատվիրակված ծառայությունները կարող են մատուցվել պետական հատվածի, մասնավոր հատվածի կամ երրորդ կազմակերպությունների կողմից. երբ պատվիրակման գործընթացում ներգրավված է մասնավոր կամ երրորդ ընկերություն, այն զուգորդվելու է հանրային գնումների հետ՝ որոշելու, թե մատուցելու է ծառայությունները, ինչ գնով և ինչ պայմաններով։ Պատվիրակումը հաճախ դիտվում է որպես ցիկլային գործընթաց[12]:
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային ծառայությունները կարող են կառուցվել, համակարգվել և գործել տարբեր ձևերով։ Դրանք ներառում են պետական կառույցներ, պետական ֆինանսավորմամբ անկախ կառույցներ, կառավարության կողմից համակարգվող կազմակերպություններ, քաղաքացիական հասարակություն, ռազմական գործակալություններ և կամավորներ:
Պետական աշխատողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական գերատեսչությունները շահույթ չհետապնդող են, և նրանց աշխատակիցները հաճախ տարբեր դրդապատճառներ ունեն[13]: Մեծ Բրիտանիայում անցկացված մի հարցում ցույց է տվել, որ գործատուները պետական համակարգում ունեցած փորձը չեն արժևորում այնքան, որքան մասնավոր հատվածում ունեցածը[14]։ Հանրային աշխատողները ավելի քիչ աշխատավարձ են ստանում (թեև այդ տարբերությունը նվազում է, երբ այն դիտարկում ենք՝ ներառելով նպաստները և ժամերը)[15]: Հանրային ծառայողները ունեն այլ ոչ նյութական առավելություններ, ինչպիսիք են աշխատանքի անվտանգության բարձրացումը և բարձր աշխատավարձը[16]:
Գոհունակության և կայունության կարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային ծառայությունները կապված են մարդկային կարիքների ավելի բարձր բավարարման և էներգիայի ցածր պահանջների հետ, մինչդեռ տնտեսական աճը պահանջում է հակառակ միտումը: Ուստի ժամանակակից տնտեսական համակարգը կառուցվածքային առումով անհամապատասխան է կայուն զարգացման նպատակներին․ այսօրվա դրությամբ ոչ մի երկիր ունակ չէ ապահովելու արժանապատիվ կյանք էներգիայի և ռեսուրսների կայուն օգտագործման միջոցով: Սոցիալական ապահովման գործոնների վերաբերյալ վերլուծություններն ասում են, որ նպաստավոր ապահովման գործոնների և ենթակառուցվածքների բարելավումը թույլ կտա գտնել կարիքների բավարարման կայուն ձևեր[17][18]:
Ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հուլիսին Միացյալ Թագավորությունում Քեմերոն-Քլեգ կոալիցիայի կողմից հրապարկված Open Public Services փաստաթուղթը նպատակ ուներ ստեղծել «լավ հանրային ծառայությունների» համապարփակ քաղաքականության շրջանակ: Այն պարունակում էր կոալիցիայի առաջարկած հանրային ծառայությունների բարեփոխումների ծրագիրը, որը բնութագրվում էր որպես «լայն ամբիցիաների» ծրագիր, և որն ակնկալվում էր իրականացնել ոչ թե միանգամից, այլ որոշակի ժամանակահատվածում[19]: Բաց հանրային ծառայությունների հիմքում ընկած էին հինգ սկզբունքներ.
- Ընտրություն, որտեղ հնարավոր է
- Ապակենտրոնացում մինչև ամենացածր համապատասխան մակարդակը
- Բազմազանություն
- Արդարություն
- Հաշվետվողականություն[20]
Լրագրող Դեյվիդ Բոյլը Միացյալ Թագավորության գանձապետարանի և Կաբինետի գրասենյակի համար անկախ հետազոտություն է իրականացրել հանրային ծառայություններում ընտրության հանրային պահանջարկի վերաբերյալ, որը զեկուցվել է 2013 թվականին։ Այնտեղ ուրվագծված են ընտրության չորս սկզբունքներ.
