Jump to content

Հայկական եկեղեցի (Սևաստոպոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակքանդված եկեղեցի
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունՍիմֆերոպոլ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն

Հայկական վանք, Սևաստոպոլ քաղաքում ժամանակին գտնվող կրոնական կառույց։ Համակարգում էր Սևաստոպոլում բնակվող առաքելական ղրիմահայության հոգևոր կյանքը։ Թվագրվում էր 20-րդ դարի, չի պահպանվել[1]։

Սևաստոպոլի հայ համայնքը կազմավորվել է 19-րդ դարի կեսին. 1897 թվականին այստեղ ապրել է շուրջ 900 հայ: Նրանք զբաղվել են մանր առևտրով և նավահանգստային աշխատանքներով: 19-րդ դարի սկզբին Սևաստոպոլի մաքսատան տնօրենը եղել է հայազգի Տարաս Այվազովը: Ղրիմի պատերազմի (1853-1856) և, մասնավորապես, Սևաստոպոլի պաշտպանության (1854) ժամանակ հայերը ստանձնել են մատակարարման նկատելի մասը: 20-րդ դարի սկզբին ձեռնարկատեր Գ. Գևորգյանը հիմնել է շոգեմեքենայի միջոցով աշխատող մակարոնի ֆաբրիկա: Հայերն ունեցել են իրենց աղոթատունը, 1913 թվականին հիմնել են Ռաֆայել Պատկանյանի անվան Հայ գրիգորյան ընկերությունը:

Սևաստոպոլի հայկական եկեղեցին գտնվում էր Չեսմենսկայա փողոցում։ Նրա բացումը տեղի է ունեցել 1908 թվականի նոյեմբերի 16-ին, ինչպես իր ընթերցողներին հայտնել է «Кримский Вестник» թերթը։ Եթե 1867 թվականին Սևաստոպոլում կար ընդամենը 23 հայ (14 տղամարդ և 9 կին), որը կազմում էր ընդհանուր բնակչության 0,2%-ը, ապա 1909 թվականին Սևաստոպոլում արդեն բնակվում էր 1373 հայ (հայ կաթողիկե անձինք հաշվվում էին Հռոմի կաթոլիկների հետ միասին): 1907 թվականի նոյեմբերի 4-ին հայ քահանա Սարգիս Երևանցյանցը Եվպատորիայից տեղափոխվում էր Սևաստոպոլ։ Տեր Սարգիսը երկար տարիներ նվիրաբերեց եկեղեցուն ծառայելուն և վախճանվեց 1915 թվականի հունվարի 19-ին Սևաստոպոլում 76 տարեկան հասակում։

Նույն օրը՝ նոյեմբերի 4-ին, Չեսմենսկայա փողոցում՝ Ավդիևի տանը, բազմաթիվ հավատացյալների ներկայությամբ Սարգիս Երևանցյանցը Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի հոգեհանգստյան կարգ է մատուցել։ Հայտնաբերված տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ Ավդիևին պատկանող տունը օգտագործվել է որպես Գրիգորյան հայերի աղոթատուն։ Այս տանը մի դպրոց կար, որտեղ սովորում էին 10 աղքատ հայ երեխաներ։ 1908 թվականի սկզբին աղոթատան ծխականների ժողովում հաստատվեց աղքատ հայերին օգնելու բարեգործական ընկերության կանոնադրության նախագիծը, որը ներկայացվեց քաղաքային իշխանության հաստատմանը։

Աղոթարանում չկար զոհասեղան, և դրա ստեղծման գաղափարը վաղուց էր հասունացել քահանայի։ 1908 թվականի խորանն օծվեց սուրբ Աննայի անունով։ Օծման արարողությունը կատարել է Քիշնևի հայ կոնսիստորիայի ղեկավար Ներսես արքեպիսկոպոս Բարխուդարյանը՝ Լեոն վարդապետի և Ղրիմի հին փոխանորդ Եղիշե Մուրադյանի հետ։ Տոնակատարությանը ներկա էին Սիմֆերոպոլից 35 հոգուց բաղկացած երգչախումբը, ոստիկանապետը, քաղաքապետը, քաղաքապետարանի անդամները։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական եկեղեցու շենքը եղել է քարե, միահարկ, նկուղով, միագմբեթ, զանգակատնով։ Աղոթատունը նախագիծ չունի, կա մի փոքրիկ նախասրահ։ Շենքի ներսում պատերը ներկված են յուղաներկով։ Ընդհանուր առմամբ ունի 7 պատուհան և 3 դուռ։ Հատակը կարմիր ներկված է, առաստաղը՝ սպիտակ, ունի 1 գմբեթ և 1 զանգ, տանիքը ծածկված է ցինկ երկաթով։ Շենքի արտաքին չափսերը՝ երկարությունը՝ 26 ½ արշին, լայնությունը՝ 11 արշին, բարձրությունը՝ 5 արշին։ Եկեղեցու բակում կար իրեն պատկանող եռահարկ տուն՝ 3 բնակարան՝ էլեկտրական լուսավորությամբ։ Բակում կար մեկ անասնագոմ և քարե լվացքատուն։ Սենյակը, որտեղ մատուցվում էին ծառայությունները, զբաղեցնում էր 123 քմ տարածք, ջեռուցվում էր երկու վառարաններով, իսկ սրահի պարագծի երկայնքով ապակե պատկերասրահ էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Терещук Наталия Михайловна (Март 19, 2022). «Севастополь, Армяно-григорианский храм». www.armk.info. Армяне Крыма.