Հայրենակցական միություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայրենակցական միություններ, Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից գաղթած համերկրացի հայերին միավորող կազմակերպություններ։ Առաջացել են 19-րդ դարի 80-ական թվականներին, ԱՄՆ-ում։ Նպատակն էր՝ սատարել միմյանց օտարության մեջ, օգնել հայրենիքում մնացած հայրենակիցներին և նպաստել կրթական գործին։ Առաջին հայրենակցական միությունները ստեղծել են Խարբերդից, Դատեմից, Մալաթիայից, Մորենիկից գաղթածները։

Առաջին Հայրենակցական միությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա տարիներին, սփյուռքի ընդարձակման պայմաններում հայրենակցական միություններ են հիմնել Չմշկածագից, Սեբաստիայից, Կեսարիայից, Վանից, Մուշից և այլ տեղերից գաղթածները։ Մինչև 1920-ական թվականները հայրենակցական միությունները գլխավորապես կրել են «կրթասիրաց» և «ուսումնասիրաց» անունները, հետագայում, վերանայելով իրենց ծրագրերը, կոչվել են «վերաշինական» կամ «վերաշինաց», և հայրենակցական միությունների կարևոր խնդիրն է դարձել ոչ միայն օգնել եղեռնից փրկված իրենց համերկրացիներին, այլև կազմակերպել նրանց հայրենադարձությունը Հայաստան։ Հայրենակցական միությունները դիմել են Խորհրդային Հայաստանի կառավարությանը՝ ներգաղթողների համար (հայրենակցական միությունների օժանդակությամբ) հատուկ ավաններ հիմնելու խնդրանքով։ Այդպես ծնունդ են առել Նոր Արաբկիրը, Նոր Սեբաստիան, Նոր Մալաթիան, Նոր Զեյթունը, Նուբարաշենը, Նոր Հաճընը, Նոր Մարաշը, Նոր Երզնկան, Նոր Կեսարիան, Նոր Գեղին. Բալահովիտը, Նոր Խարբերդը, Նոր Այնթապը, Մուսալեռ գյուղը ևն։ Հայրենակցական միությունները օժանդակել են նաև Լենինականի երկրաշարժից (1926 թվական) տուժածներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դեղորայք և պարեն են ուղարկել խորհրդային բանակի մարտիկներին, միջոցներ տրամադրել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կառուցման, 1946-1948 թվականներին Հայաստան ներգաղթի կազմակերպման համար։ 1994 թվականին գործել են շուրջ 100 հայրենակցական միություններ, որոնք մասնաճյուղեր ունեն ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի հայաշատ քաղաքներում։ Նրանցից շատերն ունեն իրենց պաշտոնաթերթերը։

Հայրենակցական միությունների աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենակցական միությունները մեծ աշխատանք են կատարել թողած հայրենիքի պատմությունն ուսումնասիրելու գործը կազմակերպելու ուղղությամբ։ Հրատարակվել են աշխատություններ, որոնցում լուսաբանվում են իրենց հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի պատմությունը, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի իրադարձությունները, քննարկվում ժողովրդագրության, ազգագրության հարցերը, նկարագրվում հայկական ճարտարապետական հուշարձանները։ Ստեղծվել են մենագրություններ, հուշագրություններ, հուշաալբոմներ՝ նվիրված Մեծ եղեռնի ողբերգական տարիներին, շատ տեղերում հայերի մղած հերոսական ինքնապաշտպանական մարտերին, նրա կազմակերպիչներին ու հերոսներին։ Հայրենակցական միությունները աջակցում են պատմական ճշմարտության վերականգնմանը, լայնորեն սատարում միջազգային հասարակայնությանը, որը հանդես է գալիս հայկական հարցի արդարացի լուծման օգտին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 210