- հնարավորություն տալ մարդկանց տեղեկացնել, թե ինչպես են իրենց տրամադրվում հանրային ծառայությունները
- հնարավորություն տալ մարդկանց կատարել ընտրություն, որտեղ այն հասանելի է
- հասանելի դարձնել պարզ, մատչելի և բարձրորակ տեղեկատվությունը՝ այդպիսով աջակցելով ընտրությանը
- դյուրացնել առաջարկվող ընտրության աստիճանի, ինչպես նաև ծառայությունների որակի վերաբերյալ բողոքների ներկայացումը[21]
2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. մայիս ընկած ժամանակահատվածում «Ընտրության շրջանակները» նախատեսվում էր հրապարակել՝ ընդգրկելով ազգային առողջապահական ծառայությունը, սոցիալական բնակարանները, դպրոցական կրթությունը, վաղ տարիքի կրթությունը և մեծահասակների սոցիալական խնամքը[21]:
Ազգայնացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային ծառայությունների ազգայնացման միտումը սկսեց նկատվել հատկապես 20-րդ դարի առաջին կեսին՝ համաշխարհային պատերազմներից հետո: Եվրոպայի որոշ մասերում կենտրոնական պլանավորումն իրականացվել է այն համոզմունքով, որ այդպիսի մոդելն ավելի արդյունավետ կդարձնի արտադրությունը: Շատ հանրային ծառայություններ, հատկապես էլեկտրաէներգիան, հանածո վառելիքը և հասարակական տրանսպորտը այս դարաշրջանի արտադրանքն են: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ այլ երկրներ որդեգրեցին համընդհանուր առողջապահության քաղաքականություն և ընդլայնեցին պետական ֆինանսավորմամբ և առաջնորդությամբ կրթությունը։
Սեփականաշնորհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային ծառայությունները մասնավորեցնելու մի քանի եղանակ կա։ Կարող է ստեղծվել ազատ շուկայական կորպորացիա և վաճառվել մասնավոր ներդրողներին՝ ընդհանրապես հրաժարվելով պետական վերահսկողությունից: Այսպիսով՝ այն դառնում է մասնավոր (ոչ հանրային) ծառայություն: Մեկ այլ տարբերակ, որն օգտագործվում է սկանդինավյան երկրներում, կորպորացիա հիմնելն է, բայց սեփականության կամ ձայնի իրավունքը հիմնականում կառավարության ձեռքում պահելը: Օրինակ, Ֆինլանդիան Kemira-ի 49%-ի սեփականատերն էր մինչև 2007 թվականը, իսկ մնացածը պատկանում էր մասնավոր ներդրողներին: 49% բաժնեմասը նրան «պետական ձեռնարկություն» չդարձրեց, բայց դա նշանակում էր, որ մյուս բոլոր ներդրողները միասին պետք է հակադրվեին պետության կարծիքին՝ բաժնետերերի ժողովում պետության որոշումները բեկանելու համար։
Կարգավորվող կորպորացիան կարող է նաև թույլտվություններ ձեռք բերել՝ պայմանով, որ նրանք կատարում են հանրային ծառայության որոշակի պարտականություններ: Երբ մասնավոր կորպորացիան բնական մենաշնորհ է ունենում, ապա այն սովորաբար խստորեն կարգավորվում է՝ կանխելու մենաշնորհային իշխանության չարաշահումը: Ի վերջո, կառավարությունը կարող է ծառայությունը գնել ազատ շուկայում։ Շատ երկրներում դեղորայքը տրամադրվում է այսպես. կառավարությունը փոխհատուցում է դեղերի գնի մի մասը: Այս կերպ սեփականաշնորհվում է նաև ավտոբուսների երթևեկությունը, էլեկտրաէներգիան, առողջապահությունը և թափոնների կառավարումը։ Վերջին նորամուծություններից մեկը, որն ավելի ու ավելի շատ օգտագործվում է Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ավստրալիայում և Կանադայում, պետական-մասնավոր համագործակցությունն է, որը ներառում է մասնավոր կոնսորցիումներին երկարաժամկետ վարձակալության տրամադրում՝ ենթակառուցվածքի ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ ֆինանսավորման դիմաց:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ McGregor, Eugene B. (1982-07). «The Institution of Public Service». Public Administration Review. 42 (4): 304–320. doi:10.2307/975969.
- ↑ «Definition of PUBLIC SERVICE». www.merriam-webster.com (անգլերեն). 2025-01-09. Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ Anderfuhren-Biget, Simon; Varone, Frédéric; Giauque, David (2014). «Policy environment and public motivation». Public administration. 92 (4): 807. doi:10.1111/padm.12026. ISSN 0033-3298.
- ↑ «Services of general interest | EESC». www.eesc.europa.eu (անգլերեն). 2012-07-09. Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ «In focus: Sustainable Development Goal 5». UN Women – Headquarters (անգլերեն). 2022-08-23. Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ Rice, Michael (2014-02-25). The Power of the Bull (անգլերեն). Routledge. էջ 13. ISBN 978-1-317-72583-1.
- ↑ Haley, John O. (2016-06-24). Law’s Political Foundations: Rivers, Rifles, Rice, and Religion (անգլերեն). Edward Elgar Publishing. էջեր 43–44. ISBN 978-1-78536-850-9.
- ↑ Hovey, Craig; Phillips, Elizabeth (2015-11-20). The Cambridge Companion to Christian Political Theology (անգլերեն). Cambridge University Press. էջեր 4–5. ISBN 978-1-107-05274-1.
- ↑ «Concept Of Public Service (1)». 2024-09-03. Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ Chance, Eleanor; Colvin, Christina; Cooper, Janet; Day, C J; Hassall, T G; Jessup, Mary; Selwyn, Nesta. Crossley, Alan; Erlington, C R (eds.). «Public Services». A History of the County of Oxford: Volume 4, the City of Oxford (London, 1979), էջ 350-364. Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ «Partnership in Public Services: An action plan for third sector involvement» (PDF). Cabinet Office, Office of the Third Sector (2006). Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ «Modernising Commissioning: Increasing the role of charities, social enterprises, mutuals and cooperatives in public service delivery» (PDF). Cabinet Office (2010), էջ 7.
- ↑ Frank, Sue A.; Lewis, Gregory B. (2004-03). «Government Employees: Working Hard or Hardly Working?». The American Review of Public Administration (անգլերեն). 34 (1): 36–51. doi:10.1177/0275074003258823. ISSN 0275-0740.
- ↑ Ph.D, Jason Richwine. «Government Employees Work Less than Private-Sector Employees». Backgrounder (2724). The Heritage Foundation: 1–6 (անգլերեն). Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ «Public sector stigma: The 100,000 workers Tim Hudak removes from the provincial payroll could have a tough transition to the private sector». Financial Post (ամերիկյան անգլերեն). 2014-05-27. Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ Volokh, Sasha. «Are public-sector employees "overpaid"?». The Washington Post.
- ↑ «Securing decent living standards for all while reducing global energy use». phys.org.
- ↑ Vogel, Jefim; Steinberger, Julia K.; O'Neill, Daniel W.; Lamb, William F.; Krishnakumar, Jaya (2021-07). «Socio-economic conditions for satisfying human needs at low energy use: An international analysis of social provisioning». Global Environmental Change (անգլերեն). 69: 102287. doi:10.1016/j.gloenvcha.2021.102287.
- ↑ «Open public services: white paper». GOV.UK (անգլերեն). Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ «Barriers to choice - a review of public services and the government's response». GOV.UK (անգլերեն). 2013-05-16. Վերցված է 2025-01-09-ին.
- ↑ 21,0 21,1 Open Public Services and Cabinet Office. «Choice Charter». GOV.UK (անգլերեն). Վերցված է 2025-01-09-ին.