Հայերի հայրենադարձություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայերի հայրենադարձություն, տարբեր ժամանակներում քաղաքական, սոցիալ-տնտեսական, ազգային ու կրոնական պատճառներով հայրենիքից բռնի կամ կամավոր հեռացած հայերի ներգաղթը Սովետական Հայաստան։

Դարեր շարունակ Հայաստանը ենթարկվել է ավերիչ արշավանքների, և հայ ժողովրդի մի որոշ մասը հարկադրված հեռացել կամ տեղահանվել է հարազատ երկրից (տես Գաղթ)։ Աստիճանաբար ստեղծվել են հայկական գաղթավայրերը, որտեղ ժամանակի ընթացքում, հայերը մասամբ ձուլվել են տեղացի ժողովուրդներին։ Հայ ժողովրդի մի զգալի հատվածը՝ արևմտահայությունը, թուրքական բռնակալության տակ հաճախ ենթարկվել է կոտորածների։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական կառավարությունն իրականացրեց 1, 5 միլիոն հայերի կոտորածը՝ մնացածներին քշելով արաբական անապատները, գրեթե ամբողջությամբ հայազրկելով Արևմտյան Հայաստանը (տես Մեծ եղեռն)։ Արևմտահայության բեկորները ցրվեցին աշխարհով մեկ՝ ստեղծելով ընդարձակածավալ հայ սփյուռքը։ Սփյուռքահայ տարագիրները հույս ունեին, որ առաջին համաշխարհային պատերազմն ավարտվելուց հետո մեծ տերությունները, որոնք ազատության ու անկախության բազում խոստումներ էին շռայլել հայերին, հաշվի կառնեն իրենց թափած արյունը և հնարավորություն կստեղծեն վերադառնալու հայրենիք։ Սակայն պատերազմից հետո հայ գաղթականության վիճակը դարձյալ մնում էր անորոշ։ Այդ պայմաններում սփյուռքահայության միակ հույսն ու ապավենը դարձավ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Արևելյան Հայաստանում հաղթանակած սովետական իշխանությունը։ Հայրենաբաղձ սփյուռքահայ աշխատավորները անվերապահորեն կանգնեցին Սովետական Հայաստանի պաշտպանության դիրքերում և ցանկություն հայտնեցին ներգաղթել իրենց նոր, ազատագրված հայրենիքը։ Սովետական Հայաստանի կառավարությունը իր գոյության առաջին իսկ օրերից լրջորեն զբաղվեց երկրում կուտակված արևմտահայ գաղթականության և սփյուռքահայերի առավել դժվար կացության մեջ գտնվող մասի հայրենադարձության հարցերով։ Կառավարությունը հայրենիք ներգաղթելու բազմաթիվ կոլեկտիվ և անհատական դիմումներ էր ստանում սփյուռքահայերից։ Չնայած գոյություն ունեցող դժվարություններին, նա ընդառաջեց տարագիր հայության հայրենիք ներգաղթելու ցանկությանը և արդեն 1921 թվականի վերջերից ձեռնարկեց հայրենադարձության իրականացմանը։ 1921-1973 թվականներին Սովետական Հայաստան ներգաղթեց մոտ 200 հազար հայ։ 1921 թվականի դեկտեմբերին Իրաքից Բաքում հասավ հայ տարագիրների ավելի քան 3000 հոգուց բաղկացած առաջին քարավանը։ Նրանց մեծ մասը բնակություն հաստատեց Ալեքսանդրապոլում (Լենինական), Բասարգեչարի (Վարդենիս), Ղամարլուի (Արտաշատ) և Վեդու (Արարատ) շրջաններում։ 1922 թվականի հունվարին Բաթում ժամանեց մոտ 3000 մարդուց բաղկացած երկրորդ քարավանը։ ԽՍՀՄ կենտգործկոմի որոշմամբ ներգաղթողները առնվազն 3 տարի ազատվում էին բոլոր հարկերից և օգտվում էին առանց մաքսի ու վարձի բեռների փոխադրության մասին ԽՍՀՍ աշխատանքի և պաշտպանության խորհրդի 1923 թվականի օգոստոսի 16-ի որոշման ընձեռած արտոնություններից։ Հայրենադարձներին տրվում էր հող, լծկան, գյուղատնտեսական գործիքներ, սերմացու, բնակարան, վարկ, շինանյութ ևն։ 1923 թվականին Վանից, Իրանից և այլ վայրերից հայրենիք եկավ մոտ 1000, 1924 թվականին Հունաստանից, Թուրքիայից (Ստամբուլից) և Ֆրանսիայից՝ շուրջ 4167 մարդ։ 1924 թվականի աշնանից հայրենադարձությունը լայն ծավալ ստացավ։ Գաղթականական գործերի վարումը զգալիորեն բարդացավ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով այդ ժամանակ Իրաքում և Հունաստանում գտնվող հայ տարագիրների ծանր կացությունը, 1925 թվականին այդ երկրներից հայրենիք բերվեց ևս 5016 հայ։ 1926-29 թվականներին Հունաստանից, Թուրքիայից և Ֆրանսիայից հայրենիք ներգաղթեց 5863 հոգի։ Սփյուռքահայ աշխատավորների հայրենադարձությունը ավելի մեծ թափ ստացավ ՀՍԽՀ Կենտգործկոմի և ժողկոմխորհի 1931 թվականի օգոստոսի 10-ի՝ «ՀՍԽՀ սահմաններն արտասահմանի աշխատավոր հայերի մասսայական նոր ներգաղթ արտոնելու մասին» որոշումից հետո։ 1932-33 թվականներին Հունաստանից, Բուլղարիայից և Ֆրանսիայից Սովետական Հայաստան ներգաղթեց շուրջ 8007 մարդ։ Ավելի քան 1800 հոգի 1936 թվականին հայրենիք եկավ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ու գավառներից։ Բացի այդ, 1926-36 թվականներին անհատական թույլտվությամբ արտասահմանյան երկրներից Սովետական Հայաստան ներգաղթեց 6926 մարդ։ Այսպիսով, 1921-36 թվականներին հայրենիք վերադարձավ շուրջ 42.286 հայ։ 1930-ական թվականներին ներգաղթածները հիմնականում տեղավորվեցին Երևանում և նրա արվարձաններում, Լենինականում, Կիրովականում, Անի-Պեմզայում, Ստեփանավանում, Իջևանում ե հայրենադարձների առաջին խմբի դիմավորումը Այրումում Կիպրոսից հայրենիք վերադարձածների դիմավորումը Լենինականի երկաթգծի կառամատույգում Հայրենադարձ ուսանողների մի խումբ Երևանի բժշկական ինստիտուտում՝ պարապմունքի ժամին Կիրովականի բնակիչների միտինգը՝ Եգիպտոսից հայրենադարձների երկրորդ խմբի ժամանման առթիվ այլուր, հատկապես հայրենադարձների համար կառուցված ավաններում։ Սովետական կառավարությունը նախապատրաստական լայն աշխատանք տարավ 1937-38 թվականներին և հետագայում ավելի մեծ հայրենադարձություն իրականացնելու Մերձավոր Արևելքից, Բալկանյան երկրներից, Ֆրանսիայից և այլ գաղթավայրերից։ Սակայն մի կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ստեղծված միջազգային բարդ իրադրությունը, մյուս կողմից՝ անհատի պաշտամունքի վնասակար հետևանքները, արտասահմանյան երկրների, այդ թվում և սփյուռքահայության հետ կապերի պահպանման գործում առաջացած դժվարությունները ևն, անհնարին դարձրին նոր հայրենադարձության կազմակերպումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945 թվականի նոյեմբերի 21-ին, ՍՍՀՍ ժողկոմխորհը որոշում ընդունեց սփյուռքահայության զանգվածային հայրենադարձություն թույլատրելու մասին։ Ստեղծվեց ՀՍԽՀ ժողկոմխորհին առընթեր արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե, ինչպես նաև վերաբնակեցման վարչություն։ Գաղութահայ հիմնական կենտրոններում կազմակերպվեցին ներգաղթին աջակցող կոմիտեներ ու խմբեր։ Անհատական բնակարանային շինարարության համար ԽՍՀՄ ժողկոմխորհը ներգաղթողներին հատկացրեց պետական վարկ՝ կառուցվող տների արժեքի 50 տոկոսի չափով։ ՀԿԿ Կենտկոմի պլենումը 1946 թվականի փետրվարին լսեց և քննարկեց հանրապետության կառավարության զեկուցումը ներգաղթ կազմակերպելու մասին և մշակեց կարևոր միջոցառումներ այն իրականացնելու ուղղությամբ։ Սփյուռքահայերի ներգաղթը ղեկավարելու համար խՍՀՍ արտաքին գործերի ժողկոմատին կից ստեղծվեց հատուկ հանձնաժողով։ ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ Իրանից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լիբանանից և Սիրիայից 1946 թվականին պետք է Սովետական Հայաստան գար մոտ 30 հազար մարդ։ Ներգաղթի հաջող իրականացման պատասխանատվությունը դրվեց այդ երկրներում սովետական դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՍԽՀ ժողկոմխորհի լիազոր-ներկայացուցիչների վրա։ 1946 թվականի փետրվարին հայրենիք գալու թույլտվություն էին խնդրել ավելի քան 130 հազար մարդ, ուստի հայրենադարձների իրական քանակը 1946 թվականին անցավ 50 հազարից։ Սովետական Հայաստան ներգաղթեց Իրանից՝ 20597 մարդ, Սիրիա-Լիբանանից՝ 19253, Հունաստանից՝ 4974, Բուլղարիայից՝ 4383, Ռումինիայից՝ 1738։ Նրանք տեղավորվեցին հանրապետության քաղաքներում և գյուղերում։ Երևանում բնակություն հաստատեց 15000 հայրենադարձ։ Սովետական կառավարությունը 1947-48 թվականներին ևս շարունակեց հայրենադարձությունը, 1947 թվականին Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Պաղեստինից, Իրաքից, Եգիպտոսից, Հունաստանից, Ֆրանսիայից, ԱՍՆ-ից և մի փոքր խումբ էլ Չինաստանից Սովետական Հայաստան ներգաղթեց 35401, 1948-ին Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և ԱՄՆ-ից՝ ավելի քան 10 հազար մարդ։ Այնուհետև, նկատի ունենալով բնակարանային ու այլ կարգի դժվարություններ, հայրենադարձությունը ժամանակավորապես դադարեցվեց։ 1946-1948 թվականներին 15 երկրներից հայրենիք վերադարձավ մոտ 100 հազար հայ։ Հակառակ սփյուռքահայ առաջադիմական կազմակերպությունների, Հայոց բարեգործական ընդհանուր միության ու այլ ընկերությունների, որոնք համակրանքով էին վերաբերվում հայրենադարձությանը, դաշնակցությունը կատաղի պայքար էր ծավալում ներգաղթի դեմ, զրպարտում ու տեռորի ենթարկում գաղութահայ ակտիվ գործիչներին։ Սփյուռքահայառաջադիմական ուժերի համատեղ ջանքերով ձախողվեցին հայրենադարձությունը խոչընդոտելու դաշնակցականների փորձերը։ ՀԿԿ Կենտկոմը ու հանրապետության կառավարությունը մեծ աշխատանք տարան հայրենադարձների համար ապահովելու բարեկեցիկ պայմաններ (հատկապես բնակարանային շինարարության գործում) ։ Միայն 1947 թվականին ներգաղթածների ընդունման և տեղավորման համար ծախսվել է 51, 3 միլիոն ռ.։ Անհատական կարգով տուն կառուցող հայրենադարձներին պետությունը հատկացրել է 98, 8 միլիոն ռ. վարկ։ Առանձին գերատեսչություններ ու ձեռնարկություններ ներգաղթածների համար կառուցել են 3700 տուն։ Հայրենադարձների համար հիմնադրվել է 8 նոր ավան, տներ կառուցելու նպատակով ծախսվել է 274 միլիոն ռ.։ 1962 թվականից վերսկսվեց սփյուռքահայերի հայրենադարձությունը։ 1962-73 թվականներին 26 երկրներից Սովետական Հայաստան եկավ 26140 մարդ (5.512 ընտանիք), Իրանից՝ 19168, Սիրիայից՝ 4740, ԵԱՀ-ից, Կիպրոսից, Լիբանանից, Իրաքից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Անգլիայից՝ շուրջ 2232 մարդ։ Նրանց մեծ մասը (81, 6%) բնակություն հաստատեց հանրապետության քաղաքներում (Լենինական, Կիրովական, Աբովյան, Հրազդան, ՉԱրենցավան), իսկ մնացածը՝ Աշտարակի, Արտաշատի, Արարատի, Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Նաիրիի, Թալինի շրջանների նոր կազմակերպված սովետական տնտեսություններում։ Հայրենիք վերադարձած սփյուռքահայերը գործուն մասնակցություն են ցուցաբերում Սովետական Հայաստանի ժողովրդական տնտեսության, գիտության ու մշակույթի զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 207 CC-BY-SA-icon-80x15.png