Հայերի ցեղասպանությունը հեռանկարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայերի ցեղասպանությունը հեռանկարում» (անգլ.՝ «The Armenian Genocide in Perspective»), զանգվածային ոչնչացման ու ցեղասպանության վերաբերյալ 1982-ին Թել Ավիվում (Իսրայել) տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի նյութերի ժողովածու։ Հրատարակվել է 1986-ին (2-րդ տա. 1987) ԱՄՆ-ում, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրությամբ։ ժողովոում թուրք, կառավարության 1915-23-ի իրականացրած հայերի ցե ղասպանությունը հետազոտվում է պատմության, քաղաքագիտության, գրականագիտության, հոգեբանության առումով։

Ռ. Հովհաննիսյանի առաջաբանում տրվում է պատմական տարբեր աղբյուրների (ցեղասպանության զոհերի և ականատեսների վկայություններ), ինչպես նաև այդ հարցին նվիրված հատուկ գրականության վերլուծությունը։ Ռ. Հովհաննիսյանը հատկապես ընդգծում է հայերի ցեղասպանության քննարկումը խափանելու կամ ընդհանրապես կոնֆերանսը ձախողելու նպատակով այն կազմակերպողների ու Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու Թուրքիայի պաշտոնական շրջանների փորձը, որը, սակայն, հաջողություն չունեցավ, «Բարոյական ու մարդասիրական պահանջները գերակա նկատվեցին քաղաքական շահերի նկատմամբ»։

Երկրորդ առաջաբանի հեղինակը՝ զանգվածային ոչնչացման և ցեղասպանության միջազգային կոնֆերանսի (Երուսաղեմ) տնօրեն, հոգեբանության պրոֆեսոր Ի. Չառնին, հատկապես ընդգծում է հայերի ցեղասպանության գիտական ուսումնասիրման հրատապությունը՝ հանուն անկախության ու ինքնիշխանության բոլոր ժողովուրդների պայքարի առումով, ի շահ ժողովրդավարության ուղիով մարդկության զարգացման։

Պրոֆ. Ռ. Հովհաննիսյանի «Հայկական հարցի պատմությունը 1878-1923 թթ.» և սոցիոլոգ Լեո Կապերի (ԱՄՆ) «Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում 1915-1917 թթ.» հոդվածները նվիրված են հայկական հարցի և հայերի ցեղասպանության դիվանագիտական պատմությանը։ Հոդվածներում լայնորեն են օգտագործված Յո. Լեփսիուսի, Հ. Մորգենթաուի, Ջ. Բրայսի և ուրիշներ երկերը, ինչպես նաև տարբեր երկրների դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչների, միսիոներների և այլոց վկայությունները։

Վիգեն Գուրոյանի (ԱՄՆ) «Հավաքական պատասխանատվություն, պաշտոնական խնդրագիր», Ռ. Հովհանիսյանի «Հայկական ցեղասպանությունը և նրա ժխտման օրինակները», ինչպես նաև Մարջըրի Հուսեփյան-Դոբկինի (ԱՄՆ) «Ներեցեք, ի՞նչ ցեղասպանություն։ Լուրեր Թուրքիայից 1915-23 թթ.» հոդվածներում հետազոտվում է թուրքական բոլոր կառավարությունների (երիտթուրքական հեղաշրջումից մինչև մեր օրերը) հայերի ցեղասպանության ժխտման ու կեղծման քաղաքականությունը։ Հեղինակները փաստարկումներով ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրությունում և Քեմալի կառավարման օրոք հայերի ցեղասպանության փաստը չընդունելը Թուրքիայի ներկա կառավարողներին ևս դարձնում է այդ ոճրագործության մեղսակիցը։

Երկու ցեղասպանությունների՝ հրեաների՝ նացիստական Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945), և հայերի՝ Թուրքիայում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, համեմատական ուսումնասիրությանն են նվիրված Ռ.Հ. Դոքմեջյանի (ԱՄՆ) «Ցեղասպանության որոշիչները. հայերի և հրեաների դեպքերի վերլուծության օրինակով» և Ռոբերտ Մելսոնի (ԱՄՆ) «Սադրանք թե՞ ազգայնականություն. 1915 թվականի հայերի ցեղասպանության քննական վերլուծություն» հոդվածները։

Լեո Համալյանի (ԱՄՆ) և Վահե Օշականի (ԱՄՆ) հոդվածներում լուսաբանվում են հայերի ցեղասպանության արտացոլումը արևմտահայ գրականության մեջ, գրական երևակայության վրա ցեղասպանության ազդեցության հարցերը։ Ցեղասպանության հոգեբանական հետևանքներին են նվիրված Դոնալդ Է․ Միլլերի, Լևոն Բոյաջյանի (ԱՄՆ) և ուրիշներ հոդվածները, որոնք հիմնվում են հայերի տարբեր սերունդների հարցման արդյունքների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png