Հայ-թուրքական արձանագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-թուրքական արձանագրություններ
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»
Armenian-Turkish accord signing.jpg
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրում են Արձանագրություները
Ստորագրվել է
— վայր
2009, հոկտեմբերի 10
Ցյուրիխ, Շվեյցարիա Շվեյցարիա
Ստորագրել են Էդվարդ Նալբանդյան, Հայաստան

Ահմեդ Դավութօղլու, Թուրքիա

Կողմեր Հայաստան Հայաստան

Թուրքիա Թուրքիա

Հայ-թուրքական արձանագրություններ, 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ[1] սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում[1] Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ստորագրած արձանագրություններ[2]:

Ստորագրվել է 2 փաստաթուղթ՝ արձանագրություն, որոնք են՝

  • «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
  • «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»[2]:

Սկզբում նախատեսվում էր առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև[3]:

Չեղյալ են հայտարարվել 2018 թվականի մարտի 1-ին[4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ 1991 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիան de facto ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն այն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այսինքն` de jure ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։

1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ։ Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995 թվականին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ընդհանրապես Թուրքիայի նկատմամբ պահանջներից հրաժարումը։ 1991 թվականից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են ավարտվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները։

Հայկական կողմից արձանագրությունները ստորագրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն:

Արձանագրությունները ստորագրվել են 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո արտգործնախարարների կողմից արվելիք հայտարարություններում որոշ ձևակերպումների հետ։

Աշխարհի հզոր պետությունների ղեկավարները ժամեր շարունակ համոզում էին կողմերին կատարել այն, ինչն արդեն համաձայնեցված էր, և ինչի համար նրանք ժամանել էին Ցյուրիխ։

Հոկտեմբերի 10-ին Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն պիտի սկսեին ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները։

Ցյուրիխի համալսարանի «Աուլա» սրահում Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության դրոշներն էին, ժամանել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Ստորագրման վայրում է եղել նաև Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, երգիչ Շառլ Ազնավուրը[5]: Հայտարարվել էր, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շուտով կհասնի, բայց հետո հաղորդագրություն ստացան, որ նա չի գալու ստորագրման արարողությանը. ճանապարհին պետքարտուղարը տեղեկություն էր ստացել, որ Էդվարդ Նալբանդյանը առարկում է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը[6]:

«Վաշինգտոն փոստ»-ի թղթակիցն այս առիթով հաղորդել է՝

Aquote1.png Քլինթոնը վերադառնում է իր հյուրանոց, բայց չի իջնում մեքենայից և միաժամանակ երկու հեռախոսներով խոսում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ: Դավութօղլուն արդեն համալսարանում էր, իսկ Նալբանդյանը հրաժարվում էր գնալ: Ի վերջո, Հիլարի Քլինթոնը Նալբանդյանին հրավիրում է իր հյուրանոց, որտեղից առաջարկում է միասին գնալ համալսարան: Aquote2.png


Ստորագրման արարողությունը բացել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը: Արարողությանը ներկա են եղել Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները, Սամուել Ժբոգարը, Խավիեր Սոլանան։ Արարողությանը որևէ հայտարարություն չի հետևել։ Արձանագրությունները հետագայում ներկայացվել են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը։

Արձանագրությունների ստորագրման վերաբերյալ ներկաների կողմից տարբեր կարծիքներ են հնչել՝

Aquote1.png Սա չափազանց կարևոր է, դուք արդեն շատ հեռուն եք գնացել, արձանագրությունների մեջ ներդրված Ձեր աշխատանքից չի կարելի հրաժարվել[6]:
- Հիլարի Քլինթոն
Aquote2.png


Aquote1.png Մենք անկեղծորեն ուրախ ենք, Հայաստանն ու Թուրքիան Ռուսաստանի բարեկամ երկրներ են: Մոսկվան պատրաստ է աջակցել այս գործընթացին զանազան տնտեսական ծրագրերով, ռուս երկաթուղայինները պատրաստ են ապահովել հայ-թուրքական երկաթուղու անխափան աշխատանքը[6]:
- Սերգեյ Լավրով
Aquote2.png


Aquote1.png Շվեյցարիան պատրաստ է շարունակել միջնորդական աշխատանքը: Շվեյցարացիները ուրախ են, որ իրենց, այսպես կոչված, լուռ, թավշյա դիվանագիտության աշխատանքը պսակվեց հաջողությամբ[6]:
- Շվեյցարիայի արտգործնախարարության խոսնակ Լարս Կնուխո
Aquote2.png


Ստորագրումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ։

2010 թվականի ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին[2][7]: Ապրիլի 22-ին նախ Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնում ՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրությունների վավերացման ընթացքը, ապա նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս կոչով, որով հայտարարում է Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին։ Այդ մասին ծանուցումն ուղարկվում է Թուրքիա։

Հինգ տարի անց՝ 2015 թվականի փետրվարի 16-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին։ Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է՝

Aquote1.png Հարգելի պարոն Սահակյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը, և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ[1]:

Aquote2.png


2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը։

Փաստաթղթերի վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում նույնպես սառեցված է[1]:

Այսպիսով՝ ավարտվել է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փորձի ևս մեկ փուլ[5]:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչն այս առիթով մամուլի ասուլիս է տվել և հայտարարել, որ ճիշտ չեն համարում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելը խորհրդարանից[8][9]:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները Կովկասում խաղաղության և կայունության ապահովման իմաստ ունեին։ Բիլգիչը նշել է, որ Սերժ Սարգսյանի այդ քայլը ցույց տվեց, որ արձանագրությունների հարցով Հայաստանը հենց սկզբից էլ անկեղծ չի եղել։

Aquote1.png Այն կարելի է համարել նոր քայլ՝ Թուրքիային մեղադրելու հարցում[9]:
- Թուրքիայի ԱԳՆ խոսնակ
Aquote2.png


Թուրքական «Haberler»-ի ու «Euronews»-ի թուրքական ծառայության գնահատմամբ, Սերժ Սարգսյանի որոշումը խորհրդանշում է 2009 թվականին սկսված ֆուտբոլային դիվանագիտության ավարտը։ Որոշ հեռուստաընկերություններ հաղորդել են, թե այդպիսով Սերժ Սարգսյանը թաղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը[9]:

Արձանագրությունների բացասական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մասնագետներ, այդ թվում միջազգային իրավունքի փորձագետ Արա Պապյանը, կանխատեսում էին բացասական հետևանքներ, որոնք թողնելու էին այս արձանագրությունները։ Այդ բացասական հետևանքները կանխավ բարձրաձայնվել էին ՀՀ Ազգային ժողովում լսումների ժամանակ[10]: Եղան նաև բողոքի ցույցեր Հայաստանում և սփյուռքում ընդդեմ արձանագրությունների ստորագրման[11][12][13][14][15]:

Եվ այդ բացասական հետևանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին։ Օրինակ, Կանադան և՛ խորհրդարանի (2002, 2004), և՛ կառավարության մակարդակներով (2006) ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Հետևաբար, 2004 թվականից հետո իրեն հարգող և ոչ մի լրատվամիջոց չէր տպագրում կամ հեռարձակում Հայոց ցեղասպանությունը ժխտող որևէ հոդված կամ հաղորդում։ Ավելին, երբ 2006 թվականի փետրվարին, ի պատասխան Embassy magazine ազդեցիկ հանդեսում Հայոց ցեղասպանության հիշատակման, Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները բողոքեցին, հանդեսի խմբագրությունն առանց հայկական կողմի միջամտության գրեց, որ «ցեղասպանության եղելությունը չի կարող վիճարկվել, քանի որ այն կասկածի չի ենթարկվում»:

Արձանագրությունները ստորագրելուց ընդամենը տասն օր անց նույն Embassy magazine-ը (21.10.2009) Գույնե Դըյերի (Gwynne Dyer) հեղինակությամբ տպագրում է հոդված, որտեղ նշում է. «Հայաստանցի հայերը գործարքի մեջ են մտել՝ ստեղծելու համատեղ պատմական հանձնաժողով՝ որոշելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1915 թվականին» (The Armenians back home have made a deal to create a joint historical commission to determine what actually happened in 1915)։ Հեղինակն իր հոդվածը միանշանակորեն եզրափակում է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ «ցեղասպանություն չէր» (It was not a genocide)[16]:

Մետրո (Metro) ազդեցիկ թերթի գլխավոր խմբագիր Փեր Գյուննեն (Per Gunne) հրաժարվել է տպագրել որևէ հոդված որտեղ հիշատակում կլինի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այլևս վստահ չէ՝ եղել է արդյոք ցեղասպանություն, թե ոչ (are not sure that there was a genocide)։ Նույն փոփոխված քաղաքականությունն է որդեգրել շվեդական մեկ այլ օրաթերթ «Սվենսկա Դագբլադեթ» (Svenska Dagbladet), որը հանձին իր հայտնի լրագրող Բիտտե Համմարգրենի (Bitte Hammargren) այժմ գործածում է միայն «հայկական ջարդեր» (Armenian massacres) լրագրողական ձևակերպումը և ոչ թե իրավական «ցեղասպանություն» եզրը։ Քաղաքականությունն էապես փոփոխվել է տխրահռչակ զույգ արձանագրությունների ստորագրումից հետո[16]:

Արձանագրությունների իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի (22.02.2007) 2-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է հետևյալը՝

Aquote1.png Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որ ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որևէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտարների կամ նամակների փոխանակումով: Aquote2.png


Ըստ Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի վերոհիշյալ սահմանման՝ միջպետական արձանագրությունը միջազգային պայմանագիր է։ Ուստի արձանագրության կնքումը «անհրաժեշտ ընթացակարգերի ամբողջություն է» (հոդված 8, կետ 1)։ Այսինքն՝ արձանագրության կնքումը կանոնակարգված հաջորդական գործողությունների շղթա է և պահանջում է օրենքով նախատեսված քայլերի անշեղ ու ամբողջական կատարում։

Հայաստանի Հանրապետության այս օրենքը նախատեսում է պայմանագրերի՝ տվյալ դեպքում խնդրո առարկա արձանագրությունների, նախապատրաստման հետևյալ փուլերը՝

  • Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնություն.

Հայ-թուրքական արձանագրություններ կնքելու գործընթաց սկզբնավորելու համար որպես առաջին քայլ անհրաժեշտ էր նախագահի գրավոր հանձնարարականը (հոդված 8, կետ 5)։

  • Միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությանն ընթացք տալ.

Արտգործնախարարությունը՝ որպես իրավասու նախարարություն, պարտավոր էր կազմել հայ-թուրքական արձանագրություններ կնքելու նպատակահարմարության մասին տեղեկանք և արձանագրությունների նախագծերը (հոդված 9, կետ 1) և ներկայացնել նախագահին (հոդված 9, կետ 2-1)։

  • Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգն սկսել.

Նախագահը, ստանալով արձանագրությունների նախագծերը, պետք է ԱԳՆ հասցեագրված պատասխան նամակով արտահայտեր իր դիրքորոշումը։ Դրական դիրքորոշման դեպքում, նախագահի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, ԱԳՆ-ն պարտավոր էր սկսել արձանագրությունների նախագծերի ներպետական համաձայնեցման ընթացակարգը։ Այսինքն՝ պետք է արձանագրությունների կնքման մասին գրավոր ծանուցեր բոլոր շահագրգիռ գերատեսչություններին և արձանագրությունների նախագծերն ուղարկեր նրանց (հոդված 10, կետ 2)։

  • Միջազգային պայմանագրի նախագծի համաձայնեցում և միջազգային պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ներկայացում.

Շահագրգիռ գերատեսչությունները, իսկ այս դեպքում դա բոլոր նախարարություններն են և ևս երկու տասնյակ այլ կառույցներ, ծանուցումն ու արձանագրությունների նախագծերն ստանալուց հետո՝ առավելագույնը 15 օրվա ընթացքում, պարտավոր էին իրենց իրավասության ոլորտին առնչվող հարցերի մասով գրավոր առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել իրավասու գերատեսչությանը՝ ԱԳՆ-ին (հոդված 12, կետ 1 և կետ 2)։

  • Միջազգային պայմանագրի նախագծի վերաբերյալ կարծիքների ամփոփում.

Իրավասու գերատեսչությունը, տվյալ դեպքում ԱԳՆ, շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները ստանալուց հետո պետք է լրամշակեր կամ վերամշակեր միջազգային պայմանագրի նախագիծը (հոդված 14, կետ 1-1)։

  • Միջազգային պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցում մյուս կողմի հետ.

ՀՀ վկայակոչյալ օրենքը նախատեսում է, որ ՀՀ միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցվում է նախաստորագրման կամ օրենքով նախատեսված այլ ձևով (հոդված 18, կետ 1)։ Մեր դեպքում ընտրված է նախաստորագրումը։ Անհրաժեշտ է շեշտել, որ միջազգային պայմանագիրը ՀՀ կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սահմանված ընթացակարգն ավարտելուց հետո (հոդված 18, կետ 2)։

Քանի որ քննության առարկա արձանագրությունները չեն անցել սույն օրենքով նախատեսվող «անհրաժեշտ ընթացակարգերի ամբողջությունը», ինչպես նաև այդ արձանագրությունների նախաստորագրումն իրականացվել է առանց նախաստորագրման համար օրենքով սահմանված ընթացակարգի, ուստի Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների նախաստորագրումն անվավեր է, հետևաբար արձանագրությունները ենթակա չեն ստորագրման։ Ստորագրելը կլինի անօրինական քայլ[16]:

Ռուսաստանցի նշանավոր լրագրող Վլադիմիր Պոզների հետ հեռուստազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ցյուրիխում 2009 թվականին ստորագրված Հայաստան-Թուրքիա զույգ արձանագրությունները «գոյություն ունեն»:

Aquote1.png Դա (փաստաթղթի հետ կանչը Ազգային ժողովից) իրավական քայլ չէր, այլ քաղաքական, որովհետև, մեր օրենսդրության համաձայն, իրավական քայլ կլիներ ստորագրությունների հետկանչը: Այդ դեպքում կնշանակեր, որ այդ փաստաթղթերը այլևս գոյությոն չունեն: Սակայն այդ փաստաթղթերը այսօր գոյություն ունեն, և եթե թուրքական խորհրդարանը վավերացնի դրանք, կարծում եմ, մեր խորհրդարանը նույնպես կարող է դա անել: Չնայած հույս չունեմ, որ թուրքերը առաջիկայում դա կանեն[17]:
- Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պոզների հետ հեռուստազրույցից
Aquote2.png


Սահմանադրական դատարանի որոշումն արձանագրությունների վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 12-ին հրապարակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ։ Հայտարարվեց, որ «արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»:

Սակայն եղան փաստարկներ, որ Արձանագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, և դրանց նախաստորագրման և ստորագրման գործընթացները խախտել են ՀՀ գործող համապատասխան օրենքն ու կարգը[18]:

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումն անվերապահ և բացարձակ չէ, այլ ունի որոշակի հստակ մեկնաբանություններ և վերապահումներ։ Իր իրավական դիրքորոշման մեջ ՍԴ-ն ամրագրում է, որ արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները միայն «փոխադարձ» են և «ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ»: Հստակորեն ամրագրված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տարանջատված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից կամ Թուրքիա-հայկական սփյուռք հարաբերություններից։ Կամ «միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կարող են ունենալ միայն … նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականությունը»:

Այսինքն, ՍԴ-ն ամրագրում է, որ, օրինակ, եթե Ալեքսանդրապոլի, Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր են (void), իսկ այդ հարցում կասկած լինել չի կարող, ապա դրանք չեն կարող «Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ ունենալ», հետևաբար դրանցում նկարագրված սահմանագծերը չեն կարող օրինական հիմք հանդիսանալ «գոյություն ունեցող սահմանի համար»: Ըստ այդմ, ՀՀ ՍԴ-ի իրավական դիրքորոշմամբ, արձանագրությունները չեն կարող և չեն օրինականացնում Ալեքսանդրապոլի, Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերի, ինչպես նաև միջազգային իրավունքի տեսնակյունից անվավեր (void) այլ հնարավոր անօրինական իրավական գործիքների (unlawful legal instruments) հետևանքները։ Պարզ ասած, ՀՀ ՍԴ-ը տխրահռչակ արձանագրությունների վերաբերյալ տվել է իրավունքի հիմնարար և համընդահուր սկզբունքներից մեկի կիրառական մեկնաբանությունը. Jus ex injuria non oritur («Իրավունքը չի կարող խարսխված լինել անօրինականության վրա»)։

ՍԴ-ը գտել է նաև, որ արձանագրությունների դրույթները «չեն կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ հակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»: Ըստ վերոհիշյալ կետի «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

ՍԴ-ի որոշումը խիստ կարևոր և օրենքով նախատեսված քայլ է ՀՀ միջազգային պայմանագրերի նկատմամբ վերաբերմունք արտահայտելու ընթացակարգում։ Այսուհանդերձ, այն ներքին ընթացակարգի մաս է կազմում և միջազգային իրավունքի տեսանկյունից գրեթե նշանակություն չունի։ Երկրների մեծ մասում Սահմանադրական կամ այլ դատարանները որևէ դերակատարություն չունեն միջպետական հարաբերությունների մեջ։ Որպեսզի միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՀ ՍԴ-ի արտահայտած դիրքորոշումն իրավական ուժ ստանա, ապա այն պետք է պաշտոնական վերապահումների տեսքով ներառված լինի ՀՀ Ազգային ժողովի համապատասխան որոշման մեջ։ Ազգային ժողովը պիտի անսակարկ նկատի ունենա, որ ՍԴ-ի խնդրո առարկա որոշումը խարսխված է որոշակի իրավական դիրքորոշման վրա, որոշման մեջ առկա են հստակ վերապահումներ և մեկնաբանություններ։ Ուստի, ՀՀ Ազգային ժողովը միանշանակորեն պարտավոր է իր քննարկումներում արտացոլել և, առավել ևս, իր որոշման մեջ առնվազն ամրագրել ՍԴ-ի բոլոր վերապահումները և մեկնաբանությունները։

Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելը չի բխում ՀՀ և հայ ժողովրդի շահերից[16]:

Aquote1.png Փաստաթղթերը հետ են կանչվել, նշանակում է դրանք մնում են: Իրավարար վճիռը ուժի մեջ մտած փաստաթուղթ է: Արձանագրությունները դեռ ուժի մեջ չեն մտել, քանի որ մտնում են վավերացումից հետո: Ցանկացած պահի դա կարող է կատարվել անկախ նրանից՝ խորհրդարանո՞ւմ, թե՝ ոչ: Մեր պաշտոնական դիրքորոշումը եղել է, որ Թուրքիայի վավերացումից հետո կվավերացնենք: Եթե Թուրքիան վաղը վավերացնի, եթե ստորագրությունները չեղյալ չեն համարվել, ապա կարող են ստորագրվել: Դա քաղաքական քայլ էր, ոչ իրավական[19]:
- Արա Պապյան
Aquote2.png


Արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ. մարտի 1-ին Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընդացակարգը դադարեցնելու հարցով հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ[20]: Զեկույցով հանդես է եկել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ նալբանդյանը: Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու ի հակառակ դրա՝ միջազգային հանրության առջև իր ստանձնած պարտավորությունների կենսագործման ուղղությամբ տարիներ շարունակ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայությունը: Նա հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ և 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց:

ԱԱԽ անդամներն ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան դադարեցնել արձանագրությունների կնքման ընթացակարգը: Քննարկման արդյունքում անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցմանը:

Այնուհետև Սերժ Սարգսյանը հրամանգիր է[21] ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սերժ Սարգսյանը ԱԺ-ից հետ է կանչում հայ-թուրքական արձանագրությունները
  2. 2,0 2,1 2,2 2,3 Երկկողմ հարաբերություններ, ընդհանուր տեղեկություններ
  3. Հայ-թուրքական հանգույց
  4. «Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ են հայտարարվել. yerkirmedia.am»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2018-03-01 
  5. 5,0 5,1 Հայ-թուրքական հարաբերությունների 2008-2010 թվականների հետահայաց ամփոփում
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները
  7. Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքը
  8. «IHA» գործակալության տվայլներով
  9. 9,0 9,1 9,2 Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքները՝ ՀՀ ԱԺ-ից արձանագրությունները հետ կանչելու որոշման հետ կապված
  10. Հայ-թուրքական արձանագրությունների վերլուծություն. Արա Պապյան
  11. Բողոքի ցույց Տորոնտոյում ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման
  12. Հոկտեմբերի 10-ին ավստրալահայերը բողոքի ցույց կանցկացնեն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների
  13. Լոս Անջելես. Բողոքի ցույց` ընդդեմ նախաստորագրված արձանագրությունների
  14. ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
  15. Երևան՝ բողոքի ցույց ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման
  16. 16,0 16,1 16,2 16,3 Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25):341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234: Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)
  17. Վլադիմիր Պոզների հետ հեռուստազրույց
  18. ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մասին. Արա Պապյան
  19. Հայ-թուրքական արձանագրությունները դեռ կարող են վերադառնալ խորհրդարան ու վավերացվել
  20. 2018թ մարտի 1-ին ՀՀ ԱԱԽ նիստի արձանագրությունը հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու հարցի շուրջ
  21. «Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Արա Պապյանի հեղինակած Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու)