Հայկական ասմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկում հայերի նախնիների քաջագործությունների և ազգային ավանդույթների մասին հիշատակություններում օգտագործել է «առասպելաբանել» բառը, որն ասմունքի հնագույն ձևն է։ Ասմունքը ծաղկման է հասել Տիգրանակերտի և Արտաշատի թատրոններին (մ. թ. ա. 1-ին դարի 60-50-ական թվականներ) զուգահեռ զարգացող ժողովրդական թատրոնում։ Իր չափածո դրամայում Տերտեր Գրիչ Երևանցու (14-րդ դար) օգտագործած «կարդէք ի մարդամիջի» և «պատմել ի մեջ հրապարակի» արտահայտությունները վկայում են հրապարակներում հանդիսատեսին կարդալ-պատմելու սովորույթը Հին Հայաստանում։ Ասմունքի զարգացումն արևելահայ և արևմտահայ թատրոններում կապված էր պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման հետ։ Ասմունքով հանդես են եկել Պետրոս Ադամյանը, Աստղիկը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Արմեն Արմենյանը և ուրիշներ։

20-րդ դարի սկզբին ծնունդ է առել նաև ասմունքի տեսությունը։ Ռեժիսոր Ստեփան Քափանակյանը, լինելով նաև ասմունքող, դասավանդել է գեղարվեստական ընթերցանություն, բեմական խոսք, գրել հոդվածներ ասմունքի մասին։ Բեմական խոսքը թատերական հաստատություններում դասավանդվող հիմնական առարկաներից է (Արուս Ոսկանյան, Ռուզաննա Վարդանյան, ապա՝ Հրաչուհի Ջինանյան, Մետաքսյա Սիմոնյան, Հեղինե Հովհաննիսյան, Շահում Ղազարյան, Գրետա Մեջլումյան, Աննա Հեքեքյան և ուրիշներ)։ Ասմունքի ամենանշանավոր վարպետներից էր Սուրեն Քոչարյանը, որը կարդացել է գեղարվեստական երկերի սեփական մշակումները («Շեհերազադե», «Սասունցի Դավիթ», Հոմերոսի «Ոդիսական» և այլն )։ Նա իր արվեստով հայ իրականության մեջ ստեղծել է «Մեկ դերասանի թատրոնը»։ Նոր և նորագույն ժամանակներում ասմունքը դարձել է արվեստի առանձին ճյուղ։

Ասմունքի ոլորտում ճանաչված են Թ. Դեմուրյանը, Վերա Հակոբյանը, Հրաչուհի Ջինանյանը, Հայկուհի և Լ. Գարագաշները, Սուսաննա Գաբրիելյանը, Սվետլանա Խանումյանը, Վլադիմիր Աբաջյանը, Սիրվարդ Մեսրոպյանը, Շահում Ղազարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանը, Սիլվա Յուզբաշյանը, Արթուր և Հրաչուհի Ութմազյանները, Ազատ Գասպարյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Արմեն Քուշկյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։