Հայկական կարմիր բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարմիր բանակ հայկական (ԿԲՀ), զորական միավորում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորվել է 11-րդ կարմիր բանակի կազմում եղած հայկական առանձին գնդի և հայկական նախկին բանակային կորպուսի՝ խորհրդային իշխանության կողմն անցած անձնակազմի հիման վրա։ 1920 թվականի հուլիսին, Գանձակում, 11-րդ բանակի 20-րդ դիվիզիայի կազմում ստեղծվեց մոտ 750 մարդուց բաղկացած հայկական հավաքական գունդը (հիմնականում Մայիսյան ապստամբության մասնակիցներից և հեղափոխության կողմն անցած զինվորներից), որը հուլիսի 27-ին 32-րդ դիվիզիայի գնդերը համալրելու համար ուղարկվեց Բաքու։ 1920 թվականի հոկտեմբերի 16-ին, Բաքվում, 32-րդ դիվիզիայի կազմում ստեղծվեց հայկական առանձին հրաձգային գունդ (հրամանատար՝ Իվան Պանֆիլով, զինկոմ՝ Գարեգին Եսայան)։ Նոյեմբերից գունդը 20-րդ հրաձգային դիվիզիայի կազմում Գանձակի կողմից շարժվեց դեպի Հայաստան և ռազմահեղափոխական խորհրդի լիազոր Ավիս Նուրիջանյանի հրամանատարությամբ Դալլար կայարանից անցավ Աննենֆելդ-Չարդախլու-Նովոսարատովկա, Նովոգորլովկա-Նովոիվանովկա, ապա Ղազախ-Իջևան Դիլիջան ուղիով և, Հայաստանը խորհրդային հայտարարվելուց հետո, դեկտեմբերի 4-ին, 11-րդ կարմիր բանակի կազմում, Քանաքեռով մտավ Երևան։ Ըստ 11-րդ բանակի Երևանյան խմբավորման 1920 թվականի դեկտեմբերի 2-ի հրամանի՝ հայկական գնդի և հայկական նախկին զորամասերի հիման վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանի կարմիր բանակ։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի հեղկոմը Ավիս Նուրիջանյանին նշանակեց ռազմական գործերի ժող. կոմիսար, որը և պետք է անմիջականորեն զբաղվեր Խորհրդային Հայաստանի կարմիր բանակի կազմավորման հետ կապված հարցերով։ ՌԿԿ Կենտկոմի և Կովկասյան բյուրոյի որոշմամբ 1921 թվականի հունվարի 4-ին ԿԲՀ-ի հրամանատար է նշանակվում Միխայիլ Մոլկոչանովը, իսկ զինկոմ՝ Ի. Սվիրիդովը։ Սկզբնական շրջանում ԿԲՀ կազմում կար երեք հետևակ բրիգադ, յուրաքանչյուրում՝ երեք գունդ, գնդում՝ երեք գումարտակ, հեծյալ գունդ (երեք էսկադրոնից), հրետանային գունդ (երեք դիվիզիոն, ամեն դիվիզիոնում՝ 3 մարտկոց), հինգ առանձին մարտկոց, սակրավորների գումարտակ, ռադիոհեռագրական դիվիզիոն, մեկ օդանավ, 10 մարդատար, 20 բեռնատար ավտոմեքենա և երկու զրահագնացք («Ազատամարտ», «Մուսայելյան»)։ Հանդերձավորման, զինման և մատակարարման վիճակը վատ էր։ Հրամանատարությունը աշխատում էր 11-րդ բանակի օգնությամբ ավարտել վերակառուցումն ու ստեղծել իսկական մարտական զորք։ 1921 թվականի փետրվարի 16-ին, Փետրվարյան ապստամբության ժամանակ, ազգային-ազատագրական ուժերը գրավեցին Բաշ Գյառնին, Ախտան, Քանաքեռը, իսկ փետրվարի 18-ին՝ Երևանը։ Կարմիր բանակի զորամասերը կատաղի կռիվներից հետո նահանջում են Արտաշատ։ Փետրվարի 18-ից մինչև ապրիլի 4-ը մարտական գործողություններն ընթանում են փոփոխական հաջողություններով։ Սակավաթիվ և ցրված ուժերով (ընդամենը՝ 6883 մարդ, մարտական զորամասերում՝ 3992 մարդ, 382 ձի, 3145 հրացան, 83 գնդացիր և 14 հրանոթ), չունենալով զինամթերք և սննդի բավարար պաշար, ԿԲՀ մարտեր է մղում Դարալագյազում, Արտաշատի, Վեդիի, Ուլուխանլուի, Խոր Վիրապի, Աղբաշի, Չարբախի, Շենգավիթի, էջմիածնի շրջաններում։ Կտրված լինելով արտաքին աշխարհից՝ Միխայիլ Մոլկոչանովը ստիպված էր ոչ միայն պաշտպանվել, այլ նաև կազմակերպել հակահարձակում։ Նրան հաջողվում է ռադիոկապ հաստատել 11-րդ բանակի հետ, որի հրամանատարությունը օգնական ուժեր է ուղարկում շրջապատվածներին։ Ապրիլի 4-ին Քանաքեռի, Շենգավիթի և էջմիածնի կողմերից նրանք մտնում են Երևան։ Ապստամբ ուժերը ստիպված նահանջում են դեպի Զանգեզուր։ Խորհրդային իշխանության և 11-րդ կարմիր բանակի պահանջով 1921 թվականի ապրիլին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիր փաշայի հրամանատարությամբ լքում են Ալեքսանդրապոլը։ Ամռանը պարտություն են կրում դաշնակցության վերջին զորախմբերը Զանգեզուրում, ավարտվում են քաղաքացիական կռիվները, կրճատվում է բանակը, այդ թվում՝ նաև ԿԲՀ։ Ըստ ՀԽՍՀ ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի հրամանի՝ 1921 թվականի նոյեմբեմբերի 20-ին ԿԲՀ վերակազմավորվում է մեկ հավաքական բրիգադի մեջ (19 հազար մարդ անձնակազմով), երկու հրաձգային և երկու հեծյալ գնդերով, մեկ առանձին հրետանային դիվիզիոնով, երկու թեթե և մեկ լեռնային մարտկոցներով, մեկ ինժեներական գումարտակով։ 1922 թվականի սեպտեմբեր 5-ին Կովկասյան կարմրադրոշ բանակի հրամանատար Ա. Եգորովի և ռազմահեղափոխական խորհրդի անդամ Սերգո Օրջոնիկիձեի հրամանով հայկական հավաքական բրիգադի հիմքի վրա կազմավորվում է հայկական հրաձգային դիվիզիա։ Վերջինս 1935 թվականին կոչվում է Կ. Վորոշիլովի անվան 76-րդ լեռնահրաձգային կարմրադրոշ հայկական դիվիզիա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 330 CC-BY-SA-icon-80x15.png