Հայկ Ղուկասյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ղուկասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ղուկասյան
Ծնվել է1912
ԾննդավայրՇիկահող, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Հայկ Իվանի Ղուկասյան (1912, Շիկահող, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ղուկասյանը ծնվել է 1912 թվականին, Ղափանի շրջանի Շիկահող գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1930 թվականին ավարտել է 7-ամյա դպրոցը, ուսուցչական աշխատանքի է անցել Ղրղլու գյուղում, միաժամանակ ակտիվորեն մասնակցել է չափահաս բնակչության անգրագիտության վերացման գործին։ 1939 թվականին Ղուկասյանն ավարտել է Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի ռուսական եռամյա բաժինը և շարունակել ուսուցչական գործունեությունը Շիկահողի դպրոցում։ Դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն[1]։

1941 թվականին Ղուկասյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1942 թվականի մարտ ամսին ծառայել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 400-րդ գնդում։ Ապրիլին գործուղվել է Բաքվի հետևակային ուսումնարան։ Հինգ ամիս սովորելուց հետո 165-րդ առանձին բրիգադի կազմում մեկնել է ռազմաճակատ, մարտերին մասնակցել Տուապսե քաղաքից հյուսիս-արևելք։ 1942 թվականին Ինդյուկ բարձունքի համար մղված մարտում ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ 1942 թվականի դեկտեմբերին Ղուկասյանը նորից է մեկնում ռազմաճակատ, այս անգամ՝ 431-րդ կապի գումարտակի կազմում։ 1943 թվականի փետրվարի 9-ին նրանց ստորաբաժանումը դեսանտ է իջեցրել Մալայա զեմլյայում։ 69 օր մասնակցել է լեգենդար պլացդարմի ահեղ կռիվներին։ 1943 թվականի ապրիլին մեկնել է սովորելու Թբիլիսիի հրետանային ուսումնարանում, որն ավարտելուց հետո, 1944 թվականի օգոստոսին, կրտսեր լեյտենանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ։ 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի 805-րդ հաուբիցային գնդի մարտկոցի հրամանատար Ղուկասյանը մասնակցել է Լեհաստանի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ 1945 թվականի ապրիլի 27-ից մինչև մայիսի 4Մորավսկա Օստրովայի, Ֆրիդեկ-Միստեկի շրջաններում տեղի ունեցած հարձակողական մարտերի ընթացքում ոչնչացրել է գնդացրային 2 կետ, հակառակորդի 2 դիտակետ, ջախջախել է հակառակորդի տանկերի հակագրոհը, ճնշել է նրա հրետանային մարտկոցի կրակը։ Ցուցաբերած արիության համար Ղուկասյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մի շարք մեդալներով[1]։

1965 թվականին Ղուկասյանն արժանացել է Չեխոսլովակիայի Ֆրիդեկ-Միստեկ, իսկ 1974 թվականին՝ Լեհաստանի Ստրումեն քաղաքների պատվավոր քաղաքացու կոչմանը, պարգևատրվել մեդալներով[1]։

Ղուկասյանը բանակից զորացրվել է 1946 թվականին և անցել մանկավարժական աշխատանքի։ Ղափանի շրջանում եղել է դպրոցի ուսմասվար, տնօրեն։ Չնայած անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է մանկավարժական աշխատանքը։ Ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել քաղաքի № 2 միջնակարգ դպրոցում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Չեխոսլովակիայի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում (1965)
  • Լեհաստանի Ստրումեն քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում (1974)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]