Հայ երիտասարդաց ընկերակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ երիտասարդաց ընկերակցություն
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան
ՀապավումՀԵԸ
Հիմնադրված1931
Վերադաս կազմակերպությունՀԲԸՄ

Հայ երիտասարդաց ընկերակցություն (ՀԵԸ), Հայկական բարեգործական ընդհանուր միության մարզական և մշակութային կազմակերպություն: Հիմնվել է 1931 թվականին Բեյրութում՝ Մեծի Տանն Կիլիկիո Բաբկեն Ա Կյուլեսերյան աթոռակից կաթողիկոսի նախաձեռնությոմբ, ազգային գործիչներ Շահե Գասպարյանի, Միհրան Տամատյանի, Հակոբ Թոփչյանի և այլոց աջակցությամբ: ԵԱԸ-ի միջուկը կազմում է Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի հովանավորությամբ գործող Մերձավոր Արևելքի ընկերությունը, որը սկզբնապես կոչվել է Չափահաս որբերի միություն: Ընկերակցության առաջին նախագահն էր Արտավազդ արք. Սյուրմեյանը: 1933 թվականին ՀԵԸ անցել է ՀԲԸՄի հովանավորության տակ՝ դառնալով նրա երիտասարդական մարզամշակութային թևը:

ՀԵԸ նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեը Նպատակն է հայ երիտասարդներին դաստիարակել մայր հայրենիքի, Հայ եկեղեցու հանդեպ նվիրվածության զգացումով, նրանց կրթել որպես գաղթաշխարհի օրինապահ քաղաքացիներ, պահպանել և զարգացնել ազգային, հոգևոր արժեքները:


ՀԵԸ ծրագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԵԸ-ի ծրագիր-կանոնակարգով սահմանված «Նորագիր անդամի ուխտը» պարտավորեցնում է «ոչ մեկ քաղաքական կուսակցական գործունեություն ունենալ Ընկերակցութենեն ներս», «սիրել ազգը, հայրենիքը, կրոնը...»:

ՀԵԸ գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԵԸ ոսւնի «Վահրամ Փափազյան» (Բեյրութ) և «Ադամյան» (Հալեպ) թատերախմբերը, բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, հեծանվավազքի և թեթև ատլետիկայի խմբակներ: 1938-1958 թվականներին Մերձավոր Արևելքում կազմակերպվել է մարզական խաղեր (անվանի մարզիչ Հակոբ Աճեմյանի ղեկավարությամբ): ՀԵԸ տարբեր թիմեր և անհատ մարզիկներ, հատկապես Սիրիայում և Լիբանանում, հասել են մեծ հաջողությունների: 1944-ի աշնանը Բեյրութում զորավար Հովհաննես Բաղրամյանի անունով ստեղծվել է «Բաղրամյան» մարզական միությունը (հիմնականում ֆուտբոլի խումբ), որը 1945-1946-ին նվաճել է Բեյրութի քաղաքապետարանի, և Լիբանանի առաջնության այլ գավաթներ: 1947 թվականին «Բաղրամյանի» ֆուտբոլիստների մեծ մասի հայրենադարձությունից հետո, միության բասկետբոլի և հեծանվավազքի խմբերը ձուլվել են ՀԵԸ-ի մեջ: Լիբանանում ՀԵԸ պետության և ոչ հայ հասարակության կողմից ճանաչված է «Անդրանիկ» անունով: Հայտնի են աղջիկների և տղաների բասկետբոլի «Անդրանիկ» թիմերը: Աղջիկների խումբը Լիբանանի բասկետբոլի 2000 թվականի առաջնության գավաթակիրն է: ՀԵԸ կարևոր դեր է խաղում սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման գործում: 1950-ական թվականներից սկսած՝ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, տարբեր մարզական խմբերի փոխայցելություններ ու մրցելույթներ: 1956 թվականից անցկացվում են Նավասարդյան խաղեր, որոնք տարեցտարի մեծ ժողովրդականություն են վայելում: 2000 թվականի օգոստոսին Բուենոս Այրեսում կայացած ՀԲԸՄի 16-րդ Նավասարդյան խաղերին մասնակցել է 11 երկրներից (այդ թվում՝ Արցախից) ժամանած 380 մարզիկ: 1999 թվականին ՀԵԸ ակտիվ մասնակցություն է ունեցել ՀԲԸՄ հովանավորությամբ Երևանում կազմակերպված Համահայկական առաջին խաղերին:

ՀԵԸ մասնաճյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԵԸ մասնաճյուղեր է ստեղծել Հալեպում (1932, հայտնի է «ալ-Շուուլե -Ջահ» անվանումով), Դամասկոսում (1938), Տրիպոլիում (1938): Լիբանանում 1940-ին հիմնվել է ՀԵԸ Հայ համալսարանականների ուսանողաց միությունը: Ներկայումս ՀԵԸ-ի մասնաճյուղերը (Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում և այլուր) իրենց ակումբներով և տարբեր հանձնախմբերով մարզամշակութային աշխույժ գործունեություն են ծավալում: ՀԵԸ ընդգրկում է նաև սկաուտական և երիտասարդական շարժումները: Յուրաքանչյուր մասնաճյուղ ունի իր տեղական գործադիր մարմինը և նրան հաշվետու տեղական վարչությունը: Տեղական վարչություններին կից գործում են սկաուտական խորհուրդ, ուսանողական, թատերական, տիկնանց, մարզական հանձնախմբեր, գրական, մանկական երգչախմբային ենթահանձնախմբեր, նվագախումբ և այլն:

ՀԵԸ կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության վերին մարմինը ՀԵԸ-ի կենտրոնական հանձնախումբն է (նստավայրը՝ Նյու Յորք), որի մասն են կազմում գլխավոր քաղաքների մասնաճյուղերի ներկայացուցիչները: Լիբանանում ևս ՀԵԸ ունի կենտրոնական վարչություն, որին հաշվետու են տարբեր շրջանների (Բեյրութ, Զահլե, Անթիլիաս և այլն) մասնաճյուղերը:

ՀԵԸ գործունեության լուսաբանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության գործունեությունը լուսաբանվում է ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի պարբերականներում, մասնավորապես ՀԲԸՄ-ի և ՀԵԸ-ի Լիբանանի շրջանի «Խոսնակ» ամսագրում (1999-ից՝ նաև «Briefly» «Բրիֆլի» հավելվածում) և այլ հրատարակություններում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Սփյուռք» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 669-670:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]