Հայկական որբանոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական որբանոցներ, հայկական, բարեգործական, ուսումնադաստիարակչական հիմնարկություններ, որոնք հովանավորել և պատսպարել են Օսմանյան կայսրությունում կոտորածների հետևանքով որբացած հայ երեխաներին։ Որբանոցներ հիմնվել են XIX դարի վերջին, հատկապես 1894 - 1896 թվականների հայկական կոտորածներից հետո. Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Կոստանդնուպոլսում, Իզմիրում, Ադաբազարում, Կեսարիայում, Ուրֆայում, Դիարբեքիրում, Սարդինում։ Գործել են շուրջ 20 որբանոցներ՝ հայ և օտար բարեխնամ ու միսիոներական հաստատությունների հսկողության ներքո։ Հայ որբերի թիվը կտրուկ ավելացավ 1915 թվականին, հայերի ցեղասպանության հետևանքով՝ հասնելով 200 hազարի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհի հանրային կարծիքը հանդարտեցնելու և օտարներին խաբելու մտադրությամբ Թուրքիայի կառավարությունը պատերազմի ընթացքում իր իսկ կազմակերպած ջարդերից փրկված շուրջ 3500 հայ որբերի համար որբանոցներ բացեց Սարդին, Ուրֆա, Դիարբեքիր, Կեսարիա, Հալեպ և Ադանա քաղաքներում, ինչպես նաև Լիբանանի Այնթուրա գյուղում։ Այդ հաստատություններում երիտթուրքերն անուղղակիորեն շարունակում էին մի ամբողջ ազգ բնաջնջելու իրենց հրեշային ծրագիրը՝ մանկահասակ որբերին բռնի թրքացնելով կամ սովամահ անելով, միայն Այնթուրայում պատսպարված 2000 հայ որբերից 1350-ը մահացան մինչև պատերազմի ավարտը՝ չդիմանալով որբանոց-դպրոցի անտանելի կենսապայմաններին։

Պատերազմի տարիներին շուրջ 5000 հայ որբեր փրկվեցին Խարբերդի, Սեբաստիայի և Մալաթիայի ներքին գավառների որբանոցներում, որոնք տնօրինում էին շվեյցարացի միսիոներներ Հակոբ Կյունցլերը և նրա տիկինը, դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենը, Կտրեն Փիթերսոնը և Կարեն Եփփեն։ Թուրքիայի պարտությունից (1918) հետո որբանոցների սաները հանձնվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի (Ամերկոմ) և այլ որբախնամ մարմինների հոգածությանը։ Պատերազմի, հայ որբերին ապաստան տվող առաջին հայկական որբանոցը, բացվել է 1918 թվականի սեպտեմբերին Եգիպտոսում, որը պատսպարել է Մուսա լեռից Պորտ Սաիդ փոխադրվածներին, որոնք մինչև այդ խնամվում էին ՀԲԸՄ-ի կողմից։ Նրանց են միացվել նաև Պաղեստինի անգլիական զորքերի գրավումից հետո, Երուսաղեմից փոխադրված 166 որբերը (ՀԲԸՄ-ի կողմից հովանավորվող սույն որբանոցի կազմակերպման գործում մեծ էր տիկին Վիկտորիա Արշարունու դերը), իսկ զինադադարից հետո այս որբանոցի 310 երկսեռ որբերը փոխադրվել են ՀԲԸՄ-ի Մերսինի (Կիլիկիա) որբանոցը։ Սակայն որբահավաքի հիմնական աշխատանքն սկսվել է պատերազմի ավարտից հետո։ Պատերազմի տարիներին բազմաթիվ հայ որբեր փրկվել էին մահից՝ ապաստան գտնելով արաբ, քուրդ, նաև թուրք, ընտանիքներում։ Անհրաժեշտ էր գտնել նրանց և վերադարձնել հարազատ ժողովրդին։ Որբահավաքի այս ծանրագույն աշխատանքը հիմնականում կատարեցին Ամերկոմը, ՀԲԸՄ-ը, Կոստանդնուպոլսում հիմնադրված« Ազգային խնամատարության մարմինը և այլն։ Արշավախմբեր ուղարկելով Անատոլիայի, Սիրիայի և Միջագետքի անապատների խորքերը՝ նրանք շատ հաճախ փողով վերագնեցին օտար տներում պահվող հայ փոքրիկներին։ Այս խիստ անհրաժեշտ և օգտաշատ, միաժամանակ տառապալից գործում աչքի ընկան բժիշկ Էմիրզեն, «որբերի հայր» Ռուբեն Հերյանը, Առաքել Ձաքըրյանը, Մուշեղ արքեպիսկոպոս Սերոբյանը և ուրիշներ։ Հնարավոր եղավ հավաքել շուրջ 150 հազար հայ որբեր, որոնցից 60 հազարը գտնվում էր Ամերկոմի, 40 հզազարը՝ Կոստանդնուպոլսի «Ազգային խնամատարության», 15 հազարը ՀԲԸՄ-ի և 5 հազարը՝ հայ և օտար բարեխնամ հաստատությունների՝ «Լորդ Մեյորզ ֆոնդի», «Հայաստանի բարեկամների», «Դանիական տիկնանց միության», «Շվեյցարիայի հայասիրական ընկերության», «Հաուըրդ Կարագյոզյան հաստատության», «Քելեկյան որբանոցի» և այլոց խնամքի ներքո։ Շուրջ 30 հազար որբեր էլ գտնվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության հոգածության ներքո։ Հավաքված որբերը հիմնականում տեղաբաշխվել են Թուրքիայի տարբեր շրջաններում, նորաստեղծ արաբական երկրներում, Հայաստանի Հանրապետության տարածքում և Հունաստանում։ Թուրքիայում գտնվող հայ որբերի թիվը 1918- 1921-ին հաշվվում էր շուրջ 70 հազար դրանցից շուրջ 5000-ը տեղաբաշխված էր Կոստանդնուպոլսի 23 որբանոցում։

Մեծ որբանոցներ տեղադրված էին Խարբերդում, Սեբաստիայում և Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներում։ 1919-1920-ին միայն Կիլիկիայի Ադանա, Հաճըն, Դորթյոլ, Հարունիե, Օսմանին, Տարսոն, Մերսին, Մարաշ և Այնթապ քաղաքների որբանոցներում կար 10 հազար որբ։ Հետագայում քեմալական շարժման ծավալման հետևանքով այս որբանոցներ փոխադրվեցին Մերձավոր Արլևելքի արաբական երկրներ և Հունաստան։

Հայաստանում գտնվող որբերի մեծ մասը 1915 թվականին Վասպուրականից և հարակից շրջաններից՝ Տարոնից, 1918 և 1920 թվականի թուրք, արշավանքից ճողոպրածներն էին։ Նրանց թիվը կազմում էր ավելի քան 50 հազար, որոնցից 35 հազարը պատսպարվում էր Ալեքասնդրապոլում։ Որբերի մի մասին հովանավորում էր Ամերկոմը, բայց հիմնական զանգվածի կարիքները հոգում էին Հայաստանի Հանրապետության, ապա ՀԽՍՀ կառավարությունները. որոնք մեծ ջանքեր թափեցին հասակ առնող որբերին արհեստների և երկրագործության մեջ հմտացնելու համար։

Հունաստանում կային շուրջ 20 հազար հայ որբեր՝ Աթենքի, Կորֆուի, Կորնթոսի, Քեֆալոնայի, Սիրայի որբանոցներում։ 1919 թվականի հույն-թուրքական պատերազմում քեմալականների հաղթանակից հետո հիմնականում Հունաստան տեղափոխվեցին Սեբաստիայի և Արևմտյան Հայաստանի այլ քաղաքների որբանոցներում պատսպարված սան-սանուհիները։ Հունաստանում ևս որբախնամ աշխատանքի մեծ մասը կատարում էր Ամերկոմը, իսկ Կորֆուի որբանոցը ղեկավարում էր անգլիական «Լորդ Մեյորզ ֆոնդ» հաստատությունը։ 1920-ական թթ. 2-րդ կեսին Ամերկոմը սկսել է լուծարքի ենթարկել որբախնամ գործը։ Որբերի մի մասը այդ պատճառով փոխադրվել է Ալեքսանդրիա և Կահիրե (Եգիպտոս), իսկ Կորֆուի որբերը փոխադրվել են Կանադա։

Շվեյցարիայում՝ ժնևի մոտ Բենյեն գյուղավանում միսիոներ Կրաֆտ-Բոնարը հայ որբերի համար բացել է «Հայ տունը», իսկ Ֆրանսիայում Դպրոցասեր տիկնանց հայկական ընկերությունը խնամում էր 117 որբերի։ Շատ որբանոցներ կային արաբական երկրներում, Պաղեստինում հայ որբերին պատսպարող որբանոցները հաստատվել են անգլիացիների կողմից քաղաքի գրավումից (1917 թվական) հետո։ Հետագայում այստեղ են փոխադրվել Խարբերդի 5300 որբերը, 1923 թվականին Երուսաղեմից 250 որբեր փոխադրվել են Հայաստան, իսկ 40 որբեր (Եթովպիայի գահաժառանգի ցանկությամբ) տարվել Ադիս Աբեբա՝ կազմելու արքայական պալաատի նվագախումբը։

Լիբանանում և Սիրիայում առաջին հայկական որբանոցներ հաստատվել են պատերազմից անմիջապես հետո, բայց որբերի թվաքանակն այնտեղ զգալիորեն աճել է Կիլիկիայի պարպումից հետո՝ 1923 թվականին հասնելով շուրջ 20 hաqարի։ Որբանոցները տեղադրված էին Հալեպ, Ջիբեյլ, Մաամելթեյն. Ղազիր. Ջունիե, Բեյրութ, Սայդա և Դամասկոս քաղաքներում։ Որբանոցներից 19-ը պահում էր Ամերկոմը, մի մասը հովանավորում էին ՀԲԸՄ-ը, Հայ կաթողիկե համայնքը, հայ և օտար անհատ միսիոներները։

Հայկական որբանոցները մեծ դեր խաղացին հայ ժողովրդի բազմահազար զավակներին մահից ու ուծացումից փրկելու համար։ Որբանոցները վերջնականապես փակվել են 1928 թվականին։ Որբանոցները ունեցել են իրենց պարբերականները («Որբաշխարհի աստղը», «Տուն», «Որբի ձայն», «Որբունի» և այլն), որոնք ընդարձակ նյութ են պարունակում նրանց ներքին կյանքի, ուսումնառության և այլնի մասին։

Որբանոցային կյանքը լայնորեն են պատկերել գրողներ Ա. Անդրեասյանը, Մուշեղ Իշխանը, Անդրանիկ Ծառուկյանը, Ֆ. Զաքարյանը և ուրիշներ՝ իրենց գեղարվեստական հուշագրական երկերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։