Հայկական ասեղնագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական ասեղնագործություն մոտ 2004 թվական

Հայկական ասեղնագործություն (հայտնի է նաև որպես ժանյակ կամ հանգուցավոր ժանյակ), ժանյակի մաքուր ձև։ Այն պատրաստվում է ասեղով, թելով և մկրատով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան որոշ հնագիտական վկայություններ նախապատմական Հայաստանում ժանյակի օգտագործման մասին։ Ավանդական ձևավորումներում նախաքրիստոնեական սիմվոլիզմի գերակշռությունը, անշուշտ, ցույց է տալիս արվեստի այս ձևի նախաքրիստոնեական արմատը[1]։ Ազգային ոճի, ասեղնակարերի տեսակների, նախշերի ընդհանրություններին զուգահեռ եղել են տարբեր բնակավայրերին հատուկ ասեղնագործ զարդարանքներ։ Հայ եկեղացական հագուստն ու վարագույրները ևս ասեղնագործվել են բարդ պատկերագրությամբ և ընծայական հիշատակություններով։ Առանձնահատուկ է տարբեր ժամանակների հայկական տառատեսակների ասեղնագործումը։ Տրապիզոնում , Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում տարածված են եղել ասեղնագործ տետրեր, որոնցում հայկական այբուբենը ներկայացվել է գեղարվեստական տարբեր ձևավորումներով[2]։ Ի տարբերություն Եվրոպայի, որտեղ ժանյակը ազնվականության իրավունքն էր, Հայաստանում այն զարդարում էր ամեն ինչ՝ սկսած ավանդական շարֆերից մինչև ներքնազգեստ, իսկ ժանյակ պատրաստելը շատ կանանց կյանքի մի մասն էր։ Ժանյակի հյուսման տեխնիկայով ավելի մեղմ ու թանձր կարով ստեղծել են տարբեր պարագաներ՝ ասեղաման, դեղդիր ևն։

Ասեղնակարերի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ասեղնագործության մեջ նախշերը բազմատեսակ են՝բուսական ու կենդանական զարդանախշերից մինչև երկրաչաթական պատկերներ ու երկնային մարմինների պատկերում։ Տարբեր բնակավայրերում ասեղնագործողները յուրովի են մշակել զարդանախշերը։ Տարբեր են նաև ասեղնակարերի տեսակները։ Մատենադարանում պահպանվել են նմուշներ, որոնց ուսումնասիրությունը փաստում է հայկական ասեղնակարերի բազմազանության մասին։ Ասեղնակարերի տեսակներից առավել տարածված են՝

  • շղթայակար
  • օղակար,
  • վրակար-կողքակար
  • խաչմերուկ կար
  • շյուղակար
  • թելքաշ կարի դեպքում կտորից քաշած հանած թելերի տեղը այլ թելերով են նախշում,
  • վերադիր կար- այս դեպքում մեծ կտորի վրա այլ կտորներից նախշեր են արվում։

Հարթակարն ունի իր տեսակները՝

  • լիցք- կտորի մակերեսը լցվում են նախշերով։
  • համրովի- գործող թելը նախշի մակերեսը ծածկում է կտորի թելերի հաշվով։

Տարբեր վայրերի ասեղնագործողներ կիրառել են տարբեր կարատեսակներ, Այնթապի ճերմակ ասեղնագործության մեջ նախշերը արել են թելքաշով, համրովի ու գծային հարթակարով։ Մարաշի ասեղնագործության հարթակարը կոչվում է կոթ-ասեղ, կարի կութերը անհավասար են, նախշը ծածկում են կտորի վրայից՝ գործող թելով կտորից միայն մի քանի թել վերցնելով։

Վան-Վասպուրականի ասեղնագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանը հայնի է եղել տարբեր ասեղնակարերով, Վանի կարը հայերը տարածել են տարբեր երկրներում՝ Կիլիկիա, Կոստանդնուպոլիս, Մերձավոր արևելք։ Վանը նշանավոր է եղել նաև ժանյակի տեսակներով։ Նուրբ ասեղնագործ ժանյակներում պահպանվել են տիեզերքի, բուսական ու կենդանական, երկրաչափական հնագույն զարդամոտիվներ։ Ժանյակը պատրաստվել է հանգույցներ կապելով, որոնք սովորաբար կապվել են կտորի նախորդ շրջանին՝ ստեղծելով թելերի փոքր օղակներ, որոնք կապվել են հաջորդ հանգույցների մեջ։ Նախշերը ստեղծվել են օղակների երկարությունը փոխելով, նախորդ օղակներին ավելացնելով լրացուցիչ օղակներ[3]։ Վան- Վասպուրականից պահպանվել են սփռոցներ, վարագույրներ, գորգեր, վանքերի(Լիմ, Կտուց կղզիները անապատները, Աղթամար, Վարագավանք, Մշո Առաքելոց վանք ևն) ձեռագործ աշխատանքներ ևս փրկվել են, դրանք պահվում են Էջմիածնի, Երևանի պետական թանգարանի և պատկերասրահի ֆոնդերում։ Զարդակարվել են հագուստը, վզնոց-մանյակները, գրկափակերը, ճարմանդները, գոգնոցներն ու կաչակ-չամբարները, մեզարներըև այլն։ Տղամարդու հագուստը ևս ասեղնագործ մասեր էն ունեցել, շալվարն ու շալը , աբա-քյազիխիկը, որի փնջերով հյուսվածքը պաշտպանել է ցրտից, անձրևից։ Երևանի պետական թանգարանի նմուշներում պահպանված է Վանի ասեղնագործ 6 ու կես մետր երկարությամբ սրբիչ, անձեռոցիկները ևս զարդակարեր են ունեցել։ Ասեղնագործության պահպանված նմուշներում շատ են կենաց- ծառի պատկերները։ 20-րդ դարասկզբին տարածված են եղել հայրենասիրական, պատմական տեսարաններով ասեղնագործությունները։ Օրինակ՝ «Մայր Հայաստան», «Արծիվ Վասպուրականի», «Խրիմյան Հայրիկ», «Վարագա վանքը», «Աղթամար», «Սիփանա սարը»[4]։Ուշագրավ ասեղնագործ աշխատանք է Արծրունի թագավորական դրոշը։

Շիրակ-Կարինի ասեղնագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասեղնագործության ամենահին նմուշները 10-13-րդ դարերի են։ Դրանցից են Անիի պեղումների ընթացքում Ն․Մառի կողմից հայտնաբերված Տիգրան Հոնենցի ազգականուհու դամբարանի հագուստները, բարձրն ու ծածկոցը և այլ նմուշներ[5]։ Անիի ձեռագործության գլուխգործոց է սև շղարշի վրա ոսկեթելով արված առյուծի ու կորյունի պատկերը՝ ծառի հենքի վրա։ Ուշադրության են արժանի Մատենադարանում պահպանվող ձեռագրերի մանրանկարները, կազմի աստառի փոխարեն կիրառված ասեղնագործ կտորներին պատկերված են կենաց ծառեր, բուսական զարդանկարներ։ Անիի ասեղնագործության մեջ գերակշռող է բարդ կարը։ Մի պատկերը կարված է մի քանի տեսակի կարերով։ Ներդաշնակված են ոսկեթելն ու մետաքսե թելը։ Հարուստ մշակույթով հայտնի Շիրակի շրջանները և Գյումրի քաղաքը 19-րդ դարում ունեցել է ասեղնագործների համքարություններ, այնտեղ աշխատել են յոթ տասնյակից ավելի վարպետներ, ունեցել են վեց տասնյակ աշակերտ , երկու հարյուր մետաքսթել և ոսկեթել քուղագործ աշխատողներ։ Նման կազմակերպություններով հայտնի են նաև Շուշին, Երևանը, Թիֆլիսը, Նոր Բայազետը, Կարինը ։ Ասեղնագործ վարպետներից Մելքոն Չիլինգարյանը 1853-1873 թվականներին Լոնդոնի, Փարիզի, Մոսկվայի ու Պետերբուրգի, Կավկասյան ցուցահանդեսների՝ ներկայացնելով հայկական տարազը(հայու շորը)։ Շիրակ-Կարինում զարգացած էր նաև դաջածո կտորի արտադրանքը, որը նաև նախշազարդվել է։ Մեծ է ասեղնագործ սրբիչների թիվը, ոչ մի սրբիչի զարդանախշ չի կրկնվում։ Պահպանվել են մետաքսե քսակների նմուշներ, որոնք զարդակարված են ոսկեթելով։ Պահպանվել է եկեղեցական վարագույր, որի մակագրությունը նշում է, որ այն 1613 թվականին է Մարիամի ձեռքով նվիրվել Ս․Լուսավորչի եկեղեցուն[6]։ Կարինից գաղթելիս հայերը տարել են նաև «Յոթ վերք» անվանված ասեղնագործ պատկերները։ Գյումրիի Ս․Յոթվերք եկեղեցում է «Յոթ վերք» պատկերը[7]։ Խարբերդում ևս կանայք զբաղվել են ասեղնագործությամբ, նշանավոր էին ասեղնագործ սալթաները՝ երկար թևքով կարճ վերնահագուստը, որը ասեղնագործվել է ոսկեթել բուսական նախշերով[8]

Սյունիքի ասեղնագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի ասեղնագործ դպրոցն ընդգրկում է Զանգեզուրի, Սիսիանի , Գորիսի, Կապանի շրջանները։ Այս բնակավայրերում ևս ասեղնագործության պահպանված ամենահին նմուշները 17-րդ դարից են։ Աշխատանքները արվել են ոսկեթելով, նախշազարդ են, մարգարտաշար , գոհարներով ընդելուզված։ Ասեղնագործվել է տարազի փողքակապը, շապիկի կուրծքը, ճակտնոցը։ Ունևոր խավի կանանց և տղամարդկանց մահուդե մուշտակները ասեղնագործվել են ոսկեթելով։ Կենցաղում օգտագործվող իրերից գեղեցիկ ասեղնագործել են վարագույրներ, բարձեր, սրբիչներ, սփռոցներ։ Սրբիչները ասեղնագործվել են սպիտակ և գունավոր թելերով, հարթակարով ու թելքաշով։ Տարածված է կենաց ծառի S-աձև նախշը և խաչաձև կարը։ Ասեղնագործել են նաև գդալամանները։ Սյունիքում ասեղնագործ էր նաև հարսի անկյունը զարդարող կերպասե վարագույրի գլուխը ՝ գյարդակլյոխը։ Զարդարել են հուլունքներով և կաղինով, կաղինը ծածկել են ասեղնագործությամբ։ Ձու-հմայիլը , ուրբաթանուկը, որոնք հմայական բնույթի իրեր էին, զարդարվել են ասեղնագործությամբ։ Ոսկեթելով են ասեղնագործել նաև աղջիկների, նորահարսի չմուշկ-ոտնամանը։ Ուշագրավ են կճուճ-բռնիչները, կարպետանախշերով ասեղնագործած, կիրառել են կարի տարբեր տեսակներ՝ շուլալ, հարթակար, շղթայակար, խաչկար։ Կան նաև ծխամորճի, լամպի ապակու պատյաններ, որոնք ասեղնագործ են, ուլունքներով զարդարած։ Երեխայի օրորոցի ծածկոցը նախշել են բուսական շքեղ նախշերով։ Նմուշներից հայտնի է կռնափաթաթանը[9], որը ասեղնագործված է ծաղկանախշերով, գունավոր մետաքսաթելով։ Սյունիքը հայտնի է վերադիր ասեղնագործությամբ։ Մի երանգի կտորին զարդակարերով ամրացվում է ուրիշ կտորից կտրած նախշեր։ Սրբիչների վրա արվել են կենաց ծառի տեսքով ասեղնագործ նախշեր։ 1651 թվականին Փիլիպոս կաթողիկոսին նվիրել են մի արծվագորգ, որը ասեղնագործել է Ոսկան քահանան[10] Ոսկե և արծաթեթելորով ասեղնագործված է մեծ արծիվ, երկու կողմերում խաչաձև գմբեթներ, վերևում երկնային լուսատուները՝ մարդու պատկերով։ Ասեղնագործությունը ուռուցիկ է, բուսական նախշերով ։ Սյունիքում ուշագրավ են նաև վանքերի ասեղնագործ վարագույրները, Տաթևի վանքում պահպանված է եղել Գրիգոր Տաթևացու քրոջ կատարած ասեղնագործության նմուշ։

Արարատյան ասեղնագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատյան ասեղնագործությունը ունի հին պատմություն և զագացած ավանդույթներ։ Արդեն 19-20-րդ դարերում ասեղնագործել է ճակտնոցը, թավշե մուշտակը, կրծկալը, սպիտակեղենը։ Բազմոցի գլանաձև բարձերը՝ մութաքաները , ասեղնագործվել են ոսկեթելով ու մետաքսաթելով։ զուգահեռ կիրառվել է նաև ուլունքազարդում։ Ասեղնագործվել են նաև վարագույրները, սփռոցները, սրբիչները, մոմակալի սփռոցը, թաշկինակները, քսակները։ Արարատյան դաշտի ասեղնագործ իրերը զարդարված են ոսկեթելով, փայլուններով, մարգարտե հուլունքներով։ 17-րդ դարից պահպանված ասեղնագործ եկեղեցական իրերը աչքի են ընկնում ասեղնագործված ընծայագրերով[11]։ Մատենադարանում պահվում է մի ձեռագիր, որն ընդօրինակված է 1684 թվականին, այն ունի ատլասից պատյան։Գրաշապիկը մետաքսե սև ատլասից է, ոսկեմանյալ թելով՝ կլապիտոնով ասեղնագործած, մարգարտով զարդարուն, երկուտակ և երեքտակ հարթակարով[12]։ Էջմիածնի տաճարում կան ասեղնագործ գորգեր, արծվագորգերը ասեղնագործվել են մետաքսե թելերով, ուռուցիկ հարթակարերով։ Վերադիր ասեղնագործությամբ են արված մահուդի կամ թավիծի վրա ոսկեթել ասեղնագործ գորգերը։ Բազմաթիվ են եկեղեցական հանդերձների , շուրջառների, խույրերի ասեղնագործ նմուշները։ Ամենահին խույրերից է Խաչատուր կաթողիկոսի խույրը(16-րդ դար), մի երեսին Մարիամն է՝ մանուկ Հիսուսին գրկած, մյուսին՝ Քրիստոսը խաչված։Ոսկեթել ասեղնագործ մակերեսը պատված է արծաթե թելով արված զարդանախշերով, ակներով զարդարուն է, վրան կա խոշոր բյուրեղ և 5 հակինթ։

Կիլիկիայի ասեղնագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռագործ արվեստը Կիլիկիայում տարածված է եղել շատ հին ժամանակներից, թագավորության անկումից հետո ևս օտարի լծի տակ հայերը շարունակել են պահպանել արվեստը, արհեստներն ու մշակույթը։ 19-րդ դարում Կիլիկիայում ասեղնագործությունը եղելէ զարգացման բարձր աստիճիճանի արվեստի տեսաԿ։ Կիլիկիայի ամեն բնակավայր ունեցել է իրեն հատուկ կարը՝

  • Այնթապի կար,
  • Մարաշի կար,
  • Ուրֆայի կար,
  • Սվազի կար
  • Ռուբինյանց կար
  • Տարսոնի կար

Ամենանուրբ ասեղնագործությունը արվել է Այնթապի ճերմակ թելով, թափանցիկ կտորի վրա՝ թելքաշ, համրովի, գծային հարթակարով։

Ուրֆայի ասեղնագործությունը արվել է մանիսա կտորին՝ ոսկեթելով, մետաքսաթելով։ Նախշը եզրակարել են ոսկե կամ մետաքսե թելով, թելքաշ, հարթակար կարերով, ասեղի կարճ կութերը դասավորած են թեք, իրար կողք շարքերով։

Կիլիկիայի կարն արվում է այնպես, որ երկու գույնի թելերից մեկի լեզվակները մտնեն մյուս գույնի թելի դաշտը, կութերը մանր են ու խիտ։ Այնթապում և Ուրֆայում ծաղկուն է եղել ժանյակագործության արվեստը։

Սեբաստիայում տարածված է եղել ասեղնագործությունը՝ շուլալ -կարով և թեք հարթակարով ։ Սվազի և Սեբաստիայի ամենաուշագրավ կարը թարս կարն է։ Գունավոր թելով արվող զարդանկարը կտորը նախշում է տակից, երեսից ստացվում է ցանկալի նախշը։ Ասեղնագործել են երիտասարդ կանանց գոգնոցները, գուլպաները։

Տարսոնի կարը թափանցիկ կտորին արված մետաքսաթելի լիցք է։

Զեյթունի կարը կոչվել է կութ -ասեղ։ Գործող թելը նախշը լցնում է կտորի վրա, թելերը կպնում են միմյանց երեսի կողմից։ Կութերը կարճ ու երկար են, մակերեսը ստացվում է ուռուցիկ։

Մարաշի կարն ունեցել է մի քանի տարբերակ, մեկն արվել է հարթակար՝ կութ-ասեղի տեխնիկայով, մյուսը հյուսվածք կարն է։ Սա գաղտնակար է։ Գործող թելն ունի անցումների կարգ, որը գիտի միայն ասեղնագործողը։ Կիրառում են բրդե, բամբակյա, մետաքսե, նաև ոսկյա ոլորուն թելեր[13]։

Կեսարիայի կարը շատ նուրբ է։ Մաղակարը արվել է թափանցիկ կտորին ոսկե և մետաքսե թելերով, խիտ կար է։

Թիֆլիսի հայկական ասեղնագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսում նույնպես հայկական արվեստն ու մշակույթը շատ տարածված են եղել։ Այն եղել է յուրատեսակ կենտրոն հայկական մշակույթի համար։ Մինչև 20-րդ դարի առաջին կեսը Թիֆլիսում գործել է հայկական կուսանոց, որտեղ աղջիկները զբաղվել են ոսկեթել, մետաքսաթել ձեռագործով։ Մատենադարանում պահվող ձեռագրի շապիկների նմուշներից մեկը 1766 թվականի աշխատանք է՝ Թիֆլիսում արարված։ Թիֆլիսի հայ ասեղնագործ վարպետները մասնագիտացված էին սպիտակեղենի, կենցաղային իրերի, վարագույրների, սփռոցների և այլնի ասեղնագործության մեջ։ 1915 թվականից հետո Թիֆլիսում հաստատված հայ գաղթակնները հայաբնակ տարբեր շրջաններից իրենց հետ բերել էին հարուստ մշակութային ավանդույթները, հատկապես ժանյակագործությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Asatryan Maria (2020)։ Armenia Travel Guide 2020։ ISBN 9789518771770 
  2. Դավթյան Սերիկ (1972)։ Հայկական ասեղնագործություն։ Երևան։ էջեր 11–12 
  3. Tashjian Nouvart (1982)։ Armenian Lace։ Berkeley, CA: Lacis Publications։ ISBN 9780916896201 
  4. Ս․Դավթյան, Հայկական ասեղնագործություն, Երևան, 1972, էջ 18։
  5. Ն․ Մառ, Անի ,Մոսկվա, 1934։
  6. ԵՊԹ N 1745 նմուշ։
  7. Ս․Դավթյան, Հայկական ասեղնագործություն, էջ 26
  8. Մանուկ Դ․ Ճիզմեհյան, Խարբերդ և իր զավակները, Ֆրեզնո, 1955։
  9. ԵՊԹ N 2136 նմուշ։
  10. Архимандрит Гарегинб Образчики армянских церковных вышивок, Птг. 1916.
  11. Ս․Դավթյան, նշվ․ աշխ․, էջ 35։
  12. Ս․ Դավթյան, Մատենադարանի 6774 ձեռագրի ասեղնագործ շապիկը, «Բանբեր Մատենադարանի», N4, 1958, էջ 237։
  13. Ս․ Դավթյան, Հայկական ասեղնագործություն, էջ 50։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]