Jump to content

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններ (1963)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններ (1963)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
մարտի 17, 1963
Մասնակցություն 1.079.526 (99,97%)
Անկուսակցականներ
Կուսակցություն ՀԿԿ Անկուսակցականներ
Կոալիցիա Կոմունիստների և անկուսակցականների բլոկ Կոմունիստների և անկուսակցականների բլոկ
Ստացած ընտրատեղեր 204 96
Ձայներ 1.076.364
(99,74%)

Տեսակ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններ

Պաշտոն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր

Սկիզբ մարտի 17, 1963, 6։00

Ավարտ մարտի 17, 1963, 24։00

Թեկնածուներ 300

Հաղթող Կոմունիստների և անկուսակցականների բլոկ

Նախորդ 1959

Հաջորդ 1967

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններ (1963), Հայկական ԽՍՀ 6-րդ գումարման Գերագույն խորհրդի ընտրություններ, որոնք տեղի են ունեցել 1963 թվականի մարտի 17-ին, կիրակի օրը՝ ԽՍՀՄ հանրապետական ընտրությունների շրջանակներում[1][2]: Ընտրությունների արդյունքում ընտրվել է 300 պատգամավոր՝ յուրաքանչյուր 6000 բնակչից մեկ պատգամավոր ներկայացվածության նորմայով[2]։

Ընտրությունների ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեարկությունն ամենուրեք սկսվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:00-ին և ավարտվել գիշերվա ժամը 24:00-ին[1]: Ընտրություններն անցկացվել են խորհրդային ընտրական համակարգի կանոններով, որտեղ գործել է միակուսակցական համակարգ՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) առաջնորդությամբ[1]։ Ընտրություններին մասնակցել է միայն «Կոմունիստների և անկուսակցականների բլոկը»[1]։ Յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրված է եղել միայն մեկ թեկնածու, իսկ քվեարկությունն ապահովել է գրեթե 100%-անոց մասնակցություն և կողմ ձայներ[1]։

Ընտրական քարոզարշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ԽՍՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ ընտրությունների ընթացքը բնութագրվել է որպես «քաղաքական ու արտադրական մեծ խանդավառության, ընտրողների բարձր կազմակերպվածության ու ակտիվության մթնոլորտ»[1]։ Ըստ խորհրդային պաշտոնական գաղափարախոսության՝ այս ակտիվությունը բխում էր Սովետական Միության կոմունիստական պարտիայի (ՍՄԿԿ) XXII համագումարի պատմական որոշումներից, իսկ ընտրությունների օրը ներկայացվում էր որպես «պարտիայի ու ժողովրդի միասնության, Սովետական Միության կոմունիստական պարտիայի շուրջը Հայկական ՍՍՌ աշխատավորների համախմբվածության վառ ցույց»[1]։

Քվեարկության ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր օկրուգային (ընտրատարածքային) ընտրական հանձնաժողովներից ստացել է լրիվ տվյալներ քվեարկությանը ընտրողների մասնակցության և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքների մասին[1]: Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների՝ բոլոր օկրուգներում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1.079.526 մարդ[1]: Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին մասնակցել է 1.079.203 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 99,97%-ը[1]: Բոլոր ընտրական օկրուգներում կոմունիստների և անկուսակցականների բլոկի թեկնածուների օգտին քվեարկել է 1.076.364 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 99,74%-ը[1]: Պատգամավորության թեկնածուների դեմ քվեարկել է 2.829 մարդ[1]։ «Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի ընտրությունների կանոնադրության» 78-րդ հոդվածի հիման վրա անվավեր է ճանաչվել 10 բյուլետեն[1]: Ըստ խորհրդային պաշտոնական տեղեկագրի՝ ընտրությունների արդյունքները վկայում էին «կոմունիստների ու անպարտիականների անխախտ բլոկի նոր հաղթանակը»[1]։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով յուրաքանչյուր ընտրական օկրուգի (ընտրատարածքի) նյութերը, «Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի ընտրությունների կանոնադրության» 37 հոդվածի հիման վրա պաշտոնապես գրանցել է Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի բոլոր 300 ընտրական օկրուգներում ընտրված պատգամավորներին (դեպուտատներին)[1][2]: Ընտրված բոլոր պատգամավորները եղել են կոմունիստների և անկուսակցականների բլոկի թեկնածուներ[1][2]։ 6-րդ գումարման պատգամավորական կազմն ունեցել է հետևյալ ժողովրդագրական և սոցիալական պատկերը.

  • Բանվորներ և կոլտնտեսականներ - 133 մարդ կամ ընտրված դեպուտատների 44,3%-ը,
  • Կանայք - 96 կին կամ ընտրված դեպուտատների 32%-ը,
  • Անկուսակցականներ - 96 մարդ կամ ընտրված դեպուտատների 32%-ը[1][2]:

Ընտրված պատգամավորներից 208-ը (69,3%-ը) Հայկական ԽՍՀ նախորդ՝ 5-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ չեն եղել[1][2]:

Ընտրությունների արդյունքում ձևավորվել է 6-րդ գումարման Գերագույն խորհուրդը, որը պաշտոնավարել է մինչև 1967 թվականը[1][2]։

Պատմական համատեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բողոքի ցույցեր Երևանում, Հայաստան, 1965թ.։

Հայկական ԽՍՀ 6-րդ գումարման Գերագույն խորհրդի պաշտոնավարման տարիներին՝ 1965 թվականին, Խորհրդային Հայաստանում տեղի ունեցան պատմական զանգվածային ցույցեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 50-ամյակին։ Այս իրադարձությունների արդյունքում հանրապետության ղեկավարությունը հետագայում որոշում կայացրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման վերաբերյալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 , Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Գերագույն Սովետի տեղեգագրեր (№ 9 (279)), Երևան, «ՀՍԽՀ Գերագույն սովետի հրատարակչություն», 1963, էջ 401-402 — 478 էջ։
  2. 1 2 3 4 5 6 7 Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի դեպուտատները. վեցերորդ գումարում (խմբ. Աշոտ Տեր-Գրիգորյան), Երևան, «ՀՍԽՀ Գերագույն սովետի հրատարակչություն», 1963, էջ 3 — 172 էջ։