Հայ ժողովրդի ծագում (փռյուգական աղբյուրներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ ժողովրդի ծագումը ըստ փռյուգական աղբյուրների, Փռյուգական աղբյուրների փաստարկը հայ ժողովրդի ծագման մասին։ Կազմավորվող հայոց լեզվի նկարագրով էլ պայմանավորված է հունական պատմագրության մեջ առաջացած՝ հայ ժողովրդի ծագման փռյուգական վերսիան, որը կապված է հայ ժողովրդի հնդեվրոպական բաղադրիչի՝ արիմ-արմենների հետ։ Հայերենը դեռևս մ.թ.ա. 6-րդ դար-5-րդ դարերում այնքան մոտ էր փռյուգերենին, որ այդ բանը նկատում էին նաև կողմնակի դիտողները։ Ահա այս միջավայրում է առաջ գալիս հայերի ծագման փռյուգական վերսիան, ըստ որի փռյուգացիները եղել են հայերի ազգակիցները։ Այդ վերսիան իր ժամանակ արտահայտել է Հերոդոտը, որը վկայում է, թե «Արմենները զինված էին փռյուգացիների նման և փռյուգական արտագաղթողներ էին։ Սրանց երկուսի առաջնորդն էր Արտոքմեսը, որն ամուսնացած էր Դարեհի դստեր հետ»։ Նման տեղեկություն է պահպանվել նաև Եվդոքսոս Կնիդացին. «Իսկ արմենները ծագումով Փռյուգայից են և նրանց լեզվում շատ բան փռյուգերենից է»։ Հայերենի և փռյուգերենի հարազատության մասին է խոսում նաև Դիոնիսիոս Հալիկարնասցին։ Հայերի ծագման փռյուգական վերսիան, բացի լեզուների նմանությունից, հավանաբար ունեցել է նաև հետևյալ պատմական մեկնակետը։ Փռյուգացիների կենտրոն Գորդիոն քաղաքը գտնվում էր Սանգարիա գետի ափին, ներկայիս Անկարայից արևմուտք, որտեղ, ինչպես տեսանք, ապրում էին նաև հայերի հնդեվրոպական նախնիները։ Սրան կից Արգեոս լեռան շրջակայքը, որը հավանաբար, հայերի հնդեվրոպական նախնիների՝ արմենների բնակավայրն էր, միաժամանակ բնակավայրն էր փռյուգացիների, որոնց ճնշման տակ էլ արմենները շարժվել են դեպի Հալիս գետի վերին հոսանքի շրջանը և դարձել կասկեացիների կամ աբեշլայցիների և հայասցիների հարևանները։ Եթե հայ էթնոսի սկզբնական կորիզը ապրելիս է եղել այն վայրերում, ուր հաստատվել էին փռյուգացիները, որոնք դուրս են մղում նրանց դեպպի արևելք՝ Անտիտավրոսի լեռները, ապա սա կարող է հիմք ծառայած լինել Հերոդոտի այդ պնդմանը, թե հայերը «փռյուգական արտագաղթողներ են»։ Սակայն դա դեռ չի նշանակում, թե հայերը փռյուգացիների ճյուղավորումներ են։ Թեև հայերենն ու փռյուգերենը պատկանում են միևնույն թրակական կամ թրակա-փռյուգական ենթաճյուղից, դրանք ինքնուրույն լեզուներ են։ Թրակական հիմք լեզվից անջատվելուց հետո հայերենն ու փռյուգերենը զարգացան ինքնուրույն ու տարբեր ուղիներ են թևակոխում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]