Հայ երեխաների տարհանումն Օսմանյան Թուրքիայից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ երեխաների տարհանումը Օսմանյան Թուրքիայից, 1914-1922 թվականների Հայոց Ցեղասպանության հետևանքով որբացած երեխաների տարհանումն է Օսմանյան Թուրքիայի տարածքից հայկական միությունների, եկեղեցական կառույցների, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից։

Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնի ժամանակ մոտ 500000 հայ երեխաներ սպանվեցին՝ ողջակիզվեցին, թունավորվեցին, խեղդամահ արվեցին, մահացան սովից, տարբեր համաճարակային հիվանդություններից, երեխաների մի մասը իսլամացվեցին։ Կենդանի մնացածներին վերահաս մահից փրկելու, ֆիզիկական անվտանգությունը, կեցությունն ու ազգային դաստիարակությունն ապահովելու համար անհրաժեշտ էր երեխաներին տարհանել կայսրության տարածքից։

Տարհանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարհանվում էին այն որբերը, որոնց ցեղասպանության տարիներին հավաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղվում էին մուրացկանությամբ, իսլամադավան ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից։ Տարհանվեցին նաև ռազմական գործողությունների գոտում հայտնված հայ երեխաները, որոնց էվակուացիան իրականացվեց ռուս և անգլիացի զինվորականների կողմից։

Մուսա լեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղասպանության տարիներին հայ երեխաների առաջին լայնածավալ տարհանումն իրականացվեց Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ։ 1915 թ. գարնանը երիտթուրքական կառավարությունը սկսում է Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը։ Հուլիսի 30-ին նաև Միջերկրականի առափնյա շրջանի՝ Սուեդիայի (Հալեպի նահանգ, Անտիոքի գավառ) վեց հայկական գյուղերի ավելի քան 6000 բնակչությանը գաղթի հրաման է տրվում։ Հրամանին է ենթարկվում բնակչության մի փոքր մասը, մնացածը՝ մոտ 5000 սուետիահայեր բարձրանալով Մուսա լեռը՝ դիմում են ինքնապաշտպանության, որը տևում է 53 օր։ Ֆրանսիական «Գիշեն» ու «Ժաննա դ’Արկ» նավերը օգնության են հասնում և սեպտեմբերի 13-15-ը 4058 հոգու Մուսա լեռից էվակուացնում Եգիպտոսի Պորտ-Սաիդ նավահանգիստ։ Մի քանի երեխաներ ծնվեցին ֆրանսիական նավերի վրա, որոնց անվանակոչեցին խորհրդանշական անուններով՝ Գիշեն, Ազատուհի և այլն։

Մուսա լեռից Պորտ Սաիդ տարհանվածներից 1 563-ը երեխաներ էին։

Այս ընթացքում հայ երեխաների տարհանման գործողություններ իրականացվեցին Խնուսում, Վանում, Բաղեշում և այլ վայրերում։

Այնթափ, Մարաշ, Հաճըն, Մերսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Ասիայում քեմալական (ազգայնական) շարժման ծավալմանը զուգընթաց՝ 1921-1922 թվականներին Օսմանյան կայսրության որբանոցներում ապաստանած հայ երեխաների համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվում։ Այն ավելի է սրվում Կիլիկիայում քեմալականների կողմից իրագործված հայկական կոտորածներից հետո, որի հետևանքով հազարավոր կիլիկիահայեր Այնթափից, Մարաշից, Հաճընից, Մերսինից և այլ վայրերից ստիպված են լինում լքել իրենց հայրենի բնակավայրերը։ 1921 թվականի վերջին՝ կիլիկիահայերի զանգվածային գաղթի ընթացքում, շուրջ 7500 հայ որբ Կիլիկիայից տարհանվում է Հալեպ, Բեյրութ, Դամասկոս և Ալեքսանդրեթ, որոնց մեծ մասը հայտնվում է Ազգային խնամատարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության խնամակալության տակ։

Հայ երեխաների տարհանման դրվագներից է նաև 1921 թվականի դեկտեմբերին Բասրայի նահանգի Նահր էլ Օման ավանի հայկական գաղթակայանից 816 հայ որբի նավով փոխադրումը Երուսաղեմ, որտեղ նրանց դիմավորում են Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը, ազգային գործիչներ և մեծ թվով տեղացի հայեր։

1915-1923 թվականների երիտթուրքերի և քեմալականների կողմից իրագործված հայկական կոտորածների հետևանքով որբացած հազարավոր հայ երեխաներ հայտնվեցին ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ՝ Օսմանյան կայսրության ողջ տարածքով մեկ։ Այս մտահոգությամբ պայմանավորված՝ 1922 թվականի փետրվարի 7-ին Հալեպում կայանում է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների և Կիլիկիո Սահակ Բ կաթողիկիոսի կողմից լիազորված հայկական պատվիրակության ժողովը՝ Առաջնորդական փոխանորդ Հարություն քահանա Եսայանի նախագահությամբ։ Ժողովը որոշում է Թուրքիայի հարավային և հարավարևելյան շրջանների որբանոցներում ապաստանած հայ որբերին տեղափոխել Սիրիա և Լիբանան, իսկ հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների որբացած հայ երեխաներին՝ Հունաստան և Կովկաս։ Թուրքիայի ներքին՝ կենտրոնական շրջանների՝ Կեսարիա, Կոնիա, Սեբաստիա, ինչպես նաև հյուսիսային շրջանների՝ Տրապիզոն, Սամսուն, քրիստոնյա որբերը՝ հայ և հույն ծնողազուրկ երեխաները, Ամերիկյան նպաստամատույցի որոշմամբ ցամաքային ճանապարհով փոխադրվում են Կ.Պոլիս, իսկ այնտեղից՝ նավով Հունաստան և տեղաբաշխվում 13 որբանոցներում։ Քայքայվող Օսմանյան կայսրության մյուս շրջաններից՝ Թրակիայից, որբերը տեղափոխվում են Ռումինիա և Բուլղարիա, իսկ Իզմիրից և Բրուսայից՝ Մարիցա գետով՝ Հունաստան։

Թուրքիայի հարավային և հարավարևելյան շրջաններից (Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Խարբերդից, Ակնից և Մալաթիայից) հայ որբերի տարհանման պատասխանատուներ նշանակվեցին Յակոբ Կյունցլերը և նրա կինը՝ Էլիզաբեթը, ովքեր 1922 թվականից աշխատում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի Ուրֆայի մասնաճյուղում և զբաղվում այդ կազմակերպության կողմից հավաքված հայ որբերի խնամքով։ Նրանց թեկնածության ընտրությունը պայմանավորված էր վերջիններիս՝ տարածքի և թուրքերենի փայլուն իմացությամբ։ 1922 թվականի ապրիլին Խարբերդից և հարակից շրջաններից Կյունցլերը կազմակերպում է համաշխարհային պատմության մեջ որբերի ամենաստվար՝ շուրջ 5 000 երեխաների աննախադեպ տարհանման գործողությունը։ Ըստ Յա. Կյունցլերի կազմած վիճակագրության՝ ընդհանուր առմամբ Թուրքիայի հարավային և հարավարևելյան բնակավայրերից տարբեր խմբերով իր կողմից տարհանվում է շուրջ 8 000 հայ երեխա, որոնք տեղաբաշխվում են Սիրայի և Լիբանանի որբանոցներում։

Զմյուռնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի սեպտեմբերին՝ Զմյուռնիայի աղետի ժամանակ, շուրջ 5000 հույն և հայ որբեր տարհանվում են քեմալականների կողմից հրդեհի մատնված քաղաքից՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակից Սառա Քորնինգի ջանքերով, որոնց ամերիկյան ռազմանավերով տեղափոխում են Հունաստան։

Տարհանման այս գործողությունների արդյունքում երիտթուրքերի ու քեմալականների ցեղասպանական գործողություններից փրկվեցին հազարավոր հայ որբեր։

Ըստ Ջ. Բարտոնի տվյալների՝ 1922-1923 թվականների՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործուն աշխատանքների շնորհիվ, մոտավոր հաշվարկով Թուրքիայից Սիրիա, Լիբանան և Հունաստան էվակուացվեցին մոտ 30 000 հայ և հույն որբ, որից 12 000 հայ երեխա՝ կայսրության միայն հարավային, հարավարևելյան շրջաններից։

Տարհանումն իրականացրած կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե,
  • Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդ,
  • Դանիացի տիկնանց միություն,
  • Ռուսական Կարմիր խաչ,
  • Ռուսաստանի քաղաքների միություն և այլն։