Jump to content

Լիբանանահայ կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրթական հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանահայ անդրանիկ դպրոցը համարվում է XVIII դարի կեսին Զմմառի վանքում հաստատված հայ կաթոլիկ դպրեվանքը, որն ընդհատումներով գործում է առ այսօր։ 1830-ական թվականներին այնտեղ սովորել են 12 երեխաներ՝ օգտագործելով Վենետիկում պատրաստված հայերեն դասագրքեր։ 1859 թվականին Բեյրութի Ս. Նշան եկեղեցուն կից բացվել է Երուսաղեմի հայոց պատրիարքությանը ենթակա ծխական դպրոց մի քանի տասնյակ աշակերտներով։ 1890-ական թվականի սկզբին հաստատվել է նաև դպրոցի մանկապարտեզի բաժինը, որտեղ սովորել են 35-40 երեխաներ։ XIX դարի վերջին Բեյրութի ամերիկյան և ֆրանսիական բուհերում սովորել են Օսմանյան կայսրության տարբեր վայրերից եկած մեծ թվով հայ երիտասարդներ, որոնք ունեցել են իրենց միությունը։

Լիբանանում գործող հայկական դպրոցների թիվն աճել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ 1920-ական թվականներին Լիբանանում հաստատված 10 որբանոցներում պատսպարվել են ավելի քան 7 հազար հայ որբեր (որբանոցները մեծ մասամբ փակվել են 1925-26 թվականներին)։ Միաժամանակ հայկական դպրոցներ են հիմնվել Լիբանանի գրեթե բոլոր այն քաղաքներում ու գյուղերում, որտեղ բնակություն էին հաստատել թեկուզ փոքրաթիվ հայ գաղթականներ։ 1922-1926 թվականներին Հայ առաքելական եկեղեցին Լիբանանում ուներ 15, կաթոլիկ եկեղեցին 8, ավետարանականը՝ 6 դպրոց։

Հետագայում հայկական դպրոցների թիվն ավելի է աճել։ 1975 թվականին Լիբանանում (գլխավորապես Բեյրութում, նաև Տրիպոլիում, Զահլեում և Այնճարում) գործել են շուրջ 60 վեցամյա, միջնակարգ, երկրորդական հայկական վարժարաններ և այլ ուսումնական հաստատություններ՝ 21 հզ. աշակերտով։ Քաղաքացիական պատերազմի պատճառով առաջացած արտագաղթի հետևանքով երկրի հայկական դպրոցներում նվազել է սովորողների թիվը։ 1991 թվականին Լիբանանում գործում են միայն 42 հայկական դպրոցներ, որոնցից 16-ը՝ նախակրթական, 10-ը միջնակարգ, 16-ը երկրորդական, ինչպես նաև 5 արհեստագիտական վարժարան ու 3 դպրեվանք-ընծայարան։ Լիբանանի հայկական դպրոցների աշակերտության թիվը շարունակել է անկում ապրել նաև 1990-ական թվականներին հիմնականում գաղութում ծնունդների նվազման և օտար վարժարաններ հաճախելու պատճառով։ Ներկայումս (2003թվականին) ենթադրվում է, որ շուրջ 4-8 հազար հայ երեխաներ սովորում են Լիբանանի արաբական և հատկապես օտարազգի միսիոներների վարժարաններում։ Իրենց զավակներին որ հայկական վարժարաններ ուղարկելու միտումը շեշտված է հատկապես հայ համայնքի համեմատաբար բարեկեցիկ խավերի մոտ, թեև զգալի է նաև այն ընտանիքների թիվը, որոնք նյութական դժվարությունների պատճառով են իրենց զավակներին ուղարկում պետական արաբալեզու դպրոցներ, որտեղ ուսուցումն անվճար է։ Այնուամենայնիվ, Լիբանանի հայ համայնքի դպրոցական ցանցը ներկայումս էլ մնում է սփյուռքում ամենակազմակերպված և ամենաստվար դպրոցական ցանցերից մեկը։ Ներկայումս (2003) Լիբանանում գործում են 30 հայկական դպրոցներ (8-ը նախակրթարան, 9-ը միջնակարգ, 12-ը երկրորդական, 8400 աշակերտ), ինչպես նաև 5 արհեստագիտական (534 աշակերտ), 2 մասնահատուկ վարժարաններ (87 աշակերտ), 3 դպրեվանք-ընծայարան (91 աշակերտ)։

Լիբանանում հայկական դպրոցների գոյատևմանն ու բարգավաճմանը, ինչպես նաև լիբանանահայ կարիքավոր աշակերտների և ուսանողների ուսումնառությունն ապահովելու գործին մեծապես նպաստում են Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հատկացումները։ Միայն 1998-1999 թվականներին կրթական տարեշրջանին դրանք կազմել են շուրջ 1,5 մլն. ԱՄՆ դոլար։

Լիբանանահայ դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանահայ դպրոցներն առաջնորդվում են պետական դպրոցական ծրագրով միաժամանակ իրենց ուսումնական ծրագրերում կարևոր տեղ հատկացնելով հայագիտական առարկաներին՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն։ Ներկայումս (2003) շուրջ 1250 հայ երիտասարդներ բարձրագույն մասնագիտական կրթություն են ստանում Հայկազյան համալսարանում և Լիբանանի մյուս բուհերում։ 1950-ական թվականների 2-րդ կեսից հարյուրավոր լիբանանահայ երիտասարդներ մասնագիտացել են նաև Երևանի բուհերում։

Նշանավոր ուսումնական հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյրութում և նրա արվարձաններում գործող հայկական նշանավոր ուսումնական հաստատություններն են Մելանքթոն և Հայկ Ասրսլանյան ճեմարանը (հիմնվել է 1930), Վահան Թեքեյան միջնակարգ (1951), Սահակյան-Լևոն Մկրտիչյան միջնակարգ (1923) վարժարանները, Հայ ավետարանական քոլեջը (1923), Շամլյան-Թաթիկյան երկրորդական (1922), Կեդրոնական բարձրագույն (1922), Թորոսյան միջնակարգ (1951), Կերթմենյան (1931), Թրատի (1936) նախակրթական վարժարանները, Մխիթարյան հայրերի Հազմիեի միջնակարգ, երկսեռ վարժարանը (1937), Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի Ս.Հռիփսիմյանց երկրորդական (1922), Ս. Ագնես միջնակարգ (1929), հայ կաթոլիկ Մեսրոպյան երկրորդական (1939), Գևորգ Հարպոյան երկրորդական (1960, նախապես Զմմառյան ս. Պողոս) վարժարանները, ՀԲԸՄ Դարուհի-Հովակիմյան երկրորդական, Կարմիրյան միջնակարգ (1974) և Նազարյան նախակրթական (1962) վարժարանները, Լիբանանահայոց առաջնորդարանի ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան (1964), Սուրեն Խանամիրյան (1963, նախապես Ս. Նշան բարձրագույն վարժարան հիմնված 1922-ին), Եղիշե Մանուկյան (1963, նախապես Մարտիկյան) երկրորդական, Աբգարյան ()1932, Աքսոր Գասարճյան (1929, նախապես Լուսինյան), Ս. Քառասուն մանկունք (1930), Ռուբինյան-Սահակ Մեսրոպյան (1935) նախակրթական վարժարանները։ Լիբանանահայ հանրակրթական համակարգի մաս են կազմում նաև Լիբանանահայոց առաջնորդարանի (2002) և հայ կաթոլիկ Մեսրոպյան վարժարանին կից գործող (1982) արհեստագիտական վարժարանները, «Պոլիգլոթ» հաստատությունը (սեփականատեր Պետրոս Շեմմեսյան)։ Անցյալում նմանատիպ տեխնիկական կրթություն են տվել նաև 1956-ին հիմնված Սիմոնյան քոլեջը (սեձականատեր Անուշավան Սիմոնյան), Սիսակ Վարժապետյանի առևտրական վարժարանը, ՀԲԸՄ արհեստագիտական վարժարանը, Ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան արհեստագիտական վարժարանը։ Առանձնահատուկ տեղ ունեն Բուրջ Համուդի հայ կույրերի և համրերի վարժարանը (1926, 2002-ին ուներ 51 աշակերտ)։ Բեյրութում Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության ջանքերով 1987-ին հիմնվել և առ յսօր գործում է թերամիտ հայ երեխաների «Զվարթնոց» կենտրոնը, որտեղ 2002 թվականին սովորում էին 3-ից մինչև 35 տարեկան 52 աշակերտ։ Անթիլիասի կաթողիկոսության հովանու տակ 1987-ից գործում է «Խաչեր Գալուստյան» մանկավարժական կազմավորումի կենտրոնը։

Լիբանանի վարժարաններ և որբանոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանում բացվել են վարժարաններ և որբանոցներ՝ «Թռչնոց բույն», ազգային միջնակարգ վարժարան և որբանոց Ջիբեյլում։ Հիմնվել է 1922 թվականին, երբ նախապես Խարբերդում գործած Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության միսիոներուհի Մարիա Յակոբսենը հաստատվել է Լիբանանում, իր մարդասիրական առաքելությունը շարունակել կարճ ժամանակ Զուկ-Միքայել ավանում, ապա Սայդայի մոտակայքում հաստատված «Թռչնոց բույն» որբանոցներում։ 1928 թվականին Ջիբեյլի Ամերիկյան Մերձավոր Արևելքի նպաստամատույցի տղաների որբանոցի փակումից հետո, «Թռչնոյ բույնը» տեղափոխվել է նախկին վայրը։ Մարիա Յակոբսենի մահից (1960) հետո «Թռչնոց բույնի» տնօրենի պաշտոնը հաջորդաբար վարել են Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության ներկայացուցիչներ Աննա Յակոբսենը, Մագդա Սորենսենը, Օլուֆ Պաասկեն և Յոն Սկյուբին։ 1970 թվականին «Թռչնոց բույնը» հանձնվել է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինությանը։ «Թռչնոց բնում» կարող են սովորել մշտապես Ջիբեյլում բնակվող հայ ընտանիքների երեխաները։ 2002-ին ուներ 160 աշակերտ։

Սրբոց Հռիփսիմյանց վարժարան. երկրորդական երկսեռ ուսումնական հաստատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբոց Հռիփսիմյանց վարժարան. երկրորդական երկսեռ ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1922 թվականին Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի միաբանության կողմից Կ.Պոլսից Բեյրութ գործուղված Թեոպիստե Ալեքսանյանի, Էլիզ Պոյաճյանի, Բեատրիս թաշճյանի, Ալեքսանդրա Հեպոյանի և և Ագաթա Փարթամյանի ջանքերով։ Սկզբում եղել է բացառապես աղջիկների նախակրթարան։ Առաջին տարեշրջանում ունեցել է 64 աշակերտուհի։ 1929 թվականին հաստատվել է Բեյրութի Խանդալ ալ Ղամիկ թաղամասում, 1963 թվականին տեղափոխվել Ջյունի։ Աստիճանաբար ավելացվել են միջնակարգ և երկրորդական բաժինները։ 1975 թվականին Բեյրութի արվարձաններից Խասարի շրջանում պժտվել է նորակառույց, սեփական շենքով։ 1980-ական թվականների կեսից երկսեռ վարժարան է։ Հետևում է Լիբանանի ի պետական բակալորիայի ծրագրին։ 2002 թվականին ուներ 677 աշակերտ։ Տնօրենն է Թեոպիստե-Մարի Պետրոսյանը (1992 թվականից)։

Հայ ավետարական քոլեջ․ երկսեռ երկրորդական վարժարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ավետարական քոլեջ. երկսեռ երկրորդական վարժարան։ Հիմնվել է 1923 թվականին։ Մինչև 1933 թվականը կոչվել է Հայ մանչերու ավետարանական բարձրագույն վարժարան, 1933-50 թվականներին՝ Հայուհյաց ամերիկյան վարժարանի հետ միանալուց հետո՝ Հայ ավետարանական երկսեռ բարձրագույն վարժարան։ 1943 թվականից Բեյրութի հայ ավետարանական առաջին եկեղեցու սեփականությունն է։ 1952 թվականին փոխադրվել է այժմյան վայրը՝ Բեյրութի Քանթարի թաղամասի Մեքսիք փողոց։ 1961 թվականից հետևում է լիբանանյան բակալորիայի պետական ծրագրին։ 1971 թվականին օժտվել է սեփական, նորակառույց «Եփրեմ և Մարթա Փիլիպոսյան» շենքով։ Առ այսօր տվել է ավելի քան 1500 շրջանավարտ։ Մինչև 1975 թվականի քաղաքացիական պատերազմի բռնկումը համարվել է Լիբանանի լավագույն հայկական դպրոցներից։ 1974-75 թվականներին ունեցել է 794 աշակերտ։ Պատերազմի տարիներին քանիցս ենթարկվել է ավերածության։ Բեյրութի արևմտյան, հիմնականում մահմեդականաբնակ թաղամասերի հայաթափման հետևանքով զգալիորեն նվազել է աշակերտության թիվը։ 2002 թվականին ուներ միայն 106 աշակերտ։ Ուսման տևողությունը 12 տարի է՝ նախակրթարան, միջնակարգ և երկրորդական բաժիններով։ Ունի մանկամսուր և մանկպարտեզ։ Դպրոցում գործում են աշակերտական ակումբներ, հրատարակվում աշակերտականա մի շարք պարբերաթերթեր։ Ունի հարուստ գրադարան՝ շուրջ 20 հազար հատոր։ Տնօրենն է Զավեն Մսրլյանը (1967 թվականից)։

Սահակյան֊Լևոն Մկրտիչյան քոլեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջ. երկսեռ ուսումնական հաստատություն։ Սկզբում եղել է Լիբանանահայոց առաքելական առաջնորդարանին ենթական ազգային վարժարան։ Ներկայումս Հայ կրթական և բարեսիրական միության սեփականությունն է։ Հիմնվել է 1923 թվականին, Բեյրութի արևելյան մասում գտնվող հայկական վրանաքաղաքում (Ադանա քեմփ)։ Սկզբում գործել է վրանում, այնուհետև, թաղային խորհրդի ջանքերով 2-3 ամսում կառուցված փայտաշեն երկհարկանի շենքում, անվանվել է Ազգային վարժարան և կոչվել Սահակյան (ի պատիվ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ Խապայանի)։ Նույն թվականին վարժարանին կից բացվել է Զորավար Անդրանիկյան Մանկապարտեզը (այժմ կոչվում է դպրոցի երկարամյա տնօրեն Բենիամին Ժամկոչյանի անունով)։ 1933 թվականի հունվարի 30-ին Բեյրութի հայ գաղթականների վրանաքաղաքի հրկիզումից հետո տեղափոխվել է մոտակա Նոր Հաճըն թաղամասում գտնվող գերմանական նախկին զորանոցի շենքը, որտեղ և գործել է մինչև 1974 թվականը։ 1971-74 թվականներին մեծահարուստ Լևոն Մկրտիչյանի միջոցներով Բեյրութի արվարձաններից Սին-Էլ-Ֆիլմում կառուցվել է դպրոցի նոր շենքը, 1971 թվականից վերանվանվել է Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջ։ Լիբանանի քաղաքացիական կռիվների առաջին շրջանում (1975-79) հիմնովին ավերվել է քոլեջի շենքը, կողոպտվել գրադարանն ու լաբորատորիաները, նվազել սովորողների ու ուսուցիչների թիվը։ 1980 թվականից պարապմունքները տեղի են ունենում վերակառուցված շենքում։ 2002 թվականին ուներ 113 աշակերտ։ 1948 թվականից (ընդհատումներով) լույս է ընծայում «Ուսանող» պարբերագիրքը։ Տնօրենն է Հակոբ Կերկերյանը (1996 թվականից)։

Համազգայինի Մելանքթոն Հայկ Արսլանյան ճեմարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգայինի Մելանքթոն Հայկ Արսլանյան ճեմարան. Համազգային հայ կրթական և մշակութային միությունը ստեղծվել է 1928 թվականի մայիսի 28-ին Կահիրեում։ Գլխավոր հիմնադիրներն էին Համո Օհանջանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Գասպար Իփեկյանը և ուրիշներ։ Ընկերության նպատակն էր գալիք սերնդի կրթությունը մեծահասակների ինքնազարգացումը և հայագիտության մշակումը։ Իր նպատակների իրագործման համար Համազգային ընկերությունը 1930թվականի մարտի 3-ին Բեյրութում հիմնադրում է հայ ճեմարան։ Նորաբաց ճեմարանի տնօրինությունը ստանձնում են Լևոն Շանթը և Նիկոլ Աղբալյանը։ Լևոն Շանթի մահից հետո (1951թվական) ճեմարանի տնօրենի պաշտոնը ստանձնում է Սիմոն Վրացյանը և նրան օգնում են որպես փոխտնօրեն՝ Մուշեղ իշխանը և Գառնիկ Բանյանը։ Սիմոն Վրացյանի հիվանդության պատճառով, 1968 թվականի աշնանը տնօրեն է նշանակվում Հրաչ Տասնապետյանը։ Հրաչ Տասնապետյանի մահից հետո (2001 թվականի ապրիլ), ճեմարանի տնօրինությունը որոշ ժամանակ վստահվում է եռանդամ տնօրենների խորհրդին։ Այժմ ճեմարանի տնօրենն է Տիգրան Ճինպաշյանը։ Տնօրենին օժանդակում են երկու փոխտնօրենները՝ ուսումնական-կրթական տեսուչ՝ Հուրի Յափուջյանը և վարչական պատասխանատու՝ Նորայր Նաջարյանը։ Այդ ճեմարանի նպատակն էր նոր սերնդին կրթելու միջոցով պատրաստել վաղվա մտավորական սերնդին, որ իր վրա պիտի վերցներ սփյուռքում հայապահպանման, հայ լեզվի, գրականության և մշակույթի զարգացման պատասխանատվությունը։ Ճեմարանը 1950 թվականից անվանվում էր Նշան Փալանճյան, իսկ 1986 թվականից արդեն՝ Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան։

Արսլանյան ճեմարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսլանյան Ճեմարանը գտնվում է Անթիլիասի մերձակա բլուրների կողքին և նրա տարածքն է 26000 քառ․ կմ։ Ճեմարանն օժտված է ուսումնական բազմաթիվ հարմարություններով՝ գրադարաններ, էլեկտրոնային գրադարան, գիտաշխատանոցներ, համակարգչային դասասրահ, փոքր թատերասրահ, երաժշտական սրահ, մարզասրահներ, քննությունների և հավաքույթների սրահներ, խաղասրահներ և այլն։ Աշակերտների և ուսուցիչների տրամադրության տակ կան դաշնամուրներ, երաժշտական գործիքներ, համակարգիչներ, լուսարձակներ, քարտեզներ և այլ իրեր։ Ճեմարանի ուսումնական հայեցակարգը ներշնչված է ֆրանսիականից։ Ճեմարանի ուսումնական հայեցակարգը կարևորում է հայեցի դաստիարակությունը՝ շեշտը դնելով հայերեն լեզվի, հայոց պատմության և հայ մշակույթի ավանդման առաջնահերթության վրա։

Դասավանդվող առարկաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճեմարանում դասավանդվում են լեզուներ՝ հայերեն, արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն, ինչպես նաև բնագիտություն, քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն, թվաբանություն, գեղագիտական դաստիարակություն, ֆիզիկական և մարզական դաստիարակություն և այլն։ Մանկավարժական հատուկ մոտեցումը, ճեմարանի հատուկ եզակի մթնոլորտը ապահովում է աշակերտների մտավոր և հոգեկան ներդաշնակ զարգացումը։

Արսլանյան ճեմարանը ուսումնական համապարփակ հաստատություն է և օժտված է նախահամալսարանական ուսման բոլոր բաժիններով՝ մանկամսուր (1-3 տարեկան երեխաների համար), մանկապարտեզ (3-5 տարեկանների համար), տարրական բաժին (6-8 տարեկանների համար), նախակրթական (9-11 տարեկանների համար), միջնակարգ (12-15 տարեկանների համար), երկրորդական (16-18 տարեկան աշակերտների համար)։ Աշակերտների արտադասարանային գործունեության կազմակերպումը, աշակերտների ելումուտը, զբոսանքների և ազատ պահերի հսկողությունը իրականացնում է Ընդհանուր հսկիչը, որը ունի 2 օգնական։ Ճեմարանը կառավարում է տնօրենը, ում օժանդակում են 2 փոխտնօրենները։ Տնօրինությանը կից գործում է նաև ծնողական խորհուրդը և ճեմարանի շրջանավարտների միությունը։ Այսօր ճեմարանի աշակերտների թիվը հասնում է 700-ի։ Ճեմարանի «Հրաչ Դարբինյան» գրադարանն ունի ավելի քան 35 հազար հատոր գիրք և հարուստ արխիվային հավաքածու։ Տնօրեններ՝ Լևոն Շանթ (1930-51), Սիմոն Վրացյան (1952-1969), Հրաչ Տասնապետյան (1969-1999), Տիգրան Ճինպաշյան (գործադիր տնօրեն 2001թվականից)։

Դարուհի-Հովակիմյան երկրորդական վարժարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարուհի-Հովակիմյան երկրորդական վարժարան. երկրորդական ուսումնական հաստատություն։ Գործում է ՀԲԸՄ հովանավորությամբ։ Կազմավորվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան տղաների և Դարուհի Հակոբյան աղջիկների երկրորդական վարժարանների աստիճանական միացումով։

Դարուհի Հակոբյան վարժարանի հիմնումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարուհի Հակոբյան վարժարանը հիմնվել է 1939 թվականին, մեծահարուստ Լևոն Հակոբյանի կտակով՝ ի հիշատակ իր վաղամեռիկ քրոջ՝ Դարուհու։ Սկզբնական տարիներին գործել է Բեյրութի Ջիմմեյզի թաղամասում վարձված մի շենքում։ 1962 թվականին տեղափոխվել է Բեյրութի Հազմիե արվարձանում գտնվող իր սեփական եռահարկ, նորակերտ շենքը։

Հովակիմյան-Մանուկյան վարժարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովակիմյան-Մանուկյան վարժարանը հիմնվել է 1947 թվականին՝ «Հ.Բ.Ը. միության մանչերու բարձրագույն վարժարան» անունով։ 1951 թվականին Մյոհրյուպե Մանուկյանի նվիրատվությամբ վարժարանի համար կառուցվել է նոր շենք և նրա հորեղբոր Սարգիս Հովակիմյանի բարձրագույն վարժարան հիմնելու փափագն իրականանալու աթռիվ դպրոցը վերանվանվել է «Հ.Բ.Ը. միության Հովակիմյան-Մանուկյան մանչերու երկրորդական վարժարան»։ 1960-ական թվականներից երկու վարժարանները հետևել են Լիբանանի պետական բակալորիայի ուսումնական ծրագրերին։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով երկու վարժարաններն ստիպված են եղել դուրս գալ սեփական շենքերից, որոնք հետագայում վաճառվել են ու քանդվել։ Աստիճանաբար երկու վարժարանների աշխատանքները միավորվել են՝ այն փաստորեն վերածելով երկսեռ երկրորդական վարժարանի։ 1993-ից երկու վարժարանների տնօրենի պաշտոնը համատեղ վարում է Ժիրայր Դանիելյանը։ 2002 թվականին վարժարանն ուներ 851 աշակերտ։ Ուսման տևողությունը 7 տարի է։ Շրջանավարտները կարող են հաճախել տեղական և օտար համալսարաններ։

Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան. իննամյա երկսեռ միջնակարգ վարժարան։ Ունի նաև մանկապարտեզի բաժին։ Հիմնվել է 1951թվականին ՌԱԿ «Պայքար» ակումբի և Թեքեյան մշակութային միության ջանքերով։ Ներկայումս Թեքեյան մշակութային միության սեփականությունն է։ Առաջին շրջանում իբրև նախակրթարան գործել է Բուրջ Համուդի շրջանի Մանջակ թաղամասում իրարից հեռու գտնվող, վարձված հինգ տարբեր շենքերում։ 1965 թվականին օժտվել է նոր, սեփական շենքով։ 1951-77 թվականներին տվել է 1132 շրջանավարտ։ 1973-74 թվականներին ունեցել է 885 աշակերտ։ Քաղաքացիական պատերազմի և նրան հաջորդող տարիներին աշակերտության թիվը նվազել է։ 1991 թվականին ունեցել է նաև միջնակարգ բաժին։ 2002 թվականին աշակերտության թիվը 188 էր։ Դպրոցին կից գործում են «Արմենական արիական շարժման» սկաուտները։ Տնօրենն է Ազատուհի Գայսերլյանը (1998 թվականից)։

Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ. երկսեռ 12-ամյա երկրորդական ուսումնական հաստատություն։ Վայելում է Լիբանանահայոց առաքելական առաջնորդարանի հովանավորությունը։ Համարվում է 1963 թվականին Անթիլիասի կաթողիկոսարանի շրջափակում հիմնադրված Մարտիկյան մանկախարտեզ-նախակրթարանի շարունակությունը։ Վերջինս 1981 թվականից աստիճանաբար վերածվել է միջնակարգ վարժարանի 1984 թվականին փոխադրվել է Բեյրութից հյուսիս գտնվող Դբայյա արվարձանը և դպրոցի նոր բարերար Վաչե Մանուկյանի հոր անունով վերանվանվել է Ազգային Եղիշե Մանուկյան երկրորդական վարժարան, 1985-86-ին վերածվել է լիարժեք երկրորդական վարժարանի։ 2002 թվականին ուներ 566 աշակերտ։ Գործում է նար մանկապարտեզի բաժին, որը 1993 թվականին նորոգվելուց հետո կոչվում է բարերարի մոր՝ Սիրան Մանուկյանի անունով։ Վարժարանի տնօրենն է Մանուշակ Պոյաճյանը (1985 թվականից)։ 2005 թվականից տնօրենի պաշտոնը վարում է Սեդա Բոյաջյանը։

Լիբանանի դպրեվանքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանում ներկայումս գործող դպրեվանքեր ունեն Կիլիկիո կաթողիկոսությունը, Մխիթարյան հայրերն ու Զմմառյան միաբանությունը։

Զարեհյան դպրեվանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարեհյան դպրեվանք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, հիմնվել է 1930 թվականին՝ Սահակ Բ կաթողիկոս Խապայանի ջանքերով։ 1930-78 թվականներին գործել է Կիլիկիո կաթողիկոսության Անթալիասի մայրավանքի շրջափակում՝ նախապատրաստական, 4-ժամյա ժառանգավորաց, 3-ամյա ընծայարանի, ինչպես և ամուսնացյալ քահանայության թեկնածուների բաժիններով։ 1978 թվականին փոխադրվել է Բեյրութից հյուսիս-արևելք գտնվող Բիկֆաայ գյուղը։ Ներկայումս կոչվում է Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա կաթողիկոսի անունով։ Դասավանդվում են հայերեն (գրաբար և աշխարհաբար), արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, կրոնագիտական, հայագիտական և այլ առարկաներ։ Առ այսօր (2003) ունեցել է ավելի քան 1600 ուսանող Լիբանանից, Սիրիայից, Իրանից և սփյուռքի այլ համայնքներից։ Տվել է հարյուրավոր շրջանավարտներ, որոնցից շուրջ 250-ը հետագայում զբաղվել են ուսուցչությամբ, 130-ը դարձել քահանա, 75-ը՝ վարդապետ, 30-ը՝ եպիսկոպոս և արքեպիսկոպոս։ Դպրեվանքի շրջանավարտներից հիշատակության արժանի են Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա, Խորեն Ա և Արամ Ա կաթողիկոսները։ 2002 թվականին ուներ 62 ուսանող։ Դպրեվանքի ուսանողների ջանքերով 1957 թվականից լույս է տեսնում «Գլաձոր» տարեգիրքը։ Տեսուչն է Պարթև վարդապետ Կյուլյումյանը (2002-ից)։

Ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանում հայերենի, հայ գրականության և հայոց պատմության ուսուցիչների պատրաստման գործում կարևոր դեր են խաղացել Հիսուսյան հայրերի ֆրանսիական «Սեն Ժոզեֆ» համալսարանի հայագիտական ամբիոնը (գործել է1933-73 թվականներին, վարիչներ Հովհաննես վարդապետ Մսրյան և Մորիս վրդ. ) և իտալահայ Երվանդ Հյուսիսյանի նվիրատվությամբ հաստատված ՀԲԸՄ «Երվանդ Հյուսիսյան» հայագիտական հիմնարկը (Թալոն գործել է 1964-93-ին՝ ընդհատումներով, տեսուչներ՝ Վահե Վահյան, Վաչե Ղազարյան, Պարույր Աղպաշյան և Ռուբեն Սաքապետոյան)։

Հայկազյան համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազյան համալսարան. Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է։ Հիմնվել է 1955 թվականի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։

Տարեգրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955-89 թվականներին եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին համալսարանական քոլեջ, 1996 թվականի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան։ Ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։ Համալսարանում ուսանում են Լիբանանից և Մեձավոր Արևելքի այլ երկրներից բազմաթիվ հայ և օտարազգի երկսեռ ուսանողներ։ Առաջին տարին ունեցել է 43 ուսանող, 1975-76 թվականներին՝ 650, 2003 թվականին՝ 534: Տվել է շուրջ 2 հազար շրջանավարտ։ Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով։ Ներկայումս մեծ թվով ուսանողներ հետևում են նաև համալսարանի առևտրական վարչագիտության (բիզնես էդմինիստրեյշն), համակարգչային և կլինիկական լաբորոտորիայի գիտաճյուղերին։ Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք 1971 թվականից պետականորեն հավասարազոր են նկատվում լիբանանյան պետական համալսարանի շնորհած աստիճանին։ 1996 թվականին հաստատվել են նաև արվեստի մագիստրոսի տիտղոս շնորհող դասընթացներ մանկավարժության, հոգեբանության և առևտրական վարչագիտության գծով։ Ունի հայագիտական ամբիոն, որի անխափան գործունեությունն ապահովելու խնդրում տարիների ընթացքում մեծ ավանդ են ներդրել վերապատվելի Տիգրան Խրլոպյանը, Տիգրան Գույումճյանը, Վահե Օշականը, Երվանդ Քասունին, Լևոն Վարդանը և ուրիշներ։ Ներկայումս համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողները անկախ իրենց մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևելու հայագիտական առնվազն երկու առարկաների։ Համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան (տեղավորված է 1972 թվականին բարերար Ստեփան Մյուգարի նվիրատվությամբ ձեռք բերված շենքում), որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու գրքերով և հրատարակություններով։

Համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970 թվականից), անգլերենով «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը։ Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ։ Նախագահներ՝ Ջոն Մարգարյան (1955-56 թվականներին, 1971-1982 թվականներին), Ջիլբերտ Բիլեզիկյան (1968-1971 թվականներին), Վեռն Ֆլոտչեր (1982-85 թվականներին), Ժան Խանճյան (1995-2002 թվականներին) և Փոլ Հայտոսթյան (2002 թվականից)։ 1966-68 թվականներին նախագահի պաշտոնակատարն է եղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-95 թվականներին ղեկավարն էր վարչական հարցերի գծով դեկան Վիլմա Չոլաքյանը։

Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկ. հայագիտական մասնագիտական ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1974 թվականին (1975-79 թվականներին չի գործել)։ Նպատակն է պատրաստել մասնագետներ հայկական մամուլում, դպրոցներում, հրատարակչություններում, ազգային և կուսակցական հաստատություններում աշխատելու համար։ Առաջին տարին ունեցել է 15 ուսանող։ Առաջին շրջանավարտները տվել է 1983 թվականին։ Ցարդ տվել է ավելի քան 140 շրջանավարտ։ 1991 թվականից ուսման տևողությունը երեք տարի է։ Ունի հայոց լեզվի և գրականության, ինչպես և հայոց պատմության առանձին բաժանմունքներ։ 1991 թվականին Երևանի պետական համալսարանի հետ կնքած պայմանագրի հիման վրա այստեղ դասավանդում են Հայաստանից գործուղված մասնագետներ։ Հայագիտականի շրջանավարտներն իրավունք են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել ԵՊՀ-ում։ Ուսանողներ են ընդունում Լիբանանից, Սիրիայից, Իրանից և այլ վայրերից։ Ունի գիշերօթիկ բաժին և ազատ ունկնդրի կարգավիճակ։ Տնօրենն է Երվանդ Փամպուքյանը (1979 թվականից)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Հ. Վարժապետյան, « Հայերը Լիբանանի մեջ» Բեյրութ, 1951 թվական

2. Արաքս Փաշայան «Լիբանանի վերջին պատերազմը և լիբանանահայության արդի հիմնախնդիրները», Երևան, 2006 թվական

3. Արաքս Փաշայան, «Լիբանանահայության մի քանի հիմնախնդիրների շուրջ», Երևան, 2006 թվական

4. «Ազդ www.hamazkayin.com՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության կայքը</ref